Название книги:

Որդանց որդյաց

Автор:
Ваграм Амаякович Оганджанян
Որդանց որդյաց

000

ОтложитьЧитал

Шрифт:
-100%+

«ՈՐԴԱՆՑ ՈՐԴՅԱՑ»

Մաս I

1

«Եվ այսպես, առաջին օրը ստեծվեց հողն ու երկինքը և հողը բաժանվեց երկնքից: Երկրորդ օրը ստեղծվեց խոտն ու ծառը և դա լավ էր: Երրորդ օրը ստեծվեցին տերևները ծառի վրա: Չորրորդ օրը ստեղծվեցին ծաղիկները և նրանք փայլում ու բուրում էին: Հինգերորդ օրը ստեղծվեցին խնձորը, տանձը, սալորը ու նման շատ համեղ մրգեր: Եվ ահա, վեցերորդ օրը ստեղծվեցին որդերը, որպեսզի ուտեն այդ մրգերը ու տիրեն պարտեզին: Իսկ յոթերորդ օրը, չգիտեմ ինչու, ստեղծվեցին թռչունները, որ հարամեն մեր երջանկությունը»,– կարդաց հայր որդը ու շրխկոցով փակեց գիրքը:

Պստիկ որդը ցնցվեց շրխկոցից: Մի պահ լռեց ու հարցրեց.

– Հայրի՛կ, իսկ խնձորները շա՞տ են համեղ:

– Օ՜, իհարկե զավակս նրանք շատ համեղ ու քաղցր են:

– Եվ, անգամ մեծ են, որ կարելի է ուտե՜լ, ուտե՜լ, ուտե՞լ…

– Այո, այո, այնգան մեծ են, որ շատ երկար ժամանակ կարելի է ուտել, անգամ կարելի է ապրել նրա մեջ:

– Իսկ տանձի՞:

– Տանձի մեջ նույնպես:

– Նա էլ համե՞ղ է:

– Իհարկե, տանձը ավելի համեղ է, քաղցր ու հյութալի: Տանձի մեջ ապրելը դրախտ է, այսինքն շատ հաճելի ու աննման տեղ:

– Հայրիկ, իսկ ինչու՞ մենք չենք ապրում տանձի, խնձորի կամ սալորի մեջ, այլ ապրում ենք աթարի մեջ:


– Հըմ… Դեհ, գիտես որդիս, կա այսպիսի մի հասկացողություն, հայրենիք է կոչվում…

Փոքրիկ որդը զարմացած նայեց հորը: Տարեց որդը փռթկացրեց ծիծաղից ու ասաց.

– Դա կատակ է իհարկե ընդամենը, մի հին, շա՜տ հին անեկդոտ հիշեցի: Մեր հայրենիքը իրականում պարտեզն է, ծառերն ու մրգերը, մրգերի հյութը:

– Բայց ինչու՞ մենք ապրում ենք գոմաղբի մեջ, – նորից կրկնեց իր հարցը որդին:

– Որովհետև, որդի՛ս, պարտեզին ու ծառին հասնելու ամենից կարճ ճանապարհը, որդերի համար, դա գոմաղբն է: Մի օր կգա պարտեզապանը ու գոմաղբի հետ միասին մեզ կտանի պարտեզ, ծառերի ու մրգերի մոտ: Եվ դա կլինի մեր կյանքի ամենից երջանիկ օրը:

– Ի՞նչ երջանկություն, երբ ընկերներ չունեմ, – թախծոտ ասաց փոքրիկ որդը, – երբ չկան ինձ նման փոքրիկ որդեր՝ ում հետ կարելի է խաղալ ու զվարճանալ:

– Պարտեզում շատ, շատ որդեր կլինեն, մի հուզվիր, – հանգստացրեց հայրը:

– Ու բոլորը ստեղծվել են վեցերորդ օրը:

– Ոչ իհարկե, – խորամանկորեն ժպտաց հայրը, – այդ մասին ևս գրված է «Որդանց որդյաց»–ում, ահա լսի՛ր:

Հայր որդը նորից բացեց գիրքը ու կարդաց.

– Նախ ստեղծվեց Առաջնորդը…

– Առաջնորդը՞, – ընդհատեց փոքրիկը:

– Այո, այո՛, Առաջնորդը, այդպես էլ գրված է գրքում: Այսինքն՝ առաջին որդը, պա՞րզ է:

– Պարզ է, – գլխով արեց որդին:

– Առաջնորդը ծնեց Հաջորդին, – շարունակեց, – Հաջորդը ծնեց Հետնորդին, իսկ Հետնորդը ծնեց բոլոր ժառանգորդներին:

Հայր որդը փակեց գիրքը ու նկատեց.

– Իրականում, գիտե՞ս, Հետնորդը իր անունը ստացել էր մի հետաքրքիր դրվագի պատճառով: Հիմա կպատմեմ: Նա թռչունների առաջին ուղևորն էր: Երբ պարտեզապանը սկսեց քիմիկատներով մաքրել պարտեզը, նա շշմած ընկած էր մի տերևի վրա: Պատահական մի թռչնակ կտցահարեց, բայց քիմիկատների՞ց էր, թե իրենից էր գարշահոտ փչում, թռչունը չկարողացավ ծամել ու միանգամից կուլ տվեց: Հետո, երբ թռչում էր տանձենիների այգու վերևով, նրան բաց թողեց իր հետևի դռնակից՝ ներքև: Այդ օրվանից ու այդ պատճառով էլ , ասում են, որ նրան Հետնորդ են անվանում: Բայց այդ մասին տանձենիների այգում ոչ ոք չի խոսում ու դու էլ երբեք այդ մասին չխոսես: Հա՛, ու քանի որ ընկել էր նա ծառի ամենից բարձր տերևին, այդ առիթով էլ զբաղեցրեց Հաջորդի աթոռը, այսինք ամենից մեծ ու համեղ տանձը ու նստեց այդ տանձի վրա: Հետո ի շնորհիվ իր ճարպկության ստեղծեց «Հետնորդի համաորդական կազմակերպությունը», նրա տարբեր մասնաճյուղներն ու տարածեց բոլոր ծառերի ճյուղերով՝ տիրելով պարտեզին:

– Իսկ մնացած որդերը՞, – հարցրեց փոքրիկ որդը:

– Իսկ մնացած որդերը՞… Իսկ մնացած որդերը, հիմա նրա ժառանգորդներն են, նրա սանիկներն ու մեր վեհ գաղափարի շարունակողները:

– Ինչ գաղափարի՞:

– Ա՜յ քե՜զ բա՜ն, – զարմացավ հայրը, – միթե՞ քեզ չեմ ասել ամենից կարևորը:

– Չէ, չես ասել:

– Ուրեմն հիշի՛ր: Մեր ամենից մեծ խնդիրը պարտեզին վնաս տալն է ու նրան տիրելը: Տիրելն ու վնաս տալն է, հասկացար՞:

Փոքրիկ որդը գլխով արեց:

– Հասկացա՞ր, թե ո՞չ:

– Այո՛, այո՛, հասկացա՜:

– Ուրեմն կրկնի՛ր նորից:

– Մեր ամենից մեծ խնդիրը պարտեզին վնաս տալն է ու նրան տիրելը: Տիրելն ու վնաս տալն է:

– Այո, ճիշտ այդպես: Հիշի՛ր նաև, մենք ընտրյալներն ենք բոլոր որդերից, քանի որ պատկանում ենք վնասատուների բարձրադաս ընտանիքին: Եթե լավ հիշես խրատներս, գուցէ մի որ դու էլ դառնաս Հետնորդի աթոռի անվտանգության ծառան, դա ամենից բարձր կոչումն է, որի մասին երազում է ցանկացած որդ:

– Իսկ ովքե՞ր են Հետնորդի աթոռի անվտանգության ծառաները:

– Օ՜, որդիս դրանք անձեռնամխելի ու արտոնյալ որդերն են, որոց բախտ է վիճակվել պաշտպանել Հետնորդի աթոռը, նրա տանձը:

– Ումի՞ց:

– Ո՞նց թե ումից… Թռչուններից ու մեզ նման որդերից, ովքեր ևս երազում են տիրել նրա աթոռին, նրա համեղ տանձին:

– Դու էլ ես երազու՞մ հայրիկ:

– Հիմար է այն որդը, որ չի երազում տիրել աթոռին ու ողջ պարտեզին, որդիս՛: Բայց, կարևորը նաև բախտն է, թե չէ հիմա պառկած չէինք լինի այս գոմաղբի կույտի վրա:

– Այո, տխուր է, – խեղճացած ձայնով ասաց փոքրիկ որդը:

– Ո՛չ մի հուսահատություն, լսու՞մ ես, որդերը հուսահատվելու իրավունք չունեն, դա շատ մեծ շռայլություն է մեզ համար:

«Ոչ մի հուսահատությու՜ն», – արձագանքվեց մթության մեջ:

Արդեն մութ գիշեր էր և հայր ու որդի որդերը քուն մտան…