- -
- 100%
- +
– Շնորհակալ եմ, ճիշտ ժամանակին եկաք, եթե մի փոքր ուշանայիք, ինձ տանը չպիտի գտնեիք:
– Ինչպե՞ս կհամարձակվեի ուշանալ, – համեստությամբ և հազիվ լսելի ձայնով պատասխանեց Ձուկ-Ավետիսը:
– Շնորհակալ եմ, ես էլ արդեն պատրաստել եմ ձեր թղթերը: Ուրեմն լսեցեք, ես կկարդամ և կթարգմանեմ նրանց:
Եվ Միկիթ-բեկը սկսավ կարդալ և թարգմանել, որովհետև երրորդ բարեկամը ռուսերեն չէր հասկանում:
– Հավանո՞ւմ եք, – հարցրեց նա բարեկամին, երբ ավարտեց յուր ընթերցումը:
– Ինչպես կհամարձակվիմ չհավանել:
– Ինչ գներ եք ուզում, ուրեմն, որ նշանակեմ ձեր առաջարկության թղթի մեջ:
– Դուք էլած տեղը ես ինչպես կհամարձակվիմ գին նշանակել:
– Բայց էլի մի բան ասացեք, որքանով, օրինակ, կարող եք հաց մատակարարել զորքին և որքանով միս:
– Աստված վկա, չեմ կարող ասել. – խեղճ ժպիտով պատասխանեց պարոն Ձուկը:
– Ուրեմն ի՞նձ եք իրավունք տալիս նշանակելու գները:
– Իհարկե, իհարկե:
– Լավ, այստեղ ես գրում եմ, որ դուք զորքին հաց կտաք պուդը 1 ռ. 20 կոպեկով, միս 4 ռուբլով, գինի 4 ռ. 85 կոպեկով և օղի 6 ռ. 75 կոպեկով:
– Դուք գիտեք:
– Ի՞նչ եք կարծում, այս գներով օգուտ կունենաք:
– Աստված է իմանում:
– Ուրեմն գոհ եք այս չափով:
– Իհարկե:
– «Եթե բոլոր մարդիկ ձեզ չափ բարի և ձեզ չափ հիմար լինեին, մեզ նմանները դարդ չէին ունենալ», – խոսեց ինքն իրեն Միկիթ-բեկը և ծրարելով մի ոչ շատ գեղեցիկ ծրարի մեջ, տվավ Ձուկ-Ավետիսին:
– Որքան է ձեր նեղության վարձը, Միկիթ-բեկ, ասացեք, ես այս տեսակ բաների գինը չեմ իմանում:
– Այդ կախված է տվողի կամքից: Եթե ես ուրիշի համար էլ այդպիսի մի գործ շինած լինեի, կասեի, թե այսինչը այսքան վճարեց, դուք էլ կարող էիք այսքան վճարել: Բայց որովհետև այս տեսակ գործ միայն ձեզ համար եմ շինել, ուրեմն վարձատրելն էլ ձեր կամքից է կախված:
Պ. Ձուկը ընկավ մտատանջության մեջ և երկար ժամանակ չէր կարողանում որոշել, թե որքան պետք էր վճարել Միկիթ-բեկին: Վերջապես նա հանեց ծոցից յուր քսակը, և երկու նոր քսանհինգանոցներ ընտրելով դրեց սեղանի վերա: Միկիթ-բեկը ժպտաց: Խեղճ Ձուկը կարծելով, թե նա ծաղրում է իրեն երկու քսանհինգանոցներ էլ ավելացրեց և վեր կացավ տեղից:
– Շնորհակալ եմ, աստված հաջողություն տա. – ասաց Միկիթ-բեկը և ճանապարհ դրեց յուր երրորդ բարեկամին, որ արդեն քաջալերվել էր շնորհակալության խոսքերով:
Երեք այցելուներից հետո վերջապես եկավ պարոն Թովմասը: Նրա դեմքի վերա նշմարվում էր մի տեսակ անհանգստություն, որ առաջանում էր Միկիթ-բեկի զեկուցումը շուտով լսելու ցանկությունից:
– Ամեն բան արդեն կարգի դրված է, – սկսավ խոսել Միկիթ-բեկը. – իմ մարդկերանց հետ ես իմ գործը վերջացրի: Նրանց առաջարկությունների մեջ ես այնպիսի գներ եմ նշանակել, որ եթե ձերինի մեջ համեմատաբար միայն տաս-տաս կոպեկ պակաս նշանակվի, ահագին գումար կարող եք շահել մի տարվա մեջ:
Թովմասի դեմքը զվարթացավ և այդ րոպեին նա կարող էր մինչև անգամ Միկիթ-բեկին գրկեր բայց, իհարկե, դեռ գործը վերջացած չէր:
– Ուրեմն որո՞նք կլինեն մեր գները, – հարցրեց Թովմասը:
– Մենք կնշանակենք հացի համար 1 ռ. 10 կոպեկ, մսի համար 3 ռ. 80 կոպ., գինու համար 4 ռ. 75 կոպ, և օղիի համար 6 ռ. 65 կոպեկ:
– Օհ, թե այդ գներով կապալը ինձ վերա մնա, Միկիթ-բեկ, երկու տարվա մեջ ես ձեզ կհարստացնեմ, – ոգևորությամբ բացականչեց Թովմասը:
– Եվ անպատճառ կմնա, բավական է, որ Մելքոն – աղան էլ նույնն է ցանկանում:
Պ. Թովմասը աճուրդին ներկայացվելիք թղթերը Միկիթ-բեկից ստանալով վերադարձավ տուն:
Այդ գիշեր նա գրեթե չկարողացավ քնել: Հազար և մի մտքեր տանջում էին նրան: Երբեմն նա հույս էր տածում, որ կապալը անպատճառ իրեն կմնա, որ նրանով ինքը կհարստանա, պատիվ և անուն ձեռք կբերե, Մելքոն-աղայի փառակիցը կդառնա և այլն և երբեմն կասկածում, թե գուցե մի ուրիշը հափշտակե յուր որսը և իրեն միայն անպատվություն և այնքան օրերի նեղությունը մնա:
Վերջապես փորձության օրը հասավ: Եվ չնայելով, որ աճուրդը նշանակված էր ժամը տասին, սակայն պ. Թովմասը ժամը ութից արդեն անց ու դարձ էր անում գնդապետի տան բակում, ուր գտնվում էր զորանոցի վարչությունը: Այդտեղ հետզհետե գալիս խռնվում էին ոչ միայն կապալին հետամուտ մարդիկ, այլև այնպիսիները, որոնց մասին Միկիթ – բեկը ոչինչ չէր հիշել և պ. Թովմասը երբեք չէր մտածել, թե կարող էին նրանք մի որևէ աճուրդի մասնակցել, բայց որոնք այսուամենայնիվ ծրարներ ունեին բռնած իրենց ձեռքերում:
Այս հանգամանքը շատ անհանգստացնում էր պ. Թովմասին: Բայց շուտով եկավ Մելքոն-աղան, որ հասկացրեց յուր խնամուն, թե այդ մարդիկը կապալ վերցնողներ չեն, այլ, այսպես ասած, աճուրդի անգղներ, որոնք սովորաբար իրենց համար որս են որոնում ամեն մի աճուրդի ժամանակ: Նրանք մոտենում են միամիտներին և սպառնում, որ իբր թե իրենք էլ կամենում են մասնակցել աճուրդին, բայց հենց որ մի քանի ռուբլի վարձատրություն են ստանում, իսկույն չքանում են ասպարեզից: «Թիֆլիսում, մանավանդ, ուր հաճախ աճուրդներ են լինում, – ավելացրեց Մելքոն-աղան, – բազմաթիվ է այդ անգղների թիվը և շատերը հատկապես այդ արհեստով են պարապում և ապրում»:
Եվ իրավ, երբ աճուրդի ժամանակը հասավ, երևացավ, որ նրան մասնակցողները միայն պ. Թովմասը և Միկիթ-բեկի երեք բարեկամներն էին:
Հարկ չկա ասել, որ աճուրդը վերջացնելուց ետ՝ Թովմաս Մարալյանը հրատարակվեցավ տերունական զորքերի միակ մատակարարը:
Թե ո՛րքան մեծ էր այդ ժամանակ Թովմասի ուրախությունը, դրա մասին ես ոչինչ չեմ ուզում խոսել, ընթերցողները իրենք էլ կարող են նրա չափը երևակայել: Այսքանը միայն կասեմ, որ զորանոցի վարչությունից դուրս գալուց ետ, պ. Թովմասը, իբրև յուր խոսքը հարգող մարդ, Մելքոն-աղայի հետ միասին դիմեց հեռագրատուն և յուր եղբոր որդուն հեռագրեց հետևյալը. – «Ձեր նամակը ստացա, ուրախ եմ, որ հաջողակ քննությամբ ավարտել եք ձեր ուսման ընթացքը, սակայն Պետերբուրգ գնալուց առաջ անհրաժեշտ է, որ վերադառնաք մեզ մոտ, որովհետև կարևոր և անհետաձգելի նորություն ունիմ ձեզ հաղորդելու. սպասում եմ»:
Վերադառնալով տուն, Թովմասը ուրախությունից չգիտեր ինչ անել, նա վազեց յուր հարսի մոտ, գրկեց նրան, ավետեց յուր հաղթանակը և հայտնեց, որ արդեն հեռագրել է Պետրոսին վերադառնալ շուտով հայրենիք իրենց ուրախությանը մասնակցելու համար:
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.






