- -
- 100%
- +
Ահա հենց այս տեսարաններից մեկն էր, որին ընթերցողները հանդիսատես եղան այս պատմության առաջին գլխում:
Ինչպես յուր տեղը պատմեցինք, և ինչպես կհիշեն ընթերցողները, երբ Խաթուն մայրիկը Մարիամին ու նրա երեխաներին առնելով տարավ յուր տունը, նրա ամուսնու, այն է վարպետ Սարգսի հրամանավ մի քանի երիտասարդներ ոսկերիչ Գրիգորի ձեռքերը կապելով, ժամավորների մեծ բազմությամբ տարան նրան գավառապետի մոտ:
Ճանապարհին հետաքրքիր բազմությունը հետզհետե խռնվում էր նրանց վերա և այդպիսով բազմացնում այդ բողոքավորների խումբը: Երբ նրանք հասան գավառապետի տունը, բակում կանգնած ոստիկանական պաշտոնյաները իսկույն իմացում տվին այս տարօրինակ խնդրարկուների մասին թաղական ոստիկանապետին: Ոստիկանապետ հայազգի Դանիել – բեկը իսկույն դուրս եկավ նրանց առաջ և շփոթված սկսավ հարցնել, թե ի՞նչ պատճառավ այս մեծ ամբոխը այսքան վաղ հավաքվել էր գավառապետի բակը:
Ամբոխի միջից դուրս եկավ վարպետ Սարգիսը, բռնած ոսկերիչի թևից և նրան առաջ քաշելով՝ «Աղա, – ասաց, – մենք եկել ենք գավառապետի մոտ նրա արդար դատաստանին մատնելու համար այդ չարագործ մարդուն, որ ահա ամբողջ երեք տարիներ է, չարչարում, տանջում է յուր կնոջը և որդիներին, որոնց այսօր էլ մենք ենք ազատել սրա ձեռքից տանջված ու գանակոծված»: Այս համառոտ բացատրությունից հետո վարպետ Սարգիսը մի քանի բան էլ պատմեց ոստիկանապետին ոսկերիչի քառամյա անցյալից և լռեց:
Ամբոխը հետաքրքրությամբ սպասում էր ոստիկանապետի պատասխանին, բայց նա ոչինչ չպատասխանեց, այլ միայն մի խորհրդավոր ակնարկ ձգելով ոսկերիչի վրա, լուռ ու մունջ ետ դարձավ և մտավ տուն:
Անժույժ երիտասարդներից ոմանք ատամները կրճտացնում էին ոսկերիչի վերա, ուրիշները բռունցքներն էին շարժում, իսկ ավելի հասակավորները խրատում էին նրանց՝ չափավորել իրանց զայրույթը, հուսադրելով, որ արդար դատաստանը հանցավորին կպատժե ինչպես վայել է:
Սակայն ոսկերիչի վերա այս սպառնալիքները ոչինչ ազդեցություն չէին անում, նրա դեմքը մինչև անգամ այլայլված չէր, նա անխռով և անտարբեր նայում էր ամբոխին և երբեմն դեմքի վերա խաղացնում էր ծաղրական ժպիտներ, որոնք ավելի գրգռում էին տաքարյուն երիտասարդների զայրույթը:
Քառորդ ժամից ետ մի ոստիկանական պաշտոնյա դուրս եկավ ոստիկանապետի գրասենյակից և ներս կանչեց ոսկերիչին: Ամբոխից մի քանի մարդիկ էլ կամեցան ներս մտնել նրա հետ, բայց պաշտոնյան արգելեց նրանց ասելով, որ հրամայված է միմիայն հանցավորին ներս տանելու: Սրանից հետո մի տասը րոպե հետո դուրս եկավ ինքը ոստիկանապետը և հայտնեց ամբոխին, որ գավառապետը քնած լինելով, իսկույն ևեթ հանցավորին դատի ենթարկել անկարելի է, ուստի երբ գավառապետը կարթնանա և ատյան կիջնի, այն ժամանակ ինքը հարցաքննել կտա հանցավորին:
– Ես ինքս, – ավելացրավ նա, – ձեր կողմից թարգման կկանգնեմ ձեր արդարացի բողոքին, որովհետև ձեր ինձ պատմածներից ամեն բանի տեղեկացա: Գնացեք յուրաքանչյուրդ ձեր գործին, և հաստատ հավատացեք, որ եթե մեր քննությունից ոսկերիչը հանցավոր դուրս գա, նրան օրինավոր պատիժ կտանք:
– Այո, օրինավոր, օրինավոր, – գոչեցին մի քանիսը ամբոխի միջից և բոլորը միասին միամտվելով ոստիկանապետի խոստումով, ցրվեցան և յուրաքանչյուրը գնաց յուր գործին:
Սակայն բոլոր ոսկերիչների և առավոտյան բողոքին մասնակցող անձանց զարմացումը շատ մեծ եղավ, երբ երկու – երեք ժամից ետ նրանք իմացան, որ ոսկերիչ Գրիգորը ազատ, յուր «եղբայրների» հետ միասին, շտապում է եղել «տիրոջ» տունը աղոթելու. «Ի՞նչ հանելուկ է այս, – միմյանց մեջ շշնջում էին ոսկերիչները, – եթե ասենք փախել է, Գրիգորը այնքան սիրտ չունի, որ կրկին բռնվելուց չվախենա, եթե ասենք գավառապետը ինքն է արձակել, դա էլ խելքից հեռու է: Ուրեմն մի աներևույթ զորություն օգնության է հասել նրան» – վերջապես վճռեցին նրանք և լռեցին:
Սակայն հանելուկի լուծումը հետևյալն էր: Մեր ծանոթ Կարոն, ոսկերիչի հավատակիցը, ամբոխից ավելի ճարպիկ էր շարժվել: Նա յուր «եղբայրակցի» գլխովն անցածը լսելուն պես, վազեց քարոզչի մոտ, սա էլ յուր կողմից անհապաղ դիմեց պաստորին, որը ըստ բերման բախտին այդ օրերը դարձյալ այցելել էր յուր հոտին:
Այն միջոցին երբ հիշյալ բողոքավորների խումբը հեռանում էր գավառապետի տանից, պաստորը նստած էր յուր մի բարեկամի մոտ և երկար խոսակցում էր նորա հետ: Աղա Հովակիմը, այսպես էին անվանում պաստորի բարեկամին, բավական հարուստ մարդ էր: Եվ թեպետ նա մի առանձին հասարակական պաշտոն չէր վարում, սակայն յուր նշանավոր հարստության պատճառով քաղաքի մեջ նախանձելի դիրք ուներ բռնած: Նա համարվում էր միայն ամենակարող մարդը բոլոր քաղաքի մեջ: Եվ այս իսկ պատճառով նա միշտ շրջապատված էր խնդրարկուներով: Եվ որովհետև յուր հարստությունը կապում էր նրան քաղաքի շատ առաջավոր անձանց հետ, ուստի հազիվ էր պատահում, որ նա յուր ձեռնարկությունները ըստ յուր ցանկության չվերջավորեր և կամ իրեն դիմող նեղյալներին ձեռնունայն դարձներ: Այսպիսով, նա շատերին էր օգնում իրանց թշվառությանց և կարոտությանց մեջ: Մի բան միայն նսեմացնում էր նրա բոլոր բարեգործությանց փայլը, այդ այն էր, որ այդ մարդը գործում էր ոչ թե իսկապես բարեգործությունից դրդված, այլ ծայրահեղ փառամոլությունից: Նորա զվարճությանը չափ չէր լինում երբ տեսնում էր թշվառներին յուր առաջ ծնկաչոք և աղաչավոր, «կամ երբ փողոցով անցնելիս երբեմն իրանից բարերյալ մարդիկները՝ մինչև գետին գլուխ էին խոնարհեցնում նորան: Այս իսկ պատճառով նա շատ անգամ անխտիր օգնության ձեռք էր կարկառում և չարագործներին, միայն թե այդ բանը ավելացներ նորա համար դարձյալ մի տասնյակ երկրպագուներ: Պաստորը վաղուց ծանոթ էր աղա Հովակիմի հետ և քաջ ուսումնասիրած էր նորա թույլ կողմերը: Այս պատճառավ և այսօր ամենայն վստահությամբ դիմել էր նորան: Սակայն որքան մեծ եղավ յուր զարմանքը, երբ տեսավ, թե աղա Հովակիմը այս անգամ յուր խնդիրը կատարելու համար դժվարություններ էր ցույց տալիս: Բայց և այնպես նա իսկույն չվհատվեցավ: Նա լավ գիտեր, որ յուր բարերարը այն մարդիկներից չէր, որոնք կապարի ծանրություն ունեին և որոնց շարժելու համար շատ անգամ մեծ աշխատություններ են հարկավոր: Այստեղ բավական էր մի երկու մարդահաճ խոսքեր, և բերդը առնված էր: Աղա Հովակիմի բացասական արտահայտությանը պաստորը պատասխանեց,
– Ճշմարիտը խոստովանած, աղա Հովակիմ, դուք այո անգամ ինձ զարմացնում եք: Դժվար է գտնել այս քաղաքում մի մարդ, որին կարելի լիներ համոզել թե՝ աղա Հովակիմը այս ինչ գործը կամեցավ և չկարողացավ կատարել, կամ թե նա հրամայեց և նորա հրամանը անկատար մնաց: Դուք, իրավամբ, ժառանգած եք ամենակարող անունը, և դուք չպետք է դավաճանեք այդ անվանը: Ո՛չ մի արգելք և ո՛չ մի դժվարություն մենք չենք ճանաչում, որը կարողանար դիմագրել ձեր հրամանին, ուստի իզուր եք բարեհաճում համոզել ինձ, որ իմ ամենախոնարհ խնդրի կատարումը ձեր կարողությունեն վեր է: Բայց եթե արդարև դուք կատակ չեք անում, եթե դուք իջել եք այն բարձրությունից, որի վերա մինչև այսօր կանգնած էիք և կարողությամբ հավասարվել եք մյուս հասարակաստեղծ մարդիկների հետ, լավ է միանգամով հրամայեք մեզ տկարներիս գնալ և ջուրը թափվիլ, քան ապրիլ, որովհետև ինչ արժեք ունի այլևս մեր կյանքը առանց աղա Հովակիմի հայրենախնամ պաշտպանության…
Այստեղ պաստորը մինչև անգամ կամեցավ մի քանի կաթիլ արտասուք իջեցնել յուր տխուր երեսի վերա, սակայն տեսնելով, որ դերասանության այդ դժվար դերը իրան չի հաջողվում, շարունակեց,
– Ասացեք, կաղաչեմ, աղա Հովակիմ, ո՞ւմ դիմեն այսուհետև կարոտյալները, ո՞ւմ դիմեն մարդկային չարագործությանց ենթակա տառապյալները, ո՞ւմ դիմե իրավազուրկ այրին, ո՞ւմ դիմե անօգնական որբը… մտածեցեք, աղա Հովակիմ, մտածեցե՛ք մի րոպե, թե քանի – քանի թշվառներ ապրել և շնչել են քեզանով և թե դեռ քանիսին այսուհետև պետք է շունչ և հոգի տաք դարձյալ դուք: «Չեմ կարող» ձեր բարի լեզվի վերա շատ խորթ է հնչվում, ի սեր աստծո, մի արտասանեք դուք նորան և մի հուսահատեցնեք մեզ…:
Պաստորի այս հաճոյախոսությունը սպասված ազդեցությունը արավ: Նորա մանավանդ վերջին խոսքերը այն աստիճան գգվեցին աղա Հովակիմի փառամոլ ինքնասիրությունը, որ նա այլևս պաստորին դիմագրել չկարողացավ.
– Շատ լավ, շատ լավ, ես այդ մասին կաշխատեմ, – ասաց նա նորան, – դուք անհոգ կացեք:
– Շնորհակալ եմ, ով հասարակաց բարերար, բյուր անգամ շնորհակալ: Դուք միշտ պիտի փառաբանվիք քանի կենդանի եք և ձեր հիշատակը պիտի օրհնվի դարերի ընթացքում, երբ դեպի հանդերձյալ կենաց երանությունը փոխվիք:
Այս ասելով պաստորը բարձրացավ աթոռից և մինչև գետին խոնարհվելով ողջունեց աղա Հովակիմին եւ դուրս գնաց: Փոքր ժամանակից ետ դուրս գնաց տանից և աղա Հովակիմը յուր գեղեցիկ ձիու վերա նստած, որին հետևում էր մի հետևակ ծառա: Նոքա երկուսը միասին դիմում էին դեպի քաղաքի ներքին մասը: Դորանից մի քանի ժամից հետո ոսկերիչ Գրիգորը քաղաքի մի զառիվեր փողոցով բարձրանալով դիմում էր պաստորի տունը: Յուր լութերականություն ընդունելուց ետ առաջին անգամ էր, որ նա օրհնում էր հարստությունը և խոստովանում էր, որ ոսկին ամեն բանից զորեղ է… Այս դեպքից ճիշտ տասն օր հետո, մեր լրագիրներից մեկի մեջ տպված էր հետևյալ լուրը. «Մեզ գրում են Շ. քաղաքից, որ այնտեղի հայ լուսավորչականները խմբովին հարձակվելով մի բողոքական արհեստավորի տան վերա, ծեծել և անպատվել են նրան՝ թե տան տիրոջը և թե նրա ընտանիքին և քարերով կոտորել են տան պատուհանները: Ոստիկանությունը հասնելով հազիվ ազատել է կատաղի ամբոխի ձեռքից անմեղ զոհերին: Այս լուրը յուր ժամանակին իհարկե վրդովել է ընթերցող հասարակության ազնիվ մասի սրտերը և նրանց զայրույթը վառել այդ մոլեռանդ հայ լուսավորչականների դեմ»: Սակայն իմ ընթերցողները տեսան, որ այդ զայրութը անտեղի է եղած: Միայն ցավալին այն է, որ այս տեսակ խեղաթյուրյալ լուրերի մեջ դա առաջինը չէր և վերջինն էլ չէ լինելու:
Ոսկերիչը «տիրոջն կամեցողությամբ այսպես հրաշքով ազատվելուց ետ պաստորի հրամանով շտապեց գտավ «եղբայրներին» և նրանց հետ միասին գնաց իրանց աղոթատեղին գոհություն մատուցանելու աստծուն: Եվ ահա հենց այս միջոցին տեսել էր նրան ոսկերիչներից մեկը և նրա ազատվելու լուրը տարել յուր արհեստակիցներին, որոնք այսումենայնիվ նրան նորեն խանգարել չկարողացան… Պաստորն էլ յուր ժամանակին հասավ «եղբայրների» ժողովարանը: Այստեղ նա հանդիսավոր գովեստներ նվիրեց Գրիգոր եզբորը, որը տիրոջ ընտրյալ հոտը բազմացնելու նպատակով այնքան ջերմեռանդությամբ էր աշխատել, որ յուր կյանքն անգամ ենթարկել էր վտանգի:
– Այսպիսով, – ասում էր նա ոսկերիչին, – դու վարվել ես «տիրոջ» այն պատվերի համաձայն, որ մեզ սովորեցնում է թողնել հայր, մայր, կին և որդիք և մեր խաչն առնելով գնալ յուր ետևից: Դու արել ես այն, ինչ որ ի հնումն անում էին Պետրոս և Պողոս առաքյալները և նրանց պես ենթարկվել ես հալածանքների: Գուցե դեռ «տիրոջ» կամեցողությամբ նրանց պես չարչարանքներ էլ պիտի կրես, բայց իմացած եղիր, որ նրանց չափ էլ պիտի վարձատրվիս հավիտենականության մեջ:
Այս և սրանց նման խոսքերով պաստորը խրախուսում էր Գրիգորին և մյուս «եղբայրների» մեջ վառում էր նախանձավորություն նրան հետևելու համար:
Այս օրվանից ոսկերիչ Գրիգորը, ըստորում բավական առաջադիմություն էր արել սուրբ գրոց ընթերցանության մեջ, կարգվեցավ քարոզչի օգնական: Սա մի պաշտոն էր, որ «եղբայրների» մոտ նրա պատիվը բավական բարձրացնում էր:
Ոսկերիչ Եսավի նման ուրախացել էր այս ոսպաթանով և բնավ չէր մտածում յուր վաճառած անդրանկության, կամենում եմ ասել յուր կորցրած երջանկության յուր կնոջ և երեխայոց վերա…
Բայց այժմ մենք դառնանք նրանց մոտ:
Վարպետ Սարգսի տան մի ընդարձակ սենյակի մեջ նույն օրը անկողնում հիվանդ պառկած էին Մարիամը և նրա մոտ յուր մի տղա երեխան, որը այս անցքից մի քանի օր առաջ հիվանդացած էր պարանոցի ուռուցքով: Մանիշակը տխուր և գունաթափ դեմքով կծկվել էր մոր սնարների մոտ.
Տանտիկինը և հարսները նույնպես բոլորած էին Մարիամի շուրջը: Խաթուն մայրիկը տեսնելով, թե այս տխուր անցքը որքան մահացու կերպով ազդել էր խեղճ կնոջ վերա, աշխատում էր որքան յուր ճարտարախոսությունը ներում էր մխիթարել նրան: Բայց վերջինս միշտ անմխիթար էր. մանավանդ երբ նրանք խոսում էին ամուսնու դարձի մասին, որի համար նա կորուսած էր բոլոր հույսը, խեղճ կինը խորը հառաչում եւ արցունքներ էր թափում, առանց խոսել կարողանալու: Երբեմն զառանցման մեջ նա մրմնջում էր. «Այս խայտառակությունը միայն ինձ գերեզման կտանե… Ես դարձյալ կարող էի իմ տառապանացը տանել, եթե միայն իմ տան գաղտնիքները այսքան աշկարա հրապարակ չհանվեին…»:
Եվ արդարև նա ավելի մեծամեծ նեղությանց էլ կհամբերեր, եթե միայն յուր ցավերը լոկ իրան հայտնի լինեին, եթե միայն ուրիշները չիմանային, թե յուր երբեմն երջանիկ ընտանիքը թշվառացել է, թե յուր ամուսինը ամբոխի ձեռքով քաշված է դատարան և թե ինքը յուր երեխաներով փախած է սեփական տանից և ապաստանած է յուր դրացուն: Սրանք բոլորը յուր համար մի – մի մահացու հարվածներ էին: Որքան շատ նա տանջվել է, որքան շատ զրկանքներ կրել, բայց նրա ձայնը, նրա տրտունջը ոչ ոք չի լսել: Եվ այս ոչ թե պետք է վերագրել նրա երկչոտության, ո՛չ այլ առաքինի և անստգյուտ պարկեշտության: Մի կին, որ սիրում է յուր ընտանիքը և ապրում է միմիայն նրա համար, երբեք չէ կամենում այդ ընտանյաց խայտառակությունը յուրմով տեսնել: Ամեն գժտություններ, ամեն անբավականություններ նա ծածկում էր յուր համբերության վարագույրի տակ: Նա ինքը միայնակ նահատակ է հանդիսանում ամեն ընտանեկան փոթորիկների ժամանակ, խռովությանց բոլոր ալիքները փշրվում են նրա տկար գլխին, նա բոլորին տանում է արիությամբ, միմիայն նավի ղեկը ալիքներին չմատնելու համար, միմիայն իր տունը կատարյալ քայքայման չհասցնելու համար…
Արդյոք ի՞նչ կարծիք ունեին այդօրինակ կանանց վերա մեր մայրաքաղաքի հայ տիկինները, որոնք շատ անգամ իրանց գլխարկների մի ոսկեփայլ փետուրի պատճառով տակնուվրա են անում ամբողջ ընտանիքը:
Գավառեցի հայ կանայք, գավառեցի հայ մայրեր, որքան շատ փոքր ենք ճանաչում մենք ձեզ, որքան շատ փոքր ենք ծանոթ ձեր արժանավորությանց և առաքինությանը հետ: Մեր լուսավորվածները շլանում են երբ զարգացած հասարակությանց մեջ հանդիպում են մի կնոջ, որը իր բնական տկարության մեջ ցոլացնում է մի զորեղ առաքինություն, կամ հափշտակվում են, երբ բանաստեղծի երևակայության մեջ ծնվող և ապրող կանանց պատմություններն են կարդում: Բայց մի՛ սխալվիք, բարեկամնե՛րս, կամ մի՛ դարձրեք ձեր երեսը այս աղքատիկ տնակներից, ուր ծնվել եք և ուր անցուցել եք ձեր մանկությունը: Մտե՛ք այս ծխոտած հարկերի տակ, ուր ձեր կարծիքով ոչինչ վսեմ ու բարձր չկա. քննեցեք այստեղ ապրող կանանց, ձեր մայրերի ու քույրերի կյանքը, բարքը և սովորությունները, և զարմացմամբ կբացականչեք. «Որքան պակասավոր են դեռ մեզ շլացնող կանայք իրանց առաքինության մեջ, որքան պակասություններ ունի դեռ բանաստեղծի գրիչը և երևակայությունը»:
Մարիամի տկարությունը ժամեժամ ավելանում էր: Կեսօրի մոտ նա սաստիկ տենդի մեջ էր գտնվում և գրեթե զգայազուրկ ընկած էր անկողնի վերա:
Բայց մի ուրիշ վիշտ էլ ավելացավ Խաթուն մայրիկի և մանավանդ նրա որդի Աշոտի համար: Նույն ավուր երեկոյան պահուն գլխի պտույտով և տենդով հիվանդացավ և՛ Մանիշակը, նախընթաց գիշերը ամբողջ մի քանի ժամ սառնամանաց մեջ բարակ հագուստով մնացել էր խեղճ աղջիկը, և ցուրտը թափանցել էր նրա ոսկորների մեջ: Թեպետ հիվանդությունը վտանգավոր ելք էր գուշակում, բայց Աշոտի բերած բժիշկը, մահտեսի Հարությունը, հավատացնում էր բոլորին, որ նրա հիվանդությունը շատ թեթև տեսակին է պատկանում: «Մի փոքր մրսել է, – ասում էր նա, – մի դեղ կտամ և մինչև առավոտ ամեն բան կանցնի»: Սակայն հետևյալ առավոտը հիվանդի դրությունը ավելի վատթարացավ: Սրան էլ կարծես հետևում էր եղբայրը: Նրա պարանոցի ուռուցքը ավելացել էր, գրեթե երեկվա տեղափոխության ժամանակ ցուրտ առնելու պատճառով: Մահտեսի Հարությունը խորհուրդ տվավ, որ թույլ տան իրեն երեխայի ուռուցքը հերյունով (նշտար) պատռելու, նրան ոչ ոք չհանդիմացավ, սակայն այդ գործողությունը ավելի ևս բորբոքեց նրա պարանոցի վերքը, և ուռուցքը ավելացավ:
Այն սենյակը, ուր պառկած էին հիվանդները, մտնողի վերա շատ տխուր տպավորություն էր անում: Մայր, աղջիկ և տղա մի շարքով տարածված հեծում էին հիվանդության ծանրության տակ: Ոչ մեկը մյուսից ավելի հուսալի դրության մեջ չէր գտնվում:
Խաթուն մայրիկը և յուր հարսները կրկնապատկում էին իրանց ջանքերը: Նրանք կարծես թե մոռացել էին իրանց տան հոգսերը և միմիայն հիվանդներով էին զբաղված: Որքան դեղ ու դարման գիտեին թե իրանց բժիշկը, թե՛ իրանք և թե՛ ազգական այցելուները, բոլորը գործ էին դնում: Աշոտը նույնպես թողած էր յուր պարապմունքը, ամբողջ օրը այս ու այն կողմ էր վազվզում, երբեմն բժիշկ մահտեսու ետևից, երբեմն դեղատուն, երբեմն շուկա և այլն, իսկ այս գործերը կատարելուց ետ գալիս էր և լուռ ու մունջ նստում Մանիշակի անկողնի մոտ: Նրա աչքերը անընդհատ ուղղվում էին նրա դեմքի վրա, որպեսզի հիվանդը որևէ պահանջմունք ունենալուց ինքը պատրաստ լինի: Նա գիշերներն անգամ յուր մոր հետ միասին անքուն հսկում էր հիվանդների մոտ, չկամենալով ոչ ոքի հանձնել մանավանդ Մանիշակի խնամատարությունը:
Ընթերցողը անշուշտ հիշում է, որ, որ չորս տարի սորանից առաջ վարպետ Սարգիսը ոսկերիչ Գրիգորի մոտ, հացկերության ժամանակ խնդրեց վերջինից Մանիշակի ձեռքը յուր Աշոտի համար, և որ այս խնդիրը կատարվեցավ բոլոր հյուրերի համաձայնությամբ և նրանց կենաց համար բաժակներ դատարկելով: Ծնողների խոսածները լոկ խոսքեր չմնացին. այդ օրից սկսած Աշոտը սկսավ առանձին համակրությամբ վերաբերվել դեպի մանկահասակ օրիորդը: Մի քանի ժամանակից ետ այդ համակրանքը փոխվեցավ սիրո, որը հետզհետե սկսավ աճել պատանու սրտի մեջ և խորը արմատներ ձգել: Թեպետ ինքը իբրև գավառական համեստ քաղաքի ծնունդ, և որ ավելին է, արհեստավոր դասին պատկանող, երբեք չէր կարողանում պարկեշտության սահմանից ելնելով մի որևէ խոստովանություն աներ օրիորդին կամ նրա մորը, սակայն օրիորդի վերաբերմամբ յուր ունեցած վարմունքը այս քանի տարում ոչինչ կասկած չէին թողել Մարիամի մեջ, որ երիտասարդը կատարելապես նվիրված էր յուր աղջկան: Միայն նա ձախող և վերահաս հանգամանքները միշտ աչքի առաջ ունենալով՝ յուր կողմից չհասկանալուն էր տալիս: Ինչ կվերաբերվի Մանիշակին, նա նույնպես անտարբեր չէր դեպի երիտասարդ Աշոտի զգացմունքը, սակայն յուր վարմանդ մեջ այնքան էր համեստ որ մոր սրատես աչքերն անգամ նրա մեջ ոչինչ կասկածելի հետքեր չէին նշմարում:
Գալով ոսկերիչին, նա այնքան էր զբաղված յուր «Տիրոջ հոտի» գործերով, որ այս տեսակ բաներով բնավ չէր հետաքրքրվում, իսկ վարպետ Սարգսին արած խոստումը վաղուց թռել էր նրա հիշողությունից:
Այսուամենայնիվ վարպետ Սարգիսը և Խաթուն մայրիկը հաճախ իրանց տանը խոսում էին Մանիշակի վերա, իբրև իրանց ապագա հարսի, գովում էին նրան թե իբրև կատարյալ տնտեսուհի և թե՛ քաջ ձեռագործող և հորդորում էին Աշոտին աշխատել նրա համար արժանավոր փեսա լինելու:
Չնայելով, որ Աշոտի ծնողների համար այս ամուսնության խնդիրը մի վճռված գործ էր, այնուամենայնիվ նրանք էլ այս մասին ոչինչ չէին խոսում Մանիշակի ծնողաց հետ, այլ սպասում էին, մինչև որ Աշոտի համար առանձին խանութ կբանային և նա կսկսեր յուր եղբարանց պես առանձին հաց աշխատել, իբր յուր գերդաստանի մի կարող անդամ: Այս վերջին ակնկալությունն էլ կատարված էր: Վարպետ Սարգիսը և յուր կինը պատրաստվում էին այդ օրերը իրանց հարսներից և ազգականուհիներից մի քանիսին պաշտոնապես խնամախոս զրկել ոսկերիչի տունը Մանիշակի համար, երբ ահա մեզ ծանոթ աղետալի անցքը մեջ ընկավ և բոլորի հույսը խափանեց…
Այժմ Աշոտը բեկված սրտով նստած էր յուր հիվանդ սիրուհու մոտ, դիտում էր նրա անզոր շարժումները, նրա դալկացած դեմքը, լսում էր նրա նվազած ձայնը, նրա հեծեծանքը և հառաչում էր խորին հուսահատությամբ:
Մի օր, երբ նա ըստ սովորականին գտնվում էր հիվանդի մոտ, Մանիշակը ջուր խնդրեց, նա իսկույն բարձրացավ տեղից և գավաթը մոտեցրավ նրան:
Մանիշակը աչքերը բացավ ջուրը առնելու և Աշոտին տեսնելով նվազ ձայնով ասաց.
– Դարձյալ դո՞ւ ես, Աշո՞տ:
– Այո, ես եմ, Մանիշակ, նեղանո՞ւմ ես, որ ես եմ քեզ ջուր տալիս, – պատասխանեց երիտասարդը:
– Այո՛, նեղանում եմ, շա՛տ եմ նեղանում: Հապա դու ե՞րբ պետք է հանգստանաս, մի՞թե խեղճ չեն քո ծնողները, մի՞թե մեզ համար բարություն արած կլինես, երբ դու էլ հիվանդանաս:
– Եթե դուք հիվանդացել եք, ի՞նչ մեծ բան է, եթե ես էլ հիվանդանամ:
– Մենք մեր հոր մեղաց համար տանջվում ենք, իսկ դու ինչու համար պիտի տանջվես, խեղճ տղա:
Այս ասելուց ետ նա մի փոքր լռեց և ապա հարցրավ.
– Ուրիշ ո՞վ կա սենյակում, Աշո՞տ:
– Ո՛չ ո՞ք:
– Իսկ մայրս արթուն չէ՞:
– Ոչ, մի ամբողջ ժամ է արդեն, որ նա հանգիստ քնած է:
– Լավ է, որ քնել է, նա այս գիշեր շատ է տանջվել:
– Այստեղ կանգ առավ օրիորդը և դարձյալ փոքր լռությունից ետ նորեն սկսավ.
– Աշոտ, մի՞թե կասկածում ես, թե ինձանից ծածուկ է, որ դու ինձ սիրում ես:
– Ի՞նչպես, Մանիշակ, – կարմրելով և շփոթված հարցրավ երիտասարդը:
– Այնպես, դու ինձ սիրում ես, ես այդ վաղուց գիտեմ, գիտեմ նույնպես, որ շատ ես սիրում, շնորհակալ եմ, Աշոտ, բայց մի բան կա, որը դու մինչև այսօր դեռ չգիտես, ես պետք է այն էլ ասեմ քեզ:
– Ի՞նչ բան, – մի փոքր սիրտ առնելով, բայց համեստությամբ հարցրավ Աշոտը:
– Այն, որ ես էլ քեզ եմ սիրում և շատ ժամանակ է, որ սիրում եմ, այսինքն այն օրից, երբ մեզ ամուսնացնելու համար միմյանց խոսք տվին մեր հայրերը:
Աշոտի երեսը կրկին շառագունեցավ, նա չէր համարձակվում սիրուհու աչքերին նայելու, մինչև որ վերջինս կրկին սկսավ խոսել:
– Բայց գիտե՞ս, Աշո՛տ, թե ինչու համար այս խոսակցությունը արի քեզ, այդ նրա համար, որ ես շուտով պետք է մեռնիմ, ուստի չուզեցի որ իմ այդ գաղտնիքը ինձ հետ գերեզման տանեմ, և որ դու հավիտյան երկմիտ չմնայիր թե արդյոք Մանիշակն էլ սիրում էր քեզ…
– Մանիշակ, ինչո՞ւ այդպես տխուր բաներ ես խոսում, ինչու պետք է մեռնիս դու… – բայց երիտասարդը չկարողացավ շարունակել յուր խոսքերը, արտասուքը խեղդեց նրան, և նա սկսավ լալ:
– Դու լալիս ես, Աշոտ, երանի քեզ, գոնե մի փոքր կհանգստանաս, բայց իմ արտասուքներս վաղուց, արդեն շատ լալուց ցամաքել են…
– Ախ, Մանիշակ, Մանիշակ… այս ի՞նչ արիր դու ինձ, – հեկեկալով խոսում էր երիտասարդը, – երանի թե ինձ ոչինչ չհայտնեիր, երանի թե ես միշտ այնպես կարծեի, թե դու ինձ երբեք չես սիրել, գոնե այն ժամանակ ես մի փոքր հանգիստ կունենայի, իսկ ա՛յժմ… այժմ փոքր է մնում, որ խելքս գլխես թռցնեմ…
– Բնավ, սիրելի Աշոտ, բնավ մի՛ նեղսրտիր, թշվառը ես եմ, ես կմեռնեմ, մի փոքր ժամանակ, ինձ համար կարելի է սուգ կպահես, այնուհետև իմ հիշատակը քո սրտից էլ կկորչի…
– Մանիշակ, դարձյալ նույն խոսքերն ես ասում, Մանիշակ, մի՞թե ինձ չես խղճում…
– Թո՛ղ, մի կտրիր խոսքս: Ասում եմ, որ իմ հիշատակը քո սրտից էլ կկորչի, այն ժամանակ դու քեզ համար ուրիշ հարսնացու կընտրես, դու կամուսնանաս, դու երջանիկ կլինես… բայց մի վերջին խնդիր ունիմ, նա էլ պետք է կատարես, այսինքն այն, որ երբեմն – երբեմն իմ գերեզմանին այցելության գաս, քո կինն էլ հետդ կբերես և կասես նրան թե «այս խեղճ աղջիկը սիրում էր ինձ»… Հետո կպատմես նրան իմ դժբախտությունները, որովհետև դու բոլորը տեսել ես, դու բոլորը գիտես, գուցե նա էլ խղճա և մի անգամ «ողորմի» կասի ինձ…
Երիտասարդի սիրտը կսկծից մորմոքվում էր:
Նա նմանվում էր այն թշվառ ծնողին, որը եկել էր տեսնելու նավաստիների ձեռքով ցամաք հանվող խեղդվածներին և նոցա մեջ ճանաչում է յուր յոթ տարիների վեր կորսուած միամոր զավակը: Անլուր թշվառություն, նա գտնում է յուր որդին, բայց ավաղ հավաստիանալու համար միայն որ նա հավիտյան կորած է յուր համար…:
Այս դրության մեջ էր գտնվում և Աշոտը յուր սիրուհու խոստովանությունը լսելուց հետո, նա տանջվում էր, նրա երակների մեջ արտասուք էին հոսում, բայց ոչինչ չէր կարողանում անել, ոչինչ չէր կարողանում խոսել, նա լալիս էր…
Վերջապես Խաթունի հարսներից մեկի ներս գալով տխուր տեսարանը փակվեցավ: Աշոտը շատ այլայլված դուրս գնաց սենյակից:
Այն օրից սկսած մեր խեղճ սիրահարը ամեն բան մոռացավ: Նա այժմ ավելի դժբախտ էր համարում իրան, քան այն ժամանակ, երբ դեռ չգիտեր, թե Մանիշակը սիրում էր իրան: «Երանի թե նա այդ խոստովանությունը չաներ ինձ», հաճախ կրկնում էր նա: Որովհետև Մանիշակի հետ ամուսնանալու հույսով յուր ունեցած ցնորքները, երջանիկ ապրելու նախագծերը, – բոլորը յուր սիրուհու արած տխուր գուշակություններով ցնդվում էին օղի մեջ: Նա այժմ իրան զգում էր աշխարհի մեջ միայնակ և ամեն բարեմասնություններից զուրկ…
Եթե հայրը երբեմն հորդորում էր նրան գնալ շուկա և օրվա մեջ գեթ մի քանի ժամ խանութ բանալ, նա դառնությամբ պատասխանում էր:
– Այսուհետև այդ ո՞ւմ համար անեմ, իմ աստղը ջուրն է ընկել:
Խեղճ երիտասարդը յուր սիրուհուն կրկին առողջ տեսնելու համար բոլոր հույսը կորուսել էր: Շատ անգամ մայրը նրան հուսադրում էր, սիրտ էր տալիս, զանազան օրինակներ էր բերում այդ տեսակ հիվանդությամբ հիվանդացողներից, որոնք այսուամենայնիվ քիչ ժամանակից հետ կատարյալ առողջություն են ստացել, բայց երիտասարդը միշտ անմխիթար էր: Նա այժմ հավատում էր ավելի Մանիշակի արած գուշակություններին, մանավանդ երբ տեսնում էր, որ երեք հիվանդներն էլ օրստօրե վատթարանում էին, և մահտեսի Հարությունը առաջվան պես հուսով չէր խոսում նրանց առողջանալու համար:
Հետաքրքիր ընթերցողը կցանկանա իմանալ, թե այդ ընդհանուր դժբախտության ժամանակ ուր էր ոսկերիչ Գրիգորը ի՞նչով էր զբաղված և արդյոք չէ՞ր հետաքրքրվում իմանալու համար, թե ուր են գտնվում յուր կինը, աղջիկը և երեք որդիները: Ոսկերիչը այն օրից, երբ քարոզչի օգնական դարձավ, ընկեր հարևանի նախատինքներից ազատվելու և «տիրոջ հոտին» անձնավորությամբ ծառայելու համար, «եղբայրների», խորհրդով հավաքեց յուր խանութը, իսկ յուր ունեցած երեք հազար ռուբլին հանձնեց պաստորին, որ նա յուր կողմից ղրկե մայրաքաղաքի բանկը շահեցնելու համար: Վերջին անցքերից ետ, նա գրեթե ամբողջ օրերը անցցնում էր պաստորի, քարոզչի և «եղբայրների» հետ: Իսկ սրանցից և ոչ մեկը նրա ընտանյաց մասին նրա հետ ոչինչ չէր խոսում: Ինքը ոսկերիչը համոզված էր, որ նրանք թեպետ այսօր զայրացած և դուրս գնացած են, սակայն վաղը անշուշտ կդառնան իրանց տունը: Այդ հույսով նա մի քանի վաղիվներ անցկացրավ առանց յուր ընտանյաց դարձը տեսնելու: Այսուամենայնիվ դեռ հույսը չէր կտրում, որպեսզի անմիջական միջոցներ գործ դներ նրանց ետ դարձնելու համար: Մի կողմից էլ նա այսպես ավելի հանգիստ էր գտնում իրան, մանավանդ երբ «եղբայրներ» ժողովվում էին յուր մոտ: «Գոնե հանգամանքի բերումից օգուտ քաղեմ, քանի ժամանակ ունիմ, ասում էր նա, գիտեմ, որ վերջիվերջո գլխիս պետք է թափվին»:
Բայց այստեղ հիվանդների դրությունը օրեցօր ծանրանում էր, ութ օրից ետ վերջապես մահտեսի Հարությունը խորհուրդ տվավ վարպետ Սարգսին ռուսի դոկտորը բերել հիվանդներին նայելու:
– Ուրեմն դու քո բժշկության բոլոր պաշարը սպառեցի՞ր, – հարցրավ մահտեսուն վարպետ Սարգիսը:
– Ինչ որ գիտեի գործ դրի, բայց ի՞նչ անեմ, որ լավանալու նշույլ չէ երևում:
– Ինչո՞ւ առաջ չէիր ասում այդ:
– Առաջ երեքի հիվանդություններն էլ ինձ ծանոթ էին երևում, և ես հույս ունեի, թե կառողջացնեմ, բայց այժմ տեսնում եմ, որ մինակ ինձմով բան չէ դառնալու:
Վարպետ Սարգիսը բարկությամբ գլուխը շարժելով դուրս գնաց և Աշոտին ղրկեց դոկտորի ետևից:
Մի ժամից ետ դոկտորը եկավ՝ մի բարձրահասակ և ազնվադեմ մարդ: Նա քաղաքավարությամբ առաջ մոտեցավ Մարիամին, հարցրավ հիվանդության որպիսությունը վարպետ Սարգսից և մահտեսի Հարությունից, որովհետև հիվանդի մեջ խոսելու կարողություն չկար, հետո բռնեց զարկերակը, երկար քննեց կուրծքը, և ապա բարձրանալով թեթև շարժեց գլուխը և անցավ դեպի Մանիշակը: Նույն քննությունը կատարեց և օրիորդի վերա: Հետզհետե բժշկի դեմքը մռայլվում էր, նրա ժպտող երեսը այժմ արտահայտում էր զայրույթ և բարկություն: «Շատ ուշ է, իմ պարոններ, շատ ուշ է», քրթմնջում էր նա: Վերջապես նա մոտեցավ երեխային, քննեց նրա պարանոցի ուռուցքը և տեսնելով հերյունի պատռվածքը երեխայի պարանոցի վերա՝ մի դառն ժպիտ անցավ շրթունքների վերա:






