- -
- 100%
- +
– Ո՞վ է հերյունով արյուն հանել երեխայի ուռուցքից, – հարցրավ նա ներկա եղողներից: Նրանք ցույց տվին մահտեսի Հարությունին:
Բժիշկը կանգնեց և մի բարկացկոտ հայացք ձգելով նրա վրա հարցրավ.
– Երեք հիվանդներին էլ դո՞ւ էիր բժշկում:
– Այո, – երկյուղով պատասխանեց մահտեսին:
– Քանի օր է, որ հանձն ես առել հիվանդների բժշկությունը:
– Երկու, – պատասխանեց նա:
– Ո՛չ, ութերորդ օրն է այս, – մեջ մտավ Աշոտը, – մահտեսին չէ կամենում ճշմարիտը խոսել:
– Պարոն, – բարկությամբ դարձավ բժիշկը դեպի մահտեսին, – դու հիշում ես, որ մենք մի անգամ էլ հանդիպեցինք միմյանց հետ, և ես քեզ հրամայեցի չհանդգնել այսուհետև բժշկություններ անել, իսկ դու մոռացե՞լ ես իմ խոսքերը, լա՞վ, ես այժմ քեզ հետ ուրիշ կերպ կվարվիմ:
Մահտեսի Հարությունը գունաթափվեցավ, իսկ դոկտորը վերարկուն առնելով բարկացած և անխոս դուրս գնաց:
Վարպետ Սարգիսը, Խաթունը և Աշոտը վազեցին նրա ետևից և առաջը առնելով՝ խնդրում էին, որ, եթե չէ կամենում դեղատոմս գրել գոնե հայտնե նրանց, թե հիվանդները կառողջանան, թե ոչ:
– Երեքին էլ վաղը կթաղեք, – դառնությամբ պատասխանեց բժիշկը և դուրս գնաց բակից:
Խաթունը և վարպետ Սարգիսը մնացին արձանացած և ակնապիշ նայում էին միմյանց, իսկ Աշոտը սկսավ թուլանալ և ընկավ դռան քարի վրա: Ծնողները և հարսները մեծ ջանք դրին, մինչև որ նրան ուշքի բերին: Այսուամենայնիվ նա դեռ թմրած նստել էր քարի վերա և երկար չէր շարժվում այն տեղից: Նա անզգա էր թե՛ ծնողաց և թե՛ յուր հարսների աղաչանցը, նա ոչինչ չէր լսում: Բայց մի քանի վայրկյանից հանկարծ նա տեղից վեր թռավ, հափշտակեց գետնի վրա ընկած վանդակի ձողը և խելագարի պես վազեց տուն.
– Ո՞ւր է այն անզգամը, – կատաղությամբ գոչում էր նա, – նա սպանեց այս խեղճերին, ես էլ նրան պետք է սպանեմ:
Նա որոնում էր մահտեսի Հարությունին, բայց նա վաղուց փախուստ էր տվել նրանց աչքերից:
Ը
Դեկտեմբերի ձմեռային առավոտ էր: Քաղաքի արևելյան հորիզոնը ամփոփող լերանց ետևից դեռ նոր ծագել էր արեգակը և բարձրանում էր անամպ և վճիտ երկնակամարի վերա: Սրա ջերմությունից զուրկ ճառագայթների առաջ շողշողում էին տների սրածայր ձյունապատ տանիքները: Բոլոր քաղաքը արդեն յուր սովորական շարժողության մեջ էր:
Այս միջոցին արհեստավորների թաղում վարպետ Սարգսի տունը ներկայացնում էր մի անսովոր կերպարանք: Նրա բակի և տան մեջ խռնված էր խառնիճաղանճ ամբոխ: Այստեղ, այնտեղ երևում էին խաչվառներ, մոմեր, աշտանակներ, որոնք մի տեղից մյուս տեղն էին փոխադրում, լսվում էին բուրվառների շաչյուն, քահանաների հաստ և համոզկեր ձայներ, իսկ սենյակների ներսից ողբ և լաց…
Բայց ի՞նչ է պատահել այստեղ: Մեր երեք հիվանդները նույն գիշերը ավանդել էին իրանց հոգիները մեկը մյուսից մի քանի ժամ հետո: Սարսափելի դժբախտության լուրը մի րոպեում տարածվել էր ամբողջ թաղի մեջ և ժողովել այստեղ ահագին բազմություն: Թե՛ դրացի, թե՛ բարեկամ և թե՛ օտար սարսափով էին լսում հասած դժբախտության մանրամասնությունները և ամենքը այս մի առանձին երկնային պատիժ էին համարում իրանց խրատելու համար աստծուց տրված:
– Մարդիկ մեռնում են, – ասում էին նրանք, – բայց այսպիսի թշվառություն մինչև այսօր տեսած չունեինք: Մայր, աղջիկ և տղա երեքը միասին միևնույն գիշերի մեջ մեռած, ո՞վ է տեսել կամ ո՞վ է լսել… ի՞հարկե սա մի երկնային պատիժ է:
– Ընդհակառա՛կը, մի երկնային բարություն, – պատասխանում էր մի քանիսին վարպետ Սարգիսը, – որովհետև այսպիսով աստված կամեցել է միանգամից ազատել հանգուցյալներին այն անողորմ լութերականի ձեռքից: – Նա խոսում էր ոսկերիչ Գրիգորի մասին, որը մինչև անգամ ոչինչ չգիտեր դեռ յուր ընտանյաց հասած դժբախտության մասին: Նախընթաց գիշերը ոսկերիչը անցրել էր քարոզիչ Ավետիքի տանը և դեռ առավոտը տուն չէր վերադարձել: Իսկ քարոզիչը որովհետև վաղ առավոտ շուկա էր եկել պաշարեղեն գնելու համար, այդտեղ նա լսել էր ոսկերիչի կնոջ և որդկերանց մահը: Այդ լուրը նրա վրա շատ վատ ազդեց: Բայց սառնությամբ և հեռատեսությամբ գործելն յուր սովորություն արած լինելով՝ նա չայլայլվեցավ, այլ իսկույն ևեթ «եղբայրներից» մի քանիսին ղրկեց տուն, Որ Գրիգորին զբաղեցնեն մինչև յուր տուն դառնալը: Հետո մի քանի հոգու համար գնած իրեղենների վերա դարձյալ պաշար ավելացնելով՝ հանձնեց ծառային և պատվիրեց տասն և երկու հյուրերի համար ճաշի պատրաստություն տեսնել: Այս ամենից ետ ինքը շտապեց պաստորին և մյուս «եղբայրներից» մի քանիսին տեսնելու: Մի ժամից ետ նա վերադարձավ ութ հոգի էլ յուր հետ ունենալով: Նա ոսկերիչին հայտնեց, որ այսօր մտադիր է մի փոքր խնջույք սարքել, որովհետև յուր քարոզիչ նշանակելու տասներորդ տարին հենց այդ օրը լրանում է:
– Իսկ վաղը, – ավելացնում էր նա, – քեզ հետ միասին շատ առավոտ պիտի ճանապարհվինք Ծառաձագ գյուղը մեր հոտին վերաբերյալ մի քանի գործերի համար:
Ոսկերիչը գովեց նրա մտադրությունը և պատրաստակամություն հայտնեց յուր կողմից նրան հետևելու:
Քարոզչի անգութ մտադրությունը հետևյալն էր: Նա կամենում էր այդ հնարներով նույն օրը ոսկերիչին զբաղեցնել, այնպես որ նա չկարողանար դուրս գալ և կնոջ ու որդկերանց մահը լսել, իսկ յուր տունը նա համոզված էր, ոսկերիչին փնտրելու համար եկող չէր լինի, հետո վաղ առավոտյան նա պաստորի խորհրդով, ոսկերիչին առած կերթար Ծառաձագ, որ քաղաքից 60 փարսաղ հեռավորություն ուներ: Նա այդտեղ զանազան պատրվակներով ոսկերիչին պիտի ուշացներ մի ամիս, իսկ այդ միջոցում պիտի նախապատրաստեր նրան յուր ընտանյացը հասած դժբախտության գույժը հենց այդ գյուղում առնելու, ըստ որում պաստորի ասելով եթե նույն օրը հայտներ նրան այդ բանը՝ «տիրոջ» հոտի համար կարող էին վնասակար անպատեհություններ տեղի ունենալ:
Բայց պաստորից և քարոզչից նախատեսված հաշիվները «եղբայրներից» մի քանիսը խանգարեցին: Քարոզչի տուն հասնելուց մի քանի ժամ հետո ոսկերիչը պատահմամբ կամեցավ դուրս, գնալ պատշգամբ: Նա դեռ ոտքը պատշգամբը հանող դռանը չէր կոխել, երբ պատշգամբում մի գաղտնի խոսակցության շշուկ զարկավ յուր ականջին: Նա իբր կատակ հետաքրքրվեցավ լռել, ուստի անշարժ յուր տեղը կանգնելով, ականջը ուղղեց դեպի շշնջող կողմը և որոշակի լսեց հետեւյալը.
– Ճշմարի՞տ, որ երեքն էլ վախճանվել են, – հարցնում էր «եղբայրներից» մեկը:
– Այո , թե՛ կինը, թե՛ աղջիկը և թե՛ որդին:
– Երեքն էլ ա՞յս գիշեր, – զարմացմամբ հարցնում էր մի երրորդը:
– Այո, երեքն էլ այս գիշեր:
– Իսկ եղբայր Գրիգորը ոչինչ չգիտե՞:
– Ոչ, նա այս գիշեր այստեղ է անցրել…
Ոսկերիչը այլևս չկարողացավ լսել, նրա գլուխը պտտվեցավ, աչքերը սկսան մթագնել, նա գոչելով դուրս գնաց պատշգամբը,
– Ո՞ւմ համար եք խոսում, այդ ի՞նչ է պատահել, ո՞վ է մեռածը, ինչու՞ ինձանից ծածկում եք, կի՞նս, որդի՞քս…
Նա դողալով և գունաթափ հետզհետե հարցեր էր անում նրանց: Բայց «եղբայրները» հանկարծակի գալով ոչինչ չէին կարողանում պատասխանել նրան, այլ շվարած նայում էին:
Ոսկերիչը գժվածի պես մտավ տուն, նա պատահեց քարոզչին յուր ընդունարանում:
– Այս ի՞նչ են խոսում, Ավետի՛ք, – գոչեց նա դեպի քարոզիչը, ո՞ւր է կինս, ո՞ւր են որդիներս, նրանք մեռել են… տա՛ր ինձ նրանց մոտ, տար ինձ… Դուք ինձ քնացրիք, դուք ինձ ամեն բան մոռացնել տվիք, տա՛ր, ասում եմ, ինձ նրանց մոտ…
Այս ասելով նա բռնի քաշեց քարոզչի թևից և առաջ ձգեց:
– Ի՞նչ ես անում, այ մարդ, սպասիր, ես ոչինչ չգիտեմ, ո՞վ է մեռել…
– Ո՞վ է մեռել, կատաղությամբ գոչեց ոսկերիչը, կինս, որդիքս ասում եմ քեզ… Արի՛, արի՛, տար ինձ նրանց մոտ, ես միայնակ չեմ կարող գնալ…
Ոսկերիչի և քարոզչի ձայների վերա ներս թափվեցան «եղբայրները» և տեսնելով թշվառ մարդու մինչև կատաղության հասած այլայլմունքը՝ խորհուրդ տվին քարոզչին ընկերանալ նրան գեթ մինչև յուր տունը:
Քարոզիչը երկյուղից դողում էր, սակայն հարկ էր տված խորհուրդը ընդունել: Նա և ոսկերիչը դուրս գնացին: Վերջինս պինդ բռնած էր քարոզչի թևից և արագությամբ և հատկլյալ շնչով առաջ էր գնում, միշտ ետևից քարշ տալով ընկերոջ:
Ճանապարհը շատ երկար չէր: Նրանք մտան թե չէ այն փողոցը, որի ծայրում շինված էին ոսկերիչի և յուր դրացի վարպետ Սարգսի տները, և ահա լսվեցան հոգևոր երգեցողության ձայները:
– Կանգնի՛ր այստեղ, – հրամայական ձայնով դարձավ ոսկերիչը դեպի քարոզիչը. և նրա թևից քաշելով յուր հետ կանգնեցրավ մի ցանկապատի տակ:
Երգեցողության ձայները հետզհետե մոտենում էին: Վերջապես փողոցի անկյունից երևացան մոմերը և խաչվառները, ետո երգեցող մանկտին, քահանաները և վերջը խուռն բազմությունը արհեստավորների և մանր վաճառականների, որոնք կրում էին երեք թշվառների դագաղները: Ոսկերիչը այդ ամենը տեսնելուց լայն բացած աչքերով, որոնց մեջ հանկարծահաս թշվառության գույժը ցամաքացրել էր արտասվաց աղբյուրները, անզգայաբար առաջ գնաց դեպի դագաղները: Բայց այստեղ նշմարելով յուր մյուս փոքրիկ որդիներին, որոնք կողկողագին լալիս էին մեկը մոր և մյուսը քրոջ դագաղներից գրկած, իսկույն սոսկալով և սարսափած ետ դարձավ դեպի քարոզիչը և գոչեց.
– Նրանք են, կինս և երեխաներս, դու և ես՝ երկուսս միասին սպանեցինք նրանց…
Այս ասելով նա կանգնեցավ յուր առաջի տեղը, վերցրավ գդակը, նույնը անել տվավ և քարոզչին և սպասում էր հուղարկավորության անցնելուն: Երբ հանդեսը մոտեցավ, նա կրկին խելագարի նման վազեց դեպի դագաղները.
– Այդ ո՞ւր եք տանում իմ կինը և որդիները… թողեք, որ խոսեմ նրանց հետ…:
Այս ասելով նա կամենում էր ընկնել դագաղների վերա, բայց նրան արգելեցին:
– Հեռու, հեռու այստեղից, թշվառական, – սպառնալից դեմքով դարձավ դեպի նա քահանաներից մինը, – այդ անիծյալ ձայնովդ այժմ է՞լ սրանց մահվան հանգստությունն ես կամենում վրդովել:
Ոսկերիչը սրտաբեկ և գունաթափ ետ դարձավ և ցանկապատին հենվելով մրմնջում էր.
– Այո՛, ես անիծյալ եմ… տեր – հայրը իրավունք ունի… ես անիծյալ եմ…
Այս տեսարանը շատ մորմոքիչ ազդեցություն արավ ժողովրդի վերա, նրանցից շատերը խղճահարվում էին ոսկերիչի թշվառ դրության վերա: Բայց կային երիտասարդներ, որոնք չկարողացան ճանաչել նրա հոգու վշտահար դրությունը և կարծեցին թե նա կամենում էր բռնի յուր ննջեցյալները խլել իրանց ձեռքից, ուստի՝ «Մենք դառնալուց քեզ ցույց կտանք, անզգամ», կամացուկ սպառնում էին նրանք՝ առանց այն էլ հարվածի սաստկության տակ կործանված թշվառականին:
Բայց ոսկերիչը լուռ և անզգա էր յուր դեմ ուղղված բոլոր հայացքներին ու սպառնալիքներին: Նա այնքան սպասեց այնտեղ, մինչև որ հուղարկավորությունը անցավ և հետո ապուշ – ապուշ հարցրավ քարոզչին:
– Այս ննջեցյալները ճանաչեցիր դո՞ւ:
– Ճանաչեցի, – ցած ձայնով պատասխանեց նրան քարոզիչը:
– Նրանք իմ կինը, աղջիկս ու որդիքս են, գիտե՞ս:
– Գիտեմ:
– Լավ ուրեմն, տար այժմ ինձ իմ տունը:
Քարոզիչը հնազանդվեցավ: Երբ նրանք հասան տուն, ոսկերիչը դարձավ քարոզչին:
– Այժմ դու կարող ես գնալ:
– Իսկ դո՞ւ, – հարցրավ քարոզիչը:
– Ես պետք է մնամ իմ տանը:
– Իսկ եղբայրների մոտ ե՞րբ կգաս…
«Եղբայրներ» բառը ցնցեց ոսկերիչին ամբողջ մարմնով, նա կատաղությամբ հարձակվեցավ քարոզչի վերա.
– Դու դեռ համարձակվում ես ինձ մոտ այդ անիծյալ անունը կրկնելու, – այս ասելով նա երկու ձեռքով բռնեց քարոզչի մազերից և ուժգին զարկավ մոտ եղող պատին:
Քարոզիչը մի ճիչ արձակեց և գլորվեցավ գետին:
– Այդ դեռ շատ փոքր է, – կատաղությամբ գոչեց ոսկերիչը և վազեց վերցնելու բակի մեջ ընկած որձաքարի բեկորը: Բայց քարոզիչը մի ակնթարթում բարձրացավ ընկած տեղից և բակի ցանկապատի վրայով թռավ փողոց: Ոսկերիչը ետ դարձավ, բայց նրա փախչելու ոտնաձայնը միայն լսեց,
– Ես ուրեմն սատանաների հետ գործ ունեի մինչև այժմ, – ասաց նա և քարը ձգեց գետին: Հետո մի փոքր լռելով շարունակեց ձողացող ձայնով: – Բայց ո՞վ է մեղավորը, ի՞հարկե ես, միմիայն ես, անզգամս: Ի՞նչ ունեի ես այդ դևերի հետ, այդ անգութ, այդ անսիրտ խաբեբաների հետ, ինչու շուտով չճանաչեցի նորանց, ինչո՞ւ խելքս կորցրի, ինչո՞ւ իմ ընտանիքը մոռացա… իմ կինը, իմ զավակները… Հա՛, հու քեզ համար նոր հավա՞տ էիր որոնում, թշվառական, – շարունակում էր նա ինքն իրեն խոսելով, – դու որ մի խեղճ արհեստավոր էիր և իսկապես չգիտեիր, թե որոնք են քո հավատի պակասությունները և որոնք էին ուրիշների առավելությունները: Քո պապերի հավատով դու քեզ բավական երջանիկ չէի՞ր զգում, նորանով քո ընտանիքը բավական բախտավոր չէր. թե՞ կամենում էիր հանկարծ արքայություն մտնել… գնա այժմ, անմիտ, գնա և տես, ո՞ր դժոխքը սորանից ավելի սարսափելի է, ո՞ր դժոխքը սորանից ավելի խիստ հարվածներ կարող էր տալ քեզ…
Այս ասելով նա անխնա հարվածում էր յուր գլուխը: Հետո երերալով նստավ դռան քարի վերա և ընկավ մտածողության մեջ: Երբեմն նա խորը հառաչում էր և յուր լայն բացված ռնգունքներից, ինչպես ծուխ դուրս էր փչում յուր ներսում կրակվող շունչը, երբեմն նա ցնցում էր գլուխը և կատաղաբար շարժում օդի մեջ յուր բռունցքները կարծես յուր առաջ մենամարտողների բանակ ուներ կանգնած, և երբեմն հուսահատ և սրտաբեկ գլուխը խոնարհում էր կուրծքի վերա և այնպես մնում երկար ժամանակ: Վերջապես նա նորեն սկսավ ինքնիրեն շշնջալ.
«Բայց մի՞թե ես մեղավոր եմ. մի՞թե ես գիտությամբ արի այդ ամենը, երբեք: Ես մինչև այժմ էլ չգիտեմ, թե ինչպես եղավ, որ այդ խաբեբաների որոգայթի մեջ բռնվեցա, չգիտեմ ինչպե՞ս եղավ, որ իմ Մարիամին, իմ երեխաներին մոռացա, այո, ես ոչինչ չգիտեմ, այդ ամենը ինձ համար բոլորովին անհասկանալի ձևով կատարվեցան, այո, անհասկանալի, ես ոչինչ չիմացա, ես ոչինչ չզգացի, այդ դևերը ինձ կախարդեցին, այո, ես մեղավոր չեմ…»: Այս ասելով նա լռեց մի փոքր ժամանակ և հետո նորեն սկսավ.
«Բայց ինչպե՞ս թե մեղավոր չեմ, ես չէի որ երբ առաջին անգամ կամենում էի գնալ այն խաբեբա Կարոյի տունը և Մարիամը եկավ ինձ արգելելու, նա բռնեց իմ ձեռքից, նա խնդրում, աղաչում և արտասվում էր, որ ես նրա մոտ գայի, բայց ես, ոհ, ես՝ անզգամս վայրենությամբ մի կողմ բերեցի նրան և դուրս փախա… Ես չէի՞, որ չորս տարի շարունակ տանջեցի նորան արգելելով կատարել յուր հավատո վերաբերյալ պարտավորությունները և վերջապես ես չէի, որ սպանեցի նորան և նորա հետ էլ իմ երկու զավակներին…»:
Այսպես խոսելով նա վեր թռավ նստած տեղից և շարունակեց հուսահատ կատաղությամբ.
«Ո՛չ, ո՛չ, ապրել այսուհետև անկարելի է, և ո՞ւմ համար պիտի ապրեմ. Մարիամը մեռավ և տարավ յուր հետ աղջիկս և որդիս. մնում են երկու փոքրիկներս. թող նոքա էլ թշվառանան… իմ բարեպաշտ հայրը անշուշտ իր գերեզմանում անիծեց ինձ իմ անիրավությանց համար, ուրեմն իմ անունը պիտի ջնջվի. իմ տունը հիմնովին պիտի կործանվի, որպեսզի իմ պատիժը կատարյալ լինի… այո՛, ես արժանի չեմ աստծո արեւը տեսնելու, նորա օդը շնչելու… և ես փոխանակ քարոզչի գլուխը պատին զարկելու, ինչու՞ իմը չեմ զարկում»:
Այս ասելով նա կատաղաբար առաջացավ դեպի դուռը և ձախ երեսով սաստիկ խփվեցավ տան պատին, նրա դեմքը ընդհարվելով քարի հետ պատռվեցավ և քթից սկսավ հոսել հորդ արյուն: «Ոչ, այսպես չի կարելի շուտ մեռնել, այնպես շուտ՝ որ իմ կնոջը և երեխաներին հասնեմ, ես գիտեմ, թե ինչպե՞ս պետք է մեռնել…»: Նա ներս մտավ տուն: Առաջին անգամ նրա աչքին զարկավ նախագավթի մեջ կշեռքի համար կախված չվանը:
«Ահա, – գոչեց նա խելագարվածի պես, – ահա մեռնելու հարմար միջոցը»: Եվ առանց ուշանալու բարձրացավ գավթի անկյունում դրված սնդուկի վերա, քաշեց յուր մոտ առաստաղից կախված չվանը և նրա վերա կրկնածալ հանգույց շինելով՝ անցրավ պարանոցը, «Այժմ ես ձեզ հետ եմ, սիրելիներս»:
Նա թափ տվավ ոտքերին և շրջվելով կախվեցավ օդի մեջ… Երկու անզոր ցնցումներից ետ լրթագույնը պատեց նրա երեսը, բերանից և ռունգերից սկսավ ժայթքիլ խեղդվող արյունը, և մի խուլ հռնդյունից ետ… նա հոգին փչեց…
Հուղարկավորության ժամանակ ոսկերիչին սպառնացող երիտասարդները տուն դառնալով բոլորը միասին վճռեցին գնալ նրա մոտ և երեք զոհերի վրեժը հանել նրանից…
Բայց նրանց զայրութը փոխվեցավ սարսափի, երբ նրան կախված գտան նախագավթի մեջ:
Հայ անհիշաչար հոգևորականությունը առավ բողոքականության չորրորդ և ավելի թշվառ զոհի մարմինը և ամփոփեց յուր ընտանյաց հանգստարանում…
Իսկ մեծապատիվ պաստորը շատ անտարբերությամբ լսեց այդ բոլոր թշվառության պատմությունը և միայն վերջումը բարեհաճեց ասել, որ «ոսկերիչը հիմարություն է արել իրան խեղդելով»:
Ոսկերիչի երկու որդիներին յուր հովանավորության տակ առավ վարպետ Սարգիսը, իսկ նրա ունեցած երեք հազար ռուբլին, որը պաստորի ձեռքով գրկված էր մայրաքաղաքի բանկը շահեցնելու, մինչև այսօր էլ չիմացվեցավ, թե աստծո ո՞ր պաշտոնյայի գրպանը մտավ…
ԻՄ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ
ԾՈՎԻ ՎԵՐԱ
1876 թվականն էր. մայիսյան մի հովաշունչ երեկո: Մեր շոգենավը հանդարտ սլանում էր Կասպից ծովի խաղաղ ալիքների վերա: Բնությունը շրջապատում էր մեզ յուր հրաշալիքներով: Նավի ձախ կողմից երևում էին մերթ կանաչազարդ բլրակներ` եզերված փոքրիկ գետակներով, մերթ ընդարձակ դաշտեր՝ որոնց ծանրաբեռնում էին հասկափունջ արտորաները, մերթ լայնանիստ հովիտներ, ուր զեղում և արածում էին ոչխարի բազմաթիվ հոտերը խառը տավարի նախրի հետ և հաճախ՝ մանր ու խոշոր լեռանց ապառվածները՝ ծառազարդ ստորոտներով, որոնք անընդհատ մեկը մյուսի ետևից վազում անհետանում էին մեր աչքերից: Սրանցից ավելի հեռու նշմարվում էին Կովկասի շղթայաշար լեռները՝ իրենց կոհակավետ գագաթներով` որոնք դեռևս ծածկված էին ձյունի սպիտակ սավանով: Իսկ աջ կողմից տարածվում էր ծովը յուր անսահման ալիքներով, որոնք հեզիկ հովի առաջ անընդհատ ծփծփում և տատանվում էին հազիվ լսելի ճողփյուններով: Արեգակը պատրաստում էր արդեն յուր հրեղեն գունդը հեռավոր լեռները ետքում ծածկելու և նրա վերջին ճառագայթները՝ անզոր այլևս մարդկանց աչքերը խտտղելու ոսկեզօծում էին միայն ծովի դալարագեղ ափերը և մեր նավի տախտակամածը, ուր անընդհատ վազվզում և անցուդարձ էին անում նավաստիները և ճանապարհորդները:
Այդ ժամանակ ես կանգնած էի նավի ետևում, ուր սովորաբար ծածանում է եռագույն դրոշակը, և երեսս դեպի նավի ցռուկը դարձրած զմայլմամբ դիտում էի Կասպյան ծովակի գեղազվարճ ափերը: Մի սրբազան հափշտակություն տիրել էր իմ հոգվույն. նավը սլանում էր, և ես հետզհետե խորասուզվում էի հեռու հեռու հնադարյան անցյալի մեջ, երբ մարդկային կյանքը դեռ այս քան կերպարանափոխված չէր, երբ լուսավորությունը դեռ չէր հղացել յուր հրաշալիքները և ծովի ալիքների մեջ դեռ չէր վառվում Հեփեստոս հնոցը, որը այսօր յուր հսկայական և սոսկալի ուժով հաղթահարում է ծովի կատաղությունը և տիրում Պոսիդոնի ժառանգական թագավորությանը… Ես հոգվով սլանում էի դեպի այն երանելի ժամանակները երբ մեր առաջ տարածվող այս կուսական ափանց վերա ապրում էր մի նահապետական ժողովուրդ, ասպետական սրտի տեր, բռնության անսովոր և աշխատության սիրահար, մի ժողովուրդ, որ չէր ճանաչում թշվառությունը և չէր ստեղծում նրան, որովհետև շատանում էր յուր պարզ և անպաճույճ կյանքով… նրա տղամարդիկ հերկագործում էին իրենց դաշտերը և սևաչյա կանայք դալարագեղ հովիտների մեջ իրենց խաշներն էին արածացնում, նրա քաջ երիտասարդներ ուրախ և անհոգ որսում էին լեռների վերա, և գեղանի աղջկունք՝ գետափանց մոտ դեգերելով՝ երգում էին նրանց: Հին լեռնականների երկիրը և՛ խաղաղ, և՛ գեղեցիկ էր… բայց լուսավորությունը ո՞ր բնական գեղեցկությունը չէ աղավաղել, երբ նա բնության այդ ստեղծագործության ձգտել է տիրապետել: Այսօր այստեղ սովորում են խոսել ապագայի վերա և դողդողալով հոգում էին վաղվան համար… Սեփականությունը վտանգվում է, խաղաղանիստ գյուղի խրճիթները էլ չեն ապահովում բնակիչների կյանքը և անցյալին ծանոթ ծերունիները սկսում են հառաչել…
Տակավին այս մտածմունքների մեջ էի, երբ մեր շոգենավը մի հանկարծական պտույտ արավ և բոլոր գեղեցիկ տեսարանները անհետացան իմ աչքից: Կանաչազարդ ափերի փոխարեն իմ առաջև բացվեցավ ծովի լայնատարած մակերևույթը յուր գեղածուփ կոհակներով: Մի րոպե ես այնպես կարծեցի, թե մինչև այն իմ տեսածները երազ էին: Բայց հենց որ երեսս դարձրի, ահա իմ առաջև նկարվեցան դարձյալ նույն գեղեցիկ տեսարանները և նրանց հետ միասին մի բարձրադիր բլրակի ստորոտում փոքրիկ ծովեզերյա քաղաքը յուր ձյունի պես սպիտակ տներով, որոնք արագ արագ մոտենում էին դեպի մեզ:
Հինգ րոպեից ետ նավը ծանրաքայլ մտավ նավահանգիստը: Ահագին խարիսխը, որ մինչև այն կախված էր շոգենավի ծայրից, մեծ դղրդյունով իջավ ծովը, ահաբեկելով նրա. համր բնակիչներին: Սրան հետևեց շոգեմեքենայի սուր հնչյունը, և նավի ամեն խորշերից դուրս թափվեցան ճանապարհորդները: Սկսավ մեծ շարժումն: Նավաստիներից ոմանք, անընդհատ վազվզում էին աջ ու ձախ. ուրիշները կապկի նման մագլցելով սուրում էին պարանների վերա և ուղղաձիգ կայմի ծայրը բարձրանալով՝ պրկում կամ թուլացնում էին նրանց, մի քանիսը տախտակամածի բարձրավանդակը թռչելով իջեցնում էին ծովի մեջ փոքրիկ նավակները, և մի ուրիշ խումբ զբաղված էր ճանապարհորդների իրեղենները զատելով և բաժանելով:
Մի քանի րոպեի մեջ շոգենավը շրջապատեցին բազմաթիվ նավակներ, գույնզգույն խելերով և թիակներով: Երկաթե սանդուղքները, որոնք մինչև այն ամրացած էին նավի կողերի վերա, ճռնչալով դեպի ծովը կախվեցան: Ճանապարհորդները իրենց իրեղենները վերցրած շտապում էին միմյանց ետևից նավակների մեջ մտնելու: Իսկ ես դեռ կանգնած նավի ելքի մոտ անխոս և անշարժ դիտում էի այդ մարդկանց շարժումները: Նրանք նմանում էին շատ տարիներով բանտի մեջ փակված գերիների, որոնց մի գթասեր իշխանի ձեռքը վերջապես ազատություն է տալիս:
Բ
ՊԱՏԵՐ ՍԻՄՈՆԸ
Մի քանի րոպե չանցած արդեն ամեն ոք նավակ էր վարձել քաղաք դուրս գալու համար, բայց ես շվարած չգիտեի ինչ պետք էր անել: Ես առաջին անգամն էի ծովով ճանապարհորդում և մանավանդ անծանոթ էի այս քաղաքին, չնայելով որ յոթ տարիներից ի վեր բնակվում էր այստեղ իմ քույրը, որին ես առաջի անգամ գնում էի այցելության:
– Դուք չե՞ք կամենում քաղաք դուրս գնալ, – հնչեց ետևիցս մի հաստ և խռպոտ ձայն: Ես իսկույն հետ դարձա և տեսնում եմ երկար լոդիկով, լայն շրջանավոր գլխարկով և սափրված ընչացքով ու ծնոտով մի հաղթանդամ և բարձրահասակ մարդ, որ յուր պայուսակը և մի քանի փոքրիկ կապոցներ ձեռքն առած, պատրաստվում էր երկաթե սանդուղքից դեպի սպասող նավակը իջնելու: Ես փոխանակ պատասխանելու սկսա հետաքրքրությամբ նայել նրա տարօրինակ հագուստի և դեմքի վերա: Առաջինը նմանում էր մեր քահանաների հագուստին, բայց նրա դեմքը բոլորովին հակապատկերն էր ներկայացնում:
– Դուք չե՞ք պատասխանում, – կրկին հարցրեց տարօրինակ դեմքով և հագուստով մարդը:
– Ինչպես չէ, պետք է դուրս գնամ, – պատասխանեցի ես:
– Ուրեմն շտապենք, միայն մի նավակ է մնացել, – հարեց նա և առաջ անցավ:
Ես հետևեցի նրան և երկուսս միասին իջանք նավակը:
– Ամենից առաջ ես կամենում եմ ձեզ հետ ծանոթանալ, կշնորհե՞ք ինձ ձեր անունը, – հարցրեց անծանոթը, երբ մենք մեր իրեղենները տեղավորելով նստանք նավակի մեջ:
– Արամ Բյուրատյան, – պատասխանեցի ես և սպասում էի, որ ինքն էլ յուր անունը հայտներ, բայց նա բոլորովին ուրիշ կերպ սկսավ յուր խոսակցությունը:
– Շատ լավ, շնորհակալ եմ. ուրեմն Արամ Բյուրատյան, կաշխատեմ չմոռանալ: Բայց գիտե՞ք ինչ ցավալի բան պատահեց շոգենավում:
– Ոչինչ չգիտեմ, – պատասխանեցի ես և սկսա հետաքրքրությամբ լսել նրան:
– Զարմանալի բան պատահեց:
Ես փոքր ուշացա այնտեղ, և կարծում էի, թե այլևս նավակ չեմ գտնիլ քաղաք դուրս գալու համար և կամ միայնակ մնալով թանկ կվճարեի նավակին. բայց ինչպես երևվում է սուրբ Տիրամոր աչքը քաղցր է յուր ծառայի վերա նա ձեզ նման մի բարի երիտասարդին ընկեր տվավ ինձ:
Ես տեսա որ իմ անծանոթը բնական դրության մեջ չէր, բայց ցանկանալով մի բանով վարձատրել նրա հաճոյախոսությունը մեքենայաբար հարցրի.
– Ինչո՞ւ համար էիք ուշացել շոգենավում:
– Օ՛, դրա պատմությունը խիստ հետաքրքիր է. ես իսկույն կասեմ ձեզ: նավապետը առանձին ճաշ էր պատրաստել յուր սենյակում և ինձ հրավիրել էր: Մենք շատ լավ ճաշեցինք, պետք է խոստովանել, և շատ երկար նստանք սեղանի շուրջը: Երևակայեցեք. ժամը մեկից սկսած մինչև այժմ մենք խմում էինք, և գիտե՞ք որքան շատ խմեցինք… Օ՛, երևակայել չեք կարող: Շա՛տ պատվական մարդ է նավապետը, դուք ծանո՞թ եք նրա հետ:
– Ո՛չ, – պատասխանեցի ես:
– Ափսո՛ս, շատ ցավում եմ, պետք է որ ծանոթանայիք. նա շատ պատվական մարդ է և զարմանալի հյուրասեր: Գիտե՞ք. նա յուր մառանի ամենալավ գինին էր հանել ինձ համար, և ի՞նչ գինի, կարո՞ղ եք միթե երևակայել: Ես նրան ասում եմ, Իվան Պավլովիչ, շատ մի խմացնիր ինձ, ես կարող եմ հարբել և նավակից գլորվիլ ծովի մեջ, բայց նա այս խոսքի վերա ծիծաղից թուլանում է և անդադար նեկտարը լցնում է բաժակիս մեջ: Իհարկե, նա գիտեր, որ ես հարբողը չեմ, բայց ինչ որ էլ որ լինի, հոգևորականը մի քիչ չափավոր պետք է լինի արբեցության մեջ, այնպես չէ՞:
Վերջին խոսքերը, որ նա շատ ցած և խորհրդավոր ձայնով արտասանեց, ինձ զարմացրին:
– Ինչպե՞ս. մի թե դուք հոգևորական եք, – շտապով հարցրի ես:
– Իհարկե, մի՞թե դուք չգիտեիք: Ես քահանա եմ, և ինձ անվանում են պատեր – Սիմոն:
– Քահանա՞… – զարմացմամբ հարցրի ես և աչքերս սևեռեցի նրա դեմքին:
– Իհարկե քահանա, միթ՞ե չեք տեսնում, հա՛, հա՛, հա… և սկսավ նա այնպես բարձր ձայնով ծիծաղել, որ նավաստին ետ շրջվեցավ և մի րոպե թիակները անշարժ թողնելով սկսավ մեծ մեծ աչքերով նայել տարօրինակ քահանայի վերա:
– Ի՞նչ բանի ես նայում, ապուշ, – գոռաց նրա վերա պատեր – Սիմոնը, – թիակներդ շարժի՛ր, ամբողջ երկու ժամ հո մեզ չի պիտի պահես ջրի մեջ:
Նավաստին հետ դարձրեց երեսը և սկսավ արագ արագ շարժել յուր թիերը:
– Ներեցեք ինձ, տե՛ր – հայր, միթե…
– Ամենից առաջ թույլ տվեք նկատել, – ընդհատեց ինձ պատերը, – որ ինձ տեր՛ – հայր կանչելու իրավունք ունիք, այդ անունը տալիս են հայոց քահանաներին, իսկ մեզ հետ խոսում են «պատվելի» տիտղոսով:
– Բայց դուք էլ հայերեն եք խոսում…
– Այդ ապացույց չէ, որ ես էլ ուրեմն հայոց քահանա եմ: Ես… այո, ես քահանա եմ, բայց կաթոլիկների քահանա, այսինքն ավելի մեծ եկեղեցվո պատկանող: Դեհ, այժմ ասացեք, ի՞նչ էիք ուզում հարցնել:
– Ես ուզում էի հարցնել, թե մի՞թե անմորուք և առանց ընչացքի քահանա կա աշխարհում, (խոստովանում եմ, ես այն ժամանակ դեռ այդ չգիտեի, որովհետև տեսած չէի):
– O՛, տգե՛տ, տգե՛տ, ինչե՞ր է հարցնում, հա՛, հա՛, հա՛…
Եվ այս անգամ պատվելին այնպես թուլացավ ծիծաղից, որ ստիպվեցավ երկու ձեռքով յուր տակառանման փորը բռնելու, կարծես նրա հանկարծական պայթումից վախենալով:
Ես մնացել էի ապշած, բայց մի դեպք հանկարծ իմ ծիծաղն էլ շարժեց: Պատեր – Սիմոնը, որ սաստիկ ծիծաղելուց թեքվել էր մեջքի վերա, կորցնելով յուր շոգելից գլխի հավասարակշռությունը, կքեց նրան դեպի ծովը և յուր լայն շրջանավոր գլխարկը ընկավ ջրի մեջ:
– Սպասի՛ր, սպասի՛ր. ապո՛ւշ, անասո՛ւն, – սկսավ նա բարկանալ և գոռալ նավաստիի վերա, որը աչքը ափին տնկած անընդհատ առաջ էր վարում մակույկը, – սպասիր գլխարկս վերցնեմ, գլխարկս… – Այս ասելով նա պատրաստվում էր կարծես մակույկից դուրս թռչելու և ալիքների վերա սուրալով յուր գլխարկը բռնելու, որին փոքրիկ կոհակները հեռացել էին իսկույն:
Նավաստին հետ նայեց և տեսնելով պատվելիի գլխարկը ալիքների վերա՝ չկարողացավ յուր ծիծաղը զսպել:
– Դու՞ էլ ես ծիծաղում, անզգամ, – գոչեց վայրենի ձայնով պատերը և հարձակվեցավ նավաստիի վերա. բայց վերջինս չգիտեմ ինչ մի ճարպիկ հարված տվավ ալիքներին, որ նավակը սաստիկ երերաց և պատվելին, որ առանց այն էլ ուղիղ կանգնելու ընդունակությունը Բաքոսին էր նվիրել, կորցրեց յուր հավասարակշռությունը և գլորվեցավ նավակի մեջ:
Այժմ ծիծաղից թուլանալու հերթը ինձ հասավ:
Նավաստին արագությամբ դարձրեց նավակը և հասնելով ապստամբ գլխարկին՝ հափշտակեց նրան թիակի ծայրով և. տվավ պատվելիին, որը արդեն ընկած տեղից բարձրացել և զայրացած դեմքով նստել էր յուր նստարանի վերա: Բայց ըստ երևույթին նա ինձանից ավելի է վշտացած, քան նավաստիից, թեպետ երկուսս էլ ոչնչով մեղավոր չէինք յուր գլխարկի ապստամբության գործում: Այսուամենայնիվ պատվելին էլ կամեցավ շարունակել ինձ հետ յուր խոսակցությունը և դեմքը դեպի շոգենավը դարձնելով սկսավ նավապետի սենյակում յուր կիսատ թողած շիշերը երազել:






