- -
- 100%
- +
Ճշմարիտը խոստովանած, ուրիշ անգամ այս տեսակ մի անծանոթ անձնավորությունը ինձ կհետաքրքրեր. և որքան էլ անբնական դրության մեջ լիներ նա, դարձյալ ես չէի թողնել նրան, մինչև որ իմ մանրակրկիտ հարցուփորձով չտեղեկանայի նրա ո՞վ և ո՞ր տեղացի լինելը, ո՞ր քաղաքից և ի՞նչ գործով այստեղ գալը, ի՞նչ գաղափարների և համոզմանց տեր լինելը և այլն, և այլն: Բայց այս անգամ ես բավականացա միայն իմանալով, որ նա մի հայ կաթոլիկ քահանա է և որ նրան անվանում են պատեր – Սիմոն: Էլ ուրիշ ոչնչով չհետաքրքրվեցա, որովհետև նույն րոպեին ինձ ուրիշ մարդիկ էին զբաղեցնում, որի համար և առիթ էի պտրում քաղցվալից ընկերոջս շաղակրատությունից ազատվելու:
Ուստի երբ նա լռեց, ես էլ գոհ սրտով դարձրի երեսս հակառակ կողմը և անուշադիր դեպի նրա գոյությունը սկսա այն մտածմունքներով զբաղվիլ, որոնք նույն րոպեին քաղցրացնում էին իմ կարճ, բայց անհանգիստ ճանապարհորդությունը:
Գ
ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԸ
Նավակը փոքր առ փոքր մոտենում էր ափին, սիրտս կամացուկ սկսում էր տրոփել, և մի անհանգստացնող ուրախություն հետզհետե լցվում էր նրա մեջ: Ես մտածում էի, որ ահա մի քանի րոպեից հետ պիտի տեսնեմ իմ քրոջը, որին այնքան սիրում էի, բայց որին յոթ երկար տարիներից ի վեր տեսած չէի: Ո՛չ հեռավորությունը և ո՛չ տարիների անջրպետը չէին բաժանել մեր սրտերը միմյանցից, ընդհակառակը, երկարամյա կարոտը ավելի զգայուն և ավելի խանդակաթ էր դարձրել նրանց: Օ՛, որքա՛ն քաղցր, որքա՛ն գողտրիկ և մանավանդ թե որքա՛ն անկեղծ է այն սերը, որ կապում է միմյանց հետ մի քույր և եղբայր… Եվ ով չէ ունեցել այդ սերը, նա չէ վայելել կյանքի ամենաքնքուշ քաղցրություններից մինը – հարազատության քաղցրությունը: Այն մի քանի րոպեները, որոնք բաժանում էին ինձ իմ քրոջից, մի մի ժամերի չափ երկարում էին ինձ համար: Ես գիտեի, որ միևնույն անհանգստությամբ սպասում էր նա ինձ, ըստ որում առաջուց դիտեր իմ գալուստը, գիտեի, որ ափին մոտեցող յուրաքանչյուր նավակը անշուշտ թունդ է հանում նրա սիրտը:
Հիսուն քայլ հազիվ էր մնացել, որ մենք ափը իջնեինք: Այն տեղի վերա, ուր դիմում էր մեր նավակը, ժողովված էր կանանց և մարզիկների մի բազմություն: Ըստ երևույթին նրանցից ոմանք եկել էին իրենց բարեկամներին դիմավորելու, իսկ ուրիշները, լոկ հետաքրքրությամբ կամ, շոգենավի գալուստը տեսնելու… Ես հեռվից սկսա որոնել իմ քրոջը, բայց այն բազմության մեջ անհնար եղավ ինձ ճանաչել նրան:
Վերջապես նավակը մոտեցավ ափին, ես դուրս ցատկեցի ավազի վերա և հենց պատրաստվում էի պայուսակս վերցնել հանկարծ տեսի, որ մի նորատի տիկին կանանց միջից դուրս վազեց և «եղբայրս…» ճչալով դիմեց գրկաբաց դեպի ինձ և պլլվեցավ իմ պարանոցին: Նա իմ քույրն էր, ես իսկույն ճանաչեցի, նա շատ քիչ էր փոխվել: Երկար մենք չկարողացանք ասել միմյանց հետ. մենք գրկվում, համբուրվում և ուրախությունից արտասվում էինք… Սա այն վայրկյաններից մինն էր, երբ մարդ մոռանում է վշտերի գոյությունը և ամբողջապես հոգիանալով՝ լուծվում է հրճվանքի և երջանկության մեջ…: Տխրությունը յուր սև պատկերով չքանում է նրա աչքերից. մարդկանց դեմքերը էլ չարություն չեն արտահայտում, ամեն կողմ տիրապետում է բերկրանք և ուրախություն, և բոլոր շրջապատող առարկաները ժպտում են նրան… Ահա այստեղ է զգում մահացուն կյանքի քաղցրությունը, այստեղ է նա ճանաչում կյանքի հրապույրները:
Վերջապես մոտեցավ ինձ իմ փեսան, որը մինչև այն տեղի էր տվել իմ քրոջ գգվանացը, գրկեց և համբուրեց ինձ և ապա կառք կանչելով հրավիրեց ինձ նստել տուն գնալու համար:
Մինչև այն ես գրեթե մոռացել էի իմ ընկերոջը՝ պատեր – Սիմոնին: Երբ ուղղվեցի դեպի կառքը, հանկարծ աչքիս զարկավ նրա լայն շրջանավոր գլխարկը և սափրած ծնոտը: Նա կանգնած էր մի քանի քայլ մեզանից հեռու շրջապատված կանանց ու աղջիկների մի փոքրիկ խմբակով: Պատեր – Սիմոնը այնպիսի մի համեստ և պատկառելի կերպարանք էր առել, որ ես մի վայրկյան վարանեցի ընդունել նրան իմ արբած ընկերոջ տեղ, և սկսա զննել նրան: Նա քնքշաբար ողջունում էր յուր շրջապատողներին, հարցնում էր նրանց և իրենց ընտանիքների առողջությունը, իսկ յուր ձեռքերը համբուրող մի երկու փոքրիկներին փայփայում և օրհնում էր: Երբ կառքը նստանք, ես պատրաստվում էի հարցնել իմ փեսային թե ո՞վ էր արդյոք այս պատերը և ի՞նչ գործ ուներ նա այս քաղաքում, բայց մի ուրիշ ավելի հետաքրքիր անձնավորություն գրավեց իմ ուշադրությունը: Սա մի գեղեցկահասակ, սիրուն դեմքով, մեծ և սևորակ աչքերով աղջիկ էր, որ պատերին շրջապատող խմբակից դուրս գալով մոտեցավ մեր կառքին և շնորհալի ու ժպտադեմ դիմեց քրոջս, «Շուշան, թույլ տուր, որ ամենից առաջ ես շնորհավորեմ քեզ եղբորդ գալուստը»: Այս ասելով սեղմեց քրոջս ձեռքը և գլխի թեթև շարժումով ողջունեց փեսայիս և ինձ:
Քույրս հայտնեց նրան յուր շնորհակալությունը: Ես սպասում էի, որ նա գեղեցիկ աղջկա հետ էլ կծանոթացներ ինձ, բայց նա այդ չարավ, և երևի իմ ցանկությունը գուշակելով, ասաց.
– Ես քեզ չեմ ծանոթացնում իմ եղբոր հետ, ես կսպասեմ քո այցելությանը:
– Ուրախությամբ, – պատասխանեց գեղեցիկ աղջիկը և շնորհալի ժպիտով մեզ ողջունելով հեռացավ, նրա վերջին հայացքը հանդիպեց իմ աչքերին, բայց մեր կառքը արդեն հեռանում էր…
– Ինչո՞ւ չհրավիրեցիր օրիորդին մեզ հետ կառք նստելու, – հարցրեց փեսաս քրոջս:
– Նրա մայրը այստեղ էր, նա նրան միայն թողնել չէր կարող, – պատասխանեց քույրս և սկսավ կրկին զբաղվել ինձմով: Առաջին տեսակցությունից նա յուր կարոտը դեռ չէր առել, նա ուզում էր խոսել ինձ հետ, հարցափորձել ինձ. և որքան շատ բաներ ունեինք մենք միմյանց հաղորդելու:
Բայց գեղեցիկ աղջկա անձնավորությունը նույնպես սկսավ հետաքրքրել ինձ:
– Ո՞վ էր այդ աղջիկը, – հարցրի քրոջս:
– Դա օրիորդ Լուսինյանն է:
– Ինչպե՞ս է նրա անունը:
– Մարգարիտա, – պատասխանեց քույրս և ապա ժպտալով նկատեց, – ըստ երևույթին իմ բարեկամուհին քեզ շատ է հետաքրքրել, լավ, ես վաղը կծանոթացնեմ քեզ նրա հետ:
Քրոջս այս խոստումը ինձ անհաճո չթվաց, և ես նրան հայտնեցի իմ անկեղծ շնորհակալությունը, որը բավական զվարճացրեց իմ բարի փեսային:
Դ
ԻՄ ՔՐՈՋ ՏԱՆԸ
Շուտով մենք հասանք տուն: Քույրս յուր բոլոր քնքշությունները ժողովել էր ի մի՝ ինձ յուր տան մեջ տեսնելու համար: Նա ուրախությունից չգիտեր ինչ աներ: Կամ ծառային էր պատվերներ տալիս այս ու այն բանը ինձ համար պատրաստելու, կամ աղախնին էր հրամայում ինձ սպասավորելու, և կամ նրանց վերա չվստահանալով այս ու այն կողմն էր վազվզում անձամբ իմ հաճույքները կատարելու, հաճույքներ, որոնց ես չէի արտահայտում, բայց ինքը յուր երևակայության մեջ ստեղծում էր ինձ համար: Վերջապես նա ինձ տարավ յուր լվացարանի մոտ և ներքնատանից յուր ձեռքով հանած թարմ և ցուրտ ջրով ստիպեց ինձ լվացվելու: Ապա պայուսակս բանալով հանեց ինձ համար նոր հագուստներ և ինքը շտապեց իմ մյուս պետքերը հոգալու, որոնք նրա կարծիքով բազմաթիվ էին:
Երբ ես արդեն հագնվել էի, ներս մտավ փեսաս և հրավիրեց ինձ տան պատշգամբ թեյ խմելու: Մենք միասին դուրս գնացինք: Բայց մինչև որ քույրս մեզ կընկերանար, ես կամեցա նրա տունը հետազոտել, ուստի փեսայիս հետ միասին սկսեցի ամեն կողմ շրջակայել:
Քրոջս տունը, որ յուր ամուսնու սեփականությունն էր: գտնվում էր քաղաքի առաջին փողոցի վերա ծովափի մոտ: Նա մեծ չէր, բայց պարունակում էր յուր մեջ մի համեստ ընտանիքին անհրաժեշտ բոլոր բաժանմունքները: Մի չափավոր մեծությամբ դահլիճ, որը միևնույն ժամանակ և նրանց ընդունարանն էր, մի սեղանատուն, երկու ննջարաններ և մի գրասենյակ, իրենց նախասենյակով, խոհանոցով, երկու ներքնատներով և ոչ ընդարձակ բակով կազմում էին այդ տան ամբողջությունը: Ընդհանուր հայացքով այդ տան շինությունը շքեղ և զարդարուն չէր, բայց պարզ էր և վայելուչ: Նրա արտաքին գեղեցկությունը կազմում էին յուր ձյունի պես սպիտակ պատերը՝ իրենց ընդարձակ և լուսավոր պատուհաններով և երկու փոքրիկ երկնագույն պատշգամբներ՝ շինված տան երկու հակադիր ճակատների վերա, որոնցից մեկը նայում էր ուղղաձիգ փողոցի, իսկ մյուսը ծովի և նավահանգստի վրա: Տան թե դրսում և թե ներսում տիրում էր միօրինակ մաքրություն: Բակի մեջ չէր նշմարվում ոչ մի խռիվ, քարի կամ աղյուսի կտոր, ամեն բան յուր տեղում, ամեն ինչ կանոնավոր: Սենյակները կանոնավորված էին պատշաճավոր կարասիքներով առանց շռայլության և առանց գծուծ խնայողության: Այն պարզ զարդարանքները, որոնք մի տան տիկին կարող է պատրաստել, դրսից չէին հայթայթված: Վարագույրներ, սեղանի սփռոցներ, օթոցների և բարձերի երեսկալներ և այլ առտնին պաճուճանքներ բոլորք քույրս յուր ձեռքով էր կաբել կամ ասեղնագործել, առանց այդ ամենի համար յուր ամուսնու բյուջեն ծանրաբեռնելու: Մինչդեռ ես հյուրասենյակի մեջ զննում էի իմ քրոջ ձեռագործները նա ներս մտավ:
– Որքա՛ն գեղեցիկ ձեռագործներ ունիս դու, քույրիկս, – բացականչեցի ես դիմելով դեպի նրան, – ես բոլորովին հիացած եմ:
– Ճշմարի՞տ, դու չե՞ս շողոքորթում, – ժպտալով մոտնցավ նա ինձ և քնքշաբար յուր թեւը պարանոցս պատելով նայեց իմ աչքերին այնքան բարի և այնքան ուրախ հայացքով, որ կարծես յուր դեպի ինձ ունեցած խանդաղատանքը կրկնապատկվում էր իմ նրան ուղղած մի երկու գովասանական բառերով:
– Շողոքորթե՞լ, ինչու համար, մի՞թե ճշմարտությունը ասել նշանակում է շողոքորթել, – պատասխանեցի ես, ցանկանալով այս խոսքերով ավելի ես գոհացնել նրան:
Եվ իմ պատասխանը արդարև մեծ ուրախություն պատճառեց քրոջս: Նա սկսավ մի առ մի ցույց տալ ինձ յուր տնտեսական հեղինակություններից և ուրիշ շատ բաներ, որոնք մինչև այն ես տեսած չէի, և պատմել մինչև անգամ նրանց ամեն մեկի համառոտ պատմությունը: Ես մեծ գոհունակությամբ լսում էի քրոջս և զվարճանում, որովհետև պարծենալու այդ անմեղ ցանկությունը ոչ միայն բնական էի գտնում նրա մեջ, այլև ինքս իրավունք էի տալիս նրան պարծենալու:
Կան մարդիկ, որոնք չափից դուրս խստապահանջ են և չնայելով, որ ապրում են այնպիսի մի ժամանակում, երբ պարտք ճանաչելն ու կատարելը ոչ միայն թուլության նշան է համարվում, այլև ծաղրու առարկա է դարձած, այսուամենայնիվ պահանջում են, որ պարտաճանաչ մարդը զրկվի մինչև անգամ այն փոքրիկ մխիթարությունից, որը նա ստանում է յուր շրջապատողների խրախույսներից: «Այդ մարդը միայն յուր պարտքն է կատարել» ասում է խստասիրտ բարոյախոսը և զայրանում է՝ երբ լսում է նրա մասին գովություններ, որոնք յուր կարծիքով ավելորդ բաներ են: Բայց չէ՞ որ խավարի մեջ ծաղիկներ չեն աճում և ծայրահեղ համեստության ներքո թառամում է ճշմարիտ առաքինությունը: Քանի որ արեգակի տակ հավասար իրավունքներով են օդ շնչում հոգածուն և անհոգ մարդը, աշխատավորը և հափշտակողը, խնայասերը և շռայլողը, գոնե մարդիկ այնքան խելք և սիրտ պիտի ունենան, որ բնության այդ անիրավ հավասարասիրտությունը չափավորեն, տալով «որում զհարկս հարկս և որում զպատիւ՝ պատիւ»:
Ահա հենց այս տեսակետից նայելով ես ա՛յն կարծիքին եմ, որ թույլ բնավորությունները մանավանդ, որպիսիք են կանանցը, պետք ունին ավելի քաջալերության և խրախուսանքի, երբ նրանց մեջ երևան է գալիս գործունեության ուժը և պարտաճանաչության արդյունավոր զգացմունքը: Այն կինը, որ ըմբռնում է յուր կոչումը և բարձր է պահում նրան – արժանի է հարգանքի և քաջալերության, իմաստակ անտարբերությունը կարող է վհատեցնել նրան, իսկ մի վհատյալ կինը անպետք է իր ընտանիքի համար:
Պարզ է ուրեմն, թե ինչու համար ես ուրախանում էի քրոջս աշխատասիրությունը տեսնելով և թե ինչու ես իրավունք էի տալիս նրան պարծենալու յուր պարտաճանաչ տանտիկնությամբ:
Բոլոր տունը շրջագայելուց հետ մենք դուրս եկանք այն պատշգամբը, որը նայում էր ծովի և նավահանգստի վերա: Այստեղ մաքուր սփռոցով ծածկված սեղանի վերա արդեն պատրաստ էր փայլուն ինքնաեռը, թեյի բոլոր պարագաներով: Քույրս իսկույն ձեռք առավ յուր պաշտոնը մի առանձին ուրախությամբ և հրճվանքով: Նրա շրթունքների վերա ամբողջ ժամանակ փայլում էր մի քաղցր ժպիտ, որ նշան էր յուր սրտի անսահման գոհունակության: Իսկ իմ բարի Փեսան, որ շատ քիչ բան էր կարդում յուր կնոջ հայացքների մեջ, և իբր այր մարդ, ընդունակ չէր նույնչափ քնքշությամբ յուր սրտի ուրախությունը արտահայտելու, շատանում էր միայն զանազան ծառայություններ անելով ինձ: Նա ինքն էր անձամբ թեյ բերում ինձ համար, ինքն էր առաջարկում կաթ կամ սեր և ընտրելով շաքարահացերից լավագույնները անընդհատ հրամեցնում ինձ: Այդ միջոցին ես վայելում էի կենցաղասեր մարդկանց սիրելի բոլոր գրգանքները, իրենց կատարյալ քաղցրություններով:
Արեգակը արդեն մայր էր մտել և երեկոն կամաց կամաց տարածում էր յուր գորշագույն մթությունը: Մի քաղցր հովիկ շարունակ փչելով ծովի կողմից դեպի մեզ խիստ ախորժելի էր կացուցանում ամառային երեկոն, իսկ լուսնի եղջյուրը, որ արդեն բարձրացել էր երկնակամարի վերա, ուղղակի նայում էր դեպի մեզ և ձրի լուսավորություն էր խոստանում մեր պատշգամին:
Այժմս արդեն հանգիստ զրուցատրության ժամանակն էր: Քույրս և փեսաս սկսել էին սովորական հարցափորձը, ե՞րբ արդյոք դուրս եկա տնից, քանի՞ օր ճանապարհորդեցի. արդյոք չհիվանդացա կամ մի որևէ վտանգ չպատահե՞ց ճանապարհին: Հետո թե ի՞նչպես էր մայրս, առո՞ղջ էին մեր երեխաները, ո՞րչափ են մնացել նրանք, ի՞նչ ապսպարեցին ինձ իրենց հաղորդելու համար. և կամ ի՞նչ են շինում մեր մյուս ազգականները, հորաքույր, մորաքույր, նրանց աղջկերքը, տղաները, արդյոք բոլորն էլ առո՞ղջ են. բոլորն էլ լավ ապրում են. վերջապես թե ո՞վ ինչպես պսակվեց, ո՞վ ինչ զավակ ունի, ո՞ վ Աբրահամու գոգը գնաց և այլն, և այլն, և այլն:
Այս բոլոր հարցերին ես մի առ մի պատասխանում էի՝ աշխատելով որքան կարելի է տխուր կամ անմխիթարական ոչինչ չհաղորդել: Որովհետև թեպետ իմ հայրենիքում շատ բան իմ պատմածներից տարբեր դրության մեջ էր գտնվում, սակայն ես չէի կամենում իմ տխուր հայտնություններով խանգարել այն ուրախությունը, որ նույն միջոցին տիրում էր իմ քրոջ ընտանիքում, ճշմարիտ խոսելու համար ես դեռ ժամանակ շատ ունեի:
Գիշերից մի քանի ժամ արդեն անցել էր, երբ ես իմ համարատվությունը վերջացրի, և բոլորս միասին ընթրիքի նստանք: Այստեղ արդեն մեր խոսակցությունը ոչինչ կապ չուներ յուր մեջ. մենք խոսում էինք ամեն բանից և կերակրից, և՛ ծառաներից, և՛ դրացիներից, և կամ կատակներ էինք, անում, երգում էինք և ծիծաղում: Միայն ընթրիքի վերջում չգիտեմ ինչպես պատահեց, որ մենք դարձյալ հիշեցինք օրիորդ կոլսինյանին և մի փոքր ժամանակ էլ նրա անվանը նվիրեցինք մեր խոսակցությունը: Թեպետ ես կկամենայի ավելի երկար զբաղվիլ այդ վերջին զրուցատրությամբ, որովհետև զգալի կերպով հետաքրքրել էր ինձ այդ օրիորդի անձնավորությունը, բայց որովհետև ճանապարհի հոգնածությունից արդեն ծանրանում էին իմ աչքերը, ուստի բարի գիշեր մաղթելով սեղանակիցներիս խույս տվի ինձ համար պատրաստված ննջարանը իմ բախտը Մորփեոսին հանձնելու համար:
Ե
ՆՈՐ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հետևյալ առավոտ ես շատ ուշ զարթեցի: Քույրս ինձ հայտնեց, որ այդ օրը մենք հրավիրված էինք քաղաքից դուրս ոչ շատ հեռու գտնվող այգիներից մինում ճաշի, և պետք է շտապեինք ըստ սովորութան մի փոքր վաղ այնտեղ գտնվելու: Այդ լուրը ինձ ուրախացրեց, որովհետև ես սիրում էի բացօթյա զվարճությունները, բայց ավելի մեծ եղավ իմ ուրախությունը, երբ իմացա, որ մեզ հրավիրողը Լուսինյանների ընտանիքն է:
– Այսօր Մարգարիտայի ծննդյան օրն է, – ասաց քույրս, – այդ պատճառով և նրա ծնողները ըստ սովորության ճաշկերույթ են պատրաստել իրենց սեփական այգում:
– Ուրեմն այստեղ ուրիշ շատերը կլինին, – հարցրեցի ես:
– Գրեթե քաղաքիս մեջ գտնված հայ ընտանիքների մեծ մասը, – պատասխանեց քույրս, – այստեղ մեծ քաղաք չէ, այդ պատճառով էլ բոլորը գրեթե միմյանց հետ բարեկամական հարաբերություն ունին:
Ես իսկույն լվացվեցա և շտապ – շտապ սկսա հագնիլ: Երեկվա օրիորդի և նրա բարեկամների հետ մի ժամ առաջ ծանոթանալու փափագս այնքան մեծ էր, որ ես չուշանալու համար չէի կամենում մինչև անգամ մի բաժակ թեյ առնել: Բայց քույրս ստիպեց, որ ես անոթի դուրս չգամ տանից: Ես նրան հնազանդվեցա և հանգստություն կեղծելով դատարկեցի մի բաժակ: Կառքը արդեն պատրաստ էր, երբ մենք դուրս եկանք:
Իմ քրոջ տունը գտնվում էր գրեթե քաղաքի մի ծայրում, ծովափից ոչ շատ հեռու, այնպես որ նշանակյալ այգին հասնելու համար մենք պետք է ամբողջ քաղաքը պտտեինք: Այդ հանգամանքը օգնեց ինձ մի հարևանցի կերպով ծանոթանալ նրա դիրքի, տարածության և շինությունների հետ:
Այդ փոքրիկ քաղաքը գտնվում էր ծովեզրին շատ մոտիկ մի մեծ բլրի ստորոտում: Շինությունների մեծ մասը տարածված էր ծովեզրը պարփակող դաշտավայրի վերա, իսկ փոքր մասը գտնվում էր բլրի լանջերի և նրա բարձրավանդակի վերա: Քաղաքի տարածությունը մեծ չէր և ծածկված էր գեղեցիկ և աչքերը պարուրող կանաչությամբ: Փողոցները գրեթե ամեն տեղ էլ գեղեցիկ և լայն էին եզերված ուղղաձիգ ծառերով և ոչ շատ հարուստ, բայց կոկիկ և մաքուր տներով: Այստեղ չկար մեծ քաղաքների ո՛չ շշուկը, և ո՛չ խառնիճաղանճ անցուդարձը: Երևում էր, որ կարելի էր այս քաղաքում հանգիստ և սակավապետ կյանք վարել առանց դրացիների և դրացուհիների ծաղրի և բամբասանաց առարկա դառնալու:
Ամբողջ ժամանակ, որ մենք անցնում էինք քաղաքի միջով, ես զանազան հարցեր էի անում քրոջս և փեսայիս, և նրանք լիուլի գոհացնում էին իմ հետաքրքրությունը, ծանոթացնելով ինձ զանազան շինությանց, կրպակների և խանութների հետ և կամ պատմելով նրանց տերերին և առհասարակ մյուս քաղաքացիներին վերաբերյալ շատ հետաքրքիր բաներ:
Կես ժամ դեռ չէր անցել, որ մենք արդեն գտնվում էինք, քաղաքից դուրս, և մեր կառքը սլանում էր կանաչազարդ դաշտի մեջ. մի փոքր հետո նա սկսավ բարձրանալ սիզավետ բլրի վերա, որի ծայրը հասնելուն պես մեր առաջև բացվեցավ մի շարք գեղեցիկ այգիներ, որոնք գրաված էին բավական ընդարձակ տարածություն հանդիպակաց լեռան ստորոտի վերա:
– Ահա Լուսինյանների այգին, – մատնացույց արավ ինձ քույրս մոտիկ այգիներից մեկի վերա, – սա ամենից գեղեցիկն է, դու, անշո՛ւշտ, կհավանես նրան…
Բայց նա դեռ չէր վերջացրել խոսքը, երբ Լուսինյան հայր և աղջիկ դուրս եկան այգվո մեծ դռնից, նրանք հեռվից տեսնելով մեր գալուստը շտապել էին այգուց դուրս մեզ դիմավորելու:
Քույրս այդ ընտանիքի ամենասիրելի բարեկամուհին էր, այդ պատճառով նրանք ցանկացել էին ուրիշներից մի փոքր տարբեր եղանակով ընդունել մեզ: Սրտագին ուրախությամբ ողջունեցին մեզ հայր և աղջիկ: Քույրս ներկայացրեց ինձ նրանց, մենք ծանոթացանք և ապա բոլորս միասին խոսակցելով դիմեցինք դեպի այգին:
Պ. Լուսինյանը մոտ քառասուն և հինգ տարեկան միջին հասակով և առողջ կազմվածքով մի մարդ էր: Նրա դեմքը համակրական էր և ակնածելի, բայց ըստ երևույթին, անծանոթ կյանքի դառնություններին: Ճակատը պարզ և զվարթ իսկ գոհության ժպիտը չէր բաժանվում յուր շրթունքներից: Նա գտնվում էր մի տեսակ ուրախ անհանգստության մեջ և զանազան հարցերով անընդհատ դիմում էր մերթ ինձ և մերթ քրոջս ու փեսայիս:
Մտնելով այգին մենք անցնում էինք մի գեղեցիկ ծառուղիով, որին երկուստեք հովանավորում էին ուղղաձիգ ակացիներ բեռնավորված ձյունաթույր ծաղկափնջերով, որոնց անուշ բուրմունքը տոգորել էր ճեմելիքի ամբողջ տարածության օդը: Ճանապարհի երկու կողմից հոսում էին հեզասահ առուներ կանաչ դալարիներով եզերված, և նրանց ամբողջ երկարությամբ շինված էին մանր ու խոշոր ածուներ՝ ծածկված երփներանգ ծաղիկներով:
– Ինչպե՞ս եք հավանում մեր այգին, – հարցրեց ինձ վերջապես պ. Լուսինյանը, որ ըստ երևույթին ավելի վաղ էր սպասում լսել այդ մասին իմ կարծիքը:
– Պարոնը երևի այնքան շատ գեղեցիկ այգիներ է տեսել, որ մերը շատ հասարակ բան է երևում յուր աչքում, ընդհատեց հորը Մարգարիտան:
– Ընդհակառակը, օրիո՛րդ, ես առաջին անգամն եմ տեսնում այսքան գեղեցիկ ճաշակով տնկագործված մի այգի, ես հիացած եմ, նա կատարյալ բուրաստանի է նմանում, – պատասխանեցի ես:
– Այս բոլորը ես իմ ձեռքով եմ շինել, ինքնաբավական եղանակով հարեց պ. Լուսինյանը, – այս ածուները, այս բուրակները, այս փոքրիկ ուղիները, բոլորը, բոլորը իմ ձեռքով եմ ակոսել և կարգավորել: Մինչև անգամ այս կալմարները և այս փոքրիկ հովանոցները իմ ձեռակերտներն են, – շարունակում էր նա, հետզհետե հառաջանալով և ցույց տալով մեզ յուր ստեղծագործությունները, որոնք արդարև մեծ աշխատասիրության և նուրբ ճաշակի արդյունքներ էին: Երեվում էր, որ պ. Լուսինյանը դաշտային աշխատանքներին սիրահար ոմն էր:
Շուտով մենք հասանք մի երկար և լայն ճեմելիքի, որը տանում էր մեզ դեպի այգվո տունը: Նրա երկու կողմից տնկված էին վարսագեղ ուռիներ՝ միամեջ շարված խաղողի որթերով, որոնց ճապուկ ոստերը փաթաթվելով ուռենիների կանաչ ճյուղերի հետ, կազմում էին մի գեղեցիկ և արեգակից անթափանց կամարակապ – ամբողջ ճեմելիքի երկարությամբ:
Երբ առաջին անգամ մենք ոտք դրինք այդտեղ, ես հիացմամբ բացականչեցի.
– Ահա հրաշալի գործ, սա գերազանցում է բոլորին:
– Այս ճեմելիքը շինված է Վատիկանի այգվո գլխավոր ճեմելիքի օրինակով, – նորեն խոսեց պ. Լուսինյանը, – այս օրինակը ես ինքս եմ Հռովմում նկարել և այստեղ բերելով շինել նրա նմանողությամբ այս կամարակապը և ճեմելիքը:
– Ինչպե՞ս, մի՞թե դուք Հռովմում եղել եք, – հարցրի ես:
– Այո, – ես այնտեղ մի ամբողջ ամիս մնացի:
– Բայց ինչու՞ համար էիք Հռովմ գնացել:
– Ճանապարհորդելու նպատակով, – հարեց իսկույն օր. Լուսինյանը, կասկածելով կարծես, որ յուր հայրը ինձ համար անախորժ մի խոսք կհաներ բերանից:
Պ. Լուսինյանը ոչինչ չխոսաց, բայց մի զարմացական հայացք ձգեց օրիորդի վերա, որով կարծես ուզում էր իմանալ սրանից թե՝ ինչու համար նա ծածկում է ճշմարտությունը:
Շուտով մենք հասանք այգվո տանը, որը մի գեղեցիկ և միահարկ շինություն էր, շրջապատված միակարգ հովանավոր ծառերով: Նրա առաջև շինված էր փոքրիկ կիսաբոլոր բուրաստան՝ ծածկված ծաղկեթուփերով և նրա մեջտեղը փոքրիկ ավազան սրբատաշ քարերից և սյունաձև շատրվանով:
Ոչ շատ ընդարձակ մի դահլիճի մեջ, որպիսին կվայելեր մի ամառանոցի տանը, վայելուչ հարգանքով ընդունեց մեզ տիկին Լուսինյանը:
Սա միջին տարիքով մի կին էր, առողջակազմ ինչպես յուր ամուսինը և հասակով գրեթե նրան հավասար: Բայց նրա դեմքը ավելի կայտառ և ավելի երիտասարդ էր երևում, ըստ որում տարիքը շատ փոքր էր ազդել յուր գեղեցկության վերա: Առաջին անգամից իսկ նրա քաղցր և ամոք հայացքի մեջ նկատեցի ես անսահման բարություն:
Ծանոթանալով ինձ հետ՝ տիկին Լուսինյանը ներկայացրեց ինձ և յուր հյուրերին, որոնք մեզանից առաջ էին եկել և ապա քրոջս հետ միասին ինձ էլ նստեցնելով յուր կողքին դիվանի վերա, սկսավ սովորական հարց ու զրույցը:
Ես, ինչպես նորեկ, ստիպված էի ամենից շատ խոսել, որովհետև ամենից ավելի ինձ էին հարցեր առաջարկում: Տիկին և պարոն Լուսինյանները արդեն ի պաշտոնե հետաքրքրվում էին իմ ընտանիքի և ազգականների առողջությամբ, կենցաղավարությամբ և նրանց վերաբերյալ ուրիշ հարցերով: Հյուրերից մի քանիսին էլ հետաքրքրում էին իմ հայրենիքի օդը, ջուրը, ապրուստի եղանակը, ընտանեկան սովորությունները և այլն, իսկ մի քանիսը իրենց քաղաքի մասին էին ինձ հարցեր առաջարկում, թե ո՞րքան եմ ես հավանում նրան կամ ո՞րքան եմ գերադասում իմ տեսած ուրիշ քաղաքներից:
Այս բոլոր հարցերին իհարկե պետք էր պատասխանել, և ես հնազանդվում էի իմ ճակատագրին:
Սուրճ առնելուց հետ տիկինը առաջարկեց յուր հյուրերին դուրս գալ այգիում շրջագայելու: Բոլորս ուրախությամբ ընդունեցինք այդ առաջարկությունը, ցանկանալով միջոց տալ տիկնոջը հսկել յուր հյուրասիրական պատրաստությանց:
Օրիորդ Լուսինյանը, որ չէր մասնակցում դահլիճի մեջ մեր խոսակցությանը, ընկերացավ ինձ և քրոջս պարտիզի մեջ զբոսնելու համար: Այդտեղ, նա ինձ ծանոթացրեց յուր երկու օրիորդ ընկերուհիների, այն է Վարվարա Սիլիկյանի, Վարդուհի Մարանջյանի հետ: Նրանք երկուսն էլ բարեկազմ և գեղեցկադեմ աղջիկներ էին, մոտավորապես տասնութ և տասինը տարեկան: Վարվարա Սիլիկյանը մի գնդապետի աղջիկ էր, և նրա հայրը ծառայում էր տեղական զորքերի մեջ: Իսկ Վարդուհի Մարանջյանը՝ սույն քաղաքի հայ քահանայի, երկուսն էլ բուն թիֆլիսցիներ:
Այժմ ես լավ ընկերություն ունեի և կարող էի մի քանի ժամ թե՛ ուրախ և թե՛ օգտավետ անցկացնել: Աղջկերանց ընկերությունը առհասարակ ախորժելի է ամենին. նույնիսկ մարդատյաց Կատոն պետք է որ նրանց մոտ մեղմեր յուր կոպտությունը, եթե երբևիցէ պատահել է նրանց հետ: Ինչ վերաբերում է ինձ, ես մտնելով այդպիսի ընկերությանց մեջ` ուրախանում էի ավելի նրա համար, որ առիթ էի ունենում կարելվույն չափ ուսումնասիրելու կնոջ – այդ խորհրդավոր արարածի բնավորությունները, բնավորություններ, որոնք ոչ միայն չեն ենթարկվում որոշ օրենքների, այլև քանդում են նրանց չշփոթելով ամենից փորձառու ուղեղներն անգամ: Այսպիսի զբաղմունքը ինձ չափից դուրս զվարճացնում էր:
Բայց հազիվ թե մենք մի քանի խոսք փոխանակեցինք միմյանց հետ և ահա օր. Լուսինյանը ստիպված էր մեզ թողնելու:
– Ներեցեք ինձ մի քանի րոպե, ես պետք է պատվելիին դիմավորեմ, հայրս երևի չէ տեսնում նրա գալուստը, – ասաց նա շառագունելով և շտապ – շտապ դիմեց դեպի Հռովմեական ծառուղին:
Ես առաջին անգամ լավ չհասկացա նրա խոսքերը, բայց նրա շառագունելը ինձ հետաքրքրեց: Մի քանի քայլ հառաջ անցնելով իմ ընկերներից ես նկատեցի իմ երեկվա տարօրինակ ծանոթին, սա պատեր – Սիմոն էր, որ ծիծաղադեմ և քաջալանջ դիմում էր դեպի օրիորդը:
Չգիտեմ ինչու համար այդ մարդու պատկերը, որ երեկ նավակում ինձ զվարճություն էր պատճառում, այսօր չափից դուրս հակակրական և ատելի երևաց: Մի ներքին նախազգացմունք վրդովեց իմ ուրախ տրամադրությունը:
– Սա ինչո՞ւ համար է այստեղ գալիս, – մի տեսակ տանուտիրական եղանակով հարցրի ես իմ ընկերուհիներից:
– Ի՞նչպես թե ինչու համար, նա հրավիրված է, – նկատեց քույրս:
– Ուրեմն Լուսինյանների հետ ծանո՞թ է:
– Նա նրանց քահանան է: Մի՞թե այդ չգիտեք դուք, – պատասխանեց օր. Մարանջյանը և ծիծաղեց:
– Վարդուհի, դու էլի՝ պատերի վերա ծիծաղում ես, և չե՞ս վախենում, – նկատեց օր. Վարվարան, և երկուսը միասին սկսան ծիծաղել:
– Ա՛խ, դուք դեռ հիշո՞ւմ եք ձմեռվան անցքը, – խոսեց քույրս, և նրանց հետ միասին ինքն էլ սկսավ ծիծաղել:
Ես ոչինչ չէի հասկանում նրանց ծիծաղելուց և խորհրդավոր ակնարկություններից, բայց և չէի հետաքրքրվում իմանալու: Ես հանկարծ հիշեցի այն կանանց խմբակը, որը երեկ նավահանգստի մոտ շրջապատել էր պատեր – Սիմոնին և որի միջից դուրս եկավ օր. Լուսինյանը և շնորհավորեց քրոջս իմ գալուստը, հիշեցի որ երեկ մի քանի անգամ ցանկացել էի հարցնել քրոջս, թե ինչ ունեին այն կանայքը կաթոլիկ քահանայի հետ. և ամեն անգամ էլ մոռացել էի հարցնելու:
Բայց այժմ ամեն բան պարզվեցավ ինձ համար, երեկվա կանանց խմբակը հայ – կաթոլիկուհիներից էր կազմված, և նրանք իրենց քահանային դիմավորելու էին գնացել, ուրեմն Լուսինյանները հայ – կաթոլիկներ են, ահա բոլորը:
– Դուք ինչի՞ վերա եք մտածում, պարոն, – ծիծաղելով սկսավ խոսել օր. Մարանջյանը, – նրա վերա, թե ինչու օր. Մարգարիտան կաթոլիկ է, հա՞:
– Բնավ, ի՞նչ կա դրա վերա մտածելու:
– Ինչպե՞ս չէ, մի՞թե դուք չէիք կամենալ, որ նրա նման մի բարի և գեղեցիկ աղջիկը հայ լիներ:
– Առանց իմ կամենալուն էլ նա հայ է:
– Ընդհակառակը, ձեր կամենալով էլ դարձյալ նա հայ չէ:
– Այդ դու՞ք եք ասում:
– Ո՛չ, այդ ինքն է ասում:
– Սխալվո՛ւմ եք, – ընդհատեց Վարդուհուն օր. Վարվարան, – այդ յուր ծնողներն են ասում:
– Դուք երկուսդ էլ սխալվում եք, – հարեց քույրս, – ոչ Մարգարիտան և ոչ նրա ծնողները այդպես բան երբեք չեն ասել, դա պատեր – Սիմոնի խոսքն է:
– Այդ ավելի հավանական է, – նկատեցի ես, – օր. Մարգարիտան իմ աչքում այնքան զարգացած է երևում, որ նա յուր մասին այդպիսի բան չէր ասի:
– Բայց եթե ասեր անգամ, մի՞թե նա կստեր, չէ որ նա կաթոլիկ է և ո՛չ հայ, – խոսեց օր, Վարվարան:
– Իհարկե՞ ոչ, – ձայնակցեց նրան Վարդուհին, – նա կաթոլիկ է:
Ես իսկույն տեսի, որ ինձ շրջապատող ընկերությունը շատ սահմանափակ հասկացողություն ունի կրոնի և ազգության գաղափարները միմյանցից որոշելու համար, ուստի հարկ չհամարեցի այդ խնդրի վերա առ ժամն խոսելու: Բայց պատեր – Սիմոնի և նրա հոտի մասին մի քանի տեղեկություններ կամեցա իմանալ:






