- -
- 100%
- +
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում եւ այն հարցը, թե ինչպես էին թուրք ղեկավարող տարրերը պատճառաբանում իրենց հանկարծակի բռնկված թշնամությունը հայերի դեմ։ Այս մասին եղան մի շարք հայտարարություններ, եւ հայտարարություններ այնպիսի իմաստով, որից ցարիզմը կարող էր ամենայն հաճությամբ ուռչել։ Եթե ուշադրություն դարձնեք 1903-1904թթ. դեպքերի վրա, ձեզ չի կարող չզարմացնել այն հանգամանքը, որ թուրք կալվածատիրությունը, միացած թուրք բուրժուազիայի հետ, հեռագրերով շարունակ հավատարիմ հպատակության ցույցեր էր անում Նիկոլային։ Այդ հեռագրերը հաճախանում էին մանավանդ այն ժամանակ, երբ հայերի ըմբոստացումը սաստկանում էր եկեղեցական կալվածքների գրավման առիթով։
Սա մի ամբողջ քաղաքականություն էր` նրբահյուս, արեւելյան։ Թուրք հրամայող տարրերը շատ լավ գիտեին, որ հայերը շատ հեշտ կհասկանան այդ հպատակական ցույցերի միտքը։ Ուստի նրանց էլ քնեցնում էին ուրիշ կերպով։ Էջմիածնից խլած կալվածները Երեւանում տրվում էին աճուրդով։ Հայերն, իհարկե, չգնացին աճուրդին։ Թուրքերն էլ չգնացին` հայտարարելով, թե չեն ուզում օգտվել հափշտակված կալվածներից։ Սա արդեն դառնում էր համերաշխության եւ եղբայրության մի հոյակապ ցույց։ Ռուս չինովնիկները շտապեցին առնել այդ վտանգավոր հնարավորության առաջը։ Եվ ահա, հետեւյալ տարին նույն թուրքերը հարձակվեցին հայերի վրա, կոտորեցին։ Եվ երբ նրանց հարցնում էին, թե ի՞նչն է պատճառը, նրանք տալիս էին այսպիսի պատասխան. «Մենք նահապետական ժողովուրդ ենք, պահպանում ենք մեր հին ավանդույթը։ Մենք չենք կարող ապրել առանց կայսրության, իսկ մեր հարեւան հայերը հեղափոխականներ են` նոր գաղափարներով տարված, եւ ուզում են ոչնչացնել կայսրությունը։ Մենք հենց այդ պատճառով ենք ոտքի ելել մեր ամենաողորմած կայսրին պաշտպանելու համար»։
Ռուսական բյուրոկրատիան ոչ միայն հավատում էր այս բանին, այլեւ ինքն էր արծարծում նման հասկացողություններ թե՛ թուրք եւ թե՛ ռուս զանգվածների մեջ։ Չէ՞ որ հենց այս տեսակ վերաբերմունքի վրա էր խարսխված ռուսական քաղաքականությունը` հենվել թուրք ավանդապահ եւ հետամնաց տարրերի վրա։ Սակայն սա մի թշվառ կարճատեսություն էր, մի կույր հավատ, մի ինքնախաբեություն։ Ընդամենը մի 10-15 տարուց հետո, համաշխարհային պատերազմի եւ նրանից ծնված մեծ հեղափոխության ժամանակ էր, որ ապացուցվեց, թե հավատարիմ հպատակության ցույցերը կատակերգություններ էին եղել ցարականներին խաբելու համար։ Եվ եթե այնքան հեշտությամբ կալվածատիրական դասակարգը գործիք դարձավ ռուս բյուրոկրատիայի ձեռքին եւ գնաց հայերի դեմ, դա արդյունք էր այն նոր նացիոնալիստական շարժման, որ ծավալվում էր թուրք եւ առհասարակ մահմեդական ազգաբնակչության մեջ` օսմանյան գործակալների ձեռքով։ Աբդուլ-Համիդի ձեռնարկած համաիսլամական պրոպագանդան մի գործ էր, որ հաջողվում էր լավագույն կերպով եւ որի հուշարձանն էր Հիջազի երկաթուղին` կառուցված բացառապես մահմեդականների փողերով։
Այսօր այլեւս գաղտնիք չէ, որ մի ամբողջ մեծ ու եռանդուն շարժում էր այդ գործը։ Պրոպագանդան մտավ ամեն երկիր, ուր մահմեդական ժողովուրդ էր ապրում։ Բոլոր այդ ժողովուրդները` Անդրկովկասի թուրքերը, Դաղստանի լեռնցիները, Ղրիմի եւ Կազանի թաթարները, Թուրքեստանի սարթերը156 եւ այլն, եւ այլն, դաստիարակվում էին օսմանյան գրականության վրա, որ միության ընդհանուր կապն ու շաղախն էր հանդիսանում եւ որ սովորեցնում էր ամենքին միանալ Թուրքիայի կանաչ դրոշի տակ։ Այս շարժման տեսակետից հայերը հանդիսանում էին ընդհանուր թշնամիներ, քանի որ հայերի ջանքն էր` թուլացնել, ջլատել Թուրքիան։
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.
1
Միօրինակացման նպատակով հետայսու, բացի պաշտոնական փաստաթղթերի մեջբերումներից, Լեոյի օգտագործած ձեւերից նախապատվությունը կտանք «Թուրքահայաստան» ձեւին, նույն կերպ՝ «թուրքահայ», ինչպես նաեւ՝ «Ռուսահայաստան», «ռուսահայ»։
2
Ամմոնական կուռք, որի ձեռքերում բացվող հնոցի կրակի մեջ որպես զոհ նետվում էին կենդանի մարդիկ։
3
Լեոյի այս գործն իրոք պատկանում է հուշագրության ժանրին, որը 1920-30-ականներին ծաղկում էր ապրում հայ իրականության մեջ։
4
Լեոյի տունը եղել է մահմեդական թաղի Ջհուդլար կոչվող թաղամասում, ուր մահմեդականների հետ բնակվել են հրեաներ, ռուս զինվորականների ընտանիքներ, ինչպես նաեւ հայեր (տե՛ս, Ս.Պետրոսյանի հրապարակումը)։
5
Շուշիից ավանդված է 6 եկեղեցի եւ 3 մզկիթ։ Ըստ կառուցման ժամանակագրության՝ եկեղեցիներն էին՝ 1. Կուսանաց անապատի Սուրբ Աստվածածին (չի պահպանվել), 2. Վերին թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ), 3. Ագուլեցոց Սուրբ Աստվածածին (չի պահպանվել), 4. Մեղրեցոց Սուրբ Աստվածածին (պահպանված է մասամբ), 5. Ռուսական ուղղափառ Սուրբ Գեորգի (չի պահպանվել), 6. Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Ամենայն հավանականությամբ, տեղ է գտել գրաշարական վրիպակ, տեքստում գրված է «Ասլանչեցոց». այդ բառի սկզբնային գրանիշերը բավականին մոտ են «Ղազանչեցոցին»։ Եկեղեցին այդպես է կոչվել Նախիջեւանի Ղազանչի գյուղից վերաբնակվածների անունով։
6
Ռուսերեն՝ «Թիֆլիսյան լրաբեր», ռուսալեզու թերթ։
7
Լեոյի գործում նշվող «Բոլգարիա», «բոլգար» ձեւերը դարձրել ենք «Բուլղարիա» եւ «բուլղար»։
8
Լեոն օգտագործել է թուրքերեն ձեւը, հայերեն՝ Ախուրյան։
9
Լեոն օգտագործել է ռուսերեն ձեւը, հայերեն՝ Դանուբ։
10
Դիզրայելի Բենջամին լորդ Բիկոնսֆիլդ (1804-1881) – Անգլիայի վարչապետ 1868-ին եւ 1874-1880-ին, «Մեզ համար կարեւորը Թուրքիայում հայկական վտանգի դեմ պաշտպանվելու միջոցներ գտնելն է» խոսքերի հեղինակ, Սան Ստեֆանոյի պայմանագրի՝ Բեռլինում վերանայման հեղինակակից (Բիսմարկի հետ), 1878թ. Կիպրոս կղզին Թուրքիայից խլած պահպանողական պետական-քաղաքական գործիչ եւ գաղափարախոս։
11
Ուիլյամ Յուարտ Գլադստոն (1809-1898) – Անգլիայի վարչապետ 1868-1874-ին, 1880-1885-ին, 1886-ին, 1892-1894-ին, «Ծառայել Հայաստանին՝ նշանակում է ծառայել քաղաքակրթությանը» խոսքերի հեղինակ, Անգլո-հայկական ընկերության համահիմնադիր, 1881թ. Եգիպտոսը Թուրքիայից խլած լիբերալ պետական-քաղաքական գործիչ։
12
Տեր-Ղուկասով (Տեր-Ղուկասյան) Արշակ Հարությունի (1819-1881) – Հայազգի ռուսական գեներալ-լեյտենանտ, կռվել է Կովկասի լեռնականների դեմ, իսկ ռուս-թուրքական պատերազմի ընթացքում (1877-78) գրավել Բայազետը, Ալաշկերտը եւ այլն, նահանջելիս կազմակերպել է 20 հազար հայերի գաղթն Իգդիր։
13
Լոռիս-Մելիքով Միքայել Տարիելի (1825-1888) – Հայազգի ռուսական գեներալ, կոմս, Ռուսաստանի ՆԳ նախարար եւ ժանդարմերիայի շեֆ. ըստ էության՝ երկրորդը՝ ցարից հետո, նրա կառավարման ժամանակը մամուլն անվանել է «սրտի դիկտատուրայի» շրջան, իրեն՝ «թավշյա դիկտատոր»։ Մասնակցել է Կովկասյան, Ղրիմի (Արեւմտյան Հայաստանի տարածքում) եւ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմներին, արժանացել գրեթե բոլոր հնարավոր բարձրագույն պարգեւներին։
14
Լազարեւ (Լազարյան) Իվան (Հովհաննես) Դավթի (1820-1879) – Հայազգի ռուսական գեներալ, որին հանձնվեց Հյուսիսային Կովկասի ժողովուրդների երկարամյա ապստամբության առաջնորդ Շամիլը. 1877թ. հոկտեմբերի 3-ին թուրքերից գրավեց Կարսի մերձակա Ալաջայի բարձունքները՝ տալով 1500 զոհ, մինչդեռ թուրքական բանակը տվեց 5-6 հազար զոհ եւ 8500 գերի. նույն թվականի նոյեմբերի 6-ին գրավեց Կարսը։
15
Շելկովնիկով (Շելկովնիկյան) Բեհբուդ Մարտիրոսի (1837-1878) – Հայազգի ռուսական գեներալ, Կովկասյան ճակատում մասնակցել է ռուս-թուրքական Ղրիմի եւ 1877-1878թթ. պատերազմներին, մասնակցել է Ալաջայի ճակատամարտին, նշանակվել է Էրզրումի զինվորական օկրուգի պետ։
16
Քաղաք Բուլղարիայի հյուսիսում. ռուսական բանակը, որ թուրքական 50 հազարանոց պաշտպանական ուժերին գերազանցում էր մի քանի անգամ, ավելի քան 30 հազար զոհ տալուց եւ 5-ամսյա անընդհատ հարձակումներից ու պաշարումից հետո կարողացավ գրավել այն, թեեւ մարտի դաշտում էին ռուսական Ալեքսանդր II կայսրը, բուլղարական Մեծ իշխանը եւ մի քանի տասնյակ գեներալներ։ Պլեւնայի գրավումից հետո Բալկաններում ռուսների առաջխաղացումն արդեն անկասելի դարձավ։
17
Սան Ստեֆանոյի նախնական պայմանագիրը կնքվել է 1878թ. մարտի 3-ին, Կ.Պոլսի մերձակա Սան Ստեֆանո (Եշիլքյոյ) ավանում. պայմանագրով Ռուսաստանին էին անցնում բալկանյան եւ հայաստանյան հսկայական տարածքներ, իսկ դրա 16-րդ կետը վերաբերվում էր հայերին, տե՛ս համապատասխան Հավելվածը։ Լեոն այս եւ այլ պայմանագրեր անվանում է մե՛րթ դաշնագիր, մե՛րթ դաշնագրություն. այս դեպքում տեքստում միօրինակացրել ենք որպես «դաշնագիր»։
18
Հայ լիբերալների թերթը (1872-1921թթ.), որ լույս է տեսել Թիֆլիսում։ Հիմնադրել է Գրիգոր Արծրունին։ Ուներ ռուսական կողմնորոշում։
19
Բեռլինի կոնգրեսում ընդունված փաստաթղթի 61-րդ կետը տե՛ս համապատասխան Հավելվածում։ «Վեհաժողով», «խորհրդաժողով», «կոնգրես» ձեւերից նախընտրել ենք «կոնգրեսը»։ Փաստաթղթի անվանումը տեքստում միօրինակացրել ենք որպես «դաշնագիր»։
20
Սոլսբերի Ռոբերտ Արթուր Թոլբոտ Գասկոյն-Սեսիլ (1830-1903) – Անգլիայի պահպանողական կուսակցության առաջնորդ, Անգլիայի վարչապետ 1885-86, 1886-1892, 1895-1902, Բեռլինի կոնգրեսում եղել է Անգլիայի երկրորդ լիազոր ներկայացուցիչը։
21
Գորչակով Ալեքսանդր Միխայլովիչ (1798-1883) – Ռուսաստանի արտգործնախարար 1856-1879-ին, ծրագրել եւ իրականացրել է Ռուսաստանի դիվանագիտական ռեֆորմը, որն ամբողջությամբ գործում է առ այսօր, կարողացել է զրոյացնել Ղրիմի պատերազմից հետո պարտադրված նվաստացումները, հաջողությամբ խաղացել է միջեւրոպական հակասությունների վրա։ Ծեր հասակում, 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ երկմտեց Կ.Պոլիսը գրավելու հարցում, որի պատճառով հեղինակազրկվեց, իսկ Բեռլինի դաշնագրի ստորագրումից հետո՝ պաշտոնաթող եղավ։ Այդ առիթով Ալեքսանդր Բ-ին գրեց. «Բեռլինյան տրակտատն իմ ծառայողական ընթացքի ամենասեւ էջն է»։
22
Տե՛ս Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Ե., 1972, էջ 104-105։
23
Ներսես Վարժապետյան (1837-1884) – Կ.Պոլսի հայոց պատրիարք 1874-ից. Հայոց հարցի լուծման համար հույսը դրել էր Եվրոպայի եւ Ռուսաստանի վրա, սակայն կյանքի վերջում հիասթափվեց բոլորից։
24
Պետք է լինի «վեհաժողովէն»։ Թարգմանվել եւ զետեղվել է անգլիական պաշտոնական տեղեկագրում (հիմնականում արտաքին քաղաքականությանը վերաբերող)՝ «Կապույտ գրքում»։
25
Մինաս Չերազ (1852-1929) – Մ.Խրիմյանի, Ս.Փափազյանի եւ Խ.Գալֆայանի հետ եղել է Բեռլինի կոնգրեսին մեկնած հայոց պատվիրակության կազմում։ Վարժապետյանի, Իզմիրլյանի, Նուբարի հետ տարբեր տարիների հանդիպել է Գլադստոնին, Նիկոլայ Բ-ին, Ստոլիպինին եւ այլ առաջնորդների՝ Հայոց հարցի առնչությամբ։ Արդյունավետորեն զբաղվել է նաեւ ուսուցչությամբ, հայագիտությամբ, գրականությամբ, բարեգործությամբ։ Աճյունը Կոմիտասի աճյունի հետ բերվել է Երեւան, ամփոփվել Չերազի միջոցներով կառուցված՝ Նուբարաշենի դպրոցի բակում, սակայն խորհրդահայ բոլշեւիկ ճիվաղները հետագայում անհետացրել են այն (տե՛ս «ԱրմենիաՆաու», մարտի 30, 2007, Վահան Իշխանյանի «Կորսված աճյուն. կվերականգնվի՞ Մինաս Չերազի հիշատակը» հրապարակումը)։
26
20-րդ դարավերջին այս մտայնության լավագույն մերկացնողն ու դրան այլընտրանք առաջարկողը եղավ լուսահոգի պորֆեսոր Ռաֆայել Իշխանյանը. տե՛ս նրա «Երրորդ ուժի բացառման օրենքը» (Ե., 1991)։
27
Աբդուլ-Համիդ Բ (1842-1918) – Օսմանյան կայսրության վերջին բացարձակ միապետը (1876-1909), երկիրը հասցրեց տնտեսական, ֆինանսական, տարածքային կործանման։ Նրա ժամանակն անվանվեց «զուլում» (բռնություն), ինքը՝ «արյունոտ, կարմիր սուլթան»։ Իրականացրեց հայերի եւ հույների ջարդեր։ Իշխանությունից հեռացվեց երիտթուրքական հեղափոխության (1908) եւ մակեդոնական զինվորական ապստամբության (1909) միջոցով։ Մեռավ Կ.Պոլսում, բանտարկության մեջ, 1918թ. փետրվարի 10-ին։
28
Ամերիկացի պատմաբան, քիմիկոս, բժիշկ, մարդաբան, լուսանկարիչ, Լուսնի առաջին լուսանկարի հեղինակ Ջոն Վիլյամ Դրեպերի (1811-1882) աշխատություններից ռուսերեն են թարգմանվել «Եվրոպայի բանական զարգացման պատմություն» եւ «Գիտության եւ կրոնի հակամարտությունները» գրքերը։
29
Ռափայել Պատկանյան (1830-1892) – Հայ նշանավոր գրող. մոսկովյան իր ուսանողական ընկերների (Գ.Քանանյան եւ Մ.Թիմուրյան) եւ իր անուն-ազգանունների կրճատմամբ 1852-ին կազմվել է «Գամառ-Քաթիպա» ընկերությունը, որը հրատարակել է հիմնականում Ռ.Պատկանյանի գործերը։
30
Գրիգոր Արծրունի (1845-1892) – 1870-1880-ականների հայ իրականության ամենաերեւելի դերակատարը, ազնվական, Թիֆլիսի առաջին քաղաքագլխի որդին, քաղաքատնտեսության եւ փիլիսոփայության դոկտոր, հայ լիբերալիզմի առաջատար գաղափարախոսը, հայկական կյանքի վրա անգերազանցելի ազդեցություն ունեցած թերթի՝ «Մշակի» (1872) հիմնադիրը։ Նրա թերթում են տպագրվել արեւելահայ գրեթե բոլոր խոշոր հեղինակները։ Լեոն եռահատոր ուսումնասիրություն է գրել նրա մասին (Թիֆլիս, 1902-1905)։ Իրենց հուշերում նրան մեծ տեղ են հատկացրել Արծրունու ժամանակին անդրադարձած բոլոր հուշագրողները։
31
Ժամանակակից քաղաքական տերմինաբանությամբ՝ «ազատամիտ» բառի փոխարեն հարկ էր կիրառել «ազատականը», թեեւ չենք ուղղել։ Լեոն այս որակումն օգտագործում է եւ՛ Անգլիայի լեյբորիստական, եւ՛ Անգլիայի լիբերալ (ազատական) կուսակցությունների համար։ Գլադստոնը նախապես ներկայացրել է լեյբորիստական, հետո՝ լիբերալ կուսակցությունները։ Լեյոբորիստ էր նաեւ Ռոզբերին, որին եւս Լեոն անվանում է ազատամիտ։
32
Արեւմտյան Հայաստանի մի հատվածին (այսօր արդեն՝ ողջ Արեւմտյան Հայաստանին) եւ Իրաքի հյուսիսին քրդերի կողմից տրվող անվանում, որ կիրառել եւ կիրառում են նաեւ ոչ քրդերը. «Քրդստան», «Քրդիստան», «Քուրդստան» ձեւերից նախընտրել ենք ներկայումս ընդունված «Քուրդիստանը»։
33
Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյան Հայրիկ (1820-1907) – Ժողովրդի կողմից ամենասիրված Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ եկեղեցու ողջ պատմության ընթացքում, մեծարվել է «Հայրիկ» պատվանվամբ։ 1868-ին օծվել է եպիսկոպոս, 1869-73թթ. եղել է Կ.Պոլսի պատրիարքը, 1892/93-ից՝ Ամենայն հայոց կաթողիկոս։ Ղեկավարել է Բեռլինի կոնգրեսին մասնակցելու մեկնած հայկական պատվիրակությունը։ Հայտնի «թղթե շերեփ» արտահայտության հեղինակն է։ Հիասթափվելով քրիստոնյա երկրների խաղերից՝ փարել է ազգային-ազատագրական շարժման գաղափարին։ Ծավալել է նաեւ ուսուցչական, հրատարակչական, քարոզչական, բարեգործական բուռն գործունեություն։
34
Արտաքին աշխարհին վերաբերող անգլիական պաշտոնական տեղեկագիր-ժողովածու։ Ֆրանսիականը՝ «Դեղին գիրք», ռուսականը՝ «Նարնջագույն գիրք»։
35
Քսենոփոն Աթենացի (Ք.ա. 430-355) – Հին հույն պատմիչ եւ մտածող, նրա «Անաբասիս» եւ «Կյուրոպեդիա» աշխատություններում հարուստ տվյալներ կան հին հայերի, ինչպես նաեւ քրդերի մասին։
36
Բագրատ Նավասարդյան (1852-1934) – Ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմին որպես բժիշկ մասնակցած կամավորական, Կովկասի հայոց բարեգործական ընկերության հիմնադիրներից եւ պատվավոր նախագահ, «Պաշտպան Հայրենյացի» հիմնադիրներից։ Թիֆլիսում բացել է մասնավոր հիվանդանոց, ուր չքավորների սպասարկումը կատարել է անվճար, Հայ եկեղեցու գույքի բռնագրավման դեմ հակացարական ելույթների մասնակից, որի պատճառով 1903-ին ձերբակալվել եւ աքսորվել է Անդրկովկասից. Րաֆֆու «Խենթում» դարձել է գրական հերոս։
37
Ռուսական դրամական նվազագույն միավորը։
38
Ալեքսանդր Գ Ռոմանով (1845-1894) – Ռուսական կայսր 1881-1894թթ., դադարեցրել է իր նախորդի բարեփոխումների ընթացքը, ներքին կյանքում անցել ռեակցիայի եւ վելիկոռուսական շովինիզմի, խստորեն սահամանփակել է ռուսական ուղղափառությունից զատ մյուս կրոնները, մտցրել է խիստ գրաքննություն, փակել հրատարակչություններ, դատաստան տեսել ազատախոհության ցանկացած դրսեւորման հետ, «Ռուսաստանն ունի երկու դաշնակից՝ բանակը եւ նավատորմը» արտահայտության հեղինակ։ Նրա օրոք երկիրը ոչ մի պատերազմի չի մասնակցել, որի շնորհիվ ստացել է «Խաղաղարար» պատվանունը։
39
Ռուսերեն՝ «Բուլղարիայի ազատության մարտիկներն ու նահատակները»։
40
Թուրքերեն՝ «ջոկատ», «հրոսակախումբ»։
41
Եժ Տոմաշ Թեոդոր (1824-1915) – Լեհ գրող, հրապարակախոս, ճանապարհորդ, 1848թ. հունգարական ապստամբության մասնակից, Համալեհականության շարժման հիմնադիր։
42
Օսմանյան տիրապետության տակ գտնվող հարավսլավոնական տարածքներից փախածներ (ուսկոկ – փախստական), ովքեր ապրում էին հողագործությամբ եւ տեղական բա(րին)ների զինվորական արշավանքներին մասնակցությամբ։
43
Անշուշտ, Լեոն ճիշտ է, սակայն մասամբ։ Խնդիրն այն է, որ համասլավոնականությունը ընդամենը ռուսական հատուկ ծառայությունների միջոցով հետադարձ կապի սկզբունքով նետված օժանդակ միջոց էր, որով ռուս հասարակությանը ներշնչվում էր սեփական «պատմական առաքելության» մտածում եւ հոգեվիճակ՝ լեգիտիմացնելու համար ինքնակալության ձգտումները, պատերազմի պատճառելիք հոգսերը եւ այլն։ Իսկ բուլղարների հաղթանակն ապահովվեց, քանի որ այդպիսի չորս հզոր գործոն էին համընկել եւ կուտակվել մեկ կետում՝ ա) կայսրության գեոստրատեգիան եւ աշխարհակալական նկրտումները, բ) տվյալ պահի իրերի միջազգային բարենպաստ դասավորությունը՝ պայմանավորված եվրոպական գերտերությունների շահերով, գ) բուլղար ժողովրդի պայքարը գ) ուղղափառ ռուսներին ներշնչված գաղափարախոսական պատրաստվածությամբ պայմանավորված ամեն կարգի օգնությունը։
44
Լոնդոնի պատմական միջուկը, որ համաշխարհային առանցքային ֆինանսական կենտրոններից էր եւ է։
45
Ռուսաստանը կամենում էր Բալկանները կցել կամ ծառայեցնել իրեն՝ շահարկելով համասլավոնականության գաղափարը, սակայն բուլղարները կարճ ժամանակում կարողացան դրսեւորել պետական մտածողություն եւ այն ավելի բարձր դասելով՝ երես թեքել Ռուսաստանից։
46
Տեքստում սխալմամբ գրված է «թիֆլիսահայ»։
47
Մկրտիչ Փորթուգալյան (1848-1921) – Մարսելի «Արմենիա» պարբերականի եւ Արմենական կուսակցության հիմնադիր, հալածվել, բանտարկվել է թուրքական իշխանությունների կողմից. կարծում էր, որ հայ ժողովրդի ազատագրական պայքարը պետք է սկսել լավ նախապատրաստական աշխատանքներից, ինչպես նաեւ թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների հետ դաշնակցելուց հետո։ Խմբագրել է «Ասիա» լրագիրը, թղթակցել է նաեւ արեւելահայ մամուլին, Վանում հիմնել է Հայկազյան կենտրոնական վարժարանը եւ «Սեւ խաչ» ազատագրական կազմակերպությունը։
48
Հավանաբար խոսքը «պիտուկ» բառի մասին է, որ նշանակում է ցածրակարգ կենդանի (սրատուտ), նաեւ՝ անարգ, թափթփուկ մարդ. այդ պարագայում էլ՝ անհասկանակլի է «ան» ժխտական նախածանցի հետ հանդես գալը։
49
Սա կարճ ժամանակ անց, շրջված շարադասությամբ դարձավ Դաշնակցության նշանաբանը։
50
Տե՛ս համապատասխան Հավելվածը։
51
Գրեյ օֆ Ֆալլոդոն Էդուարդ (1862-1933) – Աջ լիբերալ անգլիացի քաղաքական գործիչ, 1892-95թթ. փոխարտգործնախարար, 1905-1916թթ.՝ արտգործնախարար։ Ռուսների հետ Պարսկաստանը կիսեց ազդեցության երեք գոտու, Անտանտի հիմնադիրներից եւ գաղափարախոսներից։ Առաջին համաշխարհայինի սկսվելու կապակցությամբ ասաց հետեւյալ բառերը. «Այսօր ամբողջ Եվրոպայի վրա իջավ մայրամուտ»։
52
Լեոյի օգտագործած «Հեջազ» ձեւն ամենուր փոխարինել ենք հանձնարարելի «Հիջազով»։ Հիջազը երկրամաս է Արաբական թերակղզու արեւմուտքում, այնտեղ են գտնվում մուսուլմանների սրբազան քաղաքներ Մեքքան եւ Մեդինան։ Հիջազի երկաթուղին, որի մասին բազմիցս խոսվում է, կառուցվել է 1880-90-ականներին Օսմանյան կառավարության կողմից՝ Ստամբուլը եւ Դամասկոսը իսլամական սրբազան քաղաքների հետ կապելու համար։ Հետագայում՝ Առաջին աշխարհամարտի օրերին Լոուրենս Արաբիացին փայլուն ավերում էր այն ու դրանով նպաստում օսմանյան բանակի պարտությանը եւ Օսմանյան կայսրության փլուզմանը։
53
Աշխարհի ամենամեծ եւ ամենաճոխ պալատական համալիրներից (500 հազար ք/մ), բազմաթիվ շինությունների հեղինակ է Կարապետ Բալյանը։
54
Պետք է լինի ոչ թե «իսլամ», այլ՝ «հայ». կամ պետք է այսպես հասկանալ՝ քանի դեռ աշխարհիս երեսին կա մեկ իսլամ, պետք է կռվել հայերին ինքնուրույնություն տալու դեմ։
55
Մակար Ա Թեղուտեցի (1813-1891) – Ամենայն հայոց կաթողիկոս 1885-ից, նրա ջանքերով ռուսական պետությունը մասնակիորեն վերականգնել է կաթողիկոսական իրավունքները եւ թույլատրել վերաբացել հայկական դպրոցները, որ ռուսներն առաջին անգամ սահմանափակել եւ արգելել էին 1884-ին։
56
Այս եւ հետագա ընդգծումները հեղինակինն են։
57
Ռուսերեն՝ «զանգ», «հնչակ», «կոչնակ»։
58
Ֆրանսերեն՝ «արտոնագիր սոցիալական գիտությունների»։
59
Հաշվի առնելով այս եւ հետագա ծավալուն մեջբերումների փաստաթղթային արժեքը՝ հնարավորինս չի ուղղվել լեզվական եւ կետադրական խճողվածությունը։
60
Ի պատիվ Հնչակյան կուսակցության՝ պետք է արձանագրել, որ քաղաքական համարված հայ կուսակցություններից միայն նա էր, որ իր ծրագրային փաստաթղթում պետականության վերականգնման դրույթ ուներ, այսինքն՝ իրապես քաղաքական կազմակերպություն էր։
61
Զինատեսակներ են։
62
Գյուղացիության շահերն արտահայտող, համայնքային սոցիալիզմ դավանող հակամիապետական գաղափարախոսություն եւ շարժում Ռուսաստանում (ռուսերեն «ժողովուրդ» բառից), գոյատեւել է 1850-ականների վերջից մինչեւ 1890-ականների սկիզբը։ Ունեցել է տարբեր հոսանքներ եւ, ըստ այդմ, զբաղվել ե՛ւ քարոզչությամբ, ե՛ւ ահաբեկչությամբ. առավել աչքի ընկած առաջնորդներն էին անարխիստ, անհապաղ ապստամբական Բակունինը, քարոզչությամբ ժողովրդին հեղափոխության պատրաստելու կողմնակից Լավրովը եւ հեղաշրջմամբ իշխանությունը գրավելու կողմնակից Տկաչյովը։
63
Այդ օրերին Թիֆլիս էին եկել Զեյթունի 1878թ. ապստամբության ղեկավարներից զեյթունցի Հարություն Չաքրյանը, մշեցի Հակոբ սարկավագը (որին հետո խուսափողականության մեղադրանքով ընկերները սպանեցին) եւ Հարություն-աղան (Հունո), որին որոշ վավերագրերում համարում են վանեցի։ Սրանց հետ է կապի մեջ եղել Կուկունյանցը։
64
Վարդան Գոլոշյան (1867-1889) – Հայ առաջին հայդուկներից։ Անցել է Սասուն, կազմակերպել ըմբոստացման ուղին, որ իր պտուղները տվեց դեռեւս 1891-92թթ. ինքնապաշտպանական ընդհարումների ժամանակ։
65
Տարիներ անց Արամ Մանուկյանը դարձավ Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից եւ կարողացավ պաշտպանել Վանի հայությանը Խալիլ-փաշայից. իսկ 1918-ին, երբ նույն Արամ Մանուկյանը ըստ էության միայնակ Հայաստանի Հանրապետություն էր կերտում, Երեւանում ստիպված եղավ կրկին հանդիպել նրան. այս առիթով մի այսպիսի հուզիչ հուշ է պատմում Վահան Նավասարդյանը, որ ամենից առաջ ցույց է տալիս Արամի անզուգական մեծությունը. «Ինձ ամենեն շատ հուզողն այն էր, թե ինչպե՞ս պիտի հանդիպեն այս երկու ոխերիմ ախոյանները… Ամենքի համար էլ այս նշանավոր հանդիպման էական վայրկյանը այդ էր… Եվ ահա, երբ գնացքը կանգ առավ, Արամը իր հայացքը նետեց դեպի աջ ու դեպի ձախ եւ գնացքի առաջ ձգված ծայրի վագոնում նշմարեց Խալիլի դեմքը։ Վճռական շարժումով նա իր քայլվածքը դեպի այն կողմը ուղղեց։ Խալիլը, նկատելով Արամին, դյուրաշարժ երիտասարդի նման անմիջապես ցատկեց վագոնից, ընդառաջ եկավ նրան, եւ երկուսն էլ ժպտադեմ, ջերմորեն ու բարեկամաբար իրար ձեռքեր թոթվեցին եւ… համբուրվեցին։ …Նույն օրը երեկոյան հանդիպեցինք Արամին։ «Այո՛, այս ժողովրդի փրկության համար համբուրեցինք մինչեւ իսկ Խալիլին», – հառաչանքով ասաց Արամը» (Արամը, Ե., 1991, էջ 492, ընդգծումը հուշագրողինն է)։
66
Թուրքերեն՝ «նահանգապետ»։
67
Տարօրինակ զուգադիպությամբ, Արեւմուտքի արդարացի վերաբերմունքն ակնկալող հայ ցուցարարները նույնը կրկնեցին 2008թ. մարտի 1-ին, արդեն իրենց անկախ հայրենիքի մայրաքաղաքում, երբ տարերայնորեն հավաքվեցին Երեւանում Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի դեսպանատների մերձ հրապարակում՝ հավանաբար հուսալով, որ իշխանությունները չեն հանդգնի եվրոպական դեսպանական կորպուսների աչքի առջեւ ապօրինությունների դիմել, ինչպես դիմել էին նույն օրվա առավոտյան՝ լույսը չբացված, Երեւանի Ազատության հրապարակում։ Սակայն իշխանությունները ոչ միայն ապօրինությունների դիմեցին, որի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, 10 մարդ զոհվեց, այլեւ հետագայում՝ 7-8 տասնյակ անմեղ քաղաքացիների եւ քաղաքական գործիչների դատավարությունների ժամանակ այդ դեսպանությունների երկրներն առնվազն փաստերի ներկայացմամբ միջամտելու առումով պահպանեցին քար լռություն, թեեւ ամեն բան կատարվել էր իրենց աչքի առջեւ, եւ բացառված է, որ տեսագրություններ կամ լուսանկարներ չունենային։ Մեկ անգամ եւս փաստվում է, որ պատմությունից դասեր չքաղողները դատապարտված են նրա ողբերգական դրվագները մշտապես վերապրելու. տվյալ դեպքում չսերտած դասն այն է, որ նույնիսկ արեւմտյան պետությունների շարժիչ ուժն առաջին հերթին սեփական պետական շահն է, որին նոր կարող է հաջորդել կամ չհաջորդել որոշակի արժեքներին նվիրվածությունը։
68
Լեոյի այս գործում հաճախ են հանդիպում բառերի երկրորդային իմաստների գործածության դեպքերը. մանավանդ տերմինների հարցում դա ընդունելի չէ։ Դիցուք, այստեղ հարկ էր օգտագործել «ավանդապահ» բառը, քանի որ «պահպանողական» տերմինը քաղաքագիտական նշանակություն ունի։




