- -
- 100%
- +
69
Լեոն, չնայած խորհրդային սկսված գաղափարական մամլիչի ժամանակաշրջանին, ճշգրիտ բնորոշում է ի սկզբանե կողմնորոշումների ճիրանում հայտնված հայ կուսակցական-քաղաքական միտքը, որ համակարգվեց ու մտածողություն դարձավ ոչ միայն խորհրդային պատմագիտության համար, այլեւ հետագայում անկյունաքարի դերի հավակնեց Ղարաբաղյան շարժման արշալույսին (1988-ի փետրվար-հուլիս)՝ շարժման նոմենկլատուրային վաղ-առաջնորդների պատճառով։
70
Իսլամական տոն, որ նշվում է Իբրահիմի (Աբրահամ) կողմից իր որդի Իսհակին (Իսահակ) լեռան վրա Աստծուն զոհաբերելու պատրաստակամության առթիվ. այդ օրը մուսուլմանները «գուրբան» (մատաղ) են անում՝ գառներ մորթելով։
71
Համբարձում Պոյաճյան (Մեծն Մուրադ) (1860-1915) – Մասնակցել է Գում-Գափուի ցույցին, ղեկավարել 1894-ի Սասունի ինքնապաշտպանությունը, ձերբակալվել, ենթարկվել կտտանքների, ցմահ աքսորվել, 1906-ին փախել է աքսորավայրից, իսկ 1908-ից դարձել օսմանյան խորհրդարանի անդամ՝ 1915-ին կիսելով հայազգի մյուս պատգամավորների ճակատագիրը։
72
Խոսքը 1860թ. ընդունված եւ 1863-ին սուլթանի կողմից փոփոխություններով հաստատված արեւմտահայերի Ազգային սահմանադրության մասին է, որ 1896-ին արգելվել է՝ կրկին գործել սկսելով 1908-ից։ Այն բավականին առաջադիմական մոտեցմամբ կարգավորում էր ներհայկական հարցերը, ինչպես նաեւ հարաբերությունները պետության հետ։ Իրականում հաստատվել է որպես «Հայ ազգի կանոնադրություն»։
73
Տեքստում թյուրիմացաբար գրված է «Սարգիս»։
74
Սարգիս Կուկունյան(ց) (1866-1914) – Ճեմարանական եւ համալսարանական կրթությամբ հայ ազատագրական շարժման գործիչ. նախապես գտնվել է հայ պահպանողականների ազդեցության տակ, այնուհետեւ ընկել ռուս նարոդնիկների եւ Գ.Արծրունու ազդեցության տակ։ Իր հայտնի արշավանքից հետո դատապարտվել է 20 տարվա բանտարկության եւ ուղարկվել Սախալին։ 1905-ին համաներմամբ ազատվելուց հետո Կովկասում դարձյալ շարունակել է գործունեությունը եւ կրկին ձերբակալվել 1909-ի փետրվարին (կարճ ժամանակ անց փախել է բանտից դաշնակցականների օգնությամբ), ապա՝ 1910-ի հոկտեմբերին (այդ ժամանակ՝ 1911-ին ինքն է Կամոյին օգնել փախչել Մետեխի բանտից)։ Այնուհետեւ տարվել է Օրյոլի բանտ, ուր եւ մահացել է։ Կուկունյանցի մասին կան դաշնակցական երգեր։
75
Տեքստում գրված է «Ախվարկ», այլ աղբյուրներ զանազան անուններ են նշում. թերեւս Սուրմալուի գավառի Հախվերիս կամ Հախվերին գյուղն է, ուր նաեւ հայեր են ապրել։
76
Նույնի մասին Մ.Վարանդյանի այս տողերը մեկնաբանման կարիք չունեն. «Նախ փոքրաթիվ ձիավորներ էին այդ քրդերը, եւ տղերքը քիչ մը հագեցուցին վրեժխնդրության ծարավը՝ զանոնք կոտորելով» (նշվածը, էջ 69)։
77
Դատավարության ժամանակ ռուսներն այն մեկնաբանեցին որպես «Միացյալ Հայաստան», մինչդեռ դատվողները նշում էին տարբեր կերպ՝ «Միություն Հայաստանի», «Միություն Հայրենասիրաց» եւ այլն։
78
Ռուսերեն՝ «Ռուս հեղափոխականների միություն (դաշնություն)»։
79
Ռուսերեն՝ «դրոշակ»։
80
«Մշակ» թերթի անունից։
81
«Նոր-դար» ազգային-պահպանողական թերթի (1883-1916թթ.) անունից, որի հիմնադիրը եւ խմբագիրն էր Սպանդար Սպանդարյանը՝ Սուրեն Սպանդարյանի հայրը։
82
Քրիստափոր Միքայելյան (1859-1905) – Նախկին նարոդնիկ, ՀՅԴ երեք հիմնադիրներից, գաղափարախոսը, նաեւ «Դրոշակ» թերթի հիմնադիրը, զոհվել է ռումբ փորձարկելիս։
83
Սիմոն Զավարյան (1865-1913) – ՀՅԴ երեք հիմնադիրներից, մինչեւ կյանքի վերջը ՀՅԴ բյուրոյի անդամ, մասնագիտությամբ գյուղատնտես, քաղաքականություն է մտել պատանի հասակից՝ որպես նարոդնիկ։ Լեոն օգտագործում է «Սիմեոն» ձեւը, որ ուղղել ենք՝ հետեւելով դաշնակցական գրականությամբ ավանդվածին։
84
Խորեն Գալֆայան (Նար-Պեյ) (1832-1892) – Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, եպիսկոպոս, հասարակական գործիչ։ Եղել է Բեռլինի կոնգրեսի հայկական պատվիրակության կազմում։
85
Գարեգին Սրվանձտյան(ց) (1840-1892) – Հայ առաջին եւ անգերազանցելի բանահավաքը, «Սասնա ծռեր» էպոսի առաջին գրառողը։ Եպիսկոպոս, որ մասնակցել է Վանի «Միություն ի փրկություն» (1872) գաղտնի կազմակերպության ստեղծմանը, «Սեւ խաչի» աշխատանքներին. հետապնդվել է օսմանյան իշխանությունների կողմից։
86
Շերեմետեւ Սերգեյ Ալեքսեեւիչ (1836-1896) – Կովկասի կառավարչապետ (1890-1896), գեներալ-համհարզ, գեներալ-ֆելդմարշալ։
87
Դաշնակցության հոգեւոր հայրերը համարվող (Քրիստափոր Միքայելյան, Սիմոն Զավարյան եւ Ռոստոմ) անձանցից Սիմոն Զավարյանը միակն էր, որ նախնական կրթությամբ (Լոռի, գյուղ Այգեհատ) հայկական միջավայրից էր, իսկ մյուսների՝ հայ իրականությունից որոշակիորեն կտրված լինելուն իրենց հուշագրություններում անդրադարձել են ժամանակի բազմաթիվ հայ մտավորականներ։
88
Թերեւս պետք է լինի «քաղաքակրթության» (՞)։
89
Ռոստոմ (Ստեփան Զորյան) (1867-1919) – ՀՅԴ երեք հիմնադիրներից, մասնագիտությամբ գյուղատնտես, քաղաքականություն է մտել որպես նարոդնիկ, ՀՅԴ ծրագրի տեսական մասի հեղինակը, «Դրոշակ» թերթի խմբագիր։
90
Լեզվական փոքր-ինչ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս եւ հետագա տողերի հեղինակները ոչ միայն ռուսահայեր են, այլ նաեւ ռուսական կրթությամբ անձինք, եթե իհարկե Լեոն ինքը միջամտություն չի կատարել մեջբերման մեջ, ինչը գրեթե անհավանական է։
91
Խոսքը ցայտող նավթի շիթի, շատրվանի, այսինքն՝ հանքահորի մասին է։
92
Առաջին նավթահորն այստեղ է փորվել, կա 14-րդ դարի ամրոց, փոքրիկ ավան էր Բաքվի մերձակայքում, ուր հայ-թաթարական սոսկալի բախումներ են եղել, ներկայումս Բաքվի վարչական կազմում է եւ Ադրբեջանի խոշորագույն աղբանոցը։
93
Մեծահարուստ հայ ընտանիք Ռուսական կայսրությունում. զբաղվել է նավթարդյունահանմամբ, բանկային գործունեությամբ եւ մեծածավալ բարեգործությամբ. ծագումով պարսկահայ։
94
Բաքուն եզերող նավթարդյունահանող ավանների գոտին էր այսպես կոչվում, ներկայումս Բաքու քաղաքի վարչական տիրույթում է։
95
Արչիբալդ Ֆիլիպ Պրիմռոուզ Ռոզբերի (1847-1929) – Անգլիայի լեյբորիստ վարչապետ 1894-1895-ին։
96
Ակնհայտ տպագրական վրիպակ կա (գրքում տպված է «Տրցաճյան», իսկ հատվածը վերատպած պարբերականները նշում են «Տրդատյան»). Մուրադ անունով հայտնի են բազմաթիվ հայդուկապետեր՝ երկուսը հնչակյան (Մեծն Մուրադ եւ Սեբաստացի Մուրադ), մնացյալը՝ դաշնակցական եւ ոչ շատ նշանավոր։ Այստեղ խոսքը հնչակյան Համբարձում Պոյաճյանի՝ Մեծն Մուրադի մասին է, ով հաճնեցի էր (տե՛ս սույն գլխի Բ մասի համապատասխան ծանոթագրումը)։ Հաջորդը Սեբաստացի Մուրադն է (1874-1918)՝ իսկական անվամբ՝ Մուրադ Խրիմյան (Կյուրիկյան), Սեբաստիայի Խորոխոն գյուղից։ Հնչակյան ամենանշանավոր գործիչներից, կրթություն է ստացել Պոլսում եւ Լոնդոնում։ Սասունի 1904թ. ապստամբության հերոսներից, Անդրանիկի կամավորական ջոկատում մասնակցել է Երզնկայի, Էրզրումի, Սարիղամիշի մարտերին։ 1918-ին Բաքվի կոմունայի զորքերի հայկական մասի հրամանատարն էր եւ զոհվեց այնտեղ թուրքական բանակի դեմ մարտում։ Հետայսու գրքում հանդիպողը բացառապես վերջինն է։ Գրքում այլ Մուրադներ չեն հիշատակվում։
97
Նիկոլայ Բ Ռոմանով (1868-1918) – Ռուսների վերջին կայսրը (1894-1917), նրա օրոք տեղի ունեցան հայ-թաթարական ընդհարումները, բռնագրավվեց Հայ եկեղեցու գույքը, փակվեցին հայկական դպրոցներ եւ պարբերականներ, հալածվեցին ու սպանվեցին հայ գործիչներ. իր ընտանիքի հետ միասին գնդակահարվեց 1918-ին, Եկատերինբուրգում։
98
Այս եւ հետագա հանդիպող դեպքերում «այսինչի մինիստրություն» արտահայտությունը պետք է հասկանալ որպես վարչապետի կաբինետ՝ նախարարների խորհուրդ։
99
Բեռլին-Բաղդադ երկաթուղու շուրջ բախվում էին բոլոր խոշոր տերությունների եւ կառույցների շահերը։ Սա ոչ միայն տնտեսական եւ ռազմա-ստրատեգիական նշանակություն ուներ, այլեւ առարկայորեն շոշափում էր հայության կենսական շահերը. Թեոդոր Հերցելն առանց հաջողելու խնդրեց սուլթանին, որ հրեաներին ազգային փոքրիկ օջախ տրամադրվի իրենց պատմական հայրենիքի մի հատվածում՝ դրա դիմաց ի շարս այլոց խոստանալով հոգալ անապատի միջով անցնելիք երկաթուղու շինարարության ահռելի ծախքերը։ Սուլթանը չհամաձայնեց։ Երկաթուղին սկսեց կառուցվել 1888-ին։ Դա Գերմանիայի գաղութատիրական քաղաքականության փորձն էր, որը բրիտանացիք ու ռուսները ֆրանսիացիների հետ ընդունեցին որպես ուղղակի սպառնալիք իրենց շահերին։ Թեեւ բրիտանացիները սկզբից փորձեցին համատիրություն սահմանել գերմանացիների հետ ու հավասար ներդրումներ անել, բայց նրանք դա դադարեցրին Առաջին աշխարհամարտի նախօրեին։ Այն ավարտվեց միայն 1940-ին։
100
Խոսքը Գերմանիայի երկրորդ եւ վերջին կայսր Վիլհելմ Բ-ի (1859-1941) մասին է, որ իշխել է 1888-1918թթ.։ Թոռն էր Վիլհելմ Ա Հոհենցոլեռնի (1797-1888), որ Պրուսիայի թագավորն էր 1861-ից եւ Բիսմարկի քաղաքական տաղանդի շնորհիվ՝ գերմանական կայսրը՝ 1871-ից։
101
Տե՛ս Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, նշվածը, էջ 130-147, 767, ինչպես նաեւ դրա համապատասխան հղումները։
102
Լոբանով-Ռոստովսկի Ալեքսեյ Բորիսովիչ (1824-1896) – Ռուս դիվանագետ՝ Ռյուրիկից սերող իշխանական տոհմից. 1859-1863թթ. Ռուսաստանի բանագնացը Կ.Պոլսում, 1867-1878 ՆԳ փոխնախարար, 1878-ին՝ դեսպան Կ.Պոլսում, 1879-1895թթ.՝ դեսպան Լոնդոնում, Վիեննայում, Բեռլինում, 1895-1896թթ. արտգործնախարար։ Սուլթանին ուժեղացնելու գծի կոմնակից։ Ըստ Լեոյի՝ «Հայաստանն առանց հայերի» կարգախոսի հեղինակն է։
103
Տեքստում գրված է Խանազադյան, որ ուղղել ենք. խոսքը «Հնչակ» թերթի համահիմնադիրներից Խանազատի (Ռուբեն, Նշան Կարապետյան) (1862-1929) մասին է, ով իրոք եղել է Գում-Գափուի կազմակերպիչներից։
104
Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյան (1845-1910) – Խրիմյան Հայրիկի անձնական քարտուղար, Եգիպտոսի թեմի առաջնորդ, 1894-96թթ. Կ.Պոլսի պատրիարք (Մատթեոս Գ անունով), 1896-ին աքսորվել է Երուսաղեմ, 1908-ին վերստին պատրիարք, նույն թվականին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս (Մատթեոս Բ անունով)։
105
Ամֆիտեատրով Ալեքսանդր Վալենտինովիչ (1862-1938) – Ռուս գրող, քննադատ, խմբագիր, անվանել են «ռուսական Էմիլ Զոլա»։ 1889-ին աշխատել է Թիֆլիսի «Նովոյե օբոզրենիե» թերթում (այստեղ է աշխատել նաեւ Քրիստափոր Միքայելյանը)։ Հրապարակումների պատճառով երկու անգամ ձերբակալվել եւ աքսորվել է։ Խորհրդային իշխանությունից ընտանիքի հետ 1921թ. նավակով փախել է Ֆինլանդիա։ Հայրն է երաժիշտներ Դանիել, Մաքսիմ, Ռոման Ամֆիտեատրովների եւ նշանավոր գրող-լրագրող Վլադիմիր Ամֆիտեատրով-Կադիշեւի։
106
Ֆրանսերեն՝ «Կոտորեցե՛ք, Ձերդ մեծություն, կոտորեցե՛ք»։
107
Գաբրիել Հանոտո (1853-1944) – Ֆրանսիայի արտգործնախարար 1894-1895-ին եւ 1896-1898, Աբդուլ-Համիդի մտերիմը, ֆրանսիական ակադեմիայի պրեզիդենտ, պատմագիտական ուսումնասիրությունների հեղինակ։
108
Անդրեաս Արծրունի (1847-1898) – Գրիգոր Արծրունու եղբայրը, քիմիայի դոկտոր, նշանավոր երկրաբան, բազում գյուտերի հեղինակ, եվրոպական մի շարք համալսարանների պրոֆեսոր, Պետերբուրգի, Թուրինի, Բավարիայի ակադեմիաների թղթակից անդամ, նրա անունով է կոչվում «Արծրունիտ» միներալը։ Զբաղվել է նաեւ հայագիտությամբ, ազգագրությամբ, հովանավորել է եղբոր «Մշակ» թերթը նաեւ նրա մահից հետո։
109
Բաժանմունքի վարիչ ցարական ժամանակների հիմնարկներում։
110
Ակնունի (Խաչատուր Մալումյան) (1860-1915) – Հրապարակախոս, թարգմանիչ, ծնունդով մեղրեցի։ Սպանվել է Հարություն Ճանկյուլյանի, Ռուբեն Զարդարյանի, Խաժակի եւ այլոց հետ։
111
Ռուսերեն՝ «Նոր հայեցում (տեսություն, հանդես)»։
112
Ալեքսանդր Քալանթար (1855-1913) – Հարավային Կովկասում անասնաբուծական գիտության հիմնադիրը, նաեւ՝ գրող, թարգմանիչ, գրականագետ, թատերագետ, Կադետական կուսակցության անդամ, 1893-ից մինչեւ կյանքի վերջը խմբագրել է «Մշակը», գլխավորել է Հայ հրատարակչական ընկերությունը, նշանավոր թատերական գործիչ Լեւոն Քալանթարի հայրը եւ պրոֆեսոր, աշխատանքային հերոս Ավետիս Քալանթարի եղբայրը։
113
Այսպես էր կոչվում քայքայվող Օսմանյան կայսրության տարածքներով Մերձավոր արեւելք, նաեւ Հյուսիսային Աֆրիկա եւ Հնդկական օվկիանոս դուրս գալու հարցը մեծ տերությունների համար, որի պատճառով մրցակցում էին միմյանց հետ եւ շահարկում կայսրության ժողովուրդների ազատագրական իղձերը. աշխարհագրության բերմամբ՝ Արեւելյան հարցի մաս էր կազմում Հայկական հարցը։
114
Ակնառու տառատեսակ, որով 1467թ. տպվել են Ցիցերոնի նամակները։
115
Աբգար Հովհաննիսյան (1849-1904) – «Փորձ» եւ «Արձագանք» հանդեսների հիմնադիր եւ խմբագիր, Թիֆլիսի հայկական թատրոնի տնօրեն, Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակության ընկերության նախագահ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայության դոկտոր, ավարտել է Լայպցիգի համալսարանը, 1879-1904թթ. եղել է Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության բանկի կառավարիչ։
116
Լունկեւիչ Վալերիան Վիկտորովիչ (1866-1941) – Էսէռական կուսակցության լիդերներից, ծնվել է Երեւանում, ռուս ազնվական բժշկի ընտանիքում։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, կենսաբանության դոկտոր։ Հետապնդվել է ցարիզմի ժամանակ, խորհրդային իշխանության օրոք։ Թիֆլիսում եւ Բաքվում կազմակերպել է էսեռների եւ Դաշնակցության համագործակցությունը, Ժնեւում եղել է Ինտերնացիոնալի եւ ՀՅԴ-ի հովանավոր-կապավորը։ Մահացել է էվակուացիայի ճամփին, ամփոփված է Եկատերինբուրգում։
117
Ավետիք Սահակյան (Հայր Աբրահամ) (1865-1923) – ՀՅԴ ղեկավար անդամ, Անդրկովկասյան Սեյմի պարենավորման նախարար, Հայաստանի Առաջին Հանրապետության Խորհրդարանի առաջին նախագահ։
118
Անշուշտ, ցանկացած ազգային-ազատագրական շարժում կարող է հենվել միայն սեփական ժողովրդի զանգվածների եւ դրամատեր խավի վրա, քանի որ առաջինն իր մղումների, իսկ երկրորդը՝ սեփական շահի պատճառով ուզում է ազգային ազատություն. բայց քանի որ Դաշնակցությունն ի սկզբանե (ծրագրից դատելով) չի հետապնդել պետականության վերականգնման խնդիր, ուստի, բնականաբար, չէր կարող գիտակցել եւ գործողություն դարձնել վերոնշյալ մոտեցումը։
119
Ավետիս Ահարոնյան (1866-1948) – Դաշնակցական գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Ուսանել է Լոզանի եւ Փարիզի համալսարաններում։ Ազգային խորհրդի նախագահ, Առաջին Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր, ապա՝ նախագահ, ստորագրել է Սեւրի հաշտության պայմանագիրը։
120
Բառացի նշանակում է «Հայաստանի կողմում (օգտին, հայաստանամետ)»։
121
Ժորժ Կլեմանսո (1841-1929) – Բժիշկ, ակադեմիկոս, 1906-1909թթ. եւ 1917-1920թթ. Ֆրանսիայի վարչապետ, Վերսալի հաշտության պայմանագրի համահեղինակ։
122
Ժան Ժորես (1859-1914) – Ֆրանսիացի աջ սոցիալիստ, II Ինտերնացիոնալում ռեֆորմիստների ղեկավարներից, «Յումանիտե» թերթի հիմնադիր, սպանվել է I համաշխարհայինի նախօրյակին։
123
Անատոլ Ֆրանս (1844-1924) – Ֆրանսիացի գրող, լրագրող, հրապարակախոս, ակադեմիկոս, Նոբելյան մրցանակակիր։
124
Պիեռ Քիյար (1864-1912) – Ֆրանսիացի գրող, լրագրող, բանասեր, թարգմանիչ, հասարակական գործիչ, դասավանդել է հայկական վարժարաններում, Մարդու իրավունքների պաշտպանության լիգայի անդամ։
125
Արշակ Չոպանյան (1872-1954) – Նշանավոր բանասեր, գրող, խմբագիր, թարգմանիչ, Ռամկավար կուսակցության անդամ։
126
Ֆրանսերեն՝ «տարեկան կայուն հասույթ ունեցող»։
127
Թեոֆիլ Դելկասե (1852-1923) – Ֆրանսիացի քաղաքական գործիչ, 1894-1896թթ. եղել է գաղութների, 1898-1905թթ.՝ արտաքին գործերի, 1911-1913թթ.՝ ծովային, 1914-1915թթ. դարձյալ արտաքին գործերի նախարար։
128
Երկար սերթուկ։
129
Լայնեզր, գլանաձեւ գլխարկ։
130
Գոլիցին Գրիգորի Սերգեեւիչ (1838-1907) – Կովկասի կառավարչապետ 1896-1905-ին, մոր կողմով լեհ՝ ռուս նացիոնալիստ միապետական, ռուսիֆիկացման բիրտ մեթոդների կողմնակից, հալածել, ձերբակալել, աքսորել է հայ մտավորականների ու ազգային գործիչների, գրաքննել եւ փակել է հայկական պարբերականներ, բարեգործականներ, դպրոցներ, կառավարության որոշմամբ թալանել է Հայ եկեղեցին, պնդել է «Ամենայն հայոց կաթողիկոս» տիտղոսի վերացման մասին։ Հովանավորվել է Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաեւիչի կողմից։
131
Այստեղ հետաքրքիրը «փութացնել» բառն է. այսինքն՝ Լեոն գիտեր, որ Ռուսաստանի վերջնական նպատակն ազգերի ձուլումն էր, ռուսացումը, եւ խնդիրը միայն արագությունների մեջ էր։ Դա պատկերացնող հայ մտավորականը չէր կարող ունենալ ռուսական կողմնորոշում, օրհնել «ռսի ոտը»։
132
Հետագայում հայերս անընդմեջ ինքներս մեզ փորձեցինք համոզել (ոչ առանց խորհրդային քողարկված խրախուսման եւ ուղղորդման), թե այս նշանաբանի հեղինակային իրավունքը պատկանում է երիտթուրքերին։
133
Ռուսերեն՝ «Կովկաս»։
134
Ռուսական դրամական միավոր։
135
Խոսքը գրաքննության մասին է, որ պահպանվեց մինչեւ Խորհրդային կայսրության փլուզումը։
136
Իլյա Ճավճավաձե (1837-1907) – Վրացի իշխան, պետական պաշտոնյա, գրող, խմբագիր, հրապարակախոս, հայացքներով հեղափոխական-դեմոկրատ, գործողություններով՝ վրաց նացիոնալիստ. սպանվել է կասկածելի հանգամանքներում։ Վրացիների պաշտամունքի առարկաներից։
137
Ակակի Ծերեթելի (1840-1915) – Վրացի իշխան, գրող, խմբագիր, հրապարակախոս, հայացքներով հեղափոխական-դեմոկրատ, գործողություններով՝ վրաց նացիոնալիստ, անկախական։ Նրա «Կորչի» բանաստեղծությունը դարձել է հակառուսական հիմն, իսկ մի շարք ոտանավորներ՝ ժողովրդական երգեր։ Դարձյալ վրացիների պաշտամունքի առարկաներից։
138
Համարվում է վրաց հրապակախոսության եւ գրականության գագաթներից, ամենաեռանդուն հասարակական գործիչներից։ Կրթություն է ստացել Պետերբուրգում եւ Ցյուրիխում։ Կովկասյան ինքնավարության ջատագով էր։
139
Ահմեդ-բեկ Աղաեւ (1868-1939) – Ծնունդով շուշեցի արեւելագետ, իսլամագետ, իսլամիստ-լիբերալ, համարվում է ադրբեջանական մամուլի հայր, ադրբեջանական առաջին քաղաքական կուսակցության («Դիֆաի») հիմնադիր։ Կրթություն է ստացել Շուշիում, Թիֆլիսում, Պետերբուրգում, Փարիզում։ Համառուսական մուսուլմանական առաջին միության հիմնադիր։ 1909-ից տեղափոխվելով Թուրքիա՝ դարձել է երիտթուրքերի խորհրդարանի պատգամավոր, 1918-ին որպես Նուրի-փաշայի խորհրդական Բաքու գալով՝ ընտրվել է նաեւ Ադրբեջանի պատգամավոր։ Նրան անգլիացիք Փարիզի հաշտության կոնֆերանսին թույլ չտվեցին մասնակցել եւ աքսորեցին Մալթա։ Վերադարձից հետո մինչեւ կյանքի վերջն ապրեց Թուրքիայում՝ հրատարակելով «Ազատ մարդկանց երկրում», «Առանց հոգու անհնար է», «Ինչ եմ ես», «Պետություն եւ անհատականություն» եւ այլ գրքեր։ «Հայության ամենեն թունոտ ու կատաղի ոսոխներեն մեկը, միանգամայն ամենեն համոզված համաթուրանականը»՝ այսպես է նրա մասին գրում Միքայել Վարանդյանը (տե՛ս նշվածը, էջ 310)։
140
Նման բան Հայ եկեղեցին չէր տեսել ոչ մի անգամ՝ ո՛չ պարսիկների, ո՛չ արաբների, ո՛չ մոնղոլների, ո՛չ իսկ թուրքերի տիրապետության դարերում։
141
Ճիշտ նմանօրինակ հարաբերություններ էին հայ առաքելականների, հայ կաթոլիկների, հայ բողոքականների միջեւ. սա մեկ անգամ եւս ապացուցում է առաջին հայ կուսակցություններին տված Լեոյի բնորոշումը՝ աղանդներ։
142
Նիկոլ Աղբալյան (1873-1947) – Դաշնակցական տաղանդավոր գրականագետ, լեզվաբան, մանկավարժ։ Եղել է Առաջին Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր, լուսավորության եւ արվեստի նախարար։ Կոմունիստ Եղիշե Չարենցի առաջին գնահատողն է։ 151. Ռուսերեն՝ «հրամանագիր»։
143
Պլեւե Վյաչեսլավ Կոստանդինովիչ (1846-1904) – Ռուս շովինիստ, զբաղեցրել է տարբեր բարձրագույն պաշտոններ, ընդհուպ՝ մինչեւ կայսրության ՆԳ նախարարի (համատեղությամբ եւ վարչապետի)։ Տենդագին զբաղվել է Ֆինլանդիայի ռուսիֆիկացիայով, կազմակերպել է հրեական ջարդեր (ամենաարյունալին Քիշինեւի ջարդն էր), եղել է կովկասյան ժողովուրդներին միմյանց դեմ թշնամացնելու եւ ընդհարումների տանելու գաղափարախոսը, Հայ եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու հրամանագրի հեղինակը, ձերբակալել եւ աքսորել է մեծաթիվ հայ մտավորականների եւ գործիչների, ճնշել է ազգային դիմադրության փորձերը։ Սպանվել է էսէռ ահաբեկչի ձեռքով՝ ի հատուցում Քիշինեւի բարբարոսության։
144
Պոբեդոնոսցեւ Կոստանդին Պետրովիչ (1872-1907) – Ռուս շովինիստ, զբաղեցրել է տարբեր բարձրագույն պաշտոններ. Հայ եկեղեցին թալանելիս եղել է Սինոդի գլխավոր դատախազը. աղանդ է համարել ոչ ռուս եկեղեցիներին (այդ թվում՝ Հայ), պաշտոնապես հետապնդել է կրոնական այլ համայնքներին, եղել է Արեւմտյան քաղաքակրթության մոլի թշնամի։
145
Ռուսերեն՝ «Աստված, պահպանիր ցարին»։
146
Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունն է, որ դարձավ Հայաստանի Առաջին եւ Երրորդ Հանրապետությունների պետական օրհներգը։
147
Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունն է, որ դարձավ Հայաստանի Առաջին եւ Երրորդ Հանրապետությունների պետական օրհներգը։
148
Լեոն ինքը բազմիցս նշում է, որ եվրոպական պետություններից յուրաքանչյուրն ուներ իր գերակա շահը եւ բնականաբար առաջին հերթին հետամուտ էր դրան, սակայն, այնուամենայնիվ, դառնացած կիրառում է «դավաճանել» բառը։
149
Ուրբաթ օրերին օսմանյան սուլթանները պալատից մեկնում էին մզկիթում աղոթելու. հրապարակում ամեն անգամ զինվորական պատվո պահակախումբը ողջունում էր։ Համիդ Բ-ի դեմ մահափորձը հենց այդ Ողջույնի՝ Սելամլըքի ժամանակ տեղի ունեցավ։
150
Ի դեպ, 21-րդ դարում Լա Հեյ քաղաքում իր մահկանացուն կնքեց սերբ առաջնորդ Միլոշեւիչը. այդ քաղաքի մեկուսարանում են հայտնվում նրանք, ովքեր մեղադրվում են մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ։
151
Սվյատոպոլկ-Միրսկի Պյոտր Դմիտրիեւիչ (1857-1914) – Ռուս գեներալ, նահանգապետ, 1904թ. օգոստոսից (Պլեւեի սպանությունից հետո) մինչեւ 1905թ. հունվարի 18-ը՝ ՆԳ նախարար, մեղմացրել է ռեժիմը, մասնակի համաներում է իրականացրել, ծրագրել է ռեֆորմների փաթեթ, սակայն Արյունոտ կիրակիից հետո (1905թ. հունվարի 9) հրաժարական է տվել։
152
Նկատի ունի պաշտոնական մամուլը։
153
«Ուրանալ» – ի իմաստն այստեղ անհասկանալի է, թերեւս պետք է լինի «ավելի ազատ էր դառնում», «ուրախանում էր», «ուժեղանում էր» կամ նման մի այլ բան։
154
Հայ-թաթարական ընդհարումների կազմակերպիչ եւ թաթարներին բացեիբաց աջակցող այս վրացի իշխանը 1905թ. մայիսի 11-ին դարձավ երիտասարդ Դրոյի ահաբեկման զոհը։
155
Խորհրդային կայսրությունը նույնը կրկնեց 1988-ից ի վեր, երբ կազմակերպելով Սումգայիթի, Գանձակի, Բաքվի եւ այլ վայրերի ջարդարարությունը՝ հանգիստ եւ ուշացած դիտորդի դերում հանդես եկավ։
156
Թուրքալեզու ցեղախումբ է Ֆերգանայի, Սամարղանդի եւ Սիրդարիայի մարզերում, Լեոյի նկարագրած ժամանակներում հաշվվում էին մոտ մեկ միլիոն. ըստ որոշ ազգագրագետների՝ ուզբեկների, կիրգիզների եւ ղազախների նախնիներն են՝ իրանական նստվածքային շերտով։




