- -
- 100%
- +
Աբդուլ-Համիդը հայկական կոտորածների սկիզբն էր դնում։ Թուրք կառավարությունը պետություններին ուղարկած ծանուցագրի մեջ ամբողջ մեղքը գցում էր հայերի վրա, այնպես, որ դուրս էր գալիս՝ թե հայերն իրենք են իրենց կոտորել։
Իսկ հայերի համար հունիսի 8-ի կոտորածը դառնում էր մի չտեսնված մեծ գործ։ Ահա հայերն էլ ապստամբեցին, ահա նրանց արյունն էլ թափվեց։ Հիմա որ Եվրոպան կմիջամտի, կազատի հայերին թուրքերի ձեռքից։ Երգ հյուսվեց` խրոխտ, ինքնավստահ, անչափորեն լցված ինքնասիրության զգացմունքից ժայթքած, որ շատ պարզորեն պատկերում է Էրզրումի արյունահեղության բերած ակնկալությունները.
Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն,Թունդ-թունդ ելան հայոց սրտեր զենքի շաչյունեն։Հայ գյուղացին դարուց ի վեր սուր, զենք չտեսած`Դաշտը թողուց, սուր, հրացան բահի տեղն առավ։Քնքուշ կյանքը ծանր է թվում հայ օրիորդին,Զենքը ձեռքին հորդորում է հայոց քաջերին։Հայ տիկինը ստիպում է ամուսնուն գնալ`Պատերազմի դաշտի վերա վերք տալ` ստանալ։Հայ ծերուկը ցուպը ձեռին լալով տենչում է`Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել։Անմիություն` տունը քանդող հայոց խեղճ ազգինՀրաժարեցավ, տեղի տվավ միության ձայնին։Լսեց թուրքը ու սառեցավ արյունը վատին,Չէր երազել հային տեսնել նա այդ վիճակին։Եվրոպային լուրը հասավ շարժման հայ գեղջկին,Ուրախական ողջույն տվավ հայրենասերին։Ցնծա, մայր մեր, ո՜վ Հայաստան, որդիքդ միացան,Ութ դարերու սուգ ու թախիծ քեզնից վերացան…Այս սրտապնդիչ գեղգեղանքների մեջ ամեն դիրք կարող էր ճիշտ լինել, բացի միայն մեկից` Եվրոպայից։ Էրզրումի կոտորածը միայն «ի տեղեկություն» առնվեց Եվրոպայի դիվանագիտության կողմից։ Այդ պատճառով Հնչակյան կուսակցությունը մի ցույց էլ Կ.Պոլսում կազմակերպեց՝ բողոքելու համար այդ անտարբերության դեմ։ Այդ ցույցը տեղի ունեցավ Էրզրումի դեպքից երեք շաբաթ հետո` հուլիսի 15-ին, Կ.Պոլսում, որ հռչակված է Գում-Գափուի ցույց անունով։ Հետաքրքրական են այն նկատառումները, որոնք հարկադրեցին հնչակյաններին թուրքական մայրաքաղաքն ընտրել իբրեւ ցույցի վայր։ Այդ նկատառումներից կարելի է եզրակացնել, թե ինչ աստիճանի էր հասնում հեղափոխական կուսակցության քաղաքական հասունությունը։ Ցույցի գլխավոր հերոս Ճանկյուլյանն ասում է, թե պատճառները հետեւյալներն էին.
«1. Հայաստանի մեջ պատահած կոտորած մը եթե Պոլսո մեջ հրապարակային բողոքի եւ զայրույթի տեղի չտա, հայաստանցիները կվհատին` տեսնելով, որ իրենց վրա մտածող չկա, եւ բոլորովին անհույս ու անօգնական թողնված են իրենց բարբարոս հարստահարիչներուն ձեռքը։ Այս աննպաստ գաղափարին հուզումը հեղափոխական նորածագ ոգուն ձուլման դեմ մեծ արգելք մը պիտի հանդիսանար. ցույցը հարմար կդիտվեր Պոլսո մեջ, քանի որ հայերու մտավոր, բարոյական եւ ազգային գլխավոր կենտրոն մը կնշվեր։
2. Հայաստանի մեջ կատարված կոտորած մը կրնար Եվրոպայի աչքեն վրիպել կամ տարբեր գույնով ներկայացվել անոր, կամ դարձյալ եվրոպական շահերուն հետ այնչափ մեծ առնչություն չունենալով` անտարբերությամբ դիտվել Եվրոպայի մեջ։ Եվրոպական դեսպաններուն աչքին առջեւ առաջ եկած ուժգին բողոք մը ավելի կնպաստեր Եվրոպայի ուշադրությունը հրավիրելու երկրին կացության վրա67. միջազգային շահերու հանդեպ Կ.Պոլսո բացառիկ կարեւորությունը անծանոթ չէր ոչ ոքի։
3. Եթե հայկական հուզումը սահմանափակված մնար միմիայն Հայաստանի մեջ, գլխավորաբար Ռուսիո ուշադրության առարկա պիտի ըլլար` ավելի մոտեն շոշափելով անոր շահերը իբրեւ սահմանակից պետության, եւ կրնար անոր պատրվակ մը ընծայել օրին մեկը հանկարծ գրավելու Հայաստանը, մինչդեռ շարժումը, տարածվելով Հայաստանեն դուրս` Թուրքիո մյուս կողմերը եւ մասնավորապես մայրաքաղաքին մեջ, մյուս մեծ պետություններուն ալ ուշադրությունը կդարձվեր հայկական խնդրին վրա, մասնավորապես Անգլիո, զոր, կնկատեինք, էր դատին ավելի համակիր, քան Ռուսիան։ Հայկական խնդիրը պետությանց միջեւ խնդիր մը դարձնելն ավելի նպաստավոր կերեւար մեր ազգային շահերուն։
4. Մեր ազգային ցրված վիճակը եւ մայր երկրին մեջ բազմաթիվ օտար ցեղերու խառն բնակությունը կրնային անհաջողության մատնել միայն մայր երկրին մեջ կատարվելիք հայկական շարժում մը։ Հայության այս բացառիկ վիճակն ալ կպահանջեր, որ հայկական շարժումը Հայաստանի սահմաններեն դուրս կատարվեր. այդ պարագային Պոլիսը կարելի չէր անտես ընել, ուր 200 հազարե ավելի հայեր կբնակին` պանդուխտներով միասին։
5. Չարիքին աղբյուրը Պոլիս ըլլալով` հայտնի կնշմարվեր, թե բնաջնջման ծրագիրն էր, որ կգործադրվեր. նպատակահարմար կգտնեինք, որ առաջին բողոքն ալ պետք է ըլլար Կ.Պոլսո մեջ, նույն ինքն Պալատին քթին տակ…
6. Հինգ-վեց դարերե ի վեր գերության մեջ հեծող եւ մասամբ ստրկացած ժողովուրդի մը մեջ երբ հանգամանքներու բերմամբ ոգեւորություն եւ հեղափոխական տրամադրություն կծագի, հեղափոխականները պարտական են օգտվել այդ հանգամանքեն եւ ոգեւորությունեն` հեղափոխության ոգին ավելի հաստատ, ավելի գիտակցական ու գործնական դարձնելու եւ ընդհանրացնելու ժողովրդին խավերու մեջ. եւ հեղափոխական գաղափարը ծավալելու ու արծարծելու ամենեն արդյունավոր ու ազդեցիկ միջոցը հեղափոխական գործունեությունն է։
7. Երբ թուրք կառավարությունը եւ թուրք ժողովուրդը տեսնեին մի անգամ հայերուն մեջ տիրող համերաշխությունը եւ համոզվեին, թե Հայաստանի մեջ իրենց կողմե տրված հարվածն անպատճառ կրնա ունենալ իր հակահարվածը ուրիշ տեղ մը, եւ մանավանդ այդ ուրիշ տեղն ըլլար Կ.Պոլիս` միջազգային շահերու այդ խիտ կենտրոնը, կենթադրվեր` ավելի զգուշավոր քաղաքականության մը կհետեւին եւ չեն համարձակվիր նոր կոտորածներ կազմակերպել երկրին մեջ»։
Այս մանրամասն պատճառաբանությունները մեր առաջ են հանում մի կուսակցություն, որ իր ձեռքն էր առել մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը, նրա ֆիզիկական գոյության հարցը, բայց իր այդ ահագին դերին վերաբերվում էր թեթեւամտությամբ եւ տհասությամբ։ Թուրքահայ ժողովուրդն այնպիսի դրության մեջ էր, որ ամեն մի խնամք եւ հոգածություն նրա մասին պիտի լիներ՝ պաշտպանել նրա գոյությունը։ Հնչակյանները շատ լավ գիտեին, որ սուլթան Համիդը բնաջնջման քաղաքականություն է գործադրում հայերի վերաբերմամբ, բայց եւ այնպես, չէին ուզում, որ Ռուսաստանը գրավեր Թուրքահայաստանը, այսինքն՝ փրկեր թուրքահայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը։ Ի՜նչ տարբերություն Եվրոպայում ուսում առած այս «մարքսիստ» երիտասարդների եւ հին պահպանողական68 «դավաճան» համարվող կղերական Աշըգյան պատրիարքի մեջ, որ գրում էր Մակար կաթողիկոսին, թե ոչ մի պետություն չի կարող փրկել թուրքահայերին, բացի Ռուսաստանից, եւ աղաչում էր նրան` դիմել Ալեքսանդր Գ կայսրին եւ հայցել նրա հովանավորությունը։
Հնչակյանները հավատում էին, թե Անգլիան Ռուսաստանից ավելի համակիր է Հայոց դատին։ Սա նշանակում էր չիմանալ երեկվա պատմությունը, մոռանալ այն թշնամությունը, որ Անգլիան հանել է Հայոց հարցի դեմ` հենց առաջին իսկ օրերից։ Իմպերիալիստական մի գիշատիչ պետության առավելություն տալ մի ուրիշի նկատմամբ, այս մի ողորմելի մանկամտություն էր69։ Կարծում էին, թե Թուրքիայի ամենահեշտ խոցելի տեղը Կ.Պոլիսն էր, ուր կենտրոնացած էին եվրոպական չափազանց խոշոր շահերը։ Մտածում էին, թե Եվրոպան այնքան վտանգված կտեսներ իր շահերը Կ.Պոլսի մեջ կատարված հայկական ցույցերից, որ կհարկադրեր սուլթանին բավարարել հայերին։ Չէին կարողանում մտածել, որ, ընդհակառակը, հենց Կ.Պոլսում վտանգված եվրոպական շահերը պիտի հարկադրեին պետություններին` ուժեղացնել սուլթանին, որպեսզի նա ճնշի հայկական շարժումը եւ այդպիսով պաշտպանի եվրոպական շահերը։ Տղայական միամտության ծայրահեղ աստիճանն էր` կարծել, թե Եվրոպան թույլ կտա, որ Կ.Պոլսում ուրիշ մի որեւէ հեղինակություն բարձրանա, բացի սուլթանականից։ Չէին կարողանում հասկանալ հայ հեղափոխականները, որ եթե Եվրոպան միանգամից ցույցին ապստամբության իրավունք տար, այլեւս վերջ ու սահման չէր լինի մի բուռ մարդկանց պահանջներին, եւ սուլթանական իշխանությունը, որի վրա եվրոպական կապիտալը հիմնում էր իր բարեբախտությունը, իրապես կդառնար գերի ցանկացած հեղափոխական կազմակերպության ձեռքի։
Բայց ամենից ծանր, մղձավանջային հանգամանք դուք տեսնում եք այն բանի մեջ, որ հնչակյանները գիտեն, թե իրենց շարժումներով պիտի կոտորածներ առաջացնեն ասիական Թուրքիայի հայ ազգաբնակչության մեջ, սակայն այս կոտորածներն են, որ պիտի առաջ բերեն եվրոպական միջամտություն եւ Հայոց հարցի բարեհաջող լուծում։ Թշվա՜ռ ժողովուրդ, որի արյունը ոչինչ արժեք չուներ նույնիսկ իր միջից դուրս եկած գործիչների համար, որոնք միայն աշխատում էին, որ այդ կոտորածներն անծանոթ չմնային Եվրոպային կամ սխալ մեկնաբանություններով չլուսաբանվեին։ Աշխատում էին, որ կոտորածները տեղի ունենային Եվրոպային մոտիկ տեղեր, նրա դեսպանների քթի տակ։ Դրվում էր թուրքահայ ժողովրդի մահվան դատավճիռը։ Համիդը վճռեց կոտորածներով պատասխանել հեղափոխականներին, իսկ հեղափոխականները չեն սարսափում, չեն փախչում այդ կոտորածներից, այլ վճռել են նրանցով դրդել, հարկադրել Եվրոպային, որ նա գործի։
Եվ այսպիսով դանակը դրվում էր հայ ժողովրդի կոկորդին։
Այս մեղքերը, տղայական անհեթեթությունները միայն հնչակյաններին չէին հատուկ։ Նրանք դարձան ամբողջ հայ հեղափոխության տխուր սեփականություն։ Կարելի էր միայն այն հավանականության վրա հույս դնել, որ ժամանակի ընթացքում հայ կազմակերպությունները կզգաստանան, կբուժվեն ռոմանտիզմից, կսկսեն բազմաթիվ փորձերով խրատված մտքի լրջությամբ ըմբռնել քաղաքական դասավորումների, ուժերի փոխհարաբերությունների ռեալ պահանջները եւ դրանց համեմատ էլ գործողության այս կամ այն եղանակի փոփոխումներ կտանեն։ Բայց, ի դժբախտություն հայ ժողովրդի, այդ հույսերը չարդարացան։ Ինչպիսի սկզբնական մեղքերի մեջ ծնվեցին այդ կազմակերպությունները, նույնպիսի մեղքերով էլ գնացին մինչեւ իրենց կատարյալ կործանումը։
1890թ. ամռանը մեծ խոսք ու զրույց տարածվեց Կ.Պոլսում տեղի ունեցած արյունալի դեպքի մասին, որի նմանը սուլթանների մայրաքաղաքը դեռ չէր տեսել։ Լրագրերը տեղեկություններ էին բերում, հետաքրքրությունն աճում էր հետզհետե։ Ինչ ասել կուզի` որ հուլիսի 15-ի ցույցը պատճառում էր ավելի եւս մեծ հրճվանք, քան Էրզրումի կոտորածը. Հայոց դատը շատ մեծ հաջողության էր հասնում։ Կասկած չէր մնում, որ այս անգամ Եվրոպան այլեւս լուռ չէր մնա։ Հե՞շտ էր ասելը։ Դեռ երեկ ստրկության մեջ անասնացած հայությունը Թուրքիայում այսօր այնքան էր առաջ գնացել ազատասիրության ճանապարհին, որ տակնուվրա էր անում ամբողջ Կ.Պոլիսը մահմեդական շատ խոշոր տոնի՝ Գուրբան-բայրամի70 օրը, այն միջոցին, երբ օսմանյան ամբողջ բարձր պաշտոնեությունը, հավաքված Ելդըզի պալատում, համբուրում էր Աբդուլ-Համիդի քղանցքը։ Դեռ երբեք` Կ.Պոլիսը նվաճելու օրից չէր տեսնված այսքան հանդուգն մի արարք քրիստոնյա որեւէ ժողովրդի կողմից։
Այս ճիշտ է` գործողությունը հերոսական էր։ Բայց պատվելով հանդերձ հերոսական անձնուրացությունն ամեն մի ազատագրական հեղափոխական շարժման մեջ` նայենք այն արդյունքներին, որոնք անհատական հերոսություններից ստացվում են մի ժողովրդի, մի մեծ դատի համար։
Գում-Գափուի ցույցն այս էր գծագրում. Հնչակյան կուսակցության կողմից խմբագրվել էր մի պահանջագիր, որի մեջ պահանջվում էր վերացնել հայ ժողովրդի վրա ծանրացած կացության դժոխային պայմանները։ Հնչակյան գլխավոր գործիչներից երկուսը, իրենց հետ վերցնելով հնչակյան զինված հայդուկներ, հուլիսի 15-ի առավոտյան, կիրակի, պիտի գնային Գում-Գափուի պատրիարքարանի Մայր եկեղեցին, եւ այդտեղ մեկը ժամերգության միջոցին պիտի բարձրանար սեղանին եւ կարդար հնչակյան պահանջագիրը, իսկ մյուսը, բռնելով այդտեղ գտնվող Աշըգյան պատրիարքին, պիտի հարկադրեր նրան գնալ իր հետ Ելդըզի պալատը, ուր այդ պահանջագիրը պիտի հանձնվեր սուլթան Աբդուլ-Համիդին։ Երկու գլխավորներն էին՝ Հարություն Ճանկյուլյան` վանեցի խանութպան Կ.Պոլսում, եւ Համբարձում Պոյաճյան` ուսանող, որ կրում էր Մուրադ71 կեղծանունը։ Եկեղեցու մեջ գլխավոր կարգադրողի դերն իր ձեռքն էր առել Ճանկյուլյանը, իսկ Մուրադը նրա օգնականի պես մի բան էր։
Ճանկյուլյանը երկար մանրամասնություններով պատմել է այդ օրվա իր «հերոսությունները», եւ մենք այդ մանրամասնությունների մեջ տեսնում ենք, թե որքան շատ երեխայական գծեր կային այդ ցույցի մեջ։ Ճանկյուլյանը ցատկում է սեղանին, սկսում կարդալ «պահանջագիրը»։ Քահանաներից մեկը, աննկատելիորեն մոտենալով նրան հետեւից, հանկարծ խլում է թուղթը նրա ձեռքից եւ փախչում սեղանի հետեւը։ Ճանկյուլյանը ռեւոլվերը բռնած վազում է նրա հետեւից, բայց խաչկալի դուռը փակված էր, եւ նա իջնում է ցած` տեսնելու, թե ինչ եղավ Աշըգյանը, որ փախել էր եկեղեցուց։ Ողորմելի պատրիարքին նա գտնում է պարտեզի ճաղերի մոտ կծկված։ Տեսնելով ատրճանակը հաղթական հնչակյանի ձեռքին` թշվառականը սկսում է աղաչել, որ իրեն չսպանի։ Իսկ հեղափոխականը բռնում է նրա մորուքից, վեր է կացնում ու հրամայում, որ իր հետ գնա սուլթանական պալատ։ Աշըգյանը հրաժարվում է այդ բանից, աղաչանքներ է անում, ուշաթափվում ընկնում է։ Ճանկյուլյանն անողոք է։
Բռնության գործողությունները փոխադրվում են պատրիարքարանի շինության մեջ, ուր Աշըգյանը փակվում է մի սենյակի մեջ։ Ճանկյուլյանը պաշարման է ենթարկում այդ սենյակը` կանգնեցնելով նրա դռների մոտ ռեւոլվերներով զինված հնչակյան զինվորներ. ինքն էլ շարունակ բանակցություններ է վարում պաշարված կղերականի հետ, սպառնում` նրա վրա իր ռեւոլվերը քաշելով, թե կսպանի նրան, եթե չգնա իր հետ։ Աշըգյանը, պաշտպանվելով իր աղաչանքներով, հաճախակի նվաղումներով, համառորեն մերժում է այդ պահանջը. թե՛ պատրիարքին եւ թե՛ նրա կողմնակիցներին վախեցնելու, մանավանդ եւ մի հայի վրեժը հանելու համար, Ճանկյուլյանը տալիս փշրում է պատրիարքարանի դահլիճում կախված օսմանյան թուրղուն (պետական զինանշանը) եւ Աբդուլ-Համիդի պատկերը։ Պատրիարքին երկար այսպես տանջելուց հետո հնչակյան շեֆը դիմում է վերջին միջոցին։ Նորից մտնում է Աշըգյանի մոտ` տանելով իր հետ մի քանի հնչակյան զինվորներ։ Ներս մտնելուն պես այս վերջիններն ուղղում են ռեւոլվերները պատրիարքի վրա, իսկ Ճանկյուլյանն ասում է, որ մի նշանով ռեւոլվերները կարձակվեն, եթե նա իսկույն չգնա իր հետ։ Եվ թշվառ հոգեւորականը չի կարողանում այլեւս տանել իրեն ցնցող սարսափները, վեր է կենում եւ անձնատուր լինում։
Մի անզեն եւ վախից դողացող մարդուն նվաճելը մեծ հաղթություն են համարում հեղափոխականները։ Կիսաանզգա պատրիարքին դուրս են բերում փողոց։ Կիտվել է մեծ բազմություն։ Կանչում են. «Կեցցե՛ Հնչակյան կուսակցությունը», «Կեցցե՛ Հայաստան», «Կեցցե՛ ազատությունը»։ Պատրիարքին նստեցնում են կառքի մեջ, ինքը` Ճանկյուլյանն էլ նստում է նրա դիմաց եւ ցույցը վերջացած է հայտարարում։ Ժողովուրդը ցրվում է, բայց հնչակյան զինվորները գնում են կառքի ետեւից։ Հազիվ քիչ առաջ անցած` Աշըգյանը նորից ուշաթափվում է։ Նրան մտցնում են մի հույնի դեղատուն, ուր սթափեցուցիչ դեղերով ուշքի են բերում եւ նորից կառք նստեցնում։ Բայց այստեղից շատ առաջ չգնացած՝ երթը հանդիպում է թուրք հետեւակ եւ ձիավոր զորքերի, որոնց տանում էր Դերվիշ-փաշան` հայերի ցույցը ցրելու համար։ Տեղի է ունենում կռիվ զորքերի եւ հնչակյանների մեջ։ Երկու կողմից էլ ընկնում են սպանվածներ եւ վիրավորվածներ։ Աշըգյանը փոխադրվում է մերձակա տունը, ուր հարց ու փորձի է ենթարկվում։ Ճանկյուլյանը ձերբակալվում է։
Ա՛յս էր հուլիսի 15-ի ամբողջ ցույցը։ Ի՞նչ օգուտ բերեց նա Թուրքահայաստանում անսահման տառապող հայ գյուղացիությանը։ Իրենք` հնչակյանները, ահագին նշանակություն էին տվել իրենց այդ գործին։ Այդ նշանակությունը երեւի խոշոր էր, բայց հեղափոխական ռոմանտիզմի կողմից։ Ճանկյուլյանի ռեւոլվերը եւ Աշըգյանի վրա գործադրած բռնությունները ոգեւորիչ էին, հեղափոխական դաստիարակություն էին մտցնում ամբոխի մեջ, բայց կար մի ահավոր իրականություն, որի առջեւ նսեմանում էր այդ նշանակությունը։ Հեղափոխական դաստիարակություն այնպիսի ուղղությամբ, ինչպիսին ընդգրկել էր հայ հայդուկային մտայնությունը, չպիտի ծառայեր ամբողջ հայ ժողովրդի փրկության։ Այս արդեն շատ պարզ էր հեղափոխական բռնկումների առաջին իսկ խառն թվականին` 1890-ին։ Փտած էր այդ ուղղությունը հիմքից։ Միտք ունենալ կարող էին այդ շարժումները միայն այն դեպքում, եթե Եվրոպան, իսկապես, իր պաշտպանության տակ առած լիներ Հայաստանը։ Բայց այդպիսի բան չկար, ու կռիվը ներկայանում էր իբրեւ մենամարտ հայ ժողովրդի եւ Աբդուլ-Համիդի միջեւ։ Եվ պիտի հաղթեր Աբդուլ-Համիդը` իբրեւ անհամեմատ ուժեղ կողմ։
Գում-Գափուի դեպքը սուլթանը լավ պատրվակ դարձրեց կառավարական սպիտակ տեռոր տարածելու համար հայ ժողովրդի վրա։ Հարյուրավոր մարդիկ նետվեցին բանտերի մեջ` մատնվելով սարսափների եւ լուռ մահվան։ Թուրքական դատարանները մահվան դատավճիռներ արձակեցին, 10 տարով բանտարկություն, աքսոր նշանակեցին քաղաքական հանցավորների համար։ Այս դեռ Կ.Պոլսում, ուր եվրոպացիներ կային, մեծ պետությունների դեսպաններն էին նստում, որոնց ներկայությունը որոշ չափով զսպում էր Համիդին եւ համիդականներին։ Իսկ գավառներում այդպիսի հանգամանք չկար, եւ կառավարության ահաբեկիչ կամայականություններին վերջ ու սահման չկար։ Անգլիական «Կապույտ գրքերը», սակավաթիվ եվրոպացի ճանապարհորդների նկարագրությունները լի են քստմնելի փաստերով, որոնք անհավատալի են դարձնում, թե այդպիսի պայմանների մեջ կարող է ապրել մարդկային որեւէ համայնք։
Հնչակյան կուսակցությունը կառավարական տեռորին պատասխանում էր կարմիր տեռորով, որի թատերաբեմն էր հանդիսանում գլխավորապես Կ.Պոլիսը։ Սպանվում էին հայ մատնիչները, հայ լրտեսները, որոնց թվում գտնվում էին եւ հայ հոգեւորականներ, սպանվում էին նաեւ էֆենդիական դասին պատկանող այնպիսի անհատներ, որոնք նկատվում էին իբրեւ հայկական հեղափոխության թշնամիներ։
Գում-Գափուի ցույցի մի ծանր հետեւանքն էլ այն էր, որ հայ ժողովրդի գլխին մի երկրորդ բռնակալ Աբդուլ-Համիդ էլ էր նստում։ Դա Աշըգյան պատրիարքն էր։ Ցույցի հետեւանքով նա հրաժարվեց պատրիարքությունից։ Բայց Աբդուլ-Համիդը հետ դարձրեց այդ հրաժարականը, Աշըգյանին իր ձեռքն առավ եւ դարձրեց իր ամենահավատարիմ եւ կամակատար գործակալը` հայ հեղափոխության դեմ կռվելու համար։ Աշըգյանը տեսնում էր, որ ոչ մի ուժ չկա սուլթանի դեմ հանդիման կանգնած, ուստի կատարելապես նրան էր նվիրվում, նրա «գթության» վրա հույս դնում եւ ամեն ջանք գործ էր դնում իր ժողովրդին եւս պատվաստել այդ ուղղությունը, դարձնել այն ազգային քաղաքականություն, դաստիարակել հասարակությունն այն հասկացողության մեջ, թե հայ հեղափոխականները ցնորամիտ երեխաներ են, օտարների գործիք։ Բայց այդպիսի մի խոշոր հեղաշրջում հասարակության հասկացողությունների մեջ չէր կարող կատարել մի անժողովրդական կղերական` լոկ պատրիարքական իշխանությունն ունենալով իբրեւ պրոպագանդայի հիմնավորության առհավատչյա։ Նրան չէին հավատում, նրան համարում էին հայ ժողովրդի իրավունքները Թուրքիային վաճառող դավաճան։ Գուցե նրա քարոզած քաղաքականությանը փոքրիշատե հեղինակություն տար Աբդուլ-Համիդը, եթե նա լիներ մի հասկացող կառավարիչ եւ ոչ թե մի ճիվաղ բռնակալ։ Աշըգյանի խոսքին նա կարող էր հեղինակություն տալ իր զիջումներով։ Բայց նա զիջումներ չէր ճանաչում, եւ մինչ Աշըգյանն իր կոնդակների ու ճառերի մեջ մինչեւ երկինք էր բարձրացնում սուլթանի մարդասիրությունը, հպատակասիրությունը եւ նույնիսկ հայասիրությունը, Աբդուլ-Համիդը արգելեց նույնիսկ հայերի Ազգային սահմանադրությունը72` երեսուն տարվա մի հիմնարկություն, որ տեղի թե անտեղի հայ ժողովրդի սիրո եւ պարծանքի առարկան էր։ Այս հարվածը սաստկապես հարվածեց Աշըգյանին։
Ահա, թե որքան դժբախտ հանգամանքներ էին ստեղծվում գավառների մեջ հեծող հայ աշխատավոր ժողովրդի համար։
Ճգնաժամն աճում էր։
Գ
Էրզրումի եւ Գում-Գափուի դեպքերը, որոնց մեջ գործող հանդիսանում էին թուրքահայերը, բայց համարյա թե միմիայն ռուսահայերի ղեկավարությամբ` խոշոր ազդեցություն գործեցին եւ՛ Կովկասի հայկական կենտրոններում, եւ՛ գլխավորապես, իհարկե, Թիֆլիսում, ուր հավաքված էր հայ ինտելիգենտ երիտասարդության մեծագույն մասը։ Հայդուկային ազատամարտը, ինչպես տեսանք, սկզբից եւեթ ռուսահայերի մեջ էր ժողովրդականացել իբրեւ թուրքահայերի համար ազատություն ձեռք բերելու ամենալավ միջոց։ Տեղի ունեցած դեպքերի թարմ տպավորության տակ Թիֆլիսում էլ գոյություն ստացավ հայդուկային կռվի մի կազմակերպություն՝ «Երիտասարդ Հայաստան» անունով։
1890թ. ամռանը Թիֆլիսում էին գտնվում վերեւում հիշատակված մշեցի Սարկավագը73 եւ ալաշկերտցի Հարություն-աղան, որոնք եկել էին ռուսահայերից զինվորներ հավաքելու իրենց խմբերի համար։ Պետերբուրգից Թիֆլիս էր եկել եւ երիտասարդ ուսանող Սարգիս Կուկունյանցը74` մի ուտիացի հայ, Նուխիի գավառի Նիժ գյուղից։ Լսելով Սարկավագի եւ Հարություն-աղայի քարոզներն ու ծրագրերը` երիտասարդ Սարգիսն այնքան է ոգեւորվում, որ վճռում է թողնել ուսումը եւ, անմիջապես խումբ կազմելով, անցնել Թուրքահայաստան։ Նորակազմ «Երիտասարդ Հայաստանը» նրան աջակցում է։ Դրամական միջոցներ հավաքում է Գրիգոր Արծրունին։ Կուկունյանցը մարզում, հագցնում ու զինում է իր հավաքած խումբը, եւ նույն թվի սեպտեմբերին արդեն գտնվում էր Կարսում։ Նրա հետ էր եւ Սարկավագը։
Սկսվում է Կուկունյանցի հռչակավոր արշավանքը` մի կատարյալ երեխայական ձեռնարկություն, որ միանգամայն համապատասխանում էր այն ժամանակվա երեխայական հասկացողություններին եւ տրամադրություններին ու հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ զարդարված էր գաղափարական ինքնազոհության լուսապսակով։
Ես կհիշեմ այդ արշավանքի մանրամասնություններն այնպես, ինչպես նրանք պատմվում էին թե՛ բերանացի եւ թե՛ գրավոր հիշատակարաններում։ Կուկունյանցը դեպի ռուս-թուրքական սահմանագլուխ դուրս է գալիս սեպտեմբերի վերջերին` բաժանելով իր խումբը երեք մասի. մեկն անձամբ Կուկունյանցն է ղեկավարում, իսկ երկու մյուսների հրամանատարներն էին Սարդար Ավետիսյանը եւ ղարաբաղցի Աբրահամը։ 15 հոգու հաջողվում է անցնել սահմանը, որից հետո նրանք իսկույն հարձակվում են Հախվերիս75 անունով գյուղի վրա եւ բավական վնաս հասցնում նրան։ Գյուղն այն միակ հանցանքն ուներ հայ գաղափարական մարտիկների առջեւ, որ ուներ թուրք ազգաբնակչություն։ Հարեւան երկու թուրք գյուղերի բնակիչները գնում են հարձակվողներին ետ մղելու եւ կռվի են բռնվում նրանց հետ Չիչագլի կիրճում, որ սահմանագծից հեռու չէր, այնպես որ սահմանապահ ռուս կազակներն ու զինվորները գնում են կռվի վայրը եւ գյուղացիներից տեղեկանում, որ հարձակվողները հայ ավազակներ են։ Կուկունյանցի մարդիկ խույս են տալիս եւ ամրանում լեռներում։ Բայց նրանց որսալու համար Թոփրաք-Կալեից (Ալաշկերտ) ուղարկվում է կես վաշտ թուրքական զորք, եւ մեր հայդուկները հազիվ են կարողանում ազատվել ասկյարներից եւ ցրիվ գալ զանազան կողմեր։
Այսպես հեշտ չեղավ ռուս սահմանապահ զորքերից ազատվելը։ Կուկունյանցի խմբի մի մասը, մոտենալով սահմանագլխին, համբերություն չի ունենում հանգիստ շարունակելու իր ճանապարհը, եւ, հանդիպելով մի խումբ թուրքերի, ռուսական հողից դեռեւս դուրս չեկած, հարձակվում է նրանց վրա լոկ այն պատճառով, որ նրանք թուրքահպատակներ էին եւ վերադառնում էին իրենց գյուղերը։ Սպանվում են 10 թուրքեր կամ, ոմանց ասելով, քրդեր76։ Երկու օրից հետո խումբը մտնում է Գյումուշ-Թափա անունով անտառը` Կաղզվանի մոտ, որպեսզի անցնի սահմանը։ Անտառում երեք հոգի փայտահատ թուրք է լինում. նրանցից երկուսին սպանում են կուկունյանցականները, իսկ երրորդը կարողանում է փախչել եւ, հասնելով Կաղզվան, իմաց տալ ռուսական իշխանությանը։ Սպաներից մեկը մի հարյուրյակ կազակներով գնում է հետապնդելու հայ «ավազակներին», որոնք խույս տալով նրա առջեւից` թաքնվում են մոտակա գյուղի այգիներում։ Այդտեղ էլ նրանց շրջապատում են ռուսները եւ առաջարկում անհապաղ անձնատուր լինել։ Կուկունյանցը ոչ միայն մերժում է, այլեւ կրակ է բաց անում, որից վիրավորվում է մի կազակ։ Այդ ժամանակ հրամանատար սպան օգնական զորք է պահանջում եւ, մի ամբողջ օր պաշարման դրության մեջ պահելով Կուկունյանցին, վերջապես հարկադրում է նրան անձնատուր լինել իր հետ եղած մարդկանցով։ Ով կարողանում է ազատվել, փախչում է Պարսկաստան։
Անձնատուր եղածների հետ ռուս կառավարությունը վարվում է իբրեւ ավազակների։ Ամենքը կապվում ու բանտ են նետվում, թեեւ բոլորն ամեն կերպ հավատացնում են, թե իրենք ավազակներ չեն, Ռուսասանի դեմ ոչ մի վատ դիտավորություն չեն ունեցել, այլ միայն ուզեցել են անցնել Թուրքիա եւ այնտեղ տանջվող իրենց եղբայրների վրեժը հանել։ Ռուս իշխանավորներին սաստիկ գրգռում են մանավանդ խմբի զինվորների ուսերին կապած «Հ. Մ.» հայերեն տառերը, որոնք նշանակում էին «Միություն Հայաստանի»77։ Հենց այդ գաղափարի հետ էլ չէր կարող հաշտվել ցարական Ռուսաստանը։ Ուստի եւ ամենայն խստությամբ ռուս չինովնիկներն օգտագործեցին Կուկունյանցի խմբի այն գործողությունները, որոնք կարող էին, օրենքի հիման վրա, ավազակային հարձակումների տեղ ընդունվել։ Այս միջոցով ամբողջ խումբը, Կուկունյանցի հետ միասին, Երեւանի շրջանային դատարանի կողմից դատապարտվեց տաժանակիր աշխատանքների` Սախալին կղզում։
Ահա այս իսկ երեխայական եւ իր կույր նացիոնալիստական բնազդներով անհամակրելի արկածախնդրությունն էր իր գործունեության իբրեւ սկիզբ ընդունում «Երիտասարդ Հայաստան» կազմակերպությունը։ Բայց նա այդ անունը պինդ չգրկեց։ Հայ հեղափոխության օգուտը պահանջում էր, որ բոլոր կազմակերպությունները միանան, մի ընդհանուր մարմին դառնան։ Այս մասին Թիֆլիսում կայացան խորհրդակցություններ, եւ վճռվեց, որ «Երիտասարդ Հայաստանը» կոչվի «Դաշնակցություն» եւ միացնի իր հետ Հնչակյան, Արմենական կուսակցություններն ու այդպիսով գոյություն ստանա մի կուսակցություն` դաշնակցային հիմքերի վրա, այսինքն` յուրաքանչյուրի ներքին ինքնավարության պայմանով։ Այդ «Դաշնակցությունը» պիտի հրատարակեր իր սեփական օրգանը՝ «Դրոշակ» անունով։ Այս երկու անուններն էլ` «Դաշնակցություն» եւ «Դրոշակ», թարգմանվեցին Ժնեւի հնչակյան մի ուսանողի առաջարկությամբ, ռուսաց հեղափոխական իրականությունից։ Ժնեւում այդ ժամանակ կար «Союз русских революционеров»78, եւ այդ «союз» – ը թարգմանվեց «դաշնակցություն»։ Իսկ «Դրոշակը» Ամերիկայում հրատարակվող ռուս հեղափոխական «Знамя»79 թերթի անունից էր վերցվում։
Բայց, ինչպես եւ պետք էր սպասել, հեղափոխական կազմակերպությունների միությունը չկայացավ։ Եվ այս, իհարկե, դարձյալ ի դժբախտություն հայ ժողովրդի։ Հաշվի չառնելով արմենականությունը, որ երբեք չկարողացավ ուժեղ ու ազդեցիկ կուսակցություն դառնալ հայ իրականության մեջ, մնում էին երկու գլխավոր կազմակերպություններ` հնչակյան եւ դաշնակցական, որոնք շատ շուտով իրար հանդեպ բռնեցին հակառակորդի, անհաշտ թշնամու դիրքեր։ Ամեն մեկն աշխատում էր ցույց տալ, թե ինքն է լավ գործում, հեղափոխական առատ արդյունքներ տալիս։ Ամեն մեկն աշխատում էր մյուսին գերազանցել հախուռն գործողություններով, եւ այս անմիտ ու տղայական մրցակցության, այս թայֆայական հակամարտության դառն պտուղները կլանողն ուրիշ ոչ ոք չէր լինում, բացի եւ միայն հայ ժողովրդից։ Հնչակյան կուսակցությունը մինչեւ 1896թ. գտնվում էր հաջողության եւ լայն ժողովրդականության գագաթնակետին։ Այդ միջոցին նա, արբեցած իր դիրքերից, առանձին ուշադրություն չէր դարձնում Դաշնակցության վրա եւ գրեթե միայն լրագրական բանակռվով էր բավականանում։ 1896-ից սկսվում է հնչակյանների անկումը։ Այդ ժամանակից էլ կռիվը երկու կազմակերպությունների միջեւ ընդունում է կոպիտ, նույնիսկ արյունոտ ընդհարումների ընթացք` ավելացնելով հայ ժողովրդի աղետների թիվը։
Եվ այսպես, 1890 թվականից սկիզբ է առնում Դաշնակցությունը։ Սկզբի երկու տարիներին նա շատ թույլ գործունեություն ուներ, համարյա միանգամայն աննկատելի էր, բավականանում էր գրեթե միայն նրանով, որ պարծենում էր իր անդրանիկ գործով` Կուկունյանցի դժբախտ արշավանքով։ Ես կարող եմ ասել, որ չնայած այս հանգամանքին` Դաշնակցությունը հենց սկզբից ռուսահայերի մեջ համեմատաբար ավելի համակրանք գտավ, քան Հնչակյան կուսակցությունը։ Այս երեւույթի պատճառը կարելի է հեշտ բացատրել` նկատի առնելով, որ Դաշնակցության կառուցողն ու պահպանողը սկզբի տարիներին մշակական80 երիտասարդությունն էր, ամենաեռանդունը, եթե կարելի է ասել` ամենակարմիրը ամբողջ ռուսահայության մեջ։ Պետք է ասել եւ այն, որ Հայաստանի ազատության գաղափարը մշակականության հետ միացնում էր եւ շատ տարրեր պահպանողական խավերից, որոնք սովորաբար կոչվում էին նորդարականներ81…




