Դավիթ Բեկ

- -
- 100%
- +
– Այդ գործերի մեջ ոչ ոք ձեզ մեղադրելու իրավունք չունի, ընդհակառակն, դուք պատվի և շնորհակալության եք արժանի, – պատասխանեց իմամը ծանրությամբ: Դրանով դուք ցույց եք տալիս, որ անկեղծությամբ և հավատքով եք ընդունել մեր կրոնը: Ես կխնդրեմ խանից, որ ձեզ ըստ արժանվույն վարձատրե:
– Ես այսօր իմ սեփական հանդերձատնից մի խալաթ կընծայեմ Բաղր բեկին, – ասաց խանը իմամին գոհացնելու համար:
Մելիք Դավիթը գլուխ տվեց և օրհնություններով հայտնեց իր շնորհակալությունը: Այժմ չարագործի մռայլված դեմքը կրկին սկսեց փայլել ուրախությունից: Իմամը մելիք Ֆրանգյուլի վրա ամենևին ուշադրություն չդարձրեց, թեև նա աստիճանով ավելի բարձր էր մելիք Դավիթից: Մուսուլմանների բարձր հոգևորականը կարծես, զզվում էր այդ «գավուրի» ներկայությունից, մանավանդ, որ նա համարձակվել էր նստել նույն վրանի տակ, ուր ինքն էր նստած: Այդ արհամարհանքը սաստիկ ազդեց փառասեր մելիք Ֆրանգյուլի սրտին և նրա գլխում կրկին ծագեց այն միտքը, որ երկար ժամանակ տանջում էր նրան…
Իմամը վեր կացավ, հայտնելով, թե երկար նստել չէ կարող, թե իր նամազի ժամանակը անցնում է, թե նա մի քանի րոպեով միայն կամեցավ անցնել խանի մոտ, նրա առողջությունից տեղեկություն ստանալու համար, թեև նա եկած էր գլխավորապես գոհարեղենների համար, որ պահանջում էր նրանից դերվիշը: Թե՜ խանը և թե՜ բոլոր ներկա գտնվողները կանգնեցին և բավական տեղ, վրանից հեռու, ճանապարհ դրին իմամին:
Իմամի գնալուց հետո խանը երկու մելիքների հետ մնաց միայնակ: Քարտուղարը խռոված մարդու նման առանձնացավ վրանի մյուս մասում, ուր նստած էին նրա ստորադրյալ գրագրները և սկսեց զբաղվել իր գործերով: Այդ միջոցին խանը կանչել տվեց իր մոտ ձիավորների գլխավորին, որին կոչում էին ղուլլար-աղասի և հրամայեց նրան պատրաստել երկու հարյուր զինված ձիավորներ Թորոս իշխանին ընդունելու համար:
– Թորո՞սը, – հարցրեց մելիք Ֆրանդյուլը զարմացած կերպով, իբր թե ոչինչ բանից տեղեկություն չունի, – ինչու՞ համար է գալիս Թորոսը:
– Իշխանը պիտի գա մեզ մոտ գտնված հայ գերիներին գնելու համար, – պատասխանեց խանը: – Այսօր, ճաշից երկու ժամ առաջ, ժամանակ ենք նշանակել նրան ընդունելու:
– Ներեցեք համարձակությանս հարցնել – ո՞րքան փրկանք եք նշանակել:
– Ես դեռ ոչինչ չեմ նշանակել, տեսնենք իշխանը որքան կտա. իհարկե, փողի մասին սակարկություն կլինի:
– Ես հենց այդ էի ուզում գիտենալ, – ասաց մելիք Ֆրանգյուլը խոհեմ կերպով. – Թորոսը յոթն սատանայից ավելի խորամանկ է, վախենում էի, որ այդ անիրավը ձեզ կխաբե: Լավ է, որ դեռ գործը վերջացած չէ, ես այժմ կարող եմ ձեզ մի քանի օգտավետ խրատներ տալ:
Սալամ մանկլավիկը, որ ներքինապետից պատվեր էր ստացել լրտեսել խանի և երկու մելիքների խոսակցությունը, ավելի սրեց իր ականջները մելիք Ֆրանգյուլի «խրատները» լսելու համար: Ընդունելով իր մատուցած ղեյլանը խանի ձեռքից, նա մի կողմ քաշվեցավ, կանգնեց վրա մուտքի մոտ, և լարված ուշադրությամբ լսում էր նրանց:
Մելիք Ֆրանգյուլը խանի ուշադրությունը դարձրեց նախ այն կետի վրա, թե ովքեր են գերիները, ի՞նչ տոհմից են, ո՞րքան կարողություն ունեն, և նրանց ազգականները ինչ գումար կարող էին վճարել նրանց գնելու համար: Բոլոր անունները մի առ մի հայտնելուց հետո, նա ավելացրեց, թե ինքը, կռվի ժամանակ որովհետև խանի զորքերի մեջն էր գտնվում, և խանին ավելի շահ հասցնելու մտքով, աշխատեց ընտրել գերիներին ամենահարուստ ընտանիքներից, որպեսզի, նրանց ազատելու համար, կարելի լինի պահանջել նշանավոր գումարներ: Գերիները թվով հարյուր քսան և հինգ հոգի են. մի մասը մեռել են բանտի մեջ, բայց հարյուրի չափ դեռ մնում են: Դրանց մեջն է գտնվում Ստեփաննոս պատանին, որ Շահուման իշխանների տոհմիցն է, մելիք Վարթանեսի որդին, ամբողջ Գենվազ գավառի ժառանգը, այն գավառի, որ դուք տիրեցիք, որ այժմ ձեր իշխանության ներքո է գտնվում: Այդ պատանուն ամենևին պետք չէ ձեռքից թողնել, եթե կամենում եք, որ Գենվազը մնա ձեզ որպես մշտական սեփականություն: «Վիշապի ձագը երբ որ մեծանա, դարձյալ օձերի թագավորը կդառնա», – այդ պարսկական առածի միտքը դուք լավ եք հասկանում: Ուրեմն, պետք է Շահումյանների տան այդ վերջին շառավիղը արմատից կտրել, այդ տոհմի հետքը աշխարհի երեսից ջնջել, եթե ցանկանում եք, որ Գենվազը ձեզ մնա: Իսկ եթե պատանու կյանքին դիպչել չենք ցանկանա, խոհեմությունը պահանջում է, որ նրան պահեք ձեզ մոտ որպես պատանդ:
Մելիք Ֆրանգյուլը այնպես հասարակ և սովորական կերպով առաջարկում էր խանին իր «խրատները», որպես բժիշկը տալիս է իր հիվանդին զանազան առողջապահական խորհուրդներ, որոնց մեջ նա խղճի, պատվի և ազնվության դեմ ոչ մի հանցանք չէ գտնում:
– Այդ բոլորը, ինչ որ ասեցիք, շատ խելացի են, – պատասխանեց խանը ուշադրությամբ լսելուց հետո. – բայց ես այդ պատանուն ոչ կարող եմ պահել ինձ մոտ որպես պատանդ և ոչ ոչնչացնել նրան, որովհետև Թորոս իշխանին խոսք եմ տվել բոլոր գերիները դարձնել նրան, և ես իմ խոսքը հարգում եմ:
Կարծես մելիք Ֆրանգյուլի գլխին սառը ջուր ածեցին: Նա չէր սպասում խանից մի այսպիսի պատասխան: Բայց դարձյալ իր վստահությունը չկորցնելով, դավաճանը շարունակեց.
– Ես երբեք չէի ցանկանա, որ դուք ձեր խոսքը կոտրեիք, խան, բայց այդ չէ արգելում ձեզ պահանջել որպես պատանու, նույնպես և մյուս գերիների համար արժանավոր փրկանք:
Մելիքի նպատակը այն էր, որ խանը պահանջե այնպիսի ահագին գումար, որ Թորոս իշխանը չկարողանա վճարել, դրանով դարձյալ գերիները կմնային խանի բանտի մեջ, այնտեղ կմաշվեին, կտրորվեին և վերջապես կոչնչանային, – այն ժամանակ մելիքը դարձյալ հասած կլիներ իր նպատակին: Բայց ի՞նչ սատանայական նպատակ էր այդ, – պետք է պարզել:
Մելիք Ֆրանդյուլը վաղուց դիտավորություն ուներ Գենվազ գավառի մելիքությունը իր ձեռքը ձգել: Այս նպատակով, նա իրան աջակից ընտրելով տաթևացի Դավիթ ուրացողին, երկուսը միասին կարողացան խանին գրգռել Գենվազի վաղեմի իշխան մելիք Վարթանեսի դեմ: Դավադրությունը այնպես սարքեցին, որ մելիք Վարթանեսը բոլորովին անպատրաստ, խանի հրոսակները հանկարծ մտան նրա երկիրը: Շահումյանների տունը բոլորովին բնաջինջ եղավ: ինքը մելիք Վարթանեսը, ընկավ կռվի մեջ: Այդ ահագին իշխանական տոհմից ազատվեցավ մի պատանի միայն, Ստեփանոսը, որը գերի ընկավ խանի զորքերի ձեռքը: Նրա հետ գերի առնվեցան Գենվազի գյուղերի բոլոր նշանավոր տանուտերների որդիները: Այնուհետև խանը իր կողմից նշանակեց այդ գավառում պարսիկ կառավարիչներ: Գերիները այնքան ժամանակ պահվում էին խանի բանտերում, մինչև Գենվազը բոլորովին հպատակեր և ժողովուրդը ապստամբական փորձեր չաներ: Բայց որովհետև ժողովրդի գլխավորները ոչնչացրած էին, և նրանց զավակները որպես գրավական պահվում էին տիրող բռնակալի ձեռքում, այս պատճառով անտեր, անառաջնորդ Գենվազը շուտով խոնարհվեցավ պարսիկ խանի իշխանության ներքո: Այնուհետև ավելորդ էր պահել գերիներին, երբ կարելի էր ստանալ նրանց փոխարեն բավական մեծ գումար: Բայց մելիք Ֆրանգյուլին այդ ձեռնտու չէր: Նա ժառանգական թշնամություն ուներ Շահումյանների տոհմի հետ: Նա ցանկանում էր ոչնչացնել այդ հոյակապ ընտանիքից մնացած միակ ներկայացուցիչը, Ստեփաննոսին, որ ինքը լինի Գենվազի տերը: Թեև այդ մասին նա դեռ ոչինչ խոսեցած չէր խանի հետ, բայց մեծ հույս ուներ, որ կարող է հասնել իր նպատակին, որովհետև խանը նրա օգնությամբ, նրա առաջնորդությամբ միայն կարողացավ տիրել Գենվազին և հաղթել մելիք Վարթանեսի նման մարդուն, որը մեծ զորության տեր էր: Պարսից խաները սովորություն չունեին իրանք կառավարելու հայոց գավառները. նրանք հանձնում էին հայ մելիքներին և տարեկան մի նշանակյալ հարկ էին ստանում: Ո՞վ ավելի արժան էր այդ պաշտոնին, քան մելիք Ֆրանգյուլը, որ այնքան հավատարիմ էր խանին, որ այնքան օգնել էր նրան Գենվազի տիրապետության մեջ:
Մելիք Ֆրանգյուլը երկար ժամանակ աշխատում էր պատանի Ստեփաննոսին խեղդել տալ բանտի մեջ, բայց այդ փորձը, ինչպես տեսանք, չհաջողվեցավ: Նա այնքան երկյուղ չէր կրի այդ պատանուց, եթե նա չունենար մի այնպիսի հզոր քեռի, որպիսին էր Թորոս իշխանը, Չավնդուրի ամբողջ գավառի տերը: Ստեփաննոսի մայրը այդ իշխանի հարազատ քույրն էր: – տարակույս չկա, մտածում էր մելիք Ֆրանդյուլը, որ Թորոս իշխանը, ազատելով իր քրոջ որդուն, կպահեր իր մոտ, կմեծացներ, և վերջը կաշխատեր նրան կրկին իր հայրենական ժառանգության տեր դարձնել:
Արծաթի սերը խանի մեջ մեծ էր ամեն բանից: Մելիք Ֆրանգյուլի բոլոր խորհուրդները, բոլոր փաստերը, թե գերիներին իր մոտ պահելով կամ ոչնչացնելով, կարող էր նա ապահովացնել Գենվազի տիրապետությունը, – այդ «խրատներին» խանը մեծ նշանակություն չտվեց: Նրան միայն գրավեց փողի խնդիրը և այս պատճառով հարցրեց, թե ինչքան կարելի է պահանջել Թորոս իշխանից:
– Մելիք Վարթանեսի ամբողջ գանձը, – պատասխանեց մատնիչը:
Խանը զարմացավ, ասելով, թե մելիք Վարթանեսը ինչ որ ուներ, ինչ որ չուներ, բոլորը կողոպտեցավ կռվի ժամանակ. մի՞թե դեռևս նրանից մի բան մնացած
– Ինչպես չէ, – պատասխանեց մելիքը ժպտելով, որպես մի մարդ, որ ժպտում էր երեխայի միամտության վրա: – Մելիք Վարթաննեսը դեռ կռվից շատ առաջ հոտը առել էր, որ ձեր զորքերը պիտի մտնեն նրա երկիրը. այս պատճառով իր գանձը նախապես տեղափոխել էր իր աներոջ` Թորոս իշխանի ամրոցը: Ձեր զորքերը գտան մելիք Վարթանեսի ամրոցում նրա հարստության փշրանքները միայն:
Հետո նա սկսեց պատմել այդ առասպելական գանձի մասին շատ բան. թե մելիքը իր ամրոցում մի ներքնատուն ուներ երկաթե դռներով, թե այնտեղ հատակի վրա, ցորենի շեղջերի նման, դիզված էին` մի կողմում ոսկի, մյուս կողմում արծաթ, մի տեղ պղնձե դրամներ, մյուս տեղ թանկագին քարեր: Թե այդ կույտերը այնքան բարձր էին, որ եթե մի մարդ մյուս կողմում կանգնած լիներ, անկարելի էր նրան տեսնել: Եվ փողը այնտեղ չէին համարում, կամ կշռում էին կշիռքով, կամ չափում էին սոմարով: Այդ բոլորը նա ուղտի բեռներով առաջուց ուղարկած էր Թորոս իշխանի տունը:
Այդ պատմությունը խանի վրա նույն ազդեցությունն էր գործում, ինչպես քաղցած մարդու մոտ համեղ կերակուրների պատմությունը: Նրա ախորժակը ավելի բացվեցավ, և ինչպես ասում են` «բերնի ջուրը գնաց», երբ մելիք Դավիթը, որ բոլոր ժամանակը լուռ էր, վկայություն տվեց, թե բոլորը ճշմարիտ է, թե ինքը իր աչքովն է տեսել այդ ահագին գանձը, թե այնտեղ կային սկսյալ Սկանդար Զուլկարնեյնից (Ալեքսանդր Մակեդոնացուց) ամեն ժամանակների դրամներ, թե այնտեղ կային մինչև անգամ քաջքերի դրամներ:
Այդ միջոցին հեռվից լսելի եղավ փողի ձայն, որի դողդոջուն հնչյունները կոտրատվելով տարածվեցան լեռների մեջ: Մի քանի անգամ կրկնվեցավ ձայնը, հետո լռեց:
– Իշխանը գալիս է, – ասաց խանը և հրամայեց Ֆարրաշբաշուն իր դրանիկներից գլխավորների հետ ընդառաջ գնալ:
Երկու մելիքները կանգնեցան, հայտնելով, թե իրանց անհարմար է նրա գալուց հետո ներկա գտնվել:
– Շնորհակալ եմ, «իմ» մելիքներ, – ասաց խանը բարեկամաբար, – շատ շնորհակալ եմ, որ դուք այդ բոլորը նախապես հայտնեցինք ինձ: Ես պատանի Ստեփանին չեմ տա, մինչև չստանամ նրա հոր ամբողջ գանձը, և մյուս գերիներին նույնպես չեմ ազատի, մինչև չստանամ արժանավոր փրկանք: Ես չեմ մոռանա, որ դուք իմ աչքերս բաց արեցիք…
Ը
Երբ երկու մելիքները հեռացան, խանը գտնվում էր մի տեսակ հոգեկան բերկրության մեջ: Առասպելական գանձի պատմությունը այն աստիճան գրգռել էր նրա ագահությունը և այն աստիճան լցրել էր նրա սիրտը շատ հարստանալու հույսերով, որ երևակայում էր, թե քանի րոպեից հետո աշխարհի Ղարունը§§ կդառնա: Ինչե՛ր չէր կարելի անել այդ գանձով: Նրանով կարելի էր կազմակերպել զորքերի այնքան բազմություն, որոնցմով շատ հեշտ կլիներ տիրել ամբողջ Ատրպատականը… որոնցմով կարելի կլիներ մինչև անգամ հափշտակել Սեֆեվիների թագը…
Ագահության և փառասիրության բաղձանքը ծնեց նրա մեջ հանցավոր խորհուրդ – մեղանչել հյուրասիրության սրբության դեմ և չհարգել տված խոսքը: Երկուսն էլ մեծ անպատվություն էին մի պետի համար, որքան վայրենի, որքան և բարբարոս լիներ նա: Թորոս իշխանի ընդունելության պայմանները սկզբից որոշված էին նրա հետ. իշխանը պիտի գար երկու հարյուր ձիավորներով, բերելով իր հետ գերիները ազատելու փրկանքը: Փրկանքի քանակությունը կամ ընծաների արժեքը որոշված չէին, դրանք թողված էին իշխանի մեծահոգության վրա: Երկու հարյուր ձիավորներ խանի կողմից պետք է դիմավորեին նրան: Իշխանին պետք է ցույց տրվեր, նրա պատվի համեմատ, ամեն հարգանք և հյուրասիրություն: Բայց այդ բոլոր կարգադրությունները փոխվեցան խանի մտքում: Նա վճռեց, եթե Թորոս իշխանը չի համաձայնվի տալ նրան մելիք Վարթանեսի գանձը, այն ժամանակ ոչ միայն գերիները չէ կարող ազատել, այլ խանը կհրամայե նրան կալանավորել, բանտարկել և բանտի մեջ մաշել, մինչև գանձը ստացվի: Բայց Թորոս իշխանը միայնակ չէր լինելու, նա իր հետ պիտի բերեր հայոց քաջերից երկու հարյուր զինված ձիավորներ: Այդ ոչինչ. խանի բանակի մեջ կարելի էր մի րոպեում պատրաստել հազար զինված մարդիկ: Դարձյալ մկանը կարելի էր գցել թակարդի մեջ…
Մինչ խանը այդ խորհրդածությունների մեջ էր, կանանոցի վրաններից դուրս եկավ մի կին. նա ոտքից ցգլուխ փաթաթված էր մուգ-կապտագույն չադրշաբի (ղադիֆա) մեջ և երեսը ծածկած ուներ սպիտակ, անթափանցիկ քողով, որի աչքերը ծածկող մասը միայն ուներ մաղաձև հյուսվածք` տեսությունը իսպառ չխափանելու համար: Հուշիկ, նազաքայլ ընթացքով դիմում էր նա դեպի խանի վրանը և նրա առջևից գնում էր ծերունի Ահմեդը ներքինապետի բոլոր ինքնավստահությամբ: Ճանապարհից բոլորը հետ էին քաշվում, երեսները շուռ էին տալիս, մտածելով, որ անցնողը խանի հարեմի խանումներից մեկը ետք է լինի: Եվ իրավ, դա Սյուրին էր: Ծերունի Ահմեդից տեղեկացած լինելով երկու մելիքների մատնությունների մասին, գնում էր իր ամուսնի մոտ հայ գերիների ազատության համար բարեխոսելու: Նա անցավ դեպի խանի վրանի այն մասը, որ կոչվում էր խալվաթ-խանա (գաղտնարան), ներքինին բաց արեց նրա առջև մուտքը, նա ներս մտավ, կրկին նրա ետևից մուտքը փակվեցավ: Սյուրին մնաց միայնակ գաղտնարանի մեջ: Նա մի կողմ ձգեց մուգ-կապտագույն չադրշարը, որի մեջ փաթաթված էր և հայտնվեցավ որպես մի ծովային հավերժահարս, որ հանկարծ դուրս է գալիս ոստրեի միջից: Նա երեսից հետ քաշեց քողը: Այդ թանձր, անթափանցիկ քողը, կարծես, խեղդում էր նրան: Այժմ սկսեց ազատ շունչ քաշել: Այն օրվա բոլոր անցքերը թողել էին նրա սրտում դառն և ցավալի տպավորություններ: Հարեմի կանանց նախանձը, գլխի մազերի կտրվիլը, հայ գյուղացիների սոսկալի վախճանը, իր հոր և նրա համանման արբանյակի բանսարկությունները, – այդ բոլորը այն աստիճան վրդովել, այն աստիճան տխրության մեջ էին գցել նրան, որ նմանում էր մի անմխիթար սգավորի, որը կորցրած է լինում այն, ինչ որ ամենաթանկագինն է աշխարհում նրա համար: Այսուամենայնիվ, այս բոլորը չէր կարող պատճառ տալ հարեմի ստրուկին ուշադրություն չդարձնել իր հագուստի և զարդարանքի վրա, որպես վայել էր իր իշխանի աչքին երևալու համար: Նա տխուր էր, թե ուրախ, – միևնույն է. պետք էր սովորական պչրանքով ներկայանալ իր իշխողին: Նրա կարճլիկ շալվարը (յուփկա) կարված էր վարդագույն ատլասից, ոսկեհուռ բանվածքով և ստորին եզրերը չորս մատի լայնությամբ զարդարած մարգարիտներով և գոհարներով: Թիկնոցը կարված էր մանիշակագույն թավիշից, նույնպես ոսկե թելերով նախշած և եզրերը մարգարիտներով զարդարած: Խոշոր մարջաններով շարած մի թանկագին մանյակ քարշ էր ընկած պարանոցից կիսամերկ կուրծքի վրա: Ամբողջ մարմինը բուրում էր անուշահոտության մեջ: Անհանգիստ, անվճռական դրության մեջ կանգնածէր նա գաղտնարանում, տարուբերվում էր մտածությունների մեջ, թե ի՜նչպես պետք էր հանդիպել խանին, ինչ կերպով սկսել իր խոսքը: Արդյոք, իր վարմունքը կասկածելի չէ՞ր անի նրան խանի աչքում, և չէ՞ր մերկացնի նրա համակրությունը դեպի հայերը և քրիստոնյաները, որ այնքան տարի ամենայն զգուշությամբ ծածկած էր: Ինչպե՞ս բարեխոսել գերիների ազատության համար, ինչպե՞ս ասել, թե այն բոլորը սուտ է, ինչ որ հայտնեցին երկու մելիքները երևակայական գանձի մասին: Ախար նրանցից մեկը իր հայրն էր. ինչպե՞ս ցույց տալ նրա խաբեությունը: Արդյոք կհավատա՞ր խանը, – այդ դարձյալ մի հարց էր:
Հարեմի ինտրիգաների մեջ սովորել էր նա փոքր-ինչ խորամանկ լինել: Մտածում էր իր միջնորդությանը մի գերբնական, գաղտնի ազդեցությունից ներշնչված, խորհրդավոր ձև տալ: Դրա համար բավական էր հնարել մի երազ, ասել` թե երազումս այս տեսա, այն տեսա և այս բոլոր տեսիլների ազդարարության համեմատ, պետք է ազատել գերիներին, եթե ոչ հետևանքը վատ կլինի, որովհետև աստված մեծ պատիժ է սպառնում: Բայց ինչու այդ բոլորը նոր էր մտածում նա, ինչու սկզբից խորհած, նախապատրաստված չդիմեց նա գործին: Նա շտապեց: Հենց որ ծերունի ներքինապետը հաղորդեց նրան, թե ինչ թակարդ լարեցին երկու մելիքները, հենց որ լսեց նա փողի առաջին ձայնը, որ ազդարարում էր Թորոս իշխանի գալը, նա աճապարեց խանի մոտ, հազիվ ժամանակ գտնելով հագնվելու: Այժմ միանգամից հասկացավ նա իր կատարած դերի վտանգավոր կողմերը: Մի՞թե խանի կասկածը չէր գրգռի նա, երբ կիմանար, թե իր կինը լրտեսում է նրա խոսակցությունները, թե Ահմեդի ձեռքով կաշառում է սպասավորներին, թե… վերջապես շատ բաներ կարող էր գիտենալ նա, այնուհետև ինքը կորած էր:
Ահա այդ մտատանջությունների մեջ գտավ նրան խանը, որ ավելի բարկացած, քան թե զարմացած իր ամուսնի անակնկալ այցելության վրա, ներս մտավ գաղտնարանը: Հարեմի մեջ փակված կնոջ իր արգելարանից դուրս գալը, և ահագին բազմության միջից անցնելով, այդ վրանը մտնելը ոչ միայն անվայել, այլ բոլորովին հակառակ էր կանանոցի կանոններին: Եվ դրանով պետք է բացատրել այն սպառնական հայացքը, որով դարձավ խանը դեպի իր կինը` հարցնելով.
– Դու ի՞նչ գործ ունես այստեղ:
Սյուրին մնաց շփոթված. կարծես նրա լեզուն կապեցին, և մի խոսք անգամ չգտավ պատասխանելու: Նրան տիրեց մի տեսակ երկյուղ – ստրուկի երկյուղը իր սարսափելի տիրոջ առջև: Այդ առաջին անգամն էր, որ նա զգում էր իր ոչնչությունը, թե ինքը մահմեդական ընտանիքի մեջ մի կրավորական առարկա էր, մի փայլուն և խայտաճամուկ զարդ էր, և ոչ կամքի ու խոսքի տեր արարած, և ոչ ամուսնի ընկեր ու նրա խորհրդակից: Խանը նայելով այդ գեղեցիկ, շփոթված առարկայի վրա, որը, որպես մի ամոթխած հրեշտակ, ներկայանում էր նրա աչքում իր բոլոր սքանչելի հրապուրանքով, մեղմեց իր բարկությունը և մոտենալով, բռնեց նրա ձեռքից, նստեցրեց իր մոտ մախմուռի օթոցի վրա, հարցրեց.
– Գիտեմ, մի խնդիրքով եկած կլինես ինձ մոտ, խոսիր, նազելիս, ի՞նչ ունիս ասելու:
Նեղ դրությունը մարդուն սրամիտ է շինում: Սյուրին հանկարծ հիշեց այն նշանավոր րոպեն իր ամուսնական կյանքում, որ սկիզբը դրեց նրա անբախտությանը: Նա հիշեց այն տագնապալից գիշերը, երբ ինքը տասնևչորս տարեկան մի անմեղ աղջիկ, փառասեր հոր ձեռքով ձգվեցավ խանի գիրկը: Նա հիշեց այն բոլոր հոգեկան տանջանքը, այն բոլոր գարշելի զզվանքը, որով ինքը, որպես մի նոր Հռիփսիմե, պատերազմում էր խանի գազանային կրքերի դեմ և չէր կամենում անձնատուր լինել: Նա հիշեց այն խոսքը, որ ախտաբորբոք խանը երդվելով ասաց նրան. «Խնդրիր ինձանից ամեն բան և ես կտամ քեզ, միայն թե դու իմս լինես»: Սյուրին ոչինչ չխնդրեց և անձնատուր եղավ… Այնուհետև խանը մի քանի անգամ կրկնեց նրան միևնույն խոստմունքը, բայց Սյուրին միշտ սպասում էր մի կարևոր դեպքի, որ իր խնդրածըմի նպատակահարմար և նշանավոր բան լիներ: Այժմ դեպքը ինքնըստինքյան առաջ եկավ:
Նա չոքեց խանի առջև, որպես մի խոնարհ աղերսարկու աստվածներից ամենասարսափելի արձանի առջև, և իր գեղեցիկ, արտասուքով լի աչքերը դեպի վեր բարձրացնելով, ասաց.
– Իմ իշխանը հիշու՞մ է, որ մի պարտք ունի ինձ վճարելու:
– Ի՞նչ պարտք, – հարցրեց նա զարմանալով:
Սյուրին հիշեցրեց նրան հին խոստմունքը:
– Այդ ես չեմ մոռացել, – ասաց խանը ժպտելով, – ես մեղավոր չեմ, որ քո առջև վատ պարտական գտնվեցա, դու առհասարակ անհոգ ես քո ապառիկների վերաբերությամբ: – Հիմա խնդրիր, ինչ որ կամենում ես, ես իմ խոստմունքը պատրաստ եմ կատարելու:
– Ես քեզանից մեծ բան չեմ խնդրելու, – պատասխանեց Սյուրին, տակավին անշարժ մնալով իր չոքած դրության մեջ, – ես եկա խնդրելու, որ ազատես հայ գերիներին և Թորոս իշխանին ձեռնունայն հետ չդարձնես:
– Ա՛… այդ շատ մեծ բան է քո խնդրածը… – պատասխանեց խանը զարմացական բացականչությամբ, և նրա փոքր-ինչ մեղմացած դեմքը կրկին մռայլվեցավ սովորական խստությամբ: – Դու կամենում ես ինձ կորցնել տալ մելիք Վարթանեսի ամբողջ գանձը:
– Ի՞նչ գանձ:
Խանը սկսեց պատմել նրան բոլորը, ինչ որ լսել էր նրա հորից և մելիք Ֆրանգյուլից առասպելական գանձի մասին, ավելացնելով, թե մեծ հիմարություն կլիներ իր կողմից մի այսպիսի ահագին կողոպուտը ձեռքից բաց թողնել, մանավանդ, որ ինքը փողի շատ հարկավորություն ունի:
Սյուրին պատասխանեց, թե ինքը երբեք հանձն չէր առնի ձանձրացնել իր «իշխանին» անտեղի խնդիրքով և երբեք չէր ցանկանա զրկել նրան իր շահերից, եթե գիտենար, որ այդ երևակայական գանձը գոյություն ունի: Բայց նա այդ բոլորը զրպարտություն է համարում, թեև հաղորդողներից մեկը իր հայրն է:
– Ուրեմն ի՞նչ նպատակ ունեին նրանք խաբելու ինձ, – հարցրեց խանը խորին վրդովմունքով:
– Նպատակ ունեն… – պատասխանեց Սյուրին զգալի խռովությամբ, – և նրանց նպատակը ինձ լավ հայտնի է, բայց այժմ անհարմար եմ համարում հաղորդել ձեզ, հուսալով, որ իմ իշխանը կհավատա, որ իմ աղախինը սուտ խոսող չէ:
Այս խոսքերը արտասանեց նա այնպիսի մի զգացմունքով, որ ազդեց խանի քարացած սրտի վրա, և նա բռնելով իր առջև չոքած գեղեցիկ կնոջ թեքից, կրկին նստեցրեց իր մոտ, ասելով.
– Ես կկատարեմ քո խնդիրքը:
Սյուրին ուրախությամբ ընկավ իր «իշխանի» գիրկը, թևքերը փաթաթեց նրա պարանոցով, և իր բորբոքված, շառագունած թշերը սեղմեց նրա շրթունքի վրա: Այդ առաջին անգամն էր, որ մանկահասակ կինը այնպես ջերմ, այնպես անկեղծ սիրով գրկում էր իր բռնապետին, որին մինչև այն օր միշտ ատել, միշտ անիծել էր իր սրտում:
Այդ միջոցին կրկին հնչեց փողը և հեռվից լսելի եղան ձիաների սմբակների ձայներ:
– Այժմ հեռացիր, նազելիս, – ասաց խանը կանգնելով և Սյուրիին իր հետ վեր բարձրացնելով, – Թորոս իշխանը գալիս է:
Սյուրին ծածկեցավ իր մուգ-կապտագույն չադրշաբի մեջ, ձգեց երեսի վրա անթափանցիկ քողը և դուրս եկավ գաղտնարանից: Մուտքի առջև նրան սպասում էր ծերունի ներքինապետը, որն առաջ ընկավ և տարավ տիկնոջը մինչև իր վրանը: Այնտեղ միայն հարցրեց ծերունին.
– Հաջողվեցա՞վ:
Սյուրին, ուրախության ժպիտը երեսին, պատասխանեց.
– Այո՜:
– Փառք աստուծո, – բացականչեց ծերունին իր գոհունակ ձեռքերը բարձրացնելով դեպի երկինքը:
Թ
Կեսօր էր արդեն: Խանի վրանի առջևի հրապարակի վրա, դեպի աջ կողմը, կարգով շարված էին երկու հարյուր զինված ձիավորներ խանի հեծելախմբից, հրացանները պատրաստ ձեռներին բռնած: Նրանց հանդեպ, դեպի վրանի ձախ կողմը, նույնպես կարգով շարված էին երկու հարյուր հայ ձիավորներ, նույնպես հրացանները ձեռքներին պատրաստ բռնած: Հայ և պարսիկ ձիավորների մեջտեղը թողնված էր փողոցի նման մի երկայն տարածություն, որտեղից պիտի անցներ Թորոս իշխանը: Այդ փողոցի ծայրից հայտնվեցավ նա: «Սալամ…», – գոռացին բոլոր ձիավորները մի քանի անգամ, և օդը թնդաց բազմաթիվ ձայների որոտմունքից: Իշխանը նստած էր մի գեղեցիկ, սպիտակ նժույգի վրա, որի ամբողջ ասպազենը զարդարված էր արծաթով: Նա մի հսկայատիպ մարդ էր, այրական խրոխտ դեմքով և առյուծի հրացայտ աչքերով: Նրա առջևից տարվում էին իշխանի բերած «փեշքեշները», որ պիտի ընծայեր խանին: Յոթն հոգի մինը մյուսը ետևից, գլխների վրա դրած, տանում էին յոթ պղնձե սինիներ, որ ծածկված էին քիրմանի թանկագին շալերով և իրանց մեջ կրում էին զանազան հազվագյուտ և ծանրագին իրեղեններ: Նրանց ետևից, սանձերից բռնած, տանում էին երեք գեղեցիկ նժույգներ, որոնց թամքը, սանձը և բոլոր պարագայքը զարդարած էին արծաթով: Նժույգները նույնպես ծածկված էին քիրմանի շալերով: Այդ «փեշքեշների» ետևից գալիս էր ինքը իշխանը շրջապատված իր թիկնապահներով: բոլոր մահմեդականները մի առանձին նախանձոտ կատաղությամբ դիտում էին հայ իշխանի փառքը և մեծությունը: Նրա կշտից քարշ էր ընկած երկայն, կեռ թուրը, որի երախակալը զարդարած էր թանկագին ակներով, իսկ գոտիի մեջ խրած էին մի զույգ ատրճանակներ, արծաթով պատած կոթերով: Նա թեև քառասուն և հինգ տարեկան կլիներ, բայց երիտասարդի բոլորովին թարմ դեմք ուներ, բավական գեղեցիկ և կանոնավոր գծագրությամբ: Կարճ կտրած մորուքի և գլխի գանգրահեր մազերի մեջ դեռ ոչ մեկը չէր սպիտակել, չնայելով, որ այդ մարդը իր կյանքում խիստ սակավ րոպեներ ազատ էր մնացել մաշող վշտերից:
Երբ իշխանը մոտեցավ խանի վրանին, տասն քայլ հեռավորության վրա ձիուց ցած իջավ, այդ ժամանակ խանը դուրս եկավ վրանից, դիմավորեց նրան, և ձեռքիցը բռնելով, բերեց չադրի այն մասը, որ հատկապես պատրաստված էր պատվավոր հյուրին ընդունելու համար: Իշխանի թիկնապահները, որ թվով քսանևհինգ հոգի էին, բոլորը ամեհի և քաջ երիտասարդներ, ձեռքները իրանց սրերի վրա դրած, կանգնեցին վրանի մուտքի այն կողմում, որ կողմը նստած էր իրանց տերը: Նրանց հանդեպ կանգնած էին խանի ֆարրաշները, և անընկերասեր կերպով նայում էին կոպիտ սյունեցի հայերի երեսին:
– Բարով եկաք, հազար բարով, ձեր յուրաքանչյուր քայլը ինձ համար մեծ շնորհ եմ համարում, – ասաց խանը իր երկրի քաղաքավարության սովորական ձևով:
– Ինձ բերեց ձեր սպասին, իբրև մի ուխտավոր, ձեր շնորհալի դեմքի լույսը տեսնելու ցանկությունը: Ես ինձ բախտավոր եմ համարում, որ վայելում եմ ձեր շնորհը և բարեսրտությունը, և հուսով եմ, որ միշտ անխախտ կպահպանվեն մեր բարեկամական կապերը, որպես եղել են միշտ:
Այսպես երկար, երկու տարբեր և թշնամական ցեղերի պետերը, մինը մյուսին հայտնի կերպով շողոքորթելով, թափում էին միմյանց առջև իրանց բարեկամական ջերմ զգացմունքը և սերը: Այդ միջոցին իշխանի ծառաները «փեշքեշները» ներս բերեցին: Յոթն պղնձե սինիներ շարվեցան խանի առջև: Երբ նրանց վրայից վեր առեցին քիրմային շալի ծածկոցները, խանի աչքերը կատարելապես շլացան: Այդ թանկագին իրեղենները թեև մելիք Վարթանեսի գանձի չափ չէին լինի,բայց դարձյալ մեծ հարստություն դիզված էր սինիների վրա: Մեկի վրա կիտված էին ոսկի դրամներ, մյուսի վրա արծաթի դրամներ, երրորդի վրա արծաթով զարդարած ընտիր զենքեր` դաշույն, ատրճանակ, ղարաբինա, վառոդի և գնդակի ամաններ և այլն. չորրորդի վրա արծաթից շինված և ոսկեջրած անոթներ` թասեր, կուլաներ, ղեյլանի և չիբուխի գլուխներ և այլն. հինգերորդի վրա` գեղեցիկ չինեական ամաններ, վեցերորդի և յոթներորդի վրա` զանազան տեսակ նուրբ մետաքսեղեն և շալեղեն գործվածներ հարեմի կանանց հագուստի համար:
– Ի՞նչ նեղություն եք քաշել, – խոսեց խանը այդ բոլորը տեսնելուց հետո, – դուք ինձ չափազանց ամաչեցնում եք ձեր առատաձեռնությամբ. ես, իրավն ասեմ, չգիտեմ, թե ինչով կարող եմ դուրս գալ ձեր պարտավորությունից:
– Այդ բոլորը ոչինչ նշանակություն չունին ձեր բարեսրտության առջև, – պատասխանեց իշխանը ուրախ ժպիտով, – ես դերվիշի նման ձեզ համար մի հատիկ մեխակ*** եմ բերել և ավելի ոչինչ:
Այդ միջոցին կանգնեցրին վրանի առջև իշխանի բերած երեք ազնիվ նժույգները իրանց գեղեցիկ ասպազենով:
– Փա՛հ… փա՛հ… փա՛հ… մաշալլա… – բացականչեց խանը հիացմունքով, – դրանք, երևի, ձեր սեփական երամակիցն են, թե ոչ, Սյունաց ամբողջ նահանգում այս տեսակ ձիաներ չկան:
– Այո՜, իմ սեփական երամակիցն են, – պատասխանեց իշխանը և հրամայեց ձիապաններին, որ շուռ տան նժույգները, որպեսզի խանը տեսնե նրանց ձախ ոտի ազդրի վրա իր դրոշմը, որ էր հայոց Թ տառը:
«Փեշքեշի» ձիան ատամներին չեն նայում, ասում է հասարակաց առածը, բայց խանը կամենում էր տեղեկանալ նժույգների տոհմը, ծագումը, կարծես, փողը նաղդ էր տվել. և այդ ավելի վրդովեցնում էր իշխանին, թեև նա ամեն կերպով աշխատում էր ծածկել իր խռովությունը:
– Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, – ասաց խանը ծանրությամբ, – ես վաղուց գիտեի, որ դուք շատ լավ մարդ եք, իսկ այժմ ուրախ եմ, որ ես սխալված չեմ եղել իմ կարծիքի մեջ:
Այնուհետև նա հրամայեց իր ախոռապետին, որ նժույգները տանել տա և խառնե իր ձիաների երամակի հետ, իսկ սանդուխտարին (գանձապահին) հրամայեց, որ սինիների մեջ բերված ընծաները տանե իր սանդուխանան (գանձարանը):







