Դավիթ Բեկ

- -
- 100%
- +
– Երևի որդիների հետ է խոսում, – ասաց խանը, մի առանձին սնահավատությամբ նայելով դերվիշի վրա:
Նա միևնույն դրության մեջ բոլորովին քնեց, դարձյալ իր ձեռքից բաց չթողնելով ղեյլանը: Մանկլավիկներից մեկը վեր առեց ղեյլանը և ծածկեց նրան թանկագին շալից կարված մի թեթև վերմակով: Իհարկե, եթե դերվիշը տեսներ այդ, շատ պիտի վիրավորվեր, որ նրա ճգնություններով սպանված մարմինը ծածկում էին այս տեսակ շքեղ վերմակով:
Ճաշելուց հետո, երբ վերքաղեցին սեղանը, դարձյալ լվացվելու ջուր բերեցին. այնուհետև փոքրիկ, նախշուն ֆինջաններով մատուցին սուրճ առանց շաքարի: Բոլորից վերջը տրվեցավ ղեյլան, բայց ոչ դերվիշի դառն ղեյլանի նման, այլ պատրաստված Պարսկաստանի անուշահոտ ծխախոտից:
– Հիմա ժամանակ է մեզ արձակել, խան, – ասաց Թորոս իշխանը, շնորհակալություն հայտնելով նրա հյուրասիրության համար:
– Ինչպե՞ս կարելի է, դեռ մենք ձեզ ոչինչ ծառայություն չենք ցույց տված, – պատասխանեց խանը ներողություն խնդրելով, – դուք պիտի մնաք մի քանի օրեր, մի քանի շաբաթներ, որ մենք կատարելապես կարողանանք ձեր պարտավորությունից դուրս գալ:
Իշխանը նույն կեղծ-քաղաքավարական ոճով հայտնեց, որ ինքը չափազանց շնորհակալ է խանից, որ կատարեց նրա խնդիրքը և իրան միշտ բախտավոր կհամարե, որ վայելում է նրա բարեկամությունը, և հույս ունի, որ այդ բարեկամությունը անխախտ կմնա, եթե խռովարար մարդիկ չխանգարեն նրան: Վերջին խոսքերով նա ակնարկում էր երկու հայ մելիքների վրա:
– Դուք այդ մասին անհոգ կացեք, իշխան, – պատասխանեց խանը երդվելով, – իմ հոր գերեզմանում թո՜ղ կրակ լցրած լինեմ, եթե ձեր մի մազը փոխելու լինեմ հազար այն տեսակ մարդիկների հետ:
Հետո հրամայեց նա իր սանդուխտարին (գանձապահին) իշխանի և պատանի Ստեփաննոսի համար պատրաստեն ընծաներ: Իշխանի համար դուրս բերեցին մի փառավոր վերարկու (ջուբա) որ կարված էր Քիշմիրի թանկագին շալից և զարդարած ոսկե թելերով: Այդ վերարկուն խանի սեփական վերարկուն էր, որ մի անգամ միայն հագել էր նա, երբ ներկայացավ պարսից շահին. այժմ ընծայելով իշխանին, պարսից մեծերի սովորությամբ մի առանձին պատիվ էր անում իշխանին, պարգևելով մի այնպիսի խալաթ††††, որ վեր էր առնված նորին գերազանցության` խանի սեփական թիկունքից: Բացի դրանից, ըծայեց նրան մի գեղեցիկ ջոհվարդար‡‡‡‡ թուր, Խորասանի գործ, արծաթյա պատյանով և թանկագին ակներով զարդարած երախակալով: Պատանի Ստեփաննոսի ընծաները ավելի հրապուրիչ էին. նա ստացավ մի ալմաստ մատանի և զենքերի մի ամբողջ թախում` թուր, հրացան, ատրճանակներ, գնդակի և վառոդի ամաններ, բոլորը ոսկեզօծ, արծաթով զարդարած և սև սևադով մինտ արած: Բացի դրանից, նա ստացավ մի գեղեցիկ նժույգ իր ամբողջ ասպազենքով:
Պատանի Ստեփաննոսին խիստ ծանր էր ընծաներ ընդունել այն գազանի ձեռքից, որ թաթախված էր իր հոր, իր մոր և իր ազգատոհմի արյունով: Այնուամենայնիվ, նա զսպեց իր մեջ վրեժխնդրության զգացմունքը, և խոնարհվելով ընդունված քաղաքավարական ձևերին, հայտնեց իր շնորհակալությունը խանի առատաձեռնության և բարեսրտության մասին:
Թե՜ իշխանի և թե՜ պատանու նժույգները արդեն կանգնեցրած էին վրանի հանդեպ. նրանք դուրս եկան, և խանը թափելով շողոքորթության և բարեկամական արտահայտությունների մի ամբողջ հեղեղ, ճանապարհ դրեց նրանց մինչև նժույգների մոտ: Նա իր ձեռքով բռնեց իշխանի նժույգի ասպանդակը և հրավիրեց նստել:
– Այդ արդեն չափից դուրս է, – ասաց իշխանը հրաժարվելով:
Խանը խնդրում էր ընդունել այդ ծառայությունը, որ նրա հյուրասիրության և բարեկամության մտերմության ավելի ազդու արտահայտությունն էր: Բայց իշխանը չկամենալով մինչև այս աստիճան ստորացնել նրան, ինքը թռավ թամբի վրա, առանց ընդունելու նրա ձեռքից ասպանդակը: Պատանի Ստեփաննոսը իր նոր զենքերով զինավորված, արդեն գտնվում էր իր նժույգի վրա: Հայոց ձիավորների խմբից լսելի եղավ փողի ձայնը, որ նշան էր հրաժեշտի:
– Մնաք բարյավ, խան, – ասեցին իշխանը և պատանի Ստեփաննոսը, իրանց նժույգների վրայից գլուխ տալով:
– Բարի ճանապարհ, – պատասխանեց խանը, նույնպես գլուխ տալով:
Վերադառնալով իր վրանը, նա իր մտքում ասաց. «Ես քո հպարտությունը, շուն հայ, մի խեցեղեն ամանի նման ոտքերիս տակ կփշրեմ…»:
ԺԱ
Մինչև այժմ երկու մելիքների շահերը համաձայն և լծորդաբար էին ընթանում: Նրանց միաբանությունը` հայ գերիների շղթայակապ մնալու, պատանի Ստեփաննոսի սպանման և Գենվազի գավառը իր միակ ժառանգից զրկելու վերաբերությամբ` բոլորովին անկեղծ էր: Բայց երբ այդ բոլոր մեքենայությունները ոչնչացան, երբ գերիները ազատություն ստացան և Թորոս իշխանը հաղթող հանդիսացավ, այնուհետև երկու մելիքների միաբանությունը սկսեց փոքր առ փոքր խախտվել: Մինչև այժմ նրանք միաբան էին մեկ խորհրդի մեջ միայն, այն է` Գենվազի գավառը զրկել իր միակ ժառանգից` Ստեփաննոսից, բայց թե նրանից հետո ո՞ւմ կմնար այդ գավառը, – վերջին հարցում երկուսի էլ շահերը տարբերվում էին: Մելիք Ֆրանգյուլը ցանկանում էր իր ձեռքը ձգել Գենվազը և ամբողջ Ղափանի իշխանը դառնալ, իսկ մելիք Դավիթը նույն իշխանությունը իրան էր վերապահում: Մելիք Ֆրանգյուլը աշխատում էր օգուտ քաղել մելիք Դավիթի և նրա աղջկա աջակցությունից միայն սկզբնական գործողությունների համար, բայց երբ նա պարզ նկատեց, որ աղջիկը բոլորովին հակառակ է իր հորը, այնուհետև ավելի ցած ընկավ այդ մարդու նշանակությունը իր աչքում և ավելի հաստատ կերպով համոզվեցավ իր հույսերի մեջ, թե կարող է նրան ասպարեզից դուրս քշել:
Մելիք Դավիթը իր կողմից նկատում էր, որ իր վարկը, իր նշանակությունը հետզհետե ցած է ընկնում իր գործակցի աչքում, որ նա մինչև անգամ դադարել է իր հետ խորհրդակցելուց և ինչ-որ գաղտնի ձեռնարկության պատրաստություններ է տեսնում: Մելիք Ֆրանգյուլի այդ ծածկամտությունը ավելի զայրացրեց նրան, «ես քո հերը կանիծեմ»… ասաց նա իր մտքում և դուրս եկավ վրանից, անհամբերությամբ սպասում էր իր ծառային, որին ուղարկել էր ներքինապետ Ահմեդի մոտ լուր բերելու: Ուրացողը ներքինապետի միջնորդությամբ կրկին փորձ փորձեց տեսնվելու իր աղջկա հետ, հայտնելով, թե ինքը գնալու է Տաթև և ցանկանում է նրան մնաք բարով ասել: Ծառան վերադարձավ, բերելով ուրախալի լուրը, թե տիկինը բերեհաճել է ընդունել նրան:
Գիշեր էր: Մելիք Ֆրանգյուլը այս գիշեր նույնպես առանձին տեսություն էր խնդրել խանի հետ և գնացել էր նրա մոտ, առանց այդ մասին իմացում տալու մելիք Դավիթին: Ընկերոջ այդ վարմունքը ավելի կասկածանքի մեջ էր դնում նրան: Այս պատճառով նա վարձել էր խանի մանկլավիկներից մեկին, որ լրտեսե մելիքի խոսակցությունը խանի հետ և իրան տեղեկություն տա:
Սյուրին ընդունեց հորը մի առանձին վրանում, որ լուսավորված էր լապտերի լույսով և գտնվում էր կանանոցից դուրս: Այնտեղ կանգնած էր միայն ծերունի ներքինապետը, իսկ տիկինը նստած էր գորգի վրա, և ինքն էլ չգիտեր` թե ինչո՞ւ նրան հետաքրքրում էր համբարել գորգի փոքրիկ քառակուսիները: Տեսնելով հորը, նա դարձավ դեպի ներքինապետը.
– Ահմեդ, դուք կարող եք վրանի դրսում սպասել:
Ծերունին հեռացավ և նստեց վրանի կողքին, խոտերի վրա: Սյուրին դեռ գլուխը խոնարհեցրած, աչքերը չէր հեռացնում գորգից. հոր այցելությունը խանգարեց նրան և մոռացավ գորգի եզերքի մի անգամ համբարած քառակուսիների թիվը: Նա սկսեց կրկին համբարել: Աղջկա սառն ընդունելությունը սաստիկ վշտացրեց հորը, բայց նա զսպելով իր վրդովմունքը, սկսեց հայրական մեղմ և գթառատ խոսքերով կշտամբել նրա սառնասրտությունը, – սկսեց հիշեցնել նրան, թե ինքը հայր է, թե հոր պատիվը, հոր հարգանքը ինքն աստված հրամայում է զավակներին, թե զավակները իրանց պարտավորությունը այլ կերպ կատարած չեն կարող լինել, բայց միայն սիրելով և հնազանդվելով իրանց ծնողներին:
– Դու գիտե՞ս, Սյուրի, – վերջացրեց նա իր քարոզը, – ես ծերացել եմ, այս աշխարհում իմ միակ հույսը, իմ միակ մխիթարությունը դու ես մնացել: Աստված ինձ ուրիշ զավակներ չտվեց. եղածները բոլորը մեռան: Եթե դու ևս չմխիթարես քո հոր ծերությունը, ի՞նչ կլինի նրա վիճակը:
Սյուրին դեռ նայում էր գորգի վրա, այժմ սկսել էր համբարել նրա մյուս եզերքի քառակուսիները:
– Ես շրջապատված եմ թշնամիներով, – շարունակեց հայրը, – իմ խորհրդակիցները, իմ մտերիմներն անգամ փոս են փորում իմ առջև: Ամեն կողմից աշխատում եմ ինձ ցած գցել, ամեն կողմից պատրաստվում են խլել իմ փառքը: Իմ ծերությունը խայտառակությունով կվերջանա, եթե դու չօգնես ինձ: Դու այն գավազանն ես, որ պետք է նեցուկ լինի ծերունի հորը, որի վրա հենած, նա պետք է շարունակե իր ընթացքը: Բայց դու այն աստիճան անգութ ես, Սյուրի, որ մինչև անգամ մերժում ես հոր այցելությունը:
Սյուրին լսեց վերջին խոսքերը միայն: Նա անգիտակցաբար համբարում էր գորգի քառակուսիները, բայց նրա միտքը թռել, սլացել էր հեռու և հեռու, այն պատանու մոտ, որին Թորոս իշխանը այսօր իր հետ տարավ:
– Այո՜, ես առավոտյան մերժեցի քո այցելությունը, – պատասխանեց նա, գլուխը վեր բարձրացնելով և այժմ միայն ուղիղ կերպով նայելով հոր երեսին: – Հիմա ընդունեցի: Ի՞նչ ասելիք ունես:
Այդ հարցը ավելի խոր խոցեց հոր սիրտը: Կնշանակե նա չէր լսում իր խոսքերը, կնշանակե ոչինչ ազդեցություն չունեցան իր քարոզները: Նրա հույսերը բոլորովին ջարդ ու փշուր եղան, բայց դարձյալ չկորցնելով իր վստահությունը, ասաց.
– Սյուրի, դու պետք է միջնորդես խանի մոտ, որ Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը ինձ հանձնե: Դու կարող ես այդ անել:
– Ես կարող եմ, բայց չեմ անի:
– Ինչո՞ւ:
– Ես չէի ցանկանա, որ Գենվազի և Բարգյուշատի հայ բնակիչները այնքան տանջվեին քո ձեռքում, որ գային խանի դռանը և իրանց կրակ տային, այրվեին, ինչպես այրվեցին այսօր տաթևացիները:
– Սյուրի, ընդունիր իմ խնդիրքը, աղաչում եմ, – առաջ տարավ նա ողորմելի ձայնով: – Եթե ծերունի հայրը ոչինչ հարգանք չունի քեզ մոտ, գոնե հիշիր մորդ, որ նրա կինն է եղել, որին սիրում էիր դու:
– Որին դու սպանեցիր… – պատասխանեց Սյուրին և նրա աչքերը վառվեցան կատաղի բարկությամբ:
– Ե՞ս… – բացականչեց հայրը սարսափելով. – աստված կպատժե քեզ, Սյուրի, որ այսպես չարաչար կերպով զրպարտում ես հորդ:
– Եթե աստծո պատիժները շուտ վրա հասնեին, դու այժմ այս աշխարհում չպիտի լինեիր… – պատասխանեց նա դողդոջուն ձայնով: – Կրկնում եմ, դու սպանեցիր իմ մորը: Դու ուրացար Լուսավորչի սուրբ հավատը Տաթևի մելիքությունը ստանալու համար և այնուհետև քո տունը լցրիր մահմեդական կնիկներով: Խեղճ մայրս չկամեցավ ապրել ուրացող ամուսնու հետ, թողեց քո տունը և գնաց իր հոր տունը: Քանի՞ անգամ քարշ տվեցին նրան և կամենում էիր բռնությամբ քեզ մոտ պահել, բայց դարձյալ փախչում էր նա: Քանի՞ անգամ գանակոծվեցավ նա քո անգութ ձեռքերից: Բայց այս բոլոր տանջանքներին կհամբերեր նա, եթե դու չխլեիր նրա միակ աղջիկը – ինձ, և չգցեիր մահմեդական հարեմի մեջ: Ես երբեք չեմ մոռանա այն սգավոր և ցավալի օրը, երբ խեղճ մայրս, արտասուքը աչքերում, տարածվել էր գետնի վրա, գրկել էր քո ոտները: Մյուս կողմում կանգնած էին խանի ներքինիները, իսկ մեջտեղում – ես: Մայրս աղաչում էր, պաղատում էր քեզ, որ ինձ խանի մարդկանց ձեռքը չտաս: Ես լաց էի լինում: Դու, առ ոչինչ համարելով իմ և մորս արտասուքը, ինձ հանձնեցիր նրանց ձեռքը: Մայրս կատաղությամբ վրա վազեց, ինձ բռնեց, և երկար կռվելով նրանց հետ, չէր թողնում, որ ինձ տանեն: Դու բռունցքով զարկեցիր մորս գլխին, նա ուշաթափ ընկավ գետնի վրա և այնուհետև չվերկացավ նա…
Մի ուրիշ մարդ, մելիք Դավիթի փոխարեն, հարազատ դստեր բերանից լսելով այդ անեծքը, լսելով այդ բոլոր դատապարտական խոսքերը, կզղջար, կփոշմաներ իր եղեռնագործության համար, բայց նա, տեսնելով, որ իր մեղմ, գրավիչ խրատներով չկարողացավ համոզել նրան, մտածեց վախեցնել աղջկան:
– Բայց ես չեմ կարծում, որ քո մոր հիշատակը այնքան վրդովեցներ քեզ իմ դեմ, որքան մի ուրիշ բան…
– Ի՞նչ բան, – հարցրեց Սյուրին, սրբելով աչքերից արտասուքը, որ հեղեղի նման թափվում էր մոր պատմությունը անելու ժամանակ:
– Այն բանը, որ ես քեզ խլեցի քո սիրականի գրկից… որը այսօր քո շնորհիվ ազատություն գտավ… որի վերքերը դու դարմանում էիր բանտի մեջ… և որի հետ դեռ մտածում ես շարունակել քո հին հիմարությունները…
– Այդ բոլորը ճիշտ է, – պատասխանեց Սյուրին սառնությամբ: – Ես Ստեփանին սիրում էի առաջ, սիրում եմ և այս րոպեիս: Այո՜, դու ինձ խլեցիր նրա գրկից և ես այդ չեմ ների քեզ:
– Եվ կաշխատես կրկին նրա գիրկն ընկնել…
– Կաշխատեմ…
– Եվ կաշխատես Գենվազի իշխանությունը նրան վերադարձնել…
– Կաշխատեմ…
– Եվ կաշխատես հետո փախչել գնալ նրա մոտ…
– Կաշխատեմ…
– Բայց գիտե՞ս ես ինչ կանեմ…
– Դու ինձ կմատնես… դու այդ բոլորը կհայտնեց խանին…
– Լավ հասկացար, – պատասխանեց հայրը կատաղի բարկությամբ: – Բայց գիտե՞ս խանը քեզ ինչ կանե:
– Խանը ինձ խեղդել կտա:
– Հիմա լավ մտածիր, իզուր տեղը մի՜ բարկացրու հորդ:
– Ես բոլորը մտածել եմ. ինձ մնում է երկու բան` կամ մեռնել, կամ «նրա» հետ ապրել:
Մելիք Դավիթը չէր կարծում, թե կհանդիպի այս աստիճան հաստատամտություն իր աղջկա կողմից: Նա զգաց իր սխալը, որ խոսակցությունը ծայրահեղության հասցրեց, այս պատճառով փորձ փորձեց շարժել Սյուրիի գթասրտությունը:
– Ծերունի հայրդ ներողություն է խնդրում քեզանից, Սյուրի, – առաց նա, բռնելով նրա ձեռքը: – Մոռացի՛ր բոլորը, ես մեղավոր եմ քո առջև, մեղավոր եմ և քո հանգուցյալ մոր առջև…
Այդ միջոցին նրա աչքերում երևացին մինչև անգամ արտասուքի կաթիլներ: Բայց Սյուրին թափ տվեց նրա ձեռքը և վեր կացավ, ասելով.
– Ես կմոռանայի բոլորը, եթե հավատայի, որ քո խոստովանությունը անկեղծ է: Բայց դու խաբում ես ինձ:
– Աստված, երկինք, գետինք վկա, որ չեմ խաբում: Դու զարթեցրիր իմ մեջ մեռած խիղճս, Սյուրի, դու կրկին վառեցիր ծնողական գութը, որ հանգած էր իմ սրտում: Մորդ ուրվականը գիշեր և ցերեկ հալածում է ինձ, հանգստություն չէ տալիս: Նա կներե ինձ, եթե դու ներես:
Վերջին խոսքերը ազդեցին Սյուրիի սրտին: Նա պատրաստ էր գրկել իր հորը, համբուրել նրա շրթունքը, որ արտասանեցին այդ տխուր, ապաշխարության խոսքերը, որ առաջին անգամն էր լսում նրա բերանից: Բայց այդ միջոցին վրանի մուտքի առջև արձանացավ ծերունի ներքինապետի զայրացած պատկերը և լսելի եղավ նրա սպառնական ձայնը.
– Դու, – ասաց նա մելիքին, – նախ քան մեղանչելը քո ընտանիքի, քո զավակի և քո անբախտ կնոջ առջև, մեղանչել ես քո ազգի առջև, որի որդիքը, քո հարստահարություններից ազատվելու համար, այսօր իրանց այրեցին: Դու մեղանչել ես Հիսուս Քրիստոսի առջև, որովհետև ուրացար մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի կրոնը: Ոչ ոք չի կարող ներել քեզ, մինչև ազգը և եկեղեցին չներեն քեզ: Եթե քո խոսքերը ճշմարիտ են, եթե զարթել է քո մեջ խիղճը, գնա՜, մտի՜ր Տաթևի վանքի մեջ, որ քո ձեռքով քանդեցիր, որի սրբությունները կողոպտեցիր, – գնա մտիր նրա տաճարի մեջ և այնտեղ ներողություն խնդրիր: Այն ժամանակ բոլորը կհաշտվեն քեզ հետ, թե ազգը, թե եկեղեցին, և թե քո զավակը: Բայց քանի որ դու քո փառասիրության համար ոտնակոխ կանես ամեն սրբություն, ամեն մարդ անեծք կթափե քո գլխին: Ինչո՞ւ ես մոլորեցնում այդ անբախտ աղջկան. ինչո՞ւ ես աշխատում նրան գործիք շինել քո չար դիտավորություններին: Բավական չէ՞, որ Տաթևի ամբողջ գավառը տանջվում է քո ձեռքում, հիմա կամենում ես Գենվազը և Բարգյուշատն է՞լ ձեռք գցել: Այդ չես կարող հաջողեցնել: Այդ երկու գավառները պատկանում են այն պատանուն, որի հոր իշխանությունը ոչնչացավ քո սատանայական դավաճանությամբ, որը այդ կնոջ օրինավոր նշանածն էր: Բայց դու ոտնակոխ արեցիր թե քահանայի օրհնությունը, թե աղջկա սերը…
Վերջին խոսքերը կրկին բաց արեցին Սյուրիի վերքերը, կրկինի զարթեցրին նրա մեջ վաղեմի դառն ատելությունը դեպի իր հայրը: Մելիք Դավիթը մի քանի րոպե մնաց շանթահարի նման պապանձված, և ոչ մի խոսք չգտավ պատասխանելու: Ո՞րտեղից հայտնվեցավ այդ սատանան. մի՞թե նա լսում էր դրսից իր բոլոր խոսակցությունները: Մելիք Դավիթը պատրաստ էր իր սուրը նրա կողքը խրել, այդ կլիներ ամենաազդու պատասխանը նրա կարծիքով, բայց խանի ներքինապետի վրա ձեռք բարձրցնելու չափ նա քաջություն չուներ: Այդ պատճառով ասաց նա չար ծաղրածությամբ.
– Մի հայ, որին կոչում են Ահմեդ, փոխանակ ուրիշներին խրատներ տալու, ավելի լավ կանե, եթե նախ ինքը գնա, մտնե Տաթևի վանքը և կրկին ընդունե քրիստոնեությունը…
Մելիքի ակնարկությունը չափազանց վիրավորական էր: Ներքինապետը կծու կերպով պատասխանեց նրան.
– Ես այդ վաղուց կանեի, եթե հարկադրված չլինեի, Ահմեդ անվան տակ ծածկվելով, պաշտպանել իմ ազգայինների ձեզպիսիների չարագործություններից: Ես հույս ունեմ, որ մեր Լուսավորիչ պապը կներե ինձ, որովհետև երբեք դավաճանած չեմ նրա եկեղեցուն, այլ որքան կարողացել եմ, պահպանել եմ նրա գառները ձեզ նման գայլերից…
– Եվ դու կվարձատրվես այդ ծառայություններիդ համար…
– Չլինի՞ թե դիտավորություն ունես ինձ ևս մատնելու, – խոսեց ներքինապետը զայրացած կերպով. – հրամայեցեք, ճանապարհը ձեզ ցույց կտամ…
Մելիքը վեր կացավ և մրթմրթալով հեռացավ: Սյուրին և ներքինապետը մնացին միայնակ:
– Դու իզուր բարկացրիր նրան, Ահմեդ, – ասաց տիկինը. – նա ամեն բան պատրաստ է անել:
– Անհոգ կացեք, տիկին, ոչինչ չի կարող անել, – պատասխանեց ներքինապետը հանգստությամբ: – Նա ունի ինձ մոտ մի այնպիսի գաղտնիք, եթե խանին հայտնելու լինեմ, իսկույն նրան գլխատել կտա: Ես հենց այս գիշեր նրան զգալ կտամ, որ նրա կյանքը իմ ձեռքումն է, և նա լեզուն կքաշե…
Խորին տխրության մեջ սկսեց տիկինը դիմել դեպի իր վրանը: Նա իրան այնքան անբախտ էր զգում, որ լսում էր իր հոր մասին հարյուրավոր վիրավորական խոսքեր, բայց բարկանալու իրավունք չուներ: Ի՞նչ կարող էր ասել դառն ճշմարտությունների դեմ: Նա ուներ մի հայր, որը ոչ երկնքում և ոչ այս աշխարհում ոչ մի հատիկ բարեկամ չուներ, որին դավաճանած չլիներ: Նա մինչև անգամ հանցավոր էր խանի մոտ, որի բարերարությունները վայելում էր:
ԺԲ
Երբ մելիք Դավիթը աշխատում էր Սյուրիի աջակցությունը որսալ, նրան իր նոր նենգավորությունների գործիք դարձնել, այդ ժամանակ մելիք Ֆրանգյուլը տխուր, հուսահատական դրության մեջ դուրս եկավ խանի վրանից: Նա գնացել էր խանի մոտ խնդրելու, որ Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը իրան հանձնե, բայց մերժում ստացավ, թեև խոստանում էր յուրաքանչյուր տարի վճարել խանին հինգ հազար թուման փող, երեք հազար թաղար ցորյան, երկու հազար թաղար գարի, և ամեն տարի երկու հատ գեղեցիկ հայ աղջիկներ հարեմի համար:
Դուրս գալով խանի վրայից, նա. մոլորվածի նման, չգիտեր դեպի ո’ր կողմը գնալ: Գնա՞լ իր իջևանը, ուր ամոթալի դեմքով պիտի հանդիպեր մելիք Դավիթին, – այդ մեռնելու չափ անտանելի էր նրան: Նա իր շահերը բաժանեց մելիք Դավիթից, թողեց նրան և սկսեց առանձին գործել, վստահացած լինելով, թե հաջողություն կգտնե և միայնակ Գենվազը ու Բարգյուշատը իր ձեռքը կգցե: Իսկ այժմ նրա բոլոր հույսերը իզուր անցան: Նա այնքան չէր ցավում, որ զրկվում է երկու հարուստ գավառների իշխանությունից, որքան ամաչում էր հանդիպել մելիք Դավիթին և լսել նրա այսօրինակ հեգնական խոսքերը. – բարեկամ, «շունը շան թաթը չի կոխի», դու ուզում էիր հալվան մինակ ուտել և ընկերիդ չտալ, դրա համար էլ աստված քեզ պատժեց: Իհարկե, եթե մելիք Ֆրանգյուլին հայտնի լիներ իր ընկերոջ գտած նախատական ընդունելությունը Սյուրիի մոտ, նա այնքան չէր տանջվի և բոլորովին հուսակտուր չէր լինի: Նա կմտածեր եթե ոչ այսօր, գուցե վաղը, մյուս օրը դարձյալ կարող էր հասնել իր նպատակին: Բայց նա հավատացած էր, որ որքան էլ թշնամական լինեին աղջկա հարաբերությունները հոր հետ, դարձյալ Սյուրին իր հոր կողմը կբռներ: Այժմ ի՞նչ անել, ո՞ւր գնալ: Նա մնացել էր մոլորված: Հպարտությունը խեղդում էր նրան: Մտածում էր գնալ, ձի նստել և գիշերով հեռանալ, առանց մելիք Դավիթի կամ մի այլ մարդու հետ տեսնվելու: Գոնե այսպիսով ազատ կմնար ամոթից և նախատինքից: Բայց ո՞ւր գնալ, – այդ հարցը դարձյալ դժվարության մեջ էր դնում նրան: Գնալ իր տունը: Բայց ի՞նչ երեսով նայել իր կնոջ, իր որդիների վրա, որոնք մեծ անհամբերությամբ սպասում են նրա վերադարձին, սպասում են դիմավորել նրան նոր փառքով, Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը ստացած: Ի՞նչ պատասխան տալ իր տանուտերներին, որոնց առաջմանե գրած էր, թե նա արդեն ստացել է այդ երկու գավառների իշխանությունը և մելիք Դավիթը կորցրել էր իր նշանակությունը:
Մի հզոր պաշտպան, մի զորեղ ձեռք պետք է, որ նրան դուրս բերեր իր անել դրությունից: Ո՞ւմը դիմել, ո՞ւմ օգնությունը խնդրել: Խանից նա մերժվեցավ: Այժմ ո՞վ կարող էր ազդել, ներգործել խանի վրա: Ո՞վ կարող էր միջնորդ և բարեխոս լինել նրա և խանի մեջ: Նա մտաբերեց ցեղի իմամին, մի մարդու, որին բոլորը պաշտում էին, թե՜ խանը և թե՜ նրա մահմեդական ժողովուրդը: Եվ առանց իրան հաշիվ տալու, նա սկսեց անգիտակցաբար իր անվճռական քայլերը ուղղել դեպի նրա վրանը: Նա միայնակ էր, իր հետ ուներ ծառաներից մեկը միայն: Իմամի վրանը գտնվում էր բավական հեռու, Չալաբիանների չադրների մոտ: Պետք էր անցնել մի քանի բլուրներ, մի քանի ձորեր: Մելիք Ֆրանգյուլը ցանկանում էր, որ այդ ճանապարհը ավելի ևս երկար լիներ, մինչև աշխարհիս ծայրը, որ գնար, գնար և չհասներ: Մի՞թե ակամա էր գնում նա, թե ցանկանում էր` ճանապարհի երկարության ընթացքում ավելի լավ խորհել, ավելի լավ քննադատել այն ձեռնարկությունը, որին դիմում էր… Առայժմ դատարկ հույսը նրան ավելի էր մխիթարում, քան կատարված իրողությունը, որ թանկ գնով պիտի ստանար… Գիշերային խավարը ծածկում էր նրան ուշացած հովիվների տեսությունից, որ անցնում էին լեռների միջով: Ի՛նչ լավ կլիներ, որ միշտ գիշեր լիներ և նրան ոչ ոք չտեսներ: Նա նմանում էր մի գողի, որ մթություն է սիրում: Նա նմանում էր մի եղեռնագործի, որ փախչում է մարդկային հասարակությունից, անապատների խլության մեջ հանգստացնելու խղճի խայթը…
Կես ճանապարհի վրա նա կանգ առեց: Մի քանի րոպե մնաց մեխված գետնի հետ: Չգիտեր հետ դառնալ, թե առաջ գնալ: Նրա սիրտը բաբախում էր և գլխի մեջ կատարվում էր խառն մտածությունների մի ամբողջ պատերազմ: Վճռեց հետ դառնալ: Բայց այժմ ոչ այն ճանապարհով, որով եկել էր, կարծես, ճանապարհի տարբերությունը կարող էր հանգստացնել նրան: Հանկարծ հիշեց նա խանի խոսքը, որի հիման վրա մերժեց նրան Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը. «Թորոս իշխանի հետ ունեցած մեր այժմյան բարեկամական հարաբերությունները թույլ չեն տալիս ինձ այդ երկու գավառների կառավարությունը հանձնել մի այնպիսի մարդու, որին իշխանը իրան թշնամի է համարում»: Ուրեմն նա չկամեցավ վիրավորել իշխանի անձնասիրությունը, չկամեցավ նրա քրոջ որդու (Ստեփաննոսի) երկրները հանձնել մի մարդու, որը Թորոսի ընտանիքի հետ տոհմային թշնամություն ուներ: Այդ հիմար պարսիկը, մտածում էր մելիքը, եթե խելք ունենար, պետք է օգուտ քաղեր այդ հանգամանքից, պետք է բռնությամբ գրաված երկրների կառավարությունը հանձներ հենց իրան, որովհետև նրանց նախկին տիրոջ թշնամին էր ինքը: Դրանով ավելի ապահովացրած կլիներ խանը իր իշխանությունը այդ երկրների վրա: Մյուս կողմից, մելիքին տանջում էր մի այլ միտք. Թորոսը այնքան հպարտ էր, իհարկե, չէր ցանկանա փողով գրավել խանին և կրկին ձեռք բերել այդ երկրների իշխանությունը իր քրոջ որդու` Ստեփաննոսի համար, որին այսօր գերությունից ազատեց, որը այդ երկրների օրինավոր տերը և ժառանգն էր: Նա կպատրաստվեր զենքի ուժով գրավված երկրները հետ խլել նույնպես զենքով: – Այդ բոլորը նա հայտնեց խանին, հայտնեց, որ այդ երկրների կառավարությունը իրան հանձնելը միակ երաշխավորությունն է խանի իշխանությունը նրանց վրա հաստատ պահելու համար: Բայց «հիմար» պարսիկը չհասկացավ. նա ավելի գերադասեց իր կեղծ բարեկամությունը Թորոսի հետ, քան մելիք Ֆրանգյուլի հավատարիմ ծառայությունը:
Բայց ինչպե՞ս կարող էր մելիք Ֆրանգյուլը այդ բոլոր անարգանքը տանել: Ինքը թշնամի էր Թորոսի հետ, իր հայրը թշնամի էր նրա հոր հետ, իր պապը թշնամի էր նրա պապի հետ: Այդ երկու ընտանիքների մեջ ատելությունը անցել էր սերունդից սերունդ և կնքված էր բազմաթիվ զոհերի արյունով: Այժմ նույն մարդը դուրս էր գալիս իր առջև որպես մի հզոր ախոյան: Պետք էր ընկճվե՞լ նրա առջև: Այդ անկարելի էր: Պետք էր ջարդուփշուր անել նրա դիտավորությունները: Թեև մելիքին չհաջողվեցավ Ստեփաննոսին խեղդել տալ բանտի մեջ, թեև նրան չհաջողվեցավ հայ գերիներին մաշել տալ բանտի մեջ, – բայց նա պետք է հաջողեցնե Գենվազի և Բարգյուշատի մելիքը լինել, թեև այդ իշխանությունը գնվելու լիներ այն բանով, որ աշխարհի մեջ ամենաթանկագինը և ամենասուրբն է նրա համար… Այդ մտքով նա կրկին հետ դարձավ և շարունակեց իր ճանապարհը դեպի իմամի վրանը:
Մի քանի րոպե առաջ նա գտնվում էր տատանման մեջ: Իսկ այժմ նախանձը, ատելությունը, կույր փառասիրությունը եռ էին տալիս նրա սրտում: Մի քանի րոպե առաջ նրան տանջում էր միայն ամոթի և հպարտության զգացմունքը, իսկ այժմ նրան բորբոքում էր վրեժխնդրության կիրքը: Պետք էր պատժել Թորոսին, այնուհետև նրա բոլոր թշնամիները կորագլուխ կլինեին նրա առջև:
Ճանապարհին նա ստեղծեց մի ամբողջ պատմություն, որի առիթով պիտի ներկայանաի իմամին: Նրա ուղեղը, որ մինչև այժմ բոլորովին մռայլված էր, նրա մտածությունները, որ մինչև այժմ խառնաշփոթ դրության մեջ էին, հանկարծ որոշ կերպարանք ստացան: Նա այժմ այնքան արագ էր գնում, որ ծառան հազիվ կարողանում էր հետևել նրան: Քառորդ ժամից հետո նա հասավ իմամի վրանին:
Իմամի վրանը իր պարզությամբ չէր զանազանվում հասարակ հովիվների չադրներից: Այստեղ չկային ոչ նուրբ, մետաքսեղեն կերպասներ և ոչ թանկագին շալեր: Աստուծո մարդը, կրոնի զորավիգը իրան հեռու էր պահում աշխարհի փառքից և կյանքի շքեղությունից, եթե ոչ ներքուստ, գոնե արտաքուստ: Նա նստած էր հասարակ թաղիքի վրա և նրա մոտ դրած էին մի քանի գրքեր: Մի կողմում կուչ էր եկած դերվիշը և պատմում էր զանազան բժշկական հրաշալիքներ: Վրանում ուրիշ ոչ ոք չկար. մի մորուքավոր սպասավոր միայն կանգնած էր այնտեղ և երբեմն նորոգում էր իմամի չիբուխը, վառում էր, առաջ ինքն էր ծխում, հետո տալիս էր նրան: Դերվիշը խոսում էր Լոկմանի§§§§ վրա, ասում էր, երբ նա ծերացավ, հազար ինն հարյուր վաթսուն տարեկան դարձավ, այդ ժամանակ պատրաստեց «կենդանության կաթիլները», և իր աշակերտներին` Ալասթուին ու Աֆլաթունին***** հանձնելով, պատվիրեց նրանց, երբ ինքը կմեռնի, այն հեղուկից երեք կաթիլ կաթեցնեն իր բերանը, և ինքը իսկույն կկենդանանա: Երբ նա մեռավ, Աֆլաթունը վեր առեց հեղուկը, որ իր վարպետի պատվերի համեմատ երեք կաթիլ կաթեցնե նրա բերանը: Դեռ առաջին կաթիլն էր կաթեցրել, այդ միջոցին սատանան աներևույթ կերպով անցավ նրա մոտից, թևքով զարկեց սրվակին և հեղուկը թափեց: Լոկմանի մարմնի մի մասը միայն կենդանացավ. ոտքերից մինչև պորտը, մյուս մասը` մեջքից մինչև գլուխը մնաց մեռած: Այդ դրության մեջ ապրեց նա մինչև երկու հազար տարի: Ոտքերը կենդանի էին, ման էին գալիս, բայց գլուխը, թևքերը, մեջքը սկսեց հետզհետե լուծվել, փտել և հող դառնալ: Նրա աշակերտների բոլոր ջանքը չկարողացավ կենդանացնել նրա մարմնի մեռած մասը, որովհետև Լոկմանը «կենդանության կաթիլների» գաղտնիքը իր մոտ էր պահել:
– Բայց սատանան ի՞նչ թշնամություն ուներ Լոկմանի հետ, – հարցրեց իմամը:
– Սատանան ո՞ւմ հետ թշնամի չէ, – պատասխանեց դերվիշը, – այդ էլ բավական էր, որ Լոկմանը իր բժշկական դարմաններով պատերազմում էր մահվան դեմ և ամեն օր հարյուրավոր հիվանդների կյանք և առողջություն էր պարգևում: Իսկ կյանքը հակառակ է սատանային. նա մահվան և գերեզմանի իշխանն է:
Նրանց խոսակցությունը ընդհատեց սպասավորը, հայտնելով, թե մելիք Ֆրանգյուլը խնդրում է ներկայանալ: Իմամը մի քանի վայրկյան մտածության մեջ ընկավ, թե ինչպես ընդունե այդ «գավուրին», հետո հրամայեց վրանի մի կողմում տարածել մի կապերտի կտոր, որ նա գա, նստե նրա վրա, որպեսզի մյուս օթոցները չպղծե: Իսկ այդ կապերտի կտորը կարելի էր հետո կամ այրել, կամ դեն գցել:
Մելիք Ֆրանգյուլը ներս մտավ, խոնարհությամբ գլուխ տվեց և կանգնեց ոտքի վրա: Իմամը խնդրեց նրան նստել: Մելիքը գիտենալով մահմեդական հոգևորականների սովորությունը, գնաց, նստեց կապերտի կտորի վրա:
Իմամը թողեց մելիքին առանց ուշադրության, որպես թե նա չկար և շարունակեց իր խոսակցությունը դերվիշի հետ Լոկմանի և սատանայի մասին: Հետո նա անցավ այն մաջունին, որ պիտի պատրաստեր դերվիշը նրա ծերությունը հետ դարձնելու և նրան մանկական ուժ և թարմություն պարգևելու համար:






