Դավիթ Բեկ

- -
- 100%
- +
Մելիք Ֆրանգյուլը այն աստիճան անհանգիստ էր, կարծես, փշերի վրա էր նստած: Իմամի արհամարհանքը, նրա սառն ընդունելությունը սաստիկ վիրավորեց նրան: Նա ավելի բարվոք կհամարեր, որ գետինը պատռվեր և իրան կուլ տար, քան այնպես անպատիվ կերպով նստած լիներ պարսիկ կրոնավորի սպասում, որ ավելի բավականություն էր գտնում խոսելով մի զզվելի դերվիշի հետ, քան հայ ժողովրդի մի նշանավոր ներկայացուցչի հետ: Նա անհամբերությամբ սպասում էր, որ իր վրա ուշադրություն դարձնեն, կամ գոնե հարցնեն, թե ինչո՞ւ համար էր եկել: Նա մի քանի անգամ հազաց, մի քանի անգամ նստած տեղում այս և այն կողմը շուռ եկավ, դարձյալ նրա վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Այդ անախորժ դրությունը սպանում էր նրան, մանավանդ որ նկատում էր, երբ իմամին չիբուխ էին մատուցանում, նա դերվիշի հետ փոփոխակի կերպով ծխում էր, բայց իրան ամենևին համեցեք չէին անում, որովհետև նրա անմաքուր շրթունքը կարող էր պղծել չիբուխը:
– Ո՜վ ուղղափառների սուրբերից ամենասուրբը, մեկ խնդիրք ունեմ, – ասաց վերջապես մելիքը բացագանչական եղանակով:
Քրիստոնյա մելիքի այս եղանակով դիմելը պարսից կրոնավորին, բավական հաճոյական երևացավ նրան, և ընդհատելով իր խոսակցությունը դերվիշի հետ, հարցրեց.
– Ի՞նչ եք հրամայում:
– Քանի գիշեր է, – պատասխանեց մելիքը, – ինձ անհանգստացնում է մի երազ, հենց որ պառկում եմ, միշտ միևնույն երազն եմ տեսնում: Այդ երազի մեկնությունը ոչ ոք կարող է տալ ինձ, բացի ուղղափառների սուրբից, որի մոտ պահված են բոլոր գիտությունները, բոլորը երևելի և աներևույթ էակների գաղտնիքները: Եթե ձեր սրբությունը կբարեհաճի, ես կպատմեմ իմ երազը:
Իմամը թույլ տվեց նրան պատմել, համեստությամբ հայտնելով, թե ինքը գիտության անսահման օվկիանոսից մի քանի կաթիլի միայն արժանացած է, բայց աստուծո և մարգարեի օգնությամբ կաշխատե նրան բավականացուցիչ բացատրություններ տալ:
Մելիքը շարունակեց.
– Ինձ երևում էր, թե գտնվում եմ մի դրախտի††††† մեջ, որ զարդարած էր մշտականաչ ծառերով: Որքան նայում էի, վերջ և սահման չուներ այդ դրախտը: Որպես ծառերը, որպես ծաղիկները, այնպես էլ մարդիկը այնտեղ վայելում էին հավիտենական մանկություն: Ծերությունը, մահը և այն բոլոր չարիքները, որ ապականում են մարդու կյանքը, այնտեղ գոյություն չունեին: Այնտեղ թագավորում էր անթառամ, անվերջ կյանք միայն: Տղամարդիկը նստած էին տերևախիտ արմավենիների հովանու տակ, գոհարներով զարդարած օթոցների վրա, և թիկն էին տված մախմուռե բարձերին: Ամեն մի տղամարդի շուրջը պատել էին յոթանասունից ավելի դառահաս աղջիկներ հրաշալի գեղեցկությամբ: Նրանք հագուստի փոխարեն պատած էին սպիտակ ամպի նման թեթև և թափանցիկ մի նյութով: Այդ նազելի արարածները ուրիշ հոգ չունեին, բացի գգվելուց և փայփայելուց այն տղամարդին, որին պատկանում էին: Նրանցից ոմանք, կպած նրա կուրծքին, սանրում էին նրա երկայն ծամերը և մազերը շարում էին մարգարիտներով. ոմանք աչքերին սուրմա էին քաշում, կամ հոնքերը նախշում էին սևադեղով. մի խումբ երգում էր, մյուսը ածում էր ոսկյա քնարների վրա: Ծառերի ոստերից թռչունները ձայնակցում էին հրաշալի երաժշտությանը: Այդ թռչունները այնքան գեղեցիկ էին, որոնց նմանը ես երբեք տեսած չէի. նրանց փետուրների վրա շողշողում էին ծիածանի բոլոր վառ գույները: Նրանք լեզու ունեին, խոսում էին և հասկանում էին մարդու մտքերը: Այնտեղ բոլոր արարածները խոսում էին: Տեսնում ես, սիրուն այծյամը, ոսկյա եղջյուրներով, մոտենում է քեզ և շնորհալի կերպով գլուխ տալով, ասում է` «սալամ ալեյքում» (խաղաղություն քեզ): Լեզու ունեին մինչև անգամ ծառերը և խոսում էին ավելի քաղցր, ավելի ճարտար, քան թե հրեշտակները: Հարկավոր չէր ձեռքը մեկնել և քաղել նրանց պտուղները, բավական էր ցանկանալ միայն, և ահա բարձր արմավենին խոնարհեցնում է իր ճյուղերը և դու քաղում ես, ինչ պտուղ որ կամենում ես. ուզում ես նարինջ – նա կտա քեզ, ուզում ես թուզ – նա կտա քեզ, ուզում ես անանաս – նա կտա քեզ: Մարդիկը կերակրվում էին գլխավորապես համեղ և անուշահոտ պտուղներով, որոնց տեսակներին թիվ և չափ չկար: Նրանք խմում էին կաթ և մեղր, որ բխում էին հստակ աղբյուրներից, և միլիոնավոր վտակներով վազում էին ծաղիկների միջից, ընդունելով նրանց անուշահոտությունը: Բոլորը ինչ որ ուտում էր, ինչ որ խմում էր մարդ, լուծվում էր նրա մեջ, գոլորշիանում էր, և վարդաջրի քարեբույր կաթիլների նման, անզգալի կերպով շոգիանում էր նրա մարմնից: Այլ կերպ արտադրություն չկար: Ապականությունը հեռու էր այնտեղից: Անարատ սրբություն, անվերջ երանություն, անսահման զվարճություն, – այդ էր թագավորում այնտեղ: Մարդկանց սիրտը լի էր բավականություններով, և հոգին ուրախ զվարճություններով: Միշտ, անընդհատ կերպով վայելում էին նրանք իրանց շուրջը պատած անսպառ բարությունները, բայց ոչ հագենում էին և ոչ ձանձրանում: Ամեն մի առարկա նոր ուրախություն, նոր բերկրություն էր բաշխում նրանց: Միօրինականություն չկար: Միևնույն առարկան ամեն մի րոպե, ամեն մի վայրկյան առանձին կերպարանքով էր ներկայանում նրանց, և ամեն անգամ իր հետ բերում էր նոր հրապուրանք, նոր հրաշալիք: Գեղեցիկ, մշտադալար աղջիկները պահպանում էին իրանց հավերժական կուսությունը, որպես նրանց շրջապատող քնքուշ վարդերը, որոնք ոչ թառամում էին և ոչ փոխում իրանց գույնը: Ժամանակը չէր հնացնում նրանց, այլ օրըստօրե մանկացնում էր, բաշխելով նոր թարմություն և նոր չքնաղություն: Նրանք բոլորը ծառայում էին տղամարդերին: Տղամարդերից ամեն մեկը կարող էր ունենալ նրանցից, որքան և կամենար: Գիշեր կամ խավար չկար այնտեղ: Մանիշակագույն պարզ երկնքից արեգակը մշտապես թափում էր իր լուսափայլ ճառագայթները: Ամբողջ տարին տիրում էր կանաչ գարուն, և անձրևի փոխարեն հոտավետ ցողը զովացնում էր ճոխ բուսականությունը: Մարդիկ այնտեղ հոգ կամ վաստակ չունեին. հրաշագործ բնությունը, ինքնահորդոր կերպով, ինքն էր արտադրում ամենը, ինչ որ պետք էր մարդուն: Ամեն կողմից, հրեշտակների հոգու հետ, շնչում էր գոհություն, սեր և խաղաղություն: Ամեն կողմից լսելի էր լինում օրհնություն և փառաբանություն արարչին, որ պատրաստել էր այդ բոլորը: Այնտեղ չարություն, նախանձ, ատելություն չկար: Այնտեղ գայլը գառի հետ միասին էին ապրում: Եվ ի՞նչ առիթ ունեին կռվելու. ամեն ինչ առատ էր, ամեն տեղ տիրում էր անսահման լիություն: Պետք, կարիք կոչված բաները այնտեղ չկային: Ինչ որ ցանկանում էր մարդ – աչքի առջևը պատրաստ էր: Պետք էր կամենալ միայն, իսկ կատարածը չէր հապաղում:
Մելիք Ֆրանգյուլը իր պատանեկության հասակում, գերի ընկած լինելով Պարսկաստանում, երիտասարդությունը անցուցել էր Սպահան քաղաքի մեջ: Այնտեղ մահմեդականություն ընդունելով, ծանոթացավ պարսից գրականության և լեզվի հետ: Այդ հանգամանքները իմամին հայտնի չլինելով, նա բոլորովին զարմացավ. տեսնելով մի հայ, որ այնպես գեղեցիկ լեզվով նկարագրում էր իր երազը: Նա չկարողացավ համբերել, ընդհատեց նրա պատմությունը, ասելով.
– Երանություն եմ տալիս քեզ, ով երջանիկ մարդ, որ դուք բախտ եք ունեցել տեսնել Մուհամմեդի դրախտը, որ նա պատրաստել է իսլամի արդարների համար: Դա մի հրաշալի նշան է, որով մարգարեն կոչում է ձեզ իր գիրկը, մասնակից անելու այն բոլոր բարություններին, որ ուղղափառներըմիայն իրավունք ունեն վայելելու:
– Ես բոլորը չպատմեցի ձեզ, տեր, – պատասխանեց մելիքը տխուր ձայնով, – լսեցեք, թե նրանից հետո ինչ տեսա:
Նա շարունակեց:
– Երբ ես հիացած, խորին հոգեզմայլության մեջ նայում էի այն անհուն վայելչություններին, հանկարծ ոգիներից մեկը մոտեցավ ինձ, ասաց. «Ով մարդ, այստեղ անմաքուրների տեղը չէ, հեռացեք շուտքվ, այստեղ ապրում են սուրբերը միայն»: Երբ ես փոքր-ինչ հապաղեցա կատարելու նրա հրամանը, նա բռնեց իմ մորուքից, և հողաթափի հատի նման ձգեց օդի մեջ: Նրա բազկի թափը այնքան սաստիկ էր, որ ես երկար մղվում էի օդի մեջ, թողնելով իմ ներքև լայնատարած ծովեր, ահագին լեռներ և ընդարձակ դաշտեր: Վերջապես ես ցա ընկա մի անապատի մեջ, որ ծածկված էի վայրենի փշերով և ծակոտող տատասկներով: Ոչինչ այնքան սիրտ ճնշող և տխուր չէր կարող լինել, որպես այդ ավազոտ անապատը: Դեպի որ կողմը նայում էր, կյանքի նշույլ չկար: Ամեն տեղ տիրում էր մեռելային ամայություն: Միայն սև ագռավները երբեմն խումբերով անցնում էին վերևից և իրանց դառն կռնչյունով աղմկում էին օդի մահահրավեր լռությունը: Նրանց ձայնը, կարծես, անեծքի հառաչանքներ լիներ, որ թափվում էր երկնքից, որպես բոթաբեր աղաղակ: Իմ սիրտը կտրատվում էր անհամբերությունից, շտապում էի անցնել, հեռանալ այդ անապատից: Բայց նա վերջ և սահման չուներ: Շուտով սկսեց ինձ պաշարել երկյուղը: Դեպի ո՞ր կողմը գնամ, ի՞նչ անեմ, մտածում էի ես: Կեսօրվա ժամն էր: Արեգակը երկնքից կրակ էր թափում: Գետինը, որի վրա կանաչ բուսականության ոչ մի հետք չկար, տաքացած էր, ինչպես շիկացած երկաթ: Ամբողջ տարածությունը, կարծես, դարերով ջուր չէր տեսած, և պապակվում էր ծարավից: Այնտեղ տեսնում էի ես կմախքի նման նիհար մարդիկ, որ թափառում էին անապատի մեջ: Կարծես, արյուն կոչված բանը չկար այդ ողորմելի արարածների մեջ: Կիսամերկ, պատառոտած հագուստով, բոբիկ ոտներով թափառում էին նրանք տատասկների մեջ: Մարմնացած չքավորությունը, իր բոլոր սոսկալի տառապանքներով, միայն կարող էր նրանց նման լինել: Մի հավիտենական անեծքով դատապարտված, այդ խեղճ մարդիկը, բահի և արորի փոխարեն, իրանց ճանկերով փորում էին կորդացած երկիրը, ցանում էին նրան և ջրում էին իրանց արտասուքով: Երկինքը անձրև չէր տալիս և ոչ երկիրը բխեցնում էր աղբյուրներ: Հողը մերժում էր նրանց ցանքը և իր արգանդի մեջ խեղդում էր ծլած սերմերը: Իսկ այդ թշվառները դատապարտված էին գործելու, միշտ, անդադար գործելու, թեև առանց վաստակի, առանց արդյունքի: Աշխատության ծանրության մեջ նրանք կատարելապես անասնացել էին. մարդկային շնորհք չէր երևում նրանց մոտ: Նրանց արևակեզ զավակները, մրջիմի նման, սփռված էին անապատի մեջ, բույսերի արմատներ էին հանում երկրից և նրանով էին հագեցնում իրանց քաղցը: Ոչինչ չէր կարող այնքան ողորմելի, այնքան անբախտ լինել, որպես այդ մերկ մանկտին, որոնց մոխրագույն դեմքերի վրա ամեևին կյանքի նշույլ չկար: Ավելի թշվառ էր կնիկների դրությունը: Այդ ստրուկները մի րոպե հանգստություն չունեին: Աշխատության մեջ նրանք այն աստիճան կոշտացել, կոպտացել և վայրենացած էին, որ կորցրել էին բոլորը, ինչ որ կանացի է, ինչ որ քնքուշ ու գեղեցիկ է: Մանկահասակը չէր որոշվում պառավներից, բոլորը մաշվել, թառամել էին վաղահաս ծերության մեջ: Հագուստ չունեին նրանք, իրանց մերկությունը ծածկել էին գազանների մորթիներով: Կարծես, մի աներևույթ ձեռք անգթաբար ճնշում էր, հալածում էր, տրորում էր այդ խղճալի հասարակությունը: Բայց որքա՛ն մեծ եղավ իմ սարսափը, երբ նույն թշվառ կնիկների թվում գտա իմ կնոջը և նույն անբախտ մանուկների մեջ տեսա իմ զավակներին: «Այստեղ ի՞նչ եք շինում», – հարցրի ես: – «Մեզ այստեղ բերեցին»… – պատասխանեցին նրանք արտասուքը աչքերում և ընկան իմ գիրկը: Ես չկարողացա երկար հարցուփորձ անել նրանցից, որովհետև իսկույն հայտնվեցավ մի մարդ գազանային դեմքով և մտրակի հարվածներով քշեց նրանց դեպի անապատը, ասելով. «գործեցե՜ք, անպիտաններ»… Ես պատրաստվում էի հարձակվել նրա վրա, բռնել, կտոր-կտոր անել, որ իմ աչքի առջև այնպես բարբարոսաբար տանջում էր իմ զավակներին, – բայց հանկարծ զգացի իմ մեջքի վրա մտրակի մի սաստիկ զարկ և լսեցի նրա սպառնալի հրամանը. «Դե՜ դուք էլ…» – և նա ձեռքով ցույց տվեց անապատը: Ես զարթեցա, բայց ինձ թվում է, որ հենց այս րոպեիս զգում եմ մեջքիս վրա նույն մտրակի դառն ցավը և դարձյալ լսում եմ նրա սպառնական խոսքերը…
Մելիքը վերջացրեց. մի քանի վայրկյան վրանի մեջ տիրեց խորին լռություն, որը ընդհատվեցավ իմամի վարդապետական բացատրությունով.
– Այդ անապատը ներկայացնում է այն կայարանը, ուր պիտի տարվին «գավուրների» զավակները մահից հետո: Այդ դեռ «ջհաննամի» (գեհենի) նախագավիթն է, եթե դուք մի փոքր առաջ գնայիք, պիտի տեսնեիք «մազե կամուրջը» և նրա տակից հոսող հրեղեն գետը, որ թափվում է դժոխքի մեջ և այնտեղ ձևացնում է մի լայնատարած ծով: Հրեղեն ալիքների մեջ դուք կգտնեիք «գավուրների» ամբողջ հասարակությունը և գուցե կճանաչեիք ձեր ազգակիցներից շատերին, որոնք մարգարեի սուրբ հավատը թողնելով, հետևեցին մոլորությունների, և ժառանգեցին աստուծո բարկության հետ նրա հավիտենական տանջանքը: Բայց աստված չէ կամենում, որ դուք մոլորյալների ճանապարհով գնաք, և այդ երազը մի նշան է, որով նա հրավիրում է ձեզ դեպի ուղիղ ճանապարհը, որ տանում է դեպի արդարների հավիտենական երանությունը, որին արժանացաք աչքով տեսնել ձեր երազի սկզբում:
– Ես մի մեղավոր մարդ եմ… – պատասխանեց մելիքը ցավալի ձայնով, – ես զգում եմ իմ բոլոր մեղքերը…
– Մեր օրենքով, – ասաց իմամը լուրջ կերպով – եթե «գավուրներից» մեկը կընդունե մուսուլմանների կրոնը, ոչ թե նրանից, այլև նրա զավակներից մինչև յոթ սերունդ մեղք չի պահանջվի: Նրանք կվայելեն ամենապատվական տեղը Մուհամմեդի դրախտի մեջ:
Մելիքի դեմքի վրա վազեց ուրախության նման մի բան, և մոտենալով իմամին, ձեռքը մեկնեց, բռնեց նրա ձյունի նման սպիտակ հագուստի փեշից, և համբուրելով ասաց.
– Ձեզանից է կախված իմ փրկությունը, տեր, մի թողեք ողորմելույս կորչիլ:
– Ձեր փրկությունը խիստ դյուրին է, – պատասխանեց իմամը նույնպես ուրախանալով, – առայժմ բավական է միայն, որ դուք կարդաք «վկայության հանգանակը»‡‡‡‡‡ և ընդունեք իսլամը, իսկ վաղը մենք կկատարենք թլփատության խորհուրդը:
– Ես պատրաստ եմ:
Իմամը սկսեց նրան բառ առ բառ թելադրել «վկայության հանգանակի» արաբական խոսքերը և մելիքը դպրոցական աշակերտի նման կրկնում էր: Երբ վերջացավ, իմամը գրկեց նրան, և համբուրելով ասաց.
– Այժմ դուք իմ աչքի լույսը և իմ եղբայրն եք և կարող եք նստել իմ մոտ, իմ օթոցի վրա:
Պիղծ «գավուրը» մի քանի արաբական բառեր արտասանելով, դարձավ մաքուր, անարատ մուսուլման: Այժմ իմամը ոչ միայն տալիս էր նրան իր չիբուխից ծխել, այլ պահեց իր մոտ, միասին ընթրիք վայելեցին, և գիշերը մնաց իմամի վրանում, պառկելով նրա հանդերձարանից բերված մաքուր անկողնի մեջ, որին ոչ մի «գավուրի» ձեռք չէր դիպել: Այդ բոլոր գործողությունների ժամանակ դերվիշը լուռ էր և մի առանձին արհամարհանքով նայում էր հայ մելիքի վրա, դժվարանալով հավատալ նրա անկեղծությանը: Մելիքին ճանաչում էր նա. տեսել էր նրան Պարսկաստանի մի հեռավոր քաղաքում… և գիտեր նրա բոլոր գաղտնիքները…
ԺԳ
Առավոտյան Չալաբիանների ամբողջ ցեղի մեջ լուր տարածվեցավ, թե մելիք Ֆրանգյուլը ընդունել է մահմեդականություն. բոլորը հետաքրքրվում էին, բոլորը ուրախանում էին, որ հայերից մի այդպիսի նշանավոր մարդ մտավ իսլամի գիրկը, և հավատացած էին, որ շատերը կհետևեն նրա օրինակին: Այդ միջոցին Սյուրին դեռ նոր էր զարթնել, և փաթաթված մետաքսյա նուրբ սփածանելիքի մեջ, նստած էր իր վրանում, գորգի վրա: Նա պատահած անցքից տեղեկություն չուներ: Աղախինը բերել էր նրա մոտ փոքրիկ երեխային, որի հետ խաղում էր գթոտ մայրը: Ֆաթիման – այդպես էր երեխայի անունը – այս առավոտ սովորել էր մի նոր հանաք իր աղախնից. երբ աղլուխը շարժում էին նրա առջև, նա բավական ծաղրական երես շինելով, արտասանում էր. «Աո՛ւ.. աո՛ւ…»: Այդ բավական զվարճացնում էր դժբախտ մորը:
Այդ միջոցին տխուր, բազմահոգ դեմքով մտավ Սյուրիի վրանը ներքինապետ Ահմեդը: Նրա սովորությունները այն աստիճան ծանոթ էին տիկնոջը, որ տեսնելով նրան վատ տրամադրության մեջ, իսկույն հարցրեց:
– Ի՞նչ է պատահել:
– Շատ վատ բան, – պատասխանեց ծերունին և սկսեց պատմել բոլորը, ինչ որ լսել էր մելիքի մասին:
Ժողովրդի ֆանտազիան արդեն տվել էր անցքին բոլորովին գերբնական կերպարանք: Պատմում էին, թե մելիքը հրեշտակների թևքերի վրա տարվել էր մինչև հինգերորդ երկինքը. այնտեղ խոսակցություն էր ունեցել Մուհամմեդի և Ալիի հետ. հետո ցույց էին տվել նրան դրախտը ու դժոխքը, ասել էին` դրանցից որը կամենում ես ընտրի՜ր: Մելիքը ընտրել էր դրախտը: Ցած գալով երկնքից, նա անմիջապես գնացել էր իմամի մոտ: Իմամը նրա երեսի վրա լույսի ճաճանչներ էր տեսել, և նրա առջևը ընկնելով, երկրպագություն էր տվել: Հետո նրան նստացրել էր իր տեղը, և ինքը նստել էր նրանից ցած, ասելով, թե «ինձ պետք է քեզ սպասավորություն անել, դու ավելի սուրբ ես, քան թե ես»: Հետո իմամը հրամայել էր, որ ընթրիք տան, բայց ընթրիքը ուշացրել էին: Այդ ժամանակ մելիքը «սալավաթ»§§§§§ էր քաշել երեսին, և նույն վայրկյանում երկնքից ցած էր իջել մի սեղան լի ամեն տեսակ անուշահամ կերակուրներով և այլն:
– Այդ բոլորը հին հեքիաթներ են, – ծերունի ներքինապետի խոսքը կտրեց Սյուրին, – դու այն ասա՜, մելիքը այժմ որտե՞ղ է:
– Նա գտնվում է իմամի մոտ, – պատասխանեց ծերունին խռովյալ ձայնով. – այսօր պիտի կատարվի նրա թլփատության խորհուրդը, և խանը ինքը հանձն է առել քիրվայի (կնքահայրի) պաշտոնը:
– Կնշանակե, մելիքի մահմեդականություն ընդունելը շատ մոտ է խանի սրտին:
– Տարակույս չկա, այդ անհավատները ոչինչ բանով այնքան չեն ուրախանում, որքան ուրախանում են, երբ տեսնում են, որ մի մարդ ընդունում է իրանց կրոնը:
Տիկինն ընկավ դառն մտածությունների մեջ: Նրա քնքուշ, կրոնական ջերմեռանդությամբ լի սրտի վրա խիստ ծանր տպավորություն գործեց ներքինապետի պատմությունը: Նա աղլուխը տարավ աչքերին և խուլ կերպով սկսեց հեկեկալ: Աղլուխը տեսնելով, փոքրիկ Ֆաթիման կրկնեց իր սովորական երգը. «Աո՛ւ… աո՛ւ…»: Այս անգամ փոքրիկ աղջկա թոթովմունքը մի առանձին ուրախություն չպատճառեց մորը. նա հրամայեց աղախնին դուրս տանել երեխային:
– Ի՞նչ ես կարծում, Ահմեդ, – հարցրեց նա, երբ փոքր-ինչ հանգստացավ իր վրդովմունքից, – այդ ո՞ր սատանան մոլորեցրեց մելիքին, ի՞նչ նպատակ կարող էր ունենալ նա իր վարմունքի մեջ:
– Նպատակը շատ պարզ է, տիկին, – պատասխանեց ծերունին հանդարտությամբ. – մելիքը դիմել էր խանին և խնդրել նրանից Գենվազի ու Բարգյուշատի կառավարությունը: Խանը մերժել էր: Այժմ պետք էր մելիքին մի լավ միջնորդ, որ խանի վրա ազդե և իր նպատակը կատարել տա: Նա գտավ իմամին: Բայց այդ մոլեռանդ կրոնավորին գրավելու համար պետք էր նրան մի բանով կաշառել. և ոչինչ կաշառք այնքան թանկագին չէր կարող լինել նրա համար, որպես մահմեդականություն ընդունելը: – Բայց ես լսել եմ մի ուրիշ բան ևս:
– Ի՞նչ բան, – հարցրեց անհամբերությամբ տիկինը:
– Ասում են` մելիքը խոստացել է իմամին կնության տալ իր աղջիկը:
– Նա նույնն է անում, ինչ որ արեց իմ ուրացող հայրը… – խոսեց տիկինը դառնությամբ. – ախար նրա աղջիկը շատ փոքր է, դեռ ութ տարեկան է:
– Քի՞չ է պատահում, որ դրանից ավելի փոքր հասակով աղջիկները առնվում են մահմեդականների հարեմխանաներում: Ձեզ հայտնի է, տիկին, որ այդ անհավատները մի առանձին բարեպաշտություն են համարում իրանց տունը լցնել բազմաթիվ կնիկներով: Զարմանալին այն չէ, որ աղջիկը փոքր է, զարմանալին այն է, որ նրա հայրը տալիս է մի փտած, մաշված ծերուկի, որ իր բոլոր հույսը դրել է մի խաբեբա դերվիշի «մաջունների» վրա, որ նրանով վերադարձնե իր մանկությունը:
Տիկինը դարձյալ ընկավ մտածությունների մեջ: Հանգամանքները շատ վատ փոփոխություն ստացան: Եթե գործը կախված լիներ խանից միայն, գուցե նա կարող կլիներ ամեն կերպ դարձնել: Բայց այժմ գործի մեջ խառնվեցավ մի հզոր անձն – իմամը, որին ամբողջ ցեղը պաշտում էր, որից ինքը խանը դողում էր: Ի՞նչ կարելի էր անել նրա հետ: Նա ինչ որ խնդրելու լիներ խանից, վերջինս չէր կարող չկատարել. հակառակ դեպքում, մի խոսքով ամբողջ ցեղը կապստամբացներ նրա դեմ: Մահմեդականները ավելի կաշկանդված էին կրոնի և նախապաշարմունքների կապանքներով, քան մարմնավոր բռնապետի շղթաներով: Այս պատճառով կրոնի ներկայացուցչի խոսքը համեմատաբար ավելի մեծ ազդեցություն ուներ նրանց վրա: Դրա համար խանը ստիպված էր միշտ բարեկամություն պահպանել իմամի հետ և կատարել նրա ամենափոքր քմահաճություններն անգամ:
– Դու հաստատ գիտե՞ս, – հարցրեց տիկինը, – որ խանը խոստացել է Գենվազի և Բարգյուշատի կառավարությունը մելիքին հանձնել:
– Գիտեմ, – պատասխանեց ներքինապետը, – շատ էլ ցանկանար չէր կարող չհանձնել, քանի որ մեջտեղում կա իմամի նման մի միջնորդ: Ասում են, այսօր մելիքի թլփատության խորհուրդը կատարվելուց հետո, խանը կհագցնե նրան իր նոր պաշտոնի խալաթը:
Հուսահատության թախիծը տիրեց տկնոջ սրտին: Նա ոտնակոխ արեց իր հոր փառասիրությունը Գենվազի և Բարգյուշատի իշխանությունը ձեռք բերելու մեջ, գլխավորապես այն մտքով, որ այդ երկու գավառները մնային իր սիրելի Ստեփաննոսին, որ նրանց օրինավոր տերն էր: Նա ցանկանում էր տեսնել այդ պատանի իշխանազնին կրկին տիրացած Շահումյանների թողած ժառանգությանը, որ նույնիսկ հայերի դավաճանությամբ հափշտակվեցավ բռնակալի ձեռքով: Նա ցանկանում էր, որ բարի, ազնվամիտ Ստեփաննոսի հովանավորության տակ պատսպարվեին հազարավոր թշվառներ, որ մաշվում, այրվում, խորովվում էին տիրող անգթությունից: Բայց այդ բոլոր ցանկությունները ոչնչացան: Այժմ ավելի, քան թե առաջ, դժվար էր իրագործել նրանց: Տիկնոջ կարծիքով, ավելի հեշտ էր մահմեդական բռնապետի ձեռքից կորզել այդ երկրները, քան թե մի ուրացող հայից, որ մահմեդականի ձեռքում գործիք դառնալով, պիտի աշխատեր ամեն տեսակ ցած, անազնիվ և նենգավոր հնարներ գործ դնել մահմեդականի իշխանությունը հայ երկրների վրա պահպանելու համար: Այդ հանգամանքները ի նկատի առնելով, տիկինը մելիք Ֆրանգյուլի ուրացությունը ավելի վտանգավոր էր համարում, քան թե իր հորը, մանավանդ որ նա խոստացել էր իր աղջիկը իմամին կնության տալ:
– Այդ առաջին անգամը չէ, տիկին, որ նա ընդունում է մահմեդականությունը, – ասաց ներքինապետը ընդհատելով Սյուրիի լուռ մտածությունները. – մելիք Ֆրանգյուլը իր մանկության հասակում գերի ընկավ և տարվեցավ Պարսկաստանի Սպահան քաղաքը: Այնտեղ Սպահանի արքայազուններից մեկը որդեգրեց նրան, և մի իմաստուն մոլլայի հանձնելով, կրթեց արաբական և պարսկական լեզուների դպրության մեջ: Հետո իր աղջիկը նրան կնության տալով, նշանակեց նրան Սպահանի հայոց թաղի (Նոր Ջուղայի) բեգլեր – բեյի: Այնուհետև նա Սպահանի նահանգում հայոց Քազազ և Քամարա գավառների կառավարիչը դարձավ: Այդ բոլոր պաշտոնների մեջ տանջելով, կողոպտելով ժողովրդին, մեծ հարստություն դիզեց: Սպահանի հայերը այն ժամանակ առևտրական ընդարձակ հարաբերություններ ունենալով Հնդկաստանի հետ, իրանց կաշառքներով առատ վարձատրում էին նրան: Բայց չարագործը հանգիստ չմնաց: Նա դավաճանեց մինչև անգամ այն պետությանը, որի շնորհիվ այնքան բարձր աստիճանի էր հասել: Գաղտնի կերպով միանալով Լոռի և Բախտիարի կոչված վայրենի ցեղերի գլխավորների հետ, նա պատրաստեց մի սարսափելի ապստամբություն պարսից կառավարության դեմ: Նրա նպատակն էր հիշյալ վայրենիների աջակցությամբ Սպահանի նահանգի հայաբնակ գավառները անկախ դարձնել պարսից պետությունից, որ ինքը կարողանա ժառանգաբար իշխել: Բայց ապստամբությունը զսպվեցավ և նա փախավ, գնաց Հնդկաստան: Երկար ժամանակ անհայտության մեջ մնալով, վերջապես վերադարձավ իր հայրենիքը և կրկին ընդունեց քրիստոնեությունը: Այստեղ, իհարկե, ոչ ոք չէր կարող գիտենալ, թե ինչ էր կատարել նա հեռավոր արևելքում, և ընդունեցին նրան որպես մի մարդ, որին բախտը հաջողացրել էր վերադառնալ գերությունից: Եվ նա ինքը իր անցյալի մասին պահում էր խորին ծածկամտություն:
– Իսկ դու ո՞րտեղից գիտես այդ բոլորը, – հարցրեց տիկինը զարմանալով հետաքրքիր պատմության վրա:
– Ինձ հաղորդեց մի դերվիշ, որ բնակվում է իմամի մոտ, նա ինքը սպահանցի է, և ականատես է եղել բոլոր անցքերին: Նա շատ լավ մարդ է, և ինչպես երևում է, մելիքի այժմյան վարմունքը նրան ևս տհաճություն է պատճառել:
– Ես նրա մասին լսել եմ, ասում են` լավ բժիշկ է:
– Նա ամեն բան գիտե, ինչ ասես, որ նա չգիտենա:
– Բայց մի փոքր խաբեբա է:
– Ես էլ առաջ այդ կարծիքն ունեի նրա մասին, տիկին, մանավանդ երբ տեսնում էի, որ անդադար գոհարներ է պահանջում իմամից նրա համար «մաջուն» շինելու, և մտածում էի, որ այդ թանկագին իրեղենները առավելապես իր գրպանի համար է: Բայց նա պարզ խոստովանեցավ ինձ, թե «բժշկությունը պարսիկների մեջ պետք է ծածկված լինի գերբնական քողով, և այդ ավելի ներգործում է նրանց երևակայության վրա: Հասարակ բանին նրանք նշանակություն չեն տալիս: Եթե ես ասեի իմամին, թե քո դարմանները պիտի պատրաստեմ այս և այն խոտից կամ արմատից, նա ոչնչի տեղ կընդուներ, բայց ալմաստը, մարգարիտը, յաղութը և այլն, կարող են ազդելի իմամի սնահավատության վրա: – Առհասարակ, ավելացրեց ներքինապետը, – ես այդ մարդու մեջ գտնում եմ մի խորհրդավոր գաղտնիք, որը նա ամենայն զգուշությամբ թաքցնում է:
– Դերվիշները միշտ այդպես են լինում, – պատասխանեց տիկինը անուշադիր կերպով և կրկին ընկավ մտածությունների մեջ:
– Իսկ ես դերվիշի պատմությունից կամենում եմ մի օգուտ քաղել, դուք ի՞նչ խորհուրդ կտաք, տիկին:
– Ի՞նչ օգուտ կարելի է քաղել:
– Ես կամենում եմ գնալ խանի և իմամի մոտ, հայտնել նրանց մելիքի անցյալը, – հայտնել, թե ինչ էր արել նա Սպահանի կողմերում, հայտնել նրա դավաճանությունները պարսից կառավարության դեմ, հայտնել, որ նա մի վատ խաբեբա է, թե նա այդ երկրորդ անգամն է, որ ընդունում է մահմեդականություն, դարձյալ խաբելու մտքով: Երբ խանը և իմամը կգիտենան այդ բոլորը, նրան ոչ թե Գենվազի ու Բարգյուշատի գավառները կհանձնեն, այլ գուցե խեղդել կտան:
– Բոլորովին հարկավոր չէ այդ անել, – պատասխանեց տիկինը հրամայական եղանակով, – դու կամենում ես մատնություններին մատնություններով պատասխանել: Ես մելիքի Սպահանի վարմունքի մեջ մի վատ բան չեմ տեսնում: Մանուկ հասակում, գերի ընկնելով պարսիկների ձեռքը, նրան ընդունել են տվել մահմեդականությունը, նա ինչո՞վ է մեղավոր: Իսկ թե նա, միանալով լոռիների և բախտիարների հետ, կամեցել է այնտեղ հայկական ազատ գավառներ ստեղծել, և այդ մտքով ապստամբություն է հարուցել պարսիկների դեմ, – այդ նպատակը ամեն համակրության արժանի է: Ո՞վ է իմանում, գուցե նրա այժմյան վարմունքի մեջ ևս մի այսպիսի նպատակ թաքնված լինի: Ես, իրավն ասեմ քեզ, Ահմեդ, սկզբում սաստիկ վրդովվեցա, երբ լսեցի մելիքի մահմեդականությունը ընդունելը. բայց դերվիշի պատմությունը այժմ փոքր-ինչ հանգստացնում է ինձ: Ես չեմ կարծում, որ այս տեսակ մարդիկ, որոնք երբեմն մտածել և գործել են հայ ժողովրդի ազատության համար, կարող են չար մարդիկ լինել: Նրանք չար են երևում նրա համար միայն, որ նպատակին հասնելու մտքով գործ դրված միջոցների մեջ ընտրություն չեն կատարում: Ամեն միջոց նրանց համար սուրբ է, երբ հասցնում է նպատակին:
– Այսուամենայնիվ, – պատասխանեց ծերունին, – եթե մելիքի դիտավորությունները բոլորովին արդար ևս համարելու լինենք (որի մեջ ես կասկածում եմ), դարձյալ Ստեփաննոսը կզրկվի Գենվազից: Մելիքը ինքը տեր կդառնա, իսկ նա ոչինչ չի ստանա, բոլորը կկորցնե:
– Այժմ դժվար է նախագուշակել, թե վերջը ինչ կլինի…
– Ես այդ դեպքում կարող եմ ինձ կատարյալ մարգարե համարել, – պատասխանեց պարզ ծերունին բարկացած ձայնով. – դուք, տիկին, չափազանց բարեմտությամբ եք դատում, ուր հարկավոր էր փոքր-ինչ կասկածանքով վերաբերվել դեպի կատարվող իրողությունը: Ես մասամբ համաձայն կլինեի ձեզ հետ, եթե մելիքը իր փառասիրությունը գոհացնելու համար իր ութ տարեկան աղջիկը խոստացած չլիներ փտած իմամին կնության տալ: Մի մարդ, որ ծախում է իր աղջիկը, նա կծախե և իր հայրենիքը և իր ազգը: Ուրիշ օրինակներ որոնել պետք չէ, բավական է, որ դուք հիշեք ձեր հոր վարմունքը:
Տիկնոջ և ներքինապետի խոսակցությունը ընդհատեց մի խառնաձայն աղմուկ, որ լսելի եղավ հեռվից: Հարեմխանայի բոլոր կնիկները, աղախինները դուրս թափվեցան իրանց չադրներից, մոտեցան սարայ-փերդային, և գլուխները բարձրացնելով, սկսեցին նայել:
– Այդ ի՞նչ աղմուկ է, – հարցրեց տիկինը անհանգիստ կերպով:
– Երևի անցնում է թափորը, – պատասխանեց ծերունին ներքին խռովությամբ. – դուք չե՞ք կամենա նայել նրա վրա:
– Ես այդ զզվելի հանդեսը տեսնել չեմ ուզում… – ասաց տիկինը և երեսը շուռ տվեց:
Ծերունին, նկատելով նրա արտասուքը, հեռացավ, և թողեց նրան միայնակ հաշտվելու իր սրտի ցավերի հետ:
Հեռվից տեսնվում էր ահագին բազմություն, որ իմամի չադրների կողմից դիմում էր դեպի խանի չադրները: Ամբոխը ոտքով էր գնում, միայն մի մարդ փառավոր կերպով նստած էր գեղեցիկ զարդարած նժույգի վրա, և բազմության առաջ ընկած, ամեն կողմից երևում էր: Նա հագած ուներ թանկագին, ծիրանագույն վերարկու, նախշած ոսկե թելերով, որ փողփողում էր արեգակի ճառագայթների տակ: Դա նոր մահմեդականություն ընդունած մելիք Ֆրանգյուլն էր, որ այժմ կոչվում էր Ալի բեկ: Նա աջ ձեռքով բռնած ուներ մի մերկացրած սուր, որ դրել էր ուսի վրա: Նոր կրոնի հետ նա ժառանգել էր նոր իրավունք` սուր կրելու, որի գործածությունը Մուհամմեդը միացրել է իր ավանդած սրբազան պաշտամունքների հետ: Նրա առջևից գնում էին մի խումբ չավուշներ, որ երգում էին կրոնական երգեր: Նրանցից մեկը տանում էր մի կանաչ դրոշակ, որի վրա նկարված էր շիաների խալիֆայի աջը: Թափորը դանդաղ էր ընթանում: Ամեն քայլում ամբոխը կանգնեցնում էր նոր ուղղափառին, ոմանք համբուրում էին նրա ձեռքը, ոմանք նրա հագուստի փեշերը: Կնիկները իրանց հիվանդ երեխաներին դնում էին այն ճանապարհի վրա, որ կողմից պիտի անցներ նա: Շատերը անց էին կենում նրա ձիու փորի տակով:







