Դավիթ Բեկ

- -
- 100%
- +
Այդ բոլորը կատարվում էր հոգևոր շնորհքներ ընդունելու ակնկալությամբ: Ամբողջ բազմության մեջ տիրում էր մի տեսակ խորին, ջերմեռանդական զգացմունք, որ հասցնում էր սնահավատությունը կրոնական վայրենի հափշտակության: Ճանապարհի վրա մի քանի տեղ մատաղներ կտրեցին, մի քանի տեղ կանգնեցին մաղթանքներ կատարելու համար: Կնիկները ծածկում էին ճանապարհը կանաչ ոստերով. թափորը անցնում էր այդ կանաչապատ սփռոցի վրայով:
Խանի վրանը այսօր սովորականից ավելի զարդարած էր. նրա գանձարանից դուրս էին բերել ամենաընտիր արծաթեղեն անոթները: Այստեղ պիտի խմեին «ուրախության շերբեթը»: Գեղեցկադեմ մանկլավիկները և սպասավորների մի ահագին խումբ, շքեղ կերպով հագնված, սպասում էին պատվելի հյուրին: Վրանում նստած էին խանը և իմամը միայն: Երբ թափորը մոտեցավ, նրանք երկուսն էլ դուրս եկան, կանգնեցին վրանի մուտքի մոտ ընդունելու նորընծա մահմեդականին: Խանը իր ձեռքով բռնեց և ցած իջեցրեց նրան ձիուց: Խուռն բազմությունը շրջապատեց վրանի չորս կողմը: Իմամը կարդաց մի կարճ աղոթք, հետո մտան վրանը: Այնտեղ ընդունվեցան ցեղի նշանավոր անձինքներից շատերը ուրախակից լինելու այն մեծ հանդիսին:
Այնօր Չալաբիանլիների ամբողջ ցեղը անցրեց ուրախությունով: Բայց մի մարդ, որ նրանց մեջ չէր գտնվում, դա էր Տաթևի մելիք Դավիթը: Նա առավոտյան հենց որ լսեց մելիք Ֆրանգյուլի վարմունքը, իսկույն հասկացավ, թե ինչ խաղ խաղաց այդ մարդը իր գլխին, և սիրտը լի դառնությամբ, առանց ոչ ոքի հետ տեսնվելու, նստեց իր ձին և գնաց դեպի Տաթև, համոզված լինելով, որ այնուհետև Գենվազի ու Բարգյուշատի վրա մտածելը հիմարություն կլիներ իր կողմից…
ժԴ
Նույն ավուր գիշերային պահուն ծերունի ներքինապետը դարձյալ վրդովված կերպով մտավ Սյուրիի վրանը: Նա պատմեց, որ խանից սաստիկ հանդիմանություն ստացավ, թե ինչու նա պահում է իր մոտ մի քրիստոնյա պատանի, նրան տեղ է տվել իր վրանում, նրա հետ միասին ուտում է, խմում է, քանի որ այդ հակառակ է մահմեդականների սովորություններին, և մանավանդ անվայել է մի ներքինապետի, որ անդադար կանանոցի հետ հարաբերություն ունի:
– Ես չեմ հասկանում, այստեղ ի՞նչ մի անվայել բան կա, – հարցրեց Սյուրին, կտրելով ծերունու խոսքը:
– Անվայելն այն է, որ քրիստոնյան իմ վրանում ապրելով, կարող էր պղծել ինձ, իսկ ես նրանից պղծված լինելով, կարող էի մյուս մահմեդականներին պղծել, – պատասխանեց ծերունին, ինքն էլ ծիծաղելով իր խոսքերի վրա:
Խոսակցությունը այն տաթևացի պատանու մասին էր, որ խանի վրանի առջև կատարված եղերական ողջակեզի ժամանակ, դուրս պրծավ բոցերի միջից, ուր նրա ծնողները, ձեռքները դեպի երկինք բարձրացրած, «գթությո՛ւն» աղաղակելով, այրվում էին: Ծերունի ներքինապետը վեր առեց իր մոտ շնչասպառ, կիսախանձ պատանուն և այն օրից դարմանում էր նրա մարմնի այրված տեղերը: Արտաքին վերքերի բժշկության արհեստը խիստ սովորական լինելով պարսիկների մոտ, ներքինապետը բավական հմուտ էր նրա մեջ: Այս պատճառով պատանու առողջանալը շատ չուշացավ: Բայց ծերունին հավատացնում էր, որ նա դեռ շատ տկար է, և դեռ երկար ժամանակ պետք է պառկած մնա անկողնի մեջ, որովհետև նրանից պահանջում էին, որ պատանուն մահմեդականացնե: Նա օրըստօրե հետաձգում էր նրանց պահանջը, զանազան պատճառներ բերելով: Բայց մելիք Ֆրանգյուլի մահմեդականություն ընդունելու օրը, երբ պարսիկների մոլեռանդությունը ավելի գրգռված էր, այլևս ծերունուն հանգստություն չէին տալիս, մինչև անգամ խանից սաստիկ հանդիմանություն ստացավ:
– Պետք է նրան այստեղից հեռացնել, – ասաց տիկինը տխուր ձայնով:
– Ես էլ այսպես եմ մտածում, – պատասխանեց ծերունին, – և այդ մասին բոլոր պատրաստությունները տեսնված են: Բայց մի բան ինձ սաստիկ դժվարություն է պատճառում:
– Ի՞նչ բան:
Ծերունին պատմեց, թե պատանին բավական վայելչահասակ և գեղեցկադեմ է, թե նրան տեսնողները անդադար կրկնում էին, որ այդ պատանին շատ հարմարություններ ունի խանի մանկլավիկների կարգը մտնելու և խանին սպասավորություն անելու, քան գյուղումը գութան վարելու: Այդ տեղեկությունները մինչև անգամ հասցրել են խանի ականջին: Նա մի անգամ հրամայեց, թե կամենում է տեսնել պատանուն, բայց ծերունին նրան խաբեց, ասելով, թե նա հիվանդ է, տեղիցը շարժվել չէ կարողանում:
– Այժմ ես մտածում եմ, – առաջ տարավ ծերունին, – եթե պատանուն փախցնելու լինեմ մեր կողմերը, կամ ուղարկելու լինեմ նրան Տաթև, անպատճառ կգտնեն նրան և ետ կբերեն, որովհետև այդ բոլոր տեղերը խանի ձեռքը կհասնի: Հարկավոր է նրան մի այնպիսի երկիր ուղարկել, որ խանի իշխանությունից դուրս լինի:
– Ուղարկեցեք Էջմիածին, այնտեղ օսմանցիներ են տիրում, – պատասխանեց տիկինը:
– Այնտեղ նույնպես հարմար չէ, մի գազանի ձեռքից ազատելով, մյուս գազանների ձեռքը պիտի գցեմ: Պետք է մի քրիստոնյա տերության մեջ ուղարկել և Վրաստանից ավելի հարմարը չկա:
– Այդ լավ եք մտածել, բայց այնտեղ ո՞ւմ մոտ կուղարկեք: Նա այնքան մանուկ է, որ չէ կարելի առանց խնամակալի մի անծանոթ երկիր ուղարկել:
– Ես բոլոր պատրաստությունները կարգադրել եմ, տիկին, ծերունի Ահմեդը այնքան հիմար չէ, որ այդ բաները չհասկանա:
Եվ նա սկսեց պատմել իր կարգադրությունները, ասաց` երկու հավատարիմ մարդիկ գիշերով կտանեն պատանուն, կհասցնեն Վրաստանի Մցխեթ քաղաքը: Այնտեղ ծերունի Ահմեդը ունի մի լավ բարեկամ` հայազգի Օրբելյան իշխանին: Պատանուն կհանձնեն նրան իր նամակի հետ, որի մեջ գրած է նրա հետ պատահած անցքերը, և խնդրում է առնել այդ անբախտ որբին իր խնամակալության ներքո: Ծերունին հույս ունի, որ իշխանը ամենայն ուրախությամբ կկատարե իր խնդիրքը, որովհետև անցյալ տարի, երբ նա գործով եկավ խանի մոտ, ծերունին նրան մեծ ծառայություններ արեց, և իշխանը ասաց նրան. «Երանի՛ թե, մի գործ պատահեր, ես կարողանայի քո պարտավորությունից դուրս գալ»:
– Բայց ի՞նչ կպատասխանես դու, երբ պատանու անհայտանալուց հետո, քեզանից կհարցնեն` ո՞ւր է նա:
– Ես մի քանի օր գաղտնի կպահեմ նրա փախուստը, մինչև նա կանցնե Վրաստանի հողի վրա, հետո պարզ կերպով կհայտնեմ, թե փախել է, բայց ես ինքս էլ չգիտեմ, ուր է գնացել:
– Այդ բոլորը շատ լավ է խորհված, – ասաց տիկինը ուրախությամբ, – բայց ե՞րբ մտադիր ես ճանապարհ դնել:
– Հենց այս գիշեր. նա այժմ այնքան առողջ է, որ կարող է մի քանի օր ձիու վրա ճանապարհորդել:
– Ուրեմն ժամանակ կորցնել պետք չէ, – ասաց տիկինը շտապեցնելով, – բայց ես կցանկանայի այդ պատանուն տեսնել նախ քան նրա այստեղից հեռանալը:
Որովհետև կանանոցը բերել նրան անկարելի էր, վճռեցին, կես-գիշերին, երբ բոլորը քնած կլինեն, տիկինը գնա ծերունու վրանը և այնտեղ տեսնե պատանուն:
Գիշերը սաստիկ մութ էր: Ամպամած երկնքից մի աստղ անգամ չէր երևում: Անտառի ծառերը շարժվում էին մեղմ քամուց, տարածելով իրանց շուրջը մի խորհրդավոր, կախարդական սասափյուն: Հովիվների վրաններից հեռու, մի ձորի մեջ գիշերային լռությունը ընդհատվում էր խուլ հեկեկանքով. մի պատանի, գլուխը դրած փոքրիկ բլրակի վրա, լաց էր լինում: Արտասուքը հեղեղի նման թափվելով նրա աչքերից, թրջում էր հողը, որից կազմված էր այդ բլրակը: Այստեղ թաղված էին դիակները այն թշվառների, որ բռնության, հարստահարության երեսից հալածված, իրանց անձները այրեցին խանի դատարանի առջև: Ինքնակամ մահով նրանք բողոքեցին տիրող անարդարության, անգթության դեմ. իրանք մեռան, բայց անարդարությունը մնաց…
Պատանին լաց էր լինում, և կարծես, նրա ալեկոծված կուրծքից դուրս էին թռչում այս հառաչանքները. «Թո՜ղ վկա լինի հայրենիքի այդ սուրբ հողը, որ ծածկում է ձեր մարմինները, թող վկա լինեն այդ անտառի ծառերը, որ տարածում են իրանց հովանին ձեր գերեզմանի վրա, թող վկա լինեն հայոց լեռները և նրանց մեջ բնակվող բոլոր չար ու բարի ոգիները, որոնք ականատես եղան ձեր տառապանքին, վերջապես թող վկա լինի այդ անգութ երկինքը, որ տեսավ ձեզ կրակի բոցերի մեջ, որ հոտոտեց ձեր այրվող մարմիններից բարձրացած ճենճերային ծուխը և դարձյալ սառնսիրտ մնաց դեպի անմեղ զոհերի տանջանքը… – ես երդվում եմ, երդվում եմ հայ շինականի խրճիթի օջախով, որ հանգած է բռնակալի ձեռքով, երդվում եմ հայ կնոջ և հայ աղջկա պատվով, որ բռնաբարված է մահմեդականի կրքերով, երդվում եմ հայ երկրագործի արորով և քրտինքով, որոնց վաստակը հարստահարվում է, երդվում եմ հայրենիքի սուրբ հիշատակով, որ օտարի լծի տակ ճնշվում է, – վերջապես երդվում եմ այդ գերեզմանով, որ ամփոփում է ձեր անմեղ մարմինները, ես պիտի վրեժխնդիր լինեմ… պիտի վրեժխնդիր լինեմ չարության, անարդարության և բռնության դեմ: Այս րոպեից հանդիսավոր ուխտ եմ դնում կռվել և մինչև մահ կռվել հայրենիքի ազատության համար: Այն օրը ձեր ոսկերքը կհանգստանան այդ մթին գերեզմանի մեջ, երբ ազատության շունչը խաղաղ, կենսաբեր ոգվով կփչե նրա վրայով…»:
Այդ խոսքերից և ոչ մեկը չարտասանեց պատանին: Միայն նրա սիրտը անգիտակցաբար լցված էր այդ զգացմունքներով: Հոր և մոր, ազգականների և բարեկամների հոգիները նույն գերեզմանի խորքից ներշնչում էին նրա մեջ այդ մտածությունները: Նա այնքան մանուկ չէր, որ զգացած չլիներ բռնակալ ձեռքի դառն հարվածները: Նրա մարմնի վերքերը դեռ ոչ բոլորովին բուժված էին, իսկ սիրտը լի էր վրեժխնդրության դառնությամբ:
Նա վերջին անգամ համբուրեց գերեզմանը և վեր բարձրացավ:
– Մնաս բարյավ, սիրելի մայր, – մնաս բարյավ, սիրելի հայր, – մնացեք բարյավ, սիրելի բարեկամներ, – ասաց նա և հեռացավ:
Ներքինապետի վրանում Սյուրին վաղուց սպասում էր պատանուն: Ծերունի Ահմեդը շատ անհանգիստ էր նրա բացակայության համար: Այնքան օրեր պատանին ապրում էր նրա վրանում, խիստ սակավ անգամ էր պատահել, որ նա մի ուրիշ տեղ գնացած լիներ: Այժմ ո՞ւր պիտի գնացած լիներ: Ոչ ոք չգիտեր: Ներքինապետի ծառաներից ոչ մեկը չէր տեսել նրան վրանից դուրս գալու ժամանակ:
Վրանի վարագույրները իջեցրած էին: Տիկինը միայնակ նստած էր այնտեղ, իսկ ծերունի ներքինապետը կանգնած էր նրա սպասում: Երկուսի մեջ ևս տիրում էր մի տեսակ լարված լռություն. երկուսն էր անհանգիստ էին այն մտքով, թե ի՞նչ եղավ պատանին: Հեռու, անտառի մեջ թե ձիաները, թե մարդիկը պատրաստ էին, որ նրան պիտի տանեին: Գիշերը անցնում էր. պետք էր շուտով ճանապարհ ընկնել, որ մինչև լուսանալը կարողանային բավական հեռացած լինել խանի կացած տեղի սահմաններից:
– Ի՞նչ եղավ, – հարցրեց տիկինը անհամբերությամբ. – ես կասկածում եմ, որ նրա հետ մի վտանգ պատահած լինի:
– Այստեղ ամեն բան կարող է պատահել, տիկին, – պատասխանեց ծերունին շվարած կերպով. – այստեղ ծիտն էլ իր բույնի մեջ ապահով չէ:
Լսելի եղավ շատ հաչելու ձայնը: Ծերունին դուրս գնաց: Մի քանի վայրկյանից հետո նա վերադարձավ ուրախ դեմքով, իր հետ բերելով պատանուն: Բայց վերջինիս գունաթափ դեմքը չէր ցույց տալիս որևիցե ուրախություն. խորին տխրությունը նկարված էր նրա խոշոր, սևորակ աչքերի մեջ: Տիկինը տեսնելով գեղեցիկ, վայելչահասակ պատանուն, բոլորովին զմայլեցավ. նրա քնքուշ, սիրող սիրտը լցվեցավ այն քաղցր զգացմունքով, որ տիրում է հարազատ քրոջ սրտին, երբ նա առաջին անգամ տեսնում է կարոտած եղբորը, երկար տարիների անջատումից հետո: – «Ո՛րքան սիրուն է, որքա՛ն մեծացել է իմ եղբայրը», – ասում է նա և փաթաթվում է նրա պարանոցին:
Զգացմունքի այդ տեսակ արտահայտություններ տեղի չունեցան: Պատանին տիկնոջ ոչ եղբայրն էր և ոչ ազգականը, այլ մի որդ, հայրն ու մայրը կորցրած տղա, որ ինքն էլ մի բախտով ազատված էր նույն կրակի բոցերից, որ այրեցին նրա ծնողներին: Պատանու այդ վիճակը ազդում էր տիկնոջ մեջ ցավակցություն, մաքուր սիրո հետ խառնված:
– Ինչպե՞ս է անունը, – հարցրեց նա, դառնալով դեպի ներքինապետը:
– Դավիթ, ձեր ծառա, – պատասխանեց ծերունին:
– Դավի’թ, – բացագանչեց տիկինը խորին տհաճությամբ, կարծես ափսոսելով, որ մի այդպիսի գեղեցիկ, անարատ պատանին կրում է իր չարագործ հոր անունը:
Բայց մանկահասակ Դավիթը մնացել էր բոլորովին զարմացած, ամոթխածությունից չգիտեր ինչ անել, երբ նկատում էր` մի նազելի, շքեղ կերպով հագնված կին նրա վրա ուշադրություն էր դարձնում: Այդ կինը, անտարակույս, խանի հարեմներից մեկը պետք է լիներ: Բայց մի՞թե պարսիկ կնոջ մեջ կարող էին լինել այն աստիճան քնքուշ զգացմունքներ դեպի մի անբախտ հայ պատանի: – Այդպես էր մտածում նա, երբ ծերունի ներքինապետը ասաց նրան, թե տիկինը քրիստոնյա է, և հայտնեց նրան ում աղջիկը լինելը:
Կարծես, մի սուր ցցեցին պատանու սրտի մեջ. նա լսեց այն մարդու անունը, որ իր հոր, իր մոր, իր ազգականների դահիճն էր, իսկ այդ նազելի կինը – նրա աղջիկը: Տիկնոջ բոլոր արժանավորությունները, որ այնքան հարգելի էին երևում նրա աչքում, իսկույն կորցրին իրանց նշանակությունը: Պատանին այժմ նայում էր նրա վրա, որպես մի թշնամու վրա, որին պատրաստ էր պատառոտել: Նա երեսը շուռ տվեց և կամենում էր դուրս գալ վրանից:
– Հասկանո՛ւմ եմ քո արդար վրդովմունքը, ազնիվ պատանի, – ասաց տիկինը, նրա ձեռքից բռնելով. – բայց անբախտ աղջիկը ինչո՞վ է հանցավոր, որ քավե չարագործ հոր մեղքը… Ես հավատում եմ աստուծո արդարությանը, և հույս ունեմ, որ այդ բոլոր չարիքներին հատուցում կլինի. նեղյալները կվայելեն ազատություն, իսկ նեղիչները սոսկալի դատապարտություն…
– Ո՞ր աշխարհում, – հարցրեց պատանին, դեռ ոչ բոլորովին հանգստացած լինելով իր վրդովմունքից:
– Այս աշխարհում, – պատասխանեց տիկինը մարգարեուհու եղանակով. – դառնության բաժակը մինչև բերանը լցված է… մի կաթիլ ևս, – ահա նա կթափվի…
– Հավատում եմ ձեր գուշակությանը, տիկին, – պատասխանեց պատանին ոգևորությամբ, և բռնելով նրա աջը, սեղմեց իր շրթունքի վրա: – Դուք կրկնում եք միևնույն խոսքերը, որ մի քանի րոպե առաջ ես լսեցի իմ անբախտ ծնողների գերեզմանից: Այնտեղից մի ձայն նույնպես ասում էր, թե «դառնության բաժակը լցված է»… Ես լսեցի կոչող ձայնը և ուխտեցի մինչև մահ կռվել անարդարության դեմ:
Եվ իրավ, պատանուն այնպես էր թվում, որ այդ խոսքերը նա առաջին անգամ չէր լսում. թե նա լսեց այն ժամանակ, երբ ինքը հոգեկան դառն խռովության մեջ, ընկած ծնողների հողադամբարանի վրա, տխուր և ցավալի կերպով արտասուք էր թափում: Այժմ նույնը լսում էր բարեսիրտ կնոջ բերանից:
Ծերունի ներքինապետը ակնարկեց, թե պատանին ուշանում է, թե ժամանակ է ուղևորվելու: Բայց տիկինը բոլորովին հափշտակված էր նրա խոսքերով. «Ես ուխտեցի մինչև մահ կռվել անարդարության դեմ…»: Ի՞նչն էր ներշնչել այդ վրեժխնդրական զգացմունքը նրա մանուկ սրտի մեջ, ծնողների ցավալի մա՞հը, թե ընդհանուր ժողովրդի անբախտ դրությո՞ւնը: Այդ միտքը սաստիկ հետաքրքրում էր վշտալի տիկնոջը: Նա ցանկանում էր խոսել, երկար խոսել վաղահաս ցավերով տանջված այդ պատանու հետ, ցանկանում էր շոշափել նրա կոտրած սրտի բոլոր թաքնված վերքերը, բայց ներքինապետը դարձյալ շտապեցրեց, թե ժամանակը անցնում է, թե պետք է շուտով ճանապարհ դնել նրան:
– Քո ուխտը` կռվել անարդարության դեմ, – ասաց տիկինը բռնելով պատանու ձեռքը, – պետք է լինի ամեն մի հայ մարդու ուխտը, որ մտածում է հայրենիքի փրկության համար: Դու, գուցե քո ծնողների ցավալի վախճանից դրդված, ուխտեցիր վրեժխնդիր լինել բռնության դեմ, – բայց մտածի՜ր, որ ամբողջ հայ ժողովուրդը այրվում է, խորովվում է, ոչնչանում է նույն բոցերի մեջ, որ լափեցին քո անբախտ ծնողներին, նույն բոցերի մեջ, որոնց միջից դու մի բարի բախտով դուրս պրծար: Նույն բոցերը թողեցին քո մարմնի վրա բռնության ձեռքի անջնջելի դրոշմը, ամեն անգամ, երբ կնայես նրա վրա, հիշի՜ր, որ դա քո ուխտադրության կնիքն է, հիշի՜ր, որ դու չարաչար կմեղանչես աստուծո և քո ծնողաց հոգիների առջև, եթե չկատարես այն սուրբ խոստմունքը, որ ուխտեցիր նրանց գերեզմանի վրա:
Պատանին լռությամբ լսում էր տիկնոջ խրատները, որպես մի ուխտավոր, որ խորին ջերմեռանդությամբ լսում էր քրմուհու պատգամները: Տիկինը հայտնեց, թե զանազան տխուր հանգամանքներ ստիպում են առժամանակ հեռացնել նրան հայրենի երկրից, և ծերունի ներքինապետի հետ խորհելով, վճռվեցավ նրան ուղարկել Վրաստան: Պատանին հանձնարարական նամակներ կտանե ի հետ և այնտեղ թե խնամակալություն և թե պաշտպանություն կգտնե մի հայազգի իշխանից, որը բարձր պաշտոն է վարում վրաց թագավորի մոտ: Տիկինը խոստովանում է միշտ և ամեն ժամանակ օգնել պատանուն, որը համարձակ կարող է դիմել իրան, եթե որևիցե բանի մեջ պետք կունենա:
– Առայժմ, – վերջացրեց նա իր խոսքը, – ես իմ օրհնության հետ կարող եմ տալ քեզ այս փոքրիկ քսակը, որը գուցե հարկավոր կլինի քեզ քո պանդխտության մեջ:
– Ինձ բավական է ձեր օրհնությունը միայն, – պատասխանեց պատանին, հրաժարվելով ընդունել քսակը. – իմ ծերունի հայրը հոգացել է բոլորը, ինչ որ պետք է իմ ճանապարհորդության համար:
Վերջին խոսքերով նա ակնարկում էր ծերունի ներքինապետի վրա, որին իր հայր էր կոչում, որի երախտիքը իր կյանքի պահպանության համար երբեք մոռանալ կարող չէր: Բայց տիկինը դարձյալ ստիպեց նրան ընդունել քսակը, որը չմերժեց նա, համբուրելով իր բարերարի աջը:
Վրանի մեջ զբաղված լինելով, թե տիկինը և թե ներքինապետը չէին նկատել, որ դրսում եղանակը բոլորովին փոխվել էր: Երկինքը պատած էր սև ամպերով և սաստիկ քամին, որ ալեկոծում էր անտառի ծառերը, սպառնում էր սոսկալի փոթորիկ: Անտառը որոտում էր ծառերի միմյանց զարկվելուց, լեռները թնդում էին, իսկ կայծակը երբեմն փայլատակում էր գիշերային մթության մեջ: Կարծես, աշխարհի վերջը հասել էր և տիեզերքը լցված էր ահռելի արհավիրքով: Անձրև դեռ չկար, միայն երբեմն խոշոր կաթիլներ, քամու սաստիկ հոսանքի հետ թռչելով, գնդակի նման զարկում էին մարդու երեսին: Տիկինը, նկատելով եղանակի խստությունը, խորհուրդ տվեց ներքինապետին հետաձգել պատանու փախուստը: Ծերունին համաձայնվեցավ նրա հետ:
– Այդ գիշեր ամենահարմար ժամանակն է, – պատասխանեց պատանին մի առանձին վստահությամբ, – ես սիրում եմ այսպիսի եղանակը: Չեմ կարող մնալ, պիտի գնամ:
– Դու դեռ բավական տկար ես, – ասաց տիկինը կարեկցությամբ, – փոթորիկի ժամանակ այդ լեռների վրա շատ ցուրտ է լինում, կարող ես մրսել, կարող ես կրկին հիվանդանալ:
– Կարող է ուրիշ վտանգներ ևս պատահել, – ավելացրեց ծերունին, – եթե անձրևը սաստկանալու լինի, ձորձրի մեջ հեղեղներ կբարձրանան:
Պատանին հաստատ մնալով իր որոշման վրա, պնդեց, թե ոչինչ չէ կարող արգելել նրա ուղևորությունը, թե նա ցանկանում է մի րոպե առաջ դուրս գալ, հեռանալ այն մթնոլորտից, որի օդը նրան խեղդում է, ուր ամեն ինչ նրա սրտում ցավ և կսկիծ է հարուցանում:
Սյուրին հասկացավ պատանու սրտի վշտերը, հասկացավ, թե ինչն է դուրս քշում նրան այդ երկրից, վճռեց չհակառակել նրա ցանկությանը և ամեն ինչ թողնել աստուծո կամքին:
– Ձիաները, մարդիկը, ո՞րտեղ են, – հարցրեց նա ներքինապետից:
– Անտառում պահված են, – պատասխանեց ծերունին:
– Պատրաստվեցեք պատանուն ճանապարհ դնել, Ահմեդ, ինչ որ աստված կամեցել է, այն կլինի, – ասաց տիկինը խորին հավատքով, – գուցե այդ փոթորկը աստված հարուց հենց նրա համար, որ պարսիկները քաշվեն իրանց վրաններում, ճանապարհների վրա ոչ ոք չմնա, ուր պատանու փախուստը աննկատելի լինի:
Ծերունի ներքինապետը մտավ վրանի գաղտնարանը, որ բաժանված էր վարագույրով, այնտեղից դուրս բերեց մի զույգ ատրճանակ և մի թուր. վերջինը նա իր ձեռքով կապեց պատանու մեջքից, և գոտևորելով նորընծա ասպետին իր նոր կոչման մեջ, ասաց.
– Ես բացի այդ թուրից ուրիշ թանկագին բան չունեմ քեզ ընծայելու համար, Դավիթ, – դա Սյունյաց աշխարհի մի հզոր թագավորի թուրն է, որ ես դուրս եմ բերել խանի գանձարանից: Այդ թուրը, որ մի ժամանակ հայ թագավորի հզոր ձեռքում պաշտպանում էր մեր հայրենիքը, թող այսուհետև հիշեցնե քեզ նրա ցավալի անկումը, թող այսուհետև ոգևորե քեզ նրա վերականգնման համար գործել: Դու պետք է բարձրացնես մեր հայրենիքի փառքը նրա կործանման փոշիներից և վերստին պետք է կյանք և ազատություն պարգևես մեր թշվառ աշխարհին: Ես այդ խոսքերը իմ գլխից չեմ խոսում, այլ աստված ինքը հայտնեց ինձ մի տեսիլքի մեջ: Եվ ես հավատում եմ քո ճակատագրին, դու էլ պիտի հավատաս քո կոչմանը…
Լսելով այդ խոսքերը, պատանին կարծում էր թե իր վրա ծիծաղում են, և ծերունին պատրաստ էր պատմել նրան իր տեսած երազի մանրամասնությունները, բայց տիկինը զգուշացրեց նրան, որ լռե:
– Այդ հասակում տղայի հետ այդպիսի բաների վրա չեն խոսում, – ասաց նա արաբերեն լեզվով. – երբ ժամանակը կգա, նա ինքը կհասկանա բոլորը…
– Այժմ բարի ճանապարհ եմ մաղթում քեզ, – ասաց տիկինը պատանու ճակատը համբուրելով, – կրկնում եմ, որտեղ որ լինես, ամեն մի պետքի, ամեն մի վտանգի ժամանակ կարող ես վստահությամբ դիմել ինձ, ես պատրաստ եմ ամեն մի հանգամանքում օգնել քեզ:
Պատանին խորին շնորհակալությամբ հանբուրեց տիկնոջ աջը և մի քանի կաթիլ արտասուք գլորվեցան նրա ձեռքի վրա: Նա մնաք բարյավ ասաց և իսկույն դուրս եկավ վրանից, գիշերային մթության մեջ ծածկելու իր դառն արտասուքը: Ծերունի ներքինապետը հետևեց նրան:
Տիկինը մնաց վրանում միայնակ, տխուր և սաստիկ սրտաշարժ դրության մեջ: Կարծես նրա հարազատ եղբայրը դեպի օտարություն էր գնում, կարծես, նրանից մի ամենասիրելի բան պակսում էր: Նա լուռ հափշտակության մեջ ծունր դրեց վրանի հատակի վրա և նրա վշտերով լի աչքերը դարձան դեպի արդարադատ երկինքը: Ի՞նչ բանի համար էր աղոթում նա – այդ միայն աստված գիտե: Բայց ջերմ արտասուքը առատությամբ թրջում էր նրա գունաթափ դեմքը, և երկար նույն դրության մեջ մրմնջում էր նա, մինչև կայծակի վերջին փայլը լուսավորեց վրանի մթին շրջակայքը, և հեռացող պատանու քայլերի ձայնը ծածկվեցավ որոտման սաստիկ դղրդոցի տակ:
Փոթորիկը ավելի սոսկալի կերպարանք ստացավ…
Առաջին գրքի վերջը
ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔ
Ա
Մցխեթը, վրաց երկրի մայրաքաղաքը, այդ ժամանակ ներկայացնում էր մի աղքատ ավան, որ նշանավոր էր նրանով միայն, որ այնտեղ էր գտնվում «Կենդանարար» անունով հոյակապ վանքը և այնտեղ էր բնակվում երկրի իշխանը, որ վրացիներից ընդունվում էր որպես թագավոր, իսկ պարսիկներից որպես «վալի»******: Ողորմելի, գետնափոր խրճիթները ցրված էին ավանի զանազան կողմերում և գետնի մակերևույթից որոշվում էին իրանց փոքրիկ, բլրաձև բարձրությունով միայն, որ նմանում էին խլուրդների կազմած հողաբլուրներին, երբ գետինը փորելով դիզում էին իրանց որջերի մուտքի առջև:
Վանքի զանգակատան բարձրությունից լսելի եղան վերջին հնչյունները. հրավիրում էին միաբանությանը ընթրիքի: Երեկոյն խավարը արդեն սկսել էր փոքր առ փոքր թանձրանալ: Գյուղացիները քշում էին երկրագործական հոգնած անասուններին դեպի տուն և գյուղացի աղջիկները դադարել էին հեռու աղբյուրից ջուր կրելուց: Խրճիթներում այստեղ և այնտեղ երևում էր ճրագի լույսը:
Այդ միջոցին անվանի մեռելայն լռությամբ աղմկվեցավ, շները բարձրացրին մի խառնաձայն աղաղակ, երբ հեռվից հայտնվեցան մի խումբ ձիավորներ, որոնք ամենայն թափով քշում էին իրանց երիվարները դեպի ավանը: Որսորդական հոգնած բարակները տհաճությամբ վազում էին ձիաների ետևից և ամբողջ խումբը կորած էր փոշու թանձր մառախուղի մեջ: Ձիավորներից մի քանիսը կրում էին իրանց բազուկների վրա բազեներ: Երևում էր, որ այդ խումբը վերադառնում էր որսորդությունից: «Պարո՛նը…» – ասեցին միմյանց մի քանի ուշացած գյուղացիներ և երկյուղածությամբ մի կողմ քաշվեցան ճանապարհ բաց անելու համար:
Խումբը դիմեց դեպի քայքայված բերդը, որ վաղեմի ժամանակներից շինված էր մի բարձրավանդակի վրա: Այնտեղ էր «պարոնի» տունը: Բերդի ահագին դռները բացվեցան, ձիավորները ներս մտան, և հասցնելով իրանց տիրոջը մինչև նրա բնակարանը, հետո գլուխ տալով ցրվեցան:
Մի երիտասարդ ձիավոր, այդ խումբից բաժանվելով, դիմեց ձորը, դեպի մի առանձնացած տնակ, ուր էր նրա բնակարանը:
– Մի մարդ, կեսօրվանից եկած, սպասում է ձեզ, աղա, – ասաց սպասավորը, երբ նրա տերը ցած իջավ ձիուց:
– Ի՞նչ մարդ, – հարցրեց աղան, հանձնելով ձիու սանձը սպասավորին և հրամայելով, որ ման ածե, մինչև քրտինքը ցամաքի, հետո տանե գարի տա:
– Չեմ իմանում, նա ձեր անունը իմանում է, ասում է, որ ձեր երկրիցն է, – պատասխանեց անհետաքրքիր ծառան, որին այժմ ավելի զբաղեցնում էր հոգնած ձին, որ պատած էր սապոնի փրփուրի նման քրտինքով, քան անծանոթ օտարականը, որ աղայի երկրիցն է:
Երիտասարդը անհամբերությամբ ներս մտավ մի խուղի մեջ, որ միակ լուսավորված սենյակն էր ամբողջ տան մեջ: Դա բավական ընդարձակ, քառանկյունի շինվածք էր, որի պատերը կազմված էին, մինը մյուսի մոտ կանգներցած, երկայն ցիցերից, որոնց միջոցները հյուսած էին ծառերի ճյուղերով, հետո ծեփած էին հասարակ կավով: Սենյակի առաստաղը գմբեթաձև կերպով վեր էր բարձրանում, իր գագաթում թողնելով երդիկի նման մի ծակ, որտեղից դուրս էր գնում նրա մեջ հավաքված ծուխը: Ուրիշ լուսամուտներ չկային. ցերեկը լուսամուտի փոխարեն ծառայում էր նեղ դուռը, որտեղից ներս էին թափվում արեգակի ճառագայթները: Բայց իսկապես ասած, այդ բնակարանը դրսի լույսին ամենևին պետք չուներ. հատակի վրա թավալված էին մի քանի գերաններ, որոնց ծայրերը միմյանց մոտ դրվելով, ամբողջ օրը ծխում էին, տարածելով իրանց շուրջը թե լույս, թե ջերմություն և թե խեղդող մուխ: Գիշերը ճրագի պետք չկար:
Օտարականը, կրակի մոտ կկզած, տաքանում էր: Չնայելով, որ գարնան սկիզբն էր, բայց եղանակը դեռ մրսեցնելու չափ ցուրտ էր: Տեսնելով երիտասարդին, նա վեր բարձրացավ, խոնարհությամբ գլուխ տվեց:
– Ո՞րտեղացի ես, – եղավ երիտասարդի առաջին հարցմունքը:
– Ձեր ծառան տաթևացի է, – պատասխանեց նա համարձակ կերպով, և մոտենալով, ավելացրեց.
– Աղայի համար նամակ եմ բերել:
Տաթևի անունը լսելիս, երիտասարդի սիրտը սկսեց դողալ, բայց նա ծածկելով իր խռովությունը, ասաց.
– Տուր ինձ նամակը:
Օտարականը առեց գլխից մորթե ահագին փափախը, նրա ծալքից դուրս հանեց երկու մեծ ծրար, տվեց երիտասարդին:
Կրակի շուրջը, հատակի վրա, տարածված էր փափուկ և ցամաք խոտ, իսկ խոտի վրա փռված էին թանձր օթոցներ: Սենյակի մի կողմում, պատի տարածության չափով, հասարակ, անգույն փայտից շինված էր երայն թախտ, որի վրա փռված էր պարսկական գորգ և դրված էին մի քանի բարձեր, կարված արևելքի գունավոր, մետաքսեղեն կերպասից: Այդ միակ մաքուր անկյունն էր ամբողջ սենյակի մեջ, որ ցույց էր տալիս փոքր ի շատե ճաշակ և շքեղություն: Սենյակի պատի այն ճակատը, որ կողմում դրված էր թախտը, պատած էր նույնպես պարսկական գորգով: Նրա վրա քարշ էին տված զանազան տեսակ զենքեր, զանազան տեսակ զինվորական և որսորդական պարագայք: Երիտասարդը ծալապատիկ նստեց թախտի վրա, հրամայելով իր ծառային, որ տանե նամակաբերին իր մոտ ախոռատունը, իսկ ինքը բաց արեց նամակներից մեկը և սկսեց կրակի լույսով կարդալ:
Նախ ուշադրություն դարձրեց նա ստորագրությունների վրա: Ստորագրությունների բազմությունը, որոնց յուրաքանչյուրի մոտ դրոշմված էր մի-մի կնիք, տալիս էր այդ նամակին ավելի հանրագրի ձև: Առաջին տեղը բռնում էր Տաթևի վանքի վանահայր, միևնույն ժամանակ Ղափանի ամբողջ վիճակի առաջնորդ Ներսես եպիսկոպոսի խոշոր կնիքը: Հետո կարգով շարված էին մյուս վանքերի եպիսկոպոսների և վարդապետների կնիքները: Նրանցից հետո Սյունյաց աշխարհի զանազան իշխանների, մելիքների և տանուտերերի կնիքները վերջին տեղն էին բռնում: Դրանցից շատերին երիտասարդը անձամբ ճանաչում էր, իսկ ոմանց անունները միայն լսած էր: Նամակը սկսվում էր օրհնություններով և բովանդակում էր իր մեջ խիստ տխուր նկարագիր Սյունյաց աշխարհի ցավալի դրության մասին: Նա պատկերացնում էր հայոց ճնշված ժողովրդի վերջին աստիճանի թշվառությունը, մահմեդականների անգթությունները, խաների անսահման բռնությունները, բնակիչների անդադար կոտորածները, գերությունները, հափշտակությունները, – բոլորը արյունով, արտասուքով և խորին ցավակցությամբ գրված:
«Դանակը ոսկորին է հասել…» – այս խոսքերով վերջանում էր նամակը – «մեր երեսին պատվի մի կաթիլ անգամ չեն թողել… մեր կնիկներին, մեր աղջիկներին մեր աչքի առջև բռնաբարում են և մենք լուռ նայում ենք… Մեր վանքերը, մեր եկեղեցիները անասունների ախոռատուն են դարձնում և մենք համբերում ենք… Մեր տաճարների սրբությունները կողոպտում են և խաչերը շների շլինքից քարշ են տալիս, իսկ մենք ձայն հանել չենք համարձակվում… Մեր զավակներին, մեր ձեռքից խլելով, օտար երկրներում վաճառում են, մենք արգելել չենք կարողանում… Մեր ձեռքի վաստակը մեզանից հափշտակում են, մեզ թոնում են քաղցած, իսկ մենք բողոքել չենք կարողանում… Ոչ ոք չէ լսում մեր ձայնը, ոչ ոք չէ սրբում մեր արտասուքը: Մնացել է վերևում – աստված, իսկ ներքևում` դու, Դավիթ բեկ: Խեղդամահ եղած հայրենիքի վերջին հառաչանքը կոչում է քեզ: Լսի՜ր նրա ձայնը, լսի՜ր նրա աղաչանքը, օգնության ձեռք մեկնի՜ր: Այն հայրենիքը, որ քեզ սնուցել է, որ քեզ կյանք է տվել, քեզանից կենդանություն է սպասում: Մի թող տուր նրան իսպառ մահանալ: Ժողովրդի հույսը քեզ վրա է դրած: Քո հզոր աջը պետք է փրկե նրան: Այդ է աստուծո և մեր տեր Հիսուս Քրիստոսի կամքը: Ուրիշ ճար չէ մնացել. ամեն բան փորձեցինք, ամեն հնար գործ դրեցինք, ամեն ստորություն հանձն առինք, բայց բռնակալի գազանությունը ամոքել չկարողացանք: Մեր ստրկության լուծը օրըստօրե ծանրացավ, մեր վիճակի դառնությունը օրըստօրե սաստկացավ: Այժմ ժողովուրդը ուխտել է կատարել մի վճռական գործ` կամ միանգամով կոտորվել և բնաջինջ լինել, կամ բոլորովին ազատվել մահմեդական բռնակալությունից: Բայց ժողովրդին պետք է մի փորձված ձեռք, որ առաջնորդե նրան: Այդ ձեռքը նախախնամության կամքով պետք է լինի քոնը: Այն օրը, երբ դու ոտք կկոխես հայրենիքի հողի վրա, ժողովուրդը մի մարդու պես կկանգնի և քո դրոշի ներքո կսկսե մաքրել երկիրը մահմեդական պղծությունից: Ամեն ինչ պատրաստված է. մնում է քո հրամանը, – և ահա ժողովուրդը կշարժվի… Շտապի՜ր, Դավիթ բեկ, ազգը, հայրենիքը և եկեղեցին կանչում են քեզ և իրանց ազատությունը քո ձեռքից են սպասում…»:







