- -
- 100%
- +
Ես սաստիկ սեր ունեի դեպի հրացան գործիքները. վառոդի խեղդող ծուխն անգամ ախորժ էր թվում ինձ: Բայց մենք այնքան աղքատ էինք, որ ես չէի կարող գնել երկաթից շինված հրացան զենքեր. ես այսպիսի զենքերը ինքս էի պատրաստում եզան կամ ոչխարի ոտքերի ոսկորներից: Կտրելով ոսկորի մի ծայրը, և մյուս ծայրում մի ծակ բաց անելով, իմ թվանքի խողովակն արդեն պատրաստ էր. հետո խիստ ճարտարությամբ հագցնում էի նրան մի կտոր փայտի մեջ, որը ծառայում էր կոթի տեղ, և պինդ կապում էի թելով: Մինչև այսօր իմ աջ հոնքի ծայրին մնացել է փոքրիկ սպի, տեսնողը կմտածե, թե խենջալով ծակած են, բայց ոչ, իմ ոսկրյա հրացանը երբ պայթեց, նա թողեց երեսիս վրա այդ նշանը: Մայրս սաստիկ բարկացավ, երբ պատահեց ինձ այդ վերքը: – «Գրո՜ղը տանե քեզ, – ասաց նա, – դու վերջը վառոդով պիտի մեռնես»… և արգելեց զենքերի հետ խաղալ: Այդ պատճառով, երբ իմ քեռի Մինասը ընծայեց ինձ մի փոքրիկ հրացան, ես մորս երկյուղից մեր տունը չբերեցի, այլ ծածուկ պահում էի Կարոյենց տանը, և գնում էի այնտեղ, միասին բանեցնում էինք:
Ես չեմ կարող ճշտությամբ բացատրել, արդյոք ինչի՞ց էր, որ ես սիրում էի զենքեր. արդյոք նրա համար, որ քեռիներիս արհեստանոցում միշտ զենքեր էի տեսնում. արդյոք նրա համար, որ որսորդը միշտ հրապուրում էր ինձ իր վառոդով և հրացանով, թե նրա համար, որ իմ ընկեր Կարոն նույնպես սիրում էր զենքեր: – Ոչ այս և ոչ մյուսը, այլ ես կարծում եմ, որ ամեն երեխայի բնության մեջ կա այդ սերը, նախքան մարդ լինելը նա ձգտում է զինվոր լինել. և եթե վերջը հանգչում է նրա մեջ այդ զգացմունքը, դրա պատճառն է կյանքը և տարապայման կրթությունը…
Երբ վարժապետս աոաջին անգամ տվեց իմ ձեռքը փետուրե գրիչը իմ մեջ ծագեց մի ծիծաղելի միտք. – « Ի՞նչ լավ կլիներ, որ այդ գրիչը փոքր-ինչ հաստ ու պինդ լիներ, ես նրանից հրացան կշինեի, կոթ էլ չէր ուզենա»… Իմ մտածությունը թեև երեխայական էր, բայց համեմատությանը սխալ չէր, որովհետև փետուրե գրիչն էլ հրացանի խողովակի ձև ունի: Իսկ փայտից խենջար, թուր, սուր, աղեղն, նետ, նիզակ և այլ զենքեր շինելու մեջ ես կատարյալ վարպետ էի. այդ էր պատճառը, որ որսորդն աշխատում էր համոզել մորս, որ նա հանձներ ինձ քեռիներիս արհեստանոցը, զենք շինել սովորեի: Բայց մայրս չէր համաձայնվում. նա մինչև անգամ մեղք էր համարում սովորելը այն արհեստի, որ պատրաստում է մարդիկ կոտորելու գործիքներ: Տեր Թոդիկն էլ միևնույնն էր կրկնում:
Բայց Կարոն ինձանից ավելի ազատ և ավելի բախտավոր էր, նա ոչ մայր ուներ, ոչ հայր և ոչ էլ վարժապետ. ոչ ոք նրան չէր արգելում հետևել բնության ձայնին. տատը չէր ճնշում նրան, և որսորդի ազդեցության ներքո նա դարձավ բոլորովին ուրիշ տղա, քան թե էին նրա բոլոր ընկերները: Այն օրից, որ թողեց դպրոցը, ես ինքս մեծ փոփոխություն էի տեսնում նրա մեջ: Ես լսում էի նրանից ինձ համար շատ անհասկանալի խոսքեր. մի անգամ ասաց նա.
– Ֆարհատ, մեր գյուղացիները շատ աղքատ են, կան ընտանիքներ, որ հաց չունեն ուտելու:
– Դու ի՞նչ գիտես, – հարցրի ես:
– Որսորդի հետ երեկ ման եկանք մի քանի գյուղեր. նա ինձ ներս տարավ գյուղացիների խրճիթները. ես տեսա սարսափելի չքավորություն:
– Ի՞նչ է պատճառը:
– Այդ մահմեդականները մեր գյուղացիների արյունը ծծում են: Այդ խաները, բեգերը նրանց կյանքը բոլորովին մաշում են: Որսորդը ինձ բացատրում էր, թե ինչ պետք է արած, որ գյուղացիները ավելի հանգիստ և ավելի կուշտ լինեն:
Ես ոչինչ չպատասխանեցի. նա շարունակեց.
– Ֆարհատ, քանի օր առաջ տեսա, մի գյուղացու կապած, ծեծում էին նրա համար, որ չէր գնացել խանի համար ձրի բանելու: Խեղճը իր ընտանիքի միակ աշխատող մարդն է, եթե նա միշտ խանի համար ձրի բանե, էլ ո՞վ կկերակրե նրա երեխաները: Ֆարհատ, հենց որ տեսա, սիրտս այրվեց, էլ չկարողացա արտասուքս պահել…
Ահա այսպես, միշտ գյուղացիներ, միշտ գյուղացիների մասին էր խոսում նա: Ես մտածում էի, թե խեղճ տղան ցնորվել է. նրան ի՞նչ փույթ, որ գյուղացիները ուտելու հաց չունեն կամ նրանց տանջում են: Լավ չէ՞, ասում էի, որ իր փորի համար մտածե. ինքը ավելի բախտավոր չէ այն թշվառներից, որոնք գիշերները սոված են պառկում:
Իհարկե, այդ մեծ փոփոխություն էր Կարոյի բնավորության մեջ: Նա առաջ սովորություն ուներ խոսել Քորօղլիի, Ռուստամի, Զալի և դրանց նման հերոսների մասին, որոնց պատմությունը լսել էր աշուղների վեպերի մեջ, – կամ խոսում էր գեղեցիկ աղջիկների վրա և ծաղրում էր նրանց այս և այն թուլությունները: Հանկարծ բոլորը մոռացավ նա, սկսեց գյուղացիների մասին խոսել, նրանց վրա մտածել: Ո՞վ մտցրեց նրա մեջ այդ ցնորքը: – Ես չգիտեի, միայն Ասլանը վերաբերում էր որսորդ Ավոյին:
ԺԱ
ՂԱՐԱ-ՄԵԼԻՔՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
Մի անգամ Կարոն ինձ ասաց. – Ֆարհատ, տատս շատ հիվանդ է, ես մենակ եմ, գնանք մեր տուն, այս գիշեր մեզ մոտ կացի՛ր:
Ես գնացի: Կարոյենց բնակարանը շատ հեռու չէր մեր տնից: Ես գտա Զումրուդին, արդարև, ծանր հիվանդության մեջ. խեղճ կնոջ միայն մորթն ու ոսկորն էր մնացել. շունչը հազիվ ելումուտ էր անում: Երբ մեզ տեսավ նա, փոքր-ինչ հոգի առավ, խնդրեց գլուխը վեր բարձրացնել և բարձերը նեցուկ տալ մեջքին, որ կարողանա նստել: Կարոն կատարեց նրա ցանկությունը: Հնոցի մեջ վառվում էին մի քանի կտոր փայտեր, և կարմիր լույսը ծավալվելով փոքրիկ խրճիթի մեջ, լուսավորում էր հիվանդի մաշված, դալկացած դեմքը:
Հիվանդը կանչեց Կարոյին, նստեցրեց իր մոտ, և նրա ձեռքը առնելով իր ոսկրացած ափի մեջ, ասաց թույլ և դողդոջուն ձայնով.
– Ես մեռնում եմ, Կարո, քանի որ բերանս փակված չէ, թող լեզուս բաց անե քեզ այն գաղտնիքը, որ այսքան տարի ծածուկ էր պահված:
Նա պատմեց, թե ինքը Կարոյի ոչ տատն է, ոչ նրա ազգականը, այլ սկզբում Կարոյի հոր տան աղախինն է եղել, իսկ հետո դարձավ նրա դայակը: Նա պատմեց, թե Կարոյի հայրը կոչվում էր Միր-Մարտո, նա պատկանում էր Ղարա-մելիքների ընտանիքին, որ սերված էր հայոց մի հին իշխանական տոհմից: Դարերի ընթացքում այդ տոհմի բախտը նույնքան փոփոխության է ենթարկվել, որքան փոփոխական, հեղհեղուկ է եղել Հայաստանի դրությունը: Նա բարձրացել և խոնարհվել է իշխանության, աստիճանի բոլոր ելևէջների մեջ, երբեմն տիրող իշխան, երբեմն հասարակ տանուտեր, երբեմն տաժանակիր հողագործ, – բայց երբեք չէ կորցրել իր ազնվապետական ոգին: Պարսից մարզպանների ժամանակ այդ տոհմը դեռ պահպանել էր հզոր նախարարի արտոնությունները, բայց արաբացոց արշավանքների ժամանակ նա բավական ընկավ, երբ այդ ցեղի նշանավոր իշխանները բռնվելով, տարվեցան Դամասկոս և այնտեղ գլխատվեցան: Նրա մի ճյուղը բոլորվին ոչնչացավ հունաց Կյուրապաղատների օրերում: Մոնղոլական արշավանքների ժամանակ այդ ցեղից մի տղամարդ, որ իր թուխ դեմքի պատճառով ստացել էր թաթարների խանից «Ղարա-մելիք» կոչումը, կրկին զորացավ: Նրա անունով այդ տոհմի ներկայացուցիչները սկսվեցան կոչվիլ Ղարա-մելիքներ:Հայաստանի հեղաշրջումների փոթորիկների մեջ այդ տոհմը անդադար արմատախիլ լինելով հայրենի երկրից, տարուբերվել է երբեմն Արարատ, երբեմն Վասպուրական, երբեմն Ատրպատական և երբեմն Փոքր-Հայքի կողմերը: Իսկ վերջին դարերում, երբ Վասպուրականի մեջ զորացան քրդերը, Ղարա – մելիքներից մեկը, Մարաշի կողմերից փախստական գալով, հաստատվեցավ Վանա ծովակի հարավային ափերի մոտ: Քուրդ ցեղապետների հետ դաշնակցելով, նա հետզհետե ընդարձակեց իր իշխանությունը և տիրում էր ամբողջ Ռշտունյաց գավառի վրա: – Դա էր Կարոյի հայրը` Միր-Մարտոն: «Միր» տիտղոսը ստացավ նա քրդերից, որ նշանակում է տեր, իշխան, պետ: Նրա հզոր ամրոցը գտնվում էր Ոստանի մոտ, մի լեռան անմատչելի բարձրավանդակի վրա, մի կողմից ծփում էր ծովակը, մյուս կողմից, շրջապատած էր սարերի պարսպաձև շղթաներով:
Միր-Մարտոն, որպես տեղային հայերի պետը, էր միևնույն ժամանակ ամենահարուստ մարդը ամբողջ գավառի մեջ: Նա ուներ մի առանձին սնահավատություն դեպի յոթնյակ թիվը և այդ պատճառով իր բոլոր հարստությունը բաժանած էր յոթն մասների վրա: Նա ուներ յոթն ջրաղաց, յոթն ձիթհան, յոթն այգի, յոթն անտառ: Նրա տնից դուրս էր գալիս յոթն գութան, որ մշակում էին յոթն անգամ յոթ անասուն օրավար հող: Նրա սեփական արոտատեղերում արածում էին յոթն հոտ ոչխարներ, յուրաքանչյուր հոտը միագույն, մեկը ճերմակ, մյուսը սև, երրորդը շիկագույն, չորրորդը խայտաճամուկ, հինգերորդը մոխրագույն և այլն: Նույն խորհրդավոր թիվն ունեին նրա ձիերի, կովերի, գոմեշների երամակները: Այդ բոլորը պիտի մնար որպես ժառանգություն նրա յոթն որդիներին, որոնցից ամենակրտսերն էր Կարոն:
Միր-Մարտոյի օրըստօրե զորանալը, նրա հաջողությունները մշտական կռիվների մեջ, գրգռեց մի հարևան քուրդ ցեղապետի նախանձը: Նա չկարողանալով բացարձակ կերպով վնասել նրան, սկսեց դիմել խորամանկության. բարեկամություն հաստատեց Միրի հետ, ձևացրեց իրան նրա ամենամտերիմ դաշնակից: Եվ մի անգամ, խաբեությամբ Միրին իր մոտ հյուր կանչելով, ընթրիքի ժամանակ հրամայեց նրան ցած գլորել իր բերդի բարձրությունից:
Կարոյի հայրը այսպես նենգությամբ սպանվելեն հետո, նրա ամբողջ ընտանիքը զոհ եղավ քուրդ բռնակալի բարբարոսությանը, բոլորը սրից անցան. ողջ մնաց միայն փոքրիկ Կարոն, որին իր դայակը– Զումրուդը – փախցնելով, թաքցրեց մի ասորու տան մեջ:
Հիվանդը վերջացրեց իր պատմությունը այս խոսքերով.
– Այն սարսափելի կոտորածի միջոցին, քո մայրը, Կարո,կուրծքից խենջարով խոցված, մի ձեռքով բռնել էր վերքը, մյուս ձեռքով քեզ հանձնեց ինձ, ասելով. «Ա՛ռ, Զումրուդ, եթե աստված կհաջողե ազատել երեխայիս, սովորեցո՛ւր նրան վրեժխնդիր լինել»… Այդ խոսքերի հետ նազելի տիկինս ավանդեց հոգին:
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.