- -
- 100%
- +
Այս հանգամանքը պարզ նկատելի էր եւ մեր գավառական իրականության մեջ` Շուշիում։ Հնչակյաններին չհաջողվեց Շուշիում տեղական կոմիտե հաստատել, թեեւ նրանք իրենց շարքերում ունեին շուշեցի այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք էին Բարսեղ Զաքարյանը եւ Շմավոն Հովհանյանը (Գաբրիել Կաֆյան)։ Իսկ դաշնակցական տեղային կոմիտե կազմվեց հենց 1891 թվականից, եւ նրան անդամագրվեցին թե՛ մշակական եւ թե՛ նորդարական երիտասարդներ, ինչպես նաեւ չեզոք քաղաքացիներ։ Ես էլ էի անդամ։ Եվ սակայն ի՞նչ գործունեություն էինք ցույց տալիս. այն միայն, որ մեր ռոճիկներից ամսական որոշ տոկոս վճարումներ էինք անում եւ գանձած փողը մեր գանձատան խնայողական արկղի մեջ պահում։ Եվ երբ բավական փող էր հավաքվում, ուղարկում էինք Թիֆլիս, ուր արդեն, ինչպես լսում էինք, կուսակցության կենտրոնում սկսվել էին վեճեր ու հակառակություններ։
Բոլոր այն ձեռնարկումները, որոնք սկսվեցին այդ ժամանակ` թե՛ զուտ հեղափոխական եւ թե՛ կազմակերպչական հողի վրա, երեխայական բովանդակություն ունեին։ Մի այդպիսի գործ էլ Շուշիի մեր կոմիտեն կատարեց։ Մեր գանձից 60 ռուբլի ծախսեցինք եւ մի լավ հրացան գնեցինք դարալագյազցի Գրիգոր քահանայի համար, որ քաջի համբավ էր հանել եւ իր գյուղից Շուշի էր եկել մեզ հայտնելու, թե Թուրքահայաստան է գնում։ Հիշում եմ, թե որպիսի հանդիսավորությամբ էր այդ հրացանը հանձնվում տեր-Գրիգորին։ Մենք հավաքվել էինք Շուշիի թեմական դպրոցի ուսուցիչ Հակոբ Ճաղարբեգյանի մոտ ու հիացմունքով զրույց էինք անում գյուղական երիտասարդ տերտերի հետ, որ ամեն կերպ աշխատում էր մեզ հավատ ներշնչել, թե ինքը կկատարի իր խոսքը եւ կերթա կռվելու Հայաստանի ազատության համար։ Ճաղարբեգյանը լավ խոսել գիտեր եւ մի սիրուն ճառ ասաց, մենք ամենքս համբուրեցինք տերտերի ձեռքը եւ ճանապարհ դրինք նրան։
Գնա՞ց նա արդյոք, ես չգիտեմ։ Մոտ քառորդ դար անցնելուց հետո էր, համաշխարհային պատերազմի ժամանակ, որ ես դաշնակցական մի թերթի պատկերազարդ հավելվածի մեջ տեսա մի կամավորական խմբի նկար։ Կամավորների առաջեւից գնում էր յափնջին վրան գցած, մաուզերը բռնած մի ձիավոր։ Նկարի տակ գրված էր, թե դա դարալագյազցի տեր-Գրիգորն է, 75-ամյա հասակում։ Եվ ես հիշեցի մեր տված հրացանը։ Արդյո՞ք գնաց նա այն ժամանակ։ Բայց մի՞թե հարցը գնալ-չգնալու մեջ էր։ Հարցը մեր վերաբերմունքի մեջ էր, մեր` արդեն մորուքավոր մի խումբ մարդկանց, որ կարծում էինք, թե մի հրացան, մի քաջ մարդ ուղարկելով Թուրքիա, մենք ուժ ենք ստեղծում, որ կարող է սասանեցնել սուլթանի գահը։ Ամաչել մեր այս անծայր միամտությունից մենք չէինք կարող, որովհետեւ ամենքն էին այդպես մեր իրականության մեջ, եւ ոչ ոք չէր ամաչում։
Մի ուրիշ գործ էլ կատարեց Շուշիի տեղական կոմիտեն, բայց այն ժամանակ ես արդեն հեռացել էի իմ ծննդավայրից։ Կոմիտեն մի ամբողջ խումբ կազմակերպեց Շուշիի դատարկապորտ երիտասարդներից, որոնք ամեն տեղ հայտնի են «լոթի» անունով։ Մինչեւ Թիֆլիս հասնելու համար, ուր նրանք պիտի մտնեին կենտրոնական կոմիտեի տրամադրության տակ, այդ լոթիները բավական փող ստացան իբրեւ ճանապարհածախս։ Բայց դուրս գալով Շուշիից` միայն մի քանի վերստ գնացին. մի կողմ թողնելով խճուղին` գնացին Խանքենդի (այժմ՝ Ստեփանակերտ) ավանը եւ ամբողջ մի շաբաթ քեֆ անելուց ու բոլոր փողերը մսխելուց հետո վերադարձան քաղաք։ Աբդուլ-Համիդը բախտավոր աստղի տակ էր ծնվել, թե չէ…
Մի օր էլ լուր առանք, թե Դաշնակցությունը քայքայվում է։ Թիֆլիսում հրապարակ էր եկել մի նոր հեղափոխական գործիչ` լեռնային ինժեներ Կոստանդին Խատիսյանը, շատ կրքոտ մի երիտասարդ, որին որոշ չափով համարձակություն էր տալիս նրա հոր գրաված բարձր պաշտոնը պետական ծառայության մեջ։ Պատմում էին, որ նա իրենց տանն ազատորեն ուժանակ է պատրաստում հեղափոխական մեծամեծ ձեռնարկումների համար, որոնց ծրագրելու մեջ նա մեծ հմտություն էր ցույց տալիս։ Նա ձեռնարկել էր Դաշնակցության միջից մի ֆրակցիա հանել, որ պիտի գործեր ինքնուրույնաբար` իր ղեկավարությամբ եւ իր կազմած ծրագրով։ Մի օր Թիֆլիսում կազմված ֆրակցիայի կողմից Շուշի եկավ ուսուցիչ Մանուկ Աբեղյանը, որ հավաքեց մեզ` Դաշնակցության կոմիտեի անդամներիս, սկսեց բացատրել Կոստանդին Խատիսյանի ֆրակցիայի առավելությունները եւ համոզել, որ Շուշիի կոմիտեն դառնա այդ ֆրակցիայի բաժանմունքը։ Խատիսյանական ծրագրի մեջ վառ երեւակայություններ շատ կային, բայց ես այժմ մոռացել եմ դրանք։ Հիշողությանս մեջ մնացել է միայն այն, որ այդ մտքերի եւ հավանականությունների մեջ մեծ տեղ էին գրավում ուժանակային ռումբերը, որոնց պատրաստության համար նա նախագծում էր մի ամբողջ գործարան հիմնել Բուլղարիայում։ Մենք չհակաճառեցինք անգամ։ Ով ուզում է թող ազատի Հայաստանը` մենք հոժարությամբ պատրաստ ենք մեր ամսական տուրքը նրան տալ։ Դրանից ավել գործունեություն մենք նույնիսկ չէինք իմացել եւ չգիտեինք։
Բայց Խատիսյանի ֆրակցիան շուտով ջուրն ընկավ, եւ Դաշնակցությունն էր, որ մնաց գործի գլուխ։ Այդ ժամանակ էր, որ այն իրենց ձեռքն էին առնում մի քանի կարող երիտասարդ ուժեր, որոնց մեջ արդեն անուն էին հանել մանավանդ երկուսը՝ Քրիստափոր Միքայելյանն82 ու Սիմոն Զավարյանը83։ Մեր վճարումներն առաջվա պես գնում էին Դաշնակցության կենտրոնական կոմիտեին։ Շուտով նրա կողմից Շուշի եկավ ուսանող Տիգրան Հովհաննիսյանը։ Եկել էր մի մեծ գումար տանելու, եւ որոշվել էր այսպիսի մի հեքիաթ։ Կազմակերպությունը, իբրեւ թե, արտասահմանում գնել էր մեծ քանակությամբ զենք, որ նավով ուղարկված էր Պարսից ծոց` այնտեղից, Պարսկաստանի վրայով, Թուրքահայաստան փոխադրելու համար։ Ճանապարհածախսի համար հարկավոր էր մի մեծ գումար։
Այս հեքիաթն, իհարկե, ինքը` Տիգրան Հովհաննիսյանը չէր հնարել, որ այն ժամանակվա մշակական երիտասարդության լավագույն ներկայացուցիչներից էր համարվում։ Բայց որ նա էլ այնքան էր հավատացել այդ հեքիաթին, որ դրա շրջիկ քարոզիչն էր դարձել, հենց ա՛յն է ապացուցում, որ այն ժամանակ մեզանում անվերապահ հավատն էր թագավորում, եւ քննադատական վերաբերմունքը միանգամայն բացակայում էր։ Ասացե՛ք` ո՞ւմ կարող եք այսօր հավատացնել, թե հնարավորությունների կարգումն է մեծաքանակ զենքերի փոխադրությունը Պարսկաստանի վրայով՝ նույնիսկ գաղտնիքը չպահպանելով, արձակ կերպով։ Ինչքա՞ն ծախս կնստեն հենց միայն փոխադրող քարավանները։
Տիգրան Հովհաննիսյանն ընդունվեց շատ սիրալիր կերպով, այդպես էլ ճանապարհ դրվեց Շուշիից, բայց` առանց փողի։ Պատճառն այն չէր, որ ձեռնարկությունը կասկածելի էր թվում մեզ։ Փող չունեինք. եթե ունենայինք, կտայինք, ինչ խոսք։
Դ
1892թ. Կովկասի հայության կյանքում տեղի ունեցան մի քանի խոշոր դեպքեր։ Մայիսին Էջմիածնում կատարվեց կաթողիկոսական ընտրություն. բոլոր կողմերից (Թուրքիայից, Պարսկաստանից, Ռուսաստանից) եկած պատգամավորների բոլոր ձայներով ընտրվեց Մկրտիչ արք. Խրիմյանը (Հայրիկ կոչված)։ Սա մի խոշոր ցույց էր սուլթանի դեմ։ Խրիմյանը` Հայոց հարցի հեղինակներից մեկը եւ Հայաստանի ազատագրության վաղեմի երգիչն ու քարոզիչը, Գում-Գափուի ցույցի հետեւանքով աքսորվել էր Երուսաղեմ։ Նրա ընտրությամբ մշակական ուղղությունն իրեն համարում էր իր վաղեմի բաղձանքին հասած, որ 1884 թվին չէր իրականացել Ներսես Վարժապետյանի հրաժարման պատճառով։ Խրիմյանին աքսորից ազատելով եւ կաթողիկոսական աթոռի վրա նստեցնելով` ստեղծվում էր, ինչպես շարունակում էին կարծել, մի շատ նպաստավոր դրություն` Հայոց հարցը պետությունների հերթական եւ անհետաձգելի խնդիր դարձնելու համար։ Ուստի կաթողիկոսական ընտրությունը հավասար չափով ուրախացնում էր եւ երկու հեղափոխական կուսակցություններին։ Դաշնակցականներն այդ ընտրությանը մինչեւիսկ գնացել էին Էջմիածին՝ պրոպագանդայի եւ օտար տեղերից եկած պատգամավորների հետ տեսնվելու ու խորհրդակցելու համար։
Նույն տարին առանձնապես շեշտվեց նաեւ մի շարք նշանավոր գործիչների մահերով։ Մեռան Գամառ-Քաթիփան, Խորեն Նար-Պեյը84, Գարեգին Սրվանձտյանցը85, իսկ տարվա վերջին` նաեւ Գրիգոր Արծրունին։ Մանավանդ այս վերջին մահը չափազանց խոր տպավորություն թողեց ամբողջ հայության վրա, եւ դեկտեմբերի 27-ին նրա թաղումը Թիֆլիսում տեղի ունեցավ այնպիսի մի հանդիսավորությամբ, որի նմանը դեռ երբեք չէր տեսել այդ քաղաքը։
Իբրեւ Շուշիի բարեգործական ընկերության կողմից պատգամավոր` ես էլ ներկա էի այդ թաղմանը։ Դեկտեմբերի 27-ը դարձավ միաժամանակ քաղաքական մի խոշոր ցույց՝ ցարական բյուրոկրատիայի դեմ։ Սահմանված էր, որ թաղման հանդեսը Վանքի եկեղեցուց դուրս գալով` Բարյատինսկայա փողոցով կբարձրանա Գոլովինսկի պրոսպեկտ եւ Երեւանյան հրապարակով կմտնի Միջին փողոցը` դեպի Խոջիվանք գնալու համար։ Թիֆլիսի նահանգապետ Շերվաշիձեն, սակայն, փոփոխություն էր մտցրել այդ երթուղու մեջ` հպատակվելով Կովկասի կառավարչապետ Շերեմետեւի86 ցուցումներին, որ Հայկական դատի եւ շարժումների թշնամին էր։ Պատճառ բերելով կառավարչապետի հիվանդոտ դրությունը` Շերվաշիձեն անհարմար էր համարել, որ ժողովրդական կուտակումներից բաղկացած սգերթը պալատի առջեւով անցնի, ուստի ճանապարհ էր նշանակել Լոռիս-Մելիքյան փողոցը։ Երիտասարդությունը, վրդովվելով այդ կարգադրությունից, որոշեց չհնազանդվել դրան։ Այդ պատճառով, երբ եկեղեցական հանդեսը բարձրանալով Բարյատինսկայա փողոցով` ուզեց մտնել Լոռիս-Մելիքյան փողոցը, հետեւից եկող բազմահազար ժողովուրդը նրան սաստիկ հրելով առաջ քշեց` ոտքի տակ տալով բազմաթիվ քաղաքապահ ոստիկանների, եւ դուրս գալով Գոլովինսկի պրոսպեկտ` այն լցրեց ծայրից ծայր եւ, անդիմադրելի լավայի պես առաջ շարժվելով, պալատի մոտ եւ Դվորցովայա փողոցում լռեցրեց հոգեւորականության ձայնը՝ երգեր երգելով եւ «Կեցցե՛ Հայաստան» կանչելով։ Ոստիկանապետը կազակներով թռավ ցույցի տեղը, բայց ուշ էր արդեն, ժողովրդական ծովի հետ արդեն ոչինչ չէր կարելի անել։ Նրան մնաց բավարարվել հանդիսատեսի դերով։
Այս քաղաքական ցույցը շատ խոր տպավորություն թողեց մանավանդ ինձ` գավառից եկած երիտասարդիս վրա։ Շուտով ես ծանոթացա եւ այն մարդկանց հետ, ովքեր նրա գլխավոր առաջնորդներն էին հանդիսացել։
Թաղումը տեւեց շատ երկար։ Ճառախոսների թիվը մեծ էր, բայց ճառերի մեջ շատ քչերն էին աչքի ընկնում իրենց ուժեղ եւ ինքնատիպ բովանդակությամբ։ Դրանցից մեկն էր Սիմոն Զավարյանի ճառը. համարձակ, հեղափոխական, մանավանդ՝ հակակղերական` ուղղված գերեզմանը շրջապատած բազմաթիվ տերտերների դեմ։
Մութ էր, երբ վերադարձանք Խոջիվանքի գերեզմանատնից։ Մի մեծ խմբով գնացինք բժիշկ Հ. Լոռիս-Մելիքյանի տուն, Վելյամինովսկայա փողոցի ծայրում, ուր պիտի հանգստանայինք ու մի-մի բաժակ թեյ խմեինք։ Բայց կար եւ մի ավելի հետաքրքրական «օրակարգ»։ Դա այն էր, որ մշակական երիտասարդությունը կամենում էր իր համար շեֆ ընտրել` վախճանված Արծրունու տեղ։ Մեզ հետ էին եւ Քրիստափոր Միքայելյանն ու Սիմոն Զավարյանը, որոնք արդեն շատ հայտնի էին երիտասարդության մեջ եւ այդ տարի էին վերադարձել վարչական աքսորից։ Նախքան թեյի նստելը` նրանք երկուսով ինձ տարան պատուհանի մոտ` դահլիճի մի անկյունը, եւ հետս մտերմական խոսակցություն սկսեցին։ Առաջին անգամ էի տեսնվում նրանց հետ, եւ հենց առաջին իսկ վայրկյանից հմայված էի նրանց անուշ վարվեցողությամբ ու մտերմական սրտաբացությամբ։ Միքայելյանը մի տիպիկ ռուս նարոդնիկ էր, իսկ Զավարյանի մասին ասում էին, թե սա նույնպես մի ամուր հեղափոխական խառնվածք է, բայց կոսմոպոլիտական լայն հայացքներով, եւ նոր սովորում է դառնալ հայ հայրենասեր, նույնիսկ ազգայնական87։
Մեր խոսակցությունը միայն Դաշնակցության շուրջն էր պտտվում։ Երկու սրտակիցները, իրենց անփոփոխ սիրուն ժպիտներով զարդարված, ինձ պատմեցին, որ Դաշնակցությունն արդեն վերջնականորեն կազմակերպված է, որ այդ տարի իրենք ունեցել են ընդհանուր ժողով, որն ընդունել եւ հաստատել է կուսակցության ծրագիրը։ Ամեն խոսքից երեւում էր, որ իմ առջեւ կանգնած երկու ընկերներն էին կազմակերպության հոգին։ Նրանք ինձ բացատրեցին, թե ինչ ուղղությամբ է այժմ գործում Դաշնակցությունը։ Պատրաստվում էին խմբեր՝ Թուրքահայաստան ուղարկելու համար, ձեռք էին բերվում զենքեր եւ պայթուցիկ նյութեր։ Գլխավոր հենակետ ընտրված էր Պարսկաստանը, ուր արդեն պատրաստություններ էին տեսնվում զինանոցներ եւ հայդուկային կայաններ կազմակերպելու համար։ Մի խոսքով, երկուսի պատմելով` գործունեությունը եռում էր։ Սակայն զգացվում էր դրամական միջոցների պակասություն։ Շուշիի կոմիտեն ամենաթույլերից մեկն էր, վերջին ժամանակները համարյա բոլորովին գոյության նշաններ ցույց չէր տալիս եւ հարաբերություններ չէր պահպանում կենտրոնի հետ։ Այդ պատճառով Միքայելանն ու Զավարյանն ինձ խնդրեցին, որ Շուշի վերադառնալուց հետո աշխատեմ նորից կենդանացնել կոմիտեն, եւ տվեցին ինձ նորահաստատ ծրագիրը։ Ես խոստացա անել ինչ որ հնարավոր է, եւ մենք իրարից բաժանվեցինք իբրեւ վաղեմի բարեկամներ։
Թեյի վրա խոսք բացվեց Արծրունու հաջորդի ընտրության մասին։ Թեր եւ դեմ խոսակցությունները ցույց տվին, որ սա մի պարապ հարց է, եւ այն լուծել մի այսպիսի պատահական ժողովում անկարելի է։ Ավելի լավ համարվեց` թողնել, որ ինքը՝ ժամանակը լուծի, թե ով կլինի երիտասարդության հոսանքի ղեկավարը։ Եվ սա միանգամայն արդարացի էր։ Ժամանակը խոր բաժանումներ պիտի մտցներ երիտասարդության մեջ, որ այսպիսով մի առաջնորդ չպիտի ունենար, այլ մի քանի։
Եվ այսպես, Դաշնակցությունը երկու տարուց դուրս էր գալիս գրեթե կիսակենդան դրությունից, կազմակերպչական թափ էր ստանում 1892-ին։ Այնպես որ, նրա հիմնադրումը, իսկապես, այս թվականից պետք է հաշվել։ Նա արդեն ուներ իր որոշ եւ պարզ գաղափարախոսությունը, հայտնում էր, թե ինչ նպատակ ուներ եւ ինչ միջոցներով էր ուզում իրագործել այդ նպատակը։
Եվ առաջին իսկ վայրկյանից երեւան էր գալիս մի շատ պարզ հանգամանք։ Այն, որ Դաշնակցությունը, հանդես գալով մեծամեծ խոսքուզրույցով, ճառերով, պատրաստություններով, իսկապես ոչինչ նոր բան չէր մտցնում այն գործի մեջ, որ իր համար նպատակ էր ընտրել, այն է` թուրքահայերի ազատագրության մեջ։ Սա մի անկախ ծրագիր չէր, այլ գրեթե լոկ կրկնություն հնչակյան ծրագրի։ Նույն հայդուկային կռիվը, գործողության նույն դավադրական եղանակը` տեռորը, նույն եվրոպապաշտության ֆետիշիզմը։ Դաշնակցությունը չէր գալիս ազատագրական շարժմանը նոր կերպարանք տալու, նոր ուղիներ չէր գծում ու հարթում, այլ պարզապես ուզում էր նստել հնչակականության տեղը եւ գործել նրա նման։ Այդպես էլ եղավ։ Հենց այս միանմանությունն էր, թվում է ինձ, որ այնքան կատաղի էր դարձնում մրցությունն այս երկու կազմակերպությունների միջեւ։ Բախվում էին ոչ թե գաղափարները, ոչ թե տակտիկական եւ ռազմավարական հարցերը, այլ բախվողը միշտ եւ գերազանցապես կաշվի հարցն էր։
Նմանությունն ավելի եւս ցայտուն, աչք ծակող դարձնելու համար՝ դաշնակցական ծրագիրն էլ մեջտեղ էր բերում մարքսիզմը՝ ազգայնականությունը եւ ազգամոլությունը` իր կարմիր քղամիդով զարդարելու համար։ Դա ես ցույց տվի հնչակյան ծրագրի մասին խոսելիս։ Այստեղ ինձ թույլ կտամ նմուշներ բերել դաշնակցական ծրագրից, որ գրված էր թուրքահայ բարբառով։
«Այն ժամանակեն, – կարդում ենք ներածության մեջ, – երբ մարդկությունը մտեր է քաղաքականության88 ճամբուն մեջ, այն ժամանակեն, երբ նա սկսեր է իր պատմությունն ունենալ, ամեն տեղ եւ ամեն ժամանակ կտեսնենք իշխողներ եւ կեղեքվողներ, տանջողներ եւ տանջվողներ։ Տառապյալներու լացին ու կոծին, աշխատավորին ծանր տնքոցին հետ ամեն տեղե մեր ականջին կհասնին ձրիակեր իշխողներու ցնծալից աղաղակները։ Այսպես եղել է անցյալին մեջ, այսպես է այժմ, սակայն այդպես պիտի չըլլա ապագային մեջ. մենք վստահ ենք ասոր։ Շատ լավ կտեսնենք, թե ինչպես իշխող դասակարգերը միշտ կիյնան ավելի ու ավելի, թե ինչպես աշխատանքը հետզհետե ձեռք կձգե իր իրավունքները, թե ինչպես կեղեքվող տարրը հսկայական քայլերով կմոտենա իր վերջնական հաղթության։ Եվ այդ տարրը կհասնի կատարյալ հաղթության, երբ կվերանան ամեն տեսակ դասակարգեր, երբ աշխատանքի միջոցները եւ արդյունքը կդառնան աշխատավորին կատարյալ սեփականությունը, երբ մարդոց կառավարության կփոխարինե իրերու կառավարությունը։
Բայց ինչպե՞ս կարելի է հասնել այդ բաղձալի ապագային։
Կար ժամանակ, երբ մարդկության բոլոր ցավերը բուժելու, տիրող անհավասարությունը ջնջելու, եղբայրություն, ազատություն եւ հավասարություն հաստատելու համար մարդկության ռեֆորմատորներ (բարենորոգիչներ) երեւան կուգային այս կամ այն վարդապետությունով, իրենց որոշ «հավատոց հանգանակներով»։ Համոզված իրենց վարդապետության արդարադատությանը, ոգեւորված վեհ զգացումներով, պատրաստ կրել ամեն տեսակ զրկանքներ, զոհել կյանքն իսկ իրենց գաղափարները մարմնացնելու համար` այդ ռեֆորմատորները կնայեին ամբողջ մարդկության վրա այնպես, ինչպես իրենց վրա։ Անոնք հավատացած էին, թե բովանդակ մարդկային հասարակությունը կարող է ունենալ նույն զգացումները, նույն ձգտումը, նույն պատրաստակամությունը, ինչ որ իրենք ունին, թե իրենց վարդապետությունը կարող է իրականանալ հենց վաղը, պետք է միայն քարոզել, հասկացնել անոր արդարությունը եւ օրինակներ ցույց տալ։
Անցան դարեր, մեկ վարդապետություն հաջորդեց մյուսին, շատ ռեֆորմատորներ զոհվեցան, բայց եւ այնպես կտեսնենք, թե մարդկության մեկ մասը, որու համոզվիլն իսկապես անհրաժեշտ է, որովհետեւ անոր ձեռքը կգտնվի անարդարության բանալին, դեռեւս չէ համոզվել, չուզեց համոզվել եւ ոչ մեկ կերպ ալ չի համոզվեր, քանի որ ատիկա իր գործին չի գար։ Համոզեցեք քաղաքակրթված լորդը, թե իրավունք չունի իռլանդացիները կեղեքելու, համոզեցեք բարձրագույն ուսում ստացած գործարանատերը, թե անարդար կերպով է, որ իր գրպանը կլեցնե բանվորներու աշխատանքը, համոզեցեք վերջապես քյուրդը, որ ինքը ոչ մեկ բարոյական իրավունք չունի ալաշկերտցիին տունը եւ ընտանիքը գրավելու։
Պատմության դառն ու դաժան դասերը ակներեւ կերպով ցույց տվին միանգամայն, թե մարդկության տանջված մասին իր դառն վիճակը հասկանալը, համոզվիլը, մինչեւ իսկ զայն բարեփոխելու բաղձալը դեռեւս բավական չեն հաղթանակը տանելու, թե ասկե զատ անհրաժեշտ է ձեռք բերել իրական ուժ ալ։ Բայց որովհետեւ իրական ուժը հանկարծակի չստեղծվեր, որովհետեւ անիկա արդյունք է գոյություն ունեցող պայմաններու եւ կփոփոխվի այդ պայմաններուն փոփոխության համեմատ, ուստի պարզ է, թե ոչ մեկ հանրային կազմակերպություն, որքան ալ իդեալական ըլլա, մեկ անգամեն անկարելի է իրականացնել, թե այդ իդեալական կազմակերպության կարելի է հասնել միմիայն գոյություն ունեցող պայմանները բարեփոխելով։
Ահա ճիշտ այս պատճառով մենք ասպարեզ չենք իջեր իբրեւ այս կամ այն ուտոպիական (մտացածին) վարդապետության պատկանողներ, չենք ձգտեր մտցնել մեր կյանքին մեջ այս կամ այն «դավանությունը»` հանդերձ իր «հանգանակներով», մեր ժողովրդին չենք նկարագրեր այժմ այս կամ այն իդեալական հանրային կազմակերպությունը իր բոլոր մանրամասնություններով։ Մեր ձգտումն է, որ ծրագիրը կենսական ըլլա, մեր աշխատությունը գլխավորապես կենտրոնացած է մեր երկրին ներկա դրության վրա. մեր նպատակն է անողոք եւ անաչառ քննադատության ենթարկել մեր կյանքին ներկայիս մեջ գոյություն ունեցող պայմանները, մերկացնել բոլոր այն ցավերը, որոնցմե կտանջվի մեր բազմաչարչար ժողովուրդը եւ, հիմնված ընկերական գիտության դրական օրենքներու վրա, պարզել այդ ցավերուն էական պատճառները եւ միաժամանակ կատաղի կռիվ մղել այդ ցավերը պատճառող ֆակտորներու (սատարներու) դեմ։ Հիմնված այդ դրական օրենքներուն եւ երկրին ներկա պայմաններուն վրա` կարծարծենք, կպարզենք այն դրությունը, զոր անհրաժեշտ կհամարենք, որ փոխարինե ներկային»։
Դաշնակցական գաղափարախոսները մեզ հավատացնում են, թե այս ներածությունը կարդացված եւ ընդունված չի եղել 1892-ի ընդհանուր ժողովում, այլ գրվել է հետո, երբ ընդհանուր ժողովն իր ընտրած հատուկ հանձնաժողովին հանձնարարել է իր ընդունած ծրագրային որոշումների վերջնական խմբագրությունը։ Խմբագրական հանձնաժողովը, գտնելով, որ լավ չէ միմիայն չոր ու ցամաք կազմակերպչական կանոններ դնել ծրագրի մեջ, որոշել է տալ եւ մի ընդհանուր ներածություն, որի հորինումը հանձնել է իր անդամներից մեկին` մարքսիստ Ստեփան Զորյանին89 (Ռոստոմ, «Քոթոթ» անվանված), որի մտքի արդյունքն է կազմում ներածությունը։ Մի գործ, որ վերին աստիճանի բնորոշ է նորակազմ հեղափոխական մարմնի համար։ Այստեղ չկա հնչակյան ծրագրի սկզբում դրված «մարքսիստական» հայեցակետը։ Այստեղ «մարքսիզմն» ընդունվում էր քողարկված ձեւի տակ, ակնարկների մանվածապատ եւ մշուշապատ դարձվածքների մեջ։ Պետք է նկատի առնել, որ հնչակյան սոցիալիզմը խրտնեցնում էր շատ շատերին։
Դաշնակցությունը զգուշանում էր բուրժուական հասարակությանը խրտնեցնելուց, քանի որ իր ամբողջ գործունեությունը հիմնում էր հենց այդ հասարակության աջակցության վրա։ Մթնեցնելու, հետք կորցնելու նպատակ ուներ, անշուշտ, եւ ներածության լեզուն` իբր թե թուրքահայոց բարբառ, որ, սակայն, թուրքահայի ձեռքով չէր գործածված, այլ ռուսահայի90։ Բայց միեւնույն ժամանակ, չէր կարելի մի ժողովրդական-ազատագրական շարժում ծրագրել քաղաքական հողի վրա` առանց հաղորդելու նրան ռամկավարական եւ ընկերվարական բովանդակություն։ Ուստի Դաշնակցությունն ստիպված էր կես բերանով ընդունել եւ սոցիալիզմը։ «Դրոշակի» մեջ նա էլ, Հնչակյան կուսակցության նման սոցիալիզմը հայտարարում էր հեռավոր նպատակ եւ այնուհետեւ երկար ժամանակ կա՛մ բոլորովին չէր խոսում, կա՛մ շատ քիչ էր խոսում այդ մասին։
Այսպես, ուրեմն մի երեսով դեպի բուրժուազիա, մյուս երեսով` դեպի սոցիալիզմ։ Այս երկերեսությունը մնաց կազմակերպության ամենագլխավոր հատկանիշը, եւ այսպես մինչեւ վերջը։ Դաշնակցության մեջ տեղ ուներ թե՛ նացիոնալիստ-պահպանողական թուրքահայ խմբապետը, եւ թե՛ սոցիալիստական վարդապետության իբր հարած երիտասարդ ուսանողը։ Ամեն մեկը հավատում էր, թե իր ասվածն է պաշտպանվում Դաշնակցության մեջ։ Ավելացնեմ, սակայն, որ Հնչակյան կուսակցության մեջ էլ դրությունն այս կողմից շատ լավ չէր։ Առհասարակ թուրքահայերը, իբրեւ արդյունաբերական մի շատ հետամնաց երկրի ժողովուրդ, միշտ էլ խորթ մնացին ընկերվարական շարժումներին, եւ թուրքահայ դատի համար մղվող պայքարը նկատում էին բացառապես իբրեւ ազգայնական գործ։ Առաջ ապրելու հնարավորություն գտնել եւ ապա միայն որոշել, թե ինչպես ապրել։ Այս բանի մեջ իրար հետ համաձայն էին երկու հեղափոխական, իրար հակամարտ կուսակցություններն էլ։
Ե
Ք. Միքայելյանին եւ Ս. Զավարյանին տված խոսքս չկարողացա կատարել փոքրիշատե բավարար չափերով։ Կարողացածս միայն այն էր, որ վերականգնվեց արդեն գոյություն ունեցած եւ գրեթե մեռած կազմակերպությունը։ Բայց այդ մի մեծ բան չէր։ Ինտելիգենցիայի մի շատ սահմանափակ շրջան` բաղկացած հայոց դպրոցների ուսուցիչներից, բժիշկներից եւ փաստաբաններից. ահա այդ կազմակերպությունն էր, որ կարողանում էր իր կամավոր ամսավճարներով շատ համեստ գումարներ գանձել։ Թուրքահայ հեղափոխական գործը լայն ժողովրդականություն չէր գտնում, որովհետեւ պակասում էին եռանդոտ պրոպագանդիստները։ Եվ բացի դրանից, Թիֆլիսից վերադառնալուց հետո, ես Շուշիում մնացի ընդամենը մի քանի ամիս։ 1893-ի գարնանը ես թողեցի իմ 12-ամյա հեռագրական ծառայությունը եւ մտա մասնավոր պաշտոնի մեջ` տեղափոխվելով Բաքու։
Իմ «խոզեյիններն» էին մի քանի հարուստ շուշեցի երիտասարդներ, որոնք մինչեւ այդ իմ ընկերներն էին եւ Բաքվում ընկերովի տպարան էին բացել։ Ինձ նշանակել էին կառավարիչ, որպեսզի դրանով թե՛ ինձ հնարավորություն տային ավելի լայն չափերով գրականությամբ պարապելու եւ թե՛ առհասարակ Բաքուն հայ գրական մի կենտրոն դարձնեին։ Այս պետքն զգացվում էր վաղուց։ Նավթային մայրաքաղաքի մեջ հայկական կապիտալն արդեն շատ խոշոր ու ծավալուն կուտակումներ էր արել, հետեւաբար այն ժամանակվա հասարակարգի օրենքների համեմատ, պետք կլիներ սպասել, թե նյութական բավականաչափ միջոցներ կլինեն մի գրական-հրատարակչական գործունեություն արդյունավորելու համար։
Գնում էի մեծ ու վառ հույսերով, բայց տեսա մի դժոխք, որը, սակայն, բարի ցանկություններով էր սալահատակած։ Ամբողջովին մի անասնական-եսամոլ կյանք, մի հսկայական կեր ու խում, որի մեջ ծիծաղ էին հարուցում բոլոր մտքերը հայ մտավորական արժեքների մասին։ Հասարակական հարցերով եւ մասնավորապես հայ կյանքի հարցերով կամ, ինչպես ասում էին այն ժամանակ, «ազգասիրությամբ» պարապում էին մի խումբ վարժապետներ եւ սակավաթիվ ինտելիգենտներ, որոնք կապիտալիստական կատաղի վլվլուկների մեջ իրենց համար մի անկյուն էին առանձնացրել, ուր արդեն մեղք էլ էր համարվում շարունակ շահից, եկամուտից, մուրհակից ու ֆոնտանից91 խոսելը։ Ես պարզապես գնում էի այդ անվարտիք իդեալիստների խումբը մեկով ավելացնելու։
Ամենից շատ առօրյա, ամենից շատ հուզող հոգսն այդ խմբի մեջ, իհարկե, Հայոց հարցն էր։ Դաշնակցությունը խոր արմատներ էր ձգել նավթային մթնոլորտի մեջ։ Հնչակյանություն ես համարյա բոլորովին չնկատեցի։ Մինչդեռ, եթե ճիշտ լիներ այդ կազմակերպության մարքսիստական հիմնաքարը, նա էլ, ուրեմն, պիտի աչքի ընկնող դիրք եւ նշանակություն ստացած լիներ ապշերոնյան արդյունագործական աշխարհում, ուր հայ բանվորությունն արդեն հազարներով էր հաշվվում։ Պետք է ասեմ, որ զուտ բանվորական կուսակցություն այն ժամանակ գոյություն չուներ Ռուսաստանի եւ ոչ մի կողմում։ Բաքվի բանվորության մեջ պրոլետարական դասակարգային գիտակցություն դեռ չկար, ուստի նրա խորքերի մեջ հեշտությամբ էին թափանցում ազգայնական գաղափարները։ Գործողը, հեղինակություն ստացողը Դաշնակցությունն էր։ Մի քանի անգամ հրավիրվեցի տեղական կոմիտեի նիստերին եւ տեսա, որ այդ հիմնարկությունն էլ լոկ դրամական հանգամանք ուներ, նույնպես իր ամսավճարները հասցնում էր Թիֆլիսի կենտրոնին, որ եւ այսպիսով մնում էր Թուրքահայաստանում տեղի ունեցող հայդուկային շարժումների միակ իրական կարգադրիչը։
Կոմիտեի անդամներից մեկը` Ներսես Դավթյանը, Բալախանի92 եւ այլ բանվորական վայրերի ներկայացուցիչն էր, որ զեկուցում էր տալիս բանվորական կազմակերպությունների մասին եւ կապում նրանց կոմիտեի հետ։ Այս կազմակերպությունները, որքան հիշում եմ, ոչ շատ բազմաթիվ էին եւ ոչ էլ շատ խոշոր զանգվածներ էին պարունակում իրենց մեջ։ Սա երեւում էր հենց այն գումարներից, որ Դավթյանն ամեն ամիս մտցնում էր կոմիտեի դրամարկղը` իբրեւ բանվորական վճարներ։ Այդ տուրքն, այո՛, մեծ չէր։ Հայդուկային հեղափոխության գաղափարն ամենից ավելի լավ նավթահանքերի եւ նավթային գործարանների բանվորության մեջ էր պատվաստվում. եւ այստեղից` այս խավերից դուրս եկան շատ ու շատ այնպիսի աշխատավորներ, որոնք իրենց արյունով ողողեցին Թուրքահայաստանի լեռներն ու դաշտերը` թե՛ իբրեւ անվանի, թե՛ միանգամայն անհայտ մնացած հերոսներ։
Բայց չի կարելի ասել, թե Բաքվի կոմիտեն, բացի ամսավճար հավաքելուց, ոչինչ չէր անում։ Ես մի երկու անգամ ներկա եմ եղել այնպիսի նիստերի, ուր անկախ գործունեության ծրագրեր էլ էին առաջարկվում։ Այդպիսին էին, օրինակ, ինժեներ Կոստանդին Խատիսյանի զեկուցումները։ Նրան տրված էր խոսելու գեղեցիկ ընդունակություն։ Եվ նա պերճորեն ապացուցում էր, թե կռիվը Թուրքահայաստանի համար կարելի է դարձնել հաղթական եւ վճռական միայն այն դեպքում, երբ կիրագործվի իր ծրագիրը, որ էր` Սալմաստում մի ամբողջ լաբորատորիա ստեղծելը` զենքեր եւ պայթուցիկ նյութեր պատրաստելու համար։ Իբրեւ մասնագետ, նա կարդում էր ամբողջ տեխնիկական նախագծեր, նախահաշիվներ եւ այլն, ջերմորեն ապացուցում էր, թե իր առաջարկներն ուտոպիա, ցնորքներ չեն, այլ կարող են հեշտությամբ գլուխ գալ, եթե մի 25-30 հազար ռուբլի դրամագլուխ գտնվի։
Եթե գտնվի… Բայց որտեղի՞ց գտնվեր։ Բաքուն, մի անսպառ ոսկեհանք էր Մանթաշյանների93, Ղուկասյանների եւ նրանց նման շատերի համար, բայց մի անպտուղ ու անջրդի անապատ էր այն գործի համար, որ առաջ էր տարվում Բալախանի, Սեւ Քաղաքի94 հալումաշ բանվորների գրոշներով։ Խատիսյանի այս ձեռնարկությունն էլ գլուխ չեկավ։ Եվ նա ինքն էլ շուտով դարձավ գործարանատեր, խրվեց շահագործման եւ հարստացման հոգսերի մեջ ու բոլորովին մոռացավ Սալմաստն էլ, Խոյն էլ, Վանն էլ…
1892-1893թթ. հայդուկային-դավադրական հեղափոխության առաքյալները գործում էին Թուրքիայի ասիական նահանգների գրեթե բոլոր հայաբնակ վայրերում` սկսած Կիլիկիայից մինչեւ Ուրմիա լիճը։ Այս ամբողջ տարածությունը մի լռիկ համաձայնությամբ բաժանվել էր այսպես` Հնչակյան կուսակցությունն իր կարգադրության տակ էր առել ամբողջ արեւմտյան մասը, Փոքր Ասիայի կողմերը, իսկ արեւելյան մասերում գործում էին թե՛ դաշնակցական եւ թե՛ տեղային անկախ հայդուկային խմբերը, որոնք մանր կռիվներ էին անում գլխավորապես քրդերի դեմ։ Թե՛ բովանդակությամբ եւ թե՛ ընդարձակությամբ հնչակյանների գործունեությունն էր հարուստը։ 1893-ին հնչակյանները, կարծեք թե, գտել էին գործողությունների ավելի ուղիղ ճանապարհ։ Նրանք փորձում էին մտցնել հայկական շարժումն ընդհանուր օսմանյան պետականության հունի մեջ` ազատագրական գաղափարը պատվաստելով նաեւ մահմեդական կեղեքվող տարրերին։ Սակայն այս խելացի փորձը տարվում էր վերին աստիճանի անշնորհք կերպով։




