- -
- 100%
- +
Փոխանակ մահմեդական դժգոհ տարրերին իրենց մոտեցնելու, նրանց սերտ գործակցության եւ համահավասար իրավունքներով կազմակերպչական ու ղեկավար դեր ստանձնելու հրավերներ կարդալու` հնչակյանները խաբեբայական միջոցներ էին կիրառում։ Այն է` կազմում եւ տարածում էին կեղծ կոչեր` իբրեւ թե գրված մահմեդականների ձեռքով. սրանք ժողովրդին հրավիրում էին հնչակյանների հետ կռիվ հայտարարելու սուլթանական բռնակալությանը։ Կեղծիքը չխաբեց ոչ ոքի եւ միայն թուրքաց կառավարությանն առիթ տվեց բազմաթիվ ձերբակալություններ կատարելու հնչակյանների մեջ եւ ստեղծելու մի խոշոր դատաստանական գործ, որ հայտնի է Անկյուրայի կամ Գաղատիայի դատավարություն անունով, որ ավարտվեց մահվան դատավճիռներով եւ աքսորներով։
Միաժամանակ սուլթան Աբդուլ-Համիդը ձեռք էր առնում եւ ավելի արմատական միջոցներ հետզհետե աճող հեղափոխական հուզումների դեմ։ 1892թ. նրա հրամանով կազմակերպվում էին քրդական գնդեր` ռուսաց կազակ[ական] զորքի օրինակով։ Անկանոն հեծելազորային այդ գնդերը սուլթանի անունով ստանում էին Համիդիե անունը։ Կառավարությունը նրանց զենք էր տալիս, թեթեւ կերպով զինվորական մարզումների էր ենթարկում եւ, ամեն մի գունդ թողնելով իր տեղում, պարտավորեցնում էր զորաժողով լինել կառավարության առաջին պահանջով։ Որքան եւ այս ձեռնարկությունը քողարկվում էր պատերազմական ընդհանուր նկատառումներով, ոչ մեկի համար գաղտնիք չէր, թե Համիդիե գնդերի կազմակերպման ամենագլխավոր, եթե ոչ միակ, շարժառիթը նրանց միջոցով հայերին զսպելն էր։ Այսպիսով, ուրեմն, ստեղծվում էր մի նոր սոսկալի վտանգ հայ ժողովրդի համար։ Սա զգում էին ամենից առաջ իրենք` հայերը, եւ նրանցից շատերն այս երկյուղից դրդված` թողնում էին իրենց հայրենի երկիրը եւ գաղթում օտար երկրներ։ Այս պարզ զգում էին եւ Թուրքահայաստանում գտնվող եվրոպական հյուպատոսները։
Էրզրումի անգլիական հյուպատոսը քրդական գնդերի պատճառած ընդհանուր երկյուղի թարգմանն էր հանդիսանում իր կառավարության առաջ, որ, սակայն, բավականանում էր Կ.Պոլսի իր դեսպանին մի թուղթ ուղարկելով, որով եւ սպառվում էր ամբողջ հարցը, իսկ անպաշտպան եւ անզեն հայ գյուղացին դրվում էր կատարելագործված զենքերով զինված, պաշտոնապես ապահով եւ անպատասխանատու դիրքի մեջ դրված քրդի լիակատար տրամադրության տակ։
Այս ահեղ հանգամանքը հայ հեղափոխական կյանքի կողմից արժանավոր գնահատության չարժանացավ։ Կարծեք, քրդերի կազմակերպումը կարեւոր նշանակություն ունեցող երեւույթ չէր եւ այն կարելի էր արհամարհել։ Այդպես էլ արեցին։ Արհամարհեցին։ Աբդուլ-Համիդն ուներ իր ձեռքում հայերի համատարած ջարդերի համար պատրաստված մի շատ լավ միջոց։ Սակայն նա իսկույն ջարդի հրաման չարեց։ Սպասեց, որ հայերն իրենք առիթ տան։
Եվ երկար չսպասեց։ Նույն 1892-ի աշնանը Անգլիայում տեղի ունեցան պառլամենտական ընտրություններ։ Հաղթությունը տարավ ազատական կուսակցությունը, եւ կառավարության գլուխ անցավ Գլադստոնը, որ պառլամենտում հերոսական պայքար սկսեց Իռլանդիային ինքնավարություն տալու համար։ Այդ ազատական պայքարը պիտի թեւավորեր եւ հայ հեղափոխականներին` ավելի եւս բորբոքելով նրանց եվրոպապաշտությունը։ Բայց Գլադստոնը ծերության պատճառով չկարողացավ մինչեւ վերջ տանել իր պայքարը եւ 1893-ի սկզբներին հրաժարական տվեց` իր տեղը տալով ազատամիտ կուսակցության մյուս լիդերին` լորդ Ռոզբերիին95, որ շարունակեց կռիվն անգլիական պահպանողականների եւ կալվածատեր լորդերի դեմ։ Գլադստոնի հիվանդանալն, ուրեմն, ոչինչ չէր փոփոխում Անգլիայի ազատասեր տրամադրության մեջ. Հայոց հարցը պետք էր նորից կենդանացնել եւ լուծելու համար հանձնել անգլիական ազատամիտ կառավարությանը։
Հնչակյան կուսակցությունն այս նպատակով մի ապստամբություն պատրաստեց Սասունի լեռներում, ուր ամիսներ ի վեր այդ ուղղությամբ աշխատանքներ էր տանում Համբարձում Պոյաճյանը (Մուրադ96)։ Արդեն 1893-ի ամռանը հաճախացան ընդհարումները հայերի եւ քրդերի միջեւ։ Իսկ 1894-ի ամռանը հայերը, մերժելով կառավարությանը հարկեր տալ, բացարձակ ապստամբություն հարուցեցին։ Աբդուլ-Համիդի կարգադրությամբ այստեղ շտապեց Չորրորդ բանակը` Զեքի-փաշայի հրամանատարությամբ։ Սուլթանական հրաման է` ոչինչ եւ ոչ ոքի չխնայել։ Եվ Սասունի լեռներում սարսափները կուտակվեցին սարսափների վրա։ 27 հայ գյուղեր կործանված են. ազգաբնակչությունը, որի թիվը ոմանք հասցնում են մինչեւ 10 հազարի, սրի է քաշված։ Լեռնային ժողովուրդն իր այս խիզախ գործը լցրեց իր հերոսություններով եւ անձնազոհության սքանչելի օրինակներով։ Եվրոպայի համար, այսպիսով հարուստ նյութ էր պատրաստված միջամտելու եւ գործելու համար։
Սասունի կոտորածի մանրամասնությունները բավական ուշ հասան քաղաքակիրթ կոչված աշխարհին։ Բայց պետք է խոստովանել, որ կոտորածի թողած տպավորությունը շատ ուժեղ էր։ Բուրժուական մամուլը ծայրեծայր լիքն էր տեղեկություններով, հոդվածներով։ Միտինգներ կազմել սկսեցին, զառամյալ Գլադստոնը հրապարակ իջավ` նորից եւ նորից Թուրքիային հարվածելու, անիծելու համար։ Անգլիան գլուխ էր կանգնում մի շարժման, որ, թվում էր, համաեվրոպական բնույթ պիտի ստանար։ Իսկ հայ ժողովրդի ղեկավար շրջանների վրա (ես այս էլ պարտավոր եմ վկայել) Սասունի արյունոտ սպանդանոցը միայն տխուր ազդեցություն չէ, որ ունեցավ։ Տխրության հետ նկատելի էր եւ մի տեսակ զսպված գոհունակություն։ Ամեն մեկը, կարծեք, կրկնում էր Գամառ-Քաթիպայի թունոտ խոսքերը՝ «Փառք Աստծո, հայի արյուն ալ ոթեցավ»։ Այս անգամ արդեն թուրքահայ ժողովրդական դժբախտությունը չափազանց մեծ է, որպեսզի կարելի լինի նրան մոռանալ եւ արհամարհել։
Սասունի ապստամբությունը դառնում էր ազգային պանծալի գործ, որ նախանձ էր պատճառում Դաշնակցությանը։ Ես լսել եմ իմ ականջներով, որ դաշնակցականներն իրենց կուսակցությանն էին վերագրում Սասունի ապստամբությունը եւ նույնիսկ հավատացնում էին, թե Սասունի գլխավոր հերոս Մուրադը հնչակյան չէ, այլ դաշնակցական է։ Այս վեճը նույնիսկ մամուլի մեջ էլ մտավ։ Դաշնակցականները չէին ուզում զրկվել Հայոց հարցի լուծման պատվից։ Նրանց նախաձեռնությամբ 1895-ի ձմռանը Թիֆլիսի հայ հասարակության կողմից մի քանի ներկայացուցիչ ուղարկվեց Էջմիածին` խնդրելու համար Խրիմյան կաթողիկոսին, որ նա գնա Պետերբուրգ, ներկայանա Նիկոլայ ցարին97 եւ խնդրի նրան` միջամտել Հայոց հարցի մեջ։ Մի այդպիսի պատվիրակություն էլ Բաքվից պիտի գնար, եւ մի ժողովում էլ ես պատվիրակ ընտրվեցի, բայց հրաժարվեցի այդպիսի մի պաշտոն ստանձնելուց։
Բոլոր հանգամանքներն այնպես էին ցույց տալիս, թե հայկական եվրոպապաշտությունն ամենեւին սխալված չի եղել։ Փրկարար միջամտությունը, վերջապես, իրագործված էր երեւում Սասունի խեղճ ժողովրդի տված 10 հազար զոհերի գնով։ Ռոզբերիի մինիստրությանը98 հաջողվել էր համաձայնություն կայացնել Ռուսաստանի եւ նրա նոր դաշնակից Ֆրանսիայի հետ։ Այս երեք պետությունների հյուպատոսները հավաքվեցին Մուշ քաղաքում՝ Սասունի կոտորածի հանգամանքները քննելու համար։ Ակնառու էր այն հանգամանքը, որ եռյակ նիզակակցության պետությունները` Գերմանիա, Ավստրիա եւ Իտալիա, չէին մասնակցում այս միջամտությանը։ Արեւելքի գործերին լավածանոթ քաղաքագետների համար այս մի անսխալ նշան էր, թե Գերմանիան իր դաշնակիցներով պատրաստվում էր օգտվել այն անախորժ տպավորությունից, որ պիտի գործեր սուլթանի վրա երեք պետությունների միջամտությունը։ Գերմանական իմպերիալիզմի համար միանգամայն հասունացել էր ասիական Թուրքիայի նման մի արդյունավետ ու արգասաբեր երկիրը գաղութացնելու ծրագիրը։
Բաղդադի երկաթուղին99 արդեն այն մեծ շարժիչն էր, որ հավաքում եւ սպառազինում էր գերման ֆինանսական կապիտալը։ Այն Աբդուլ-Համիդի հետ բարեկամություն էր պահանջում, եւ Վիլհելմը100 ստրուկի հնազանդությամբ կատարում էր ամենակատաղի այդ տիրոջ հրամանները։ Եվ պարզ էր, որ իր թիկունքում ունենալով աշխարհի ամենախոշոր միլիտարիստական պետությանը` սուլթանը բոլորովին առիթ չէր ունենա առանձին երկյուղ զգալու Անգլիայի եւ նրա հետ համաձայնության եկած Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջ։ Սա նշանակում էր, թե այս եռապետյան համաձայնությունը խախուտ է, արհեստական եւ առաջին հարմար րոպեին պիտի պայթի։
Քաղաքական ետնաբեմում թաքնված այս իրողությունը նկատելի չէր հանդիսատեսներին, ուստի թվում էր, թե երեք պետությունների միջամտությունը շատ ամուր է եւ կլինի միանգամայն արգասավոր։ Եվ այս լավատեսությունը շատ հեղինակավոր էր դառնում հանգամանքների բերումով։ Սասունի հյուպատոսական հանձնաժողովը, չնայած թուրք կառավարության գործադրած բոլոր ջանք ու հնարքներին, ապացուցեց այդ կառավարության մեղավորությունը, կատարված մեծամեծ խժդժությունները։ Երեք կառավարությունները Կ.Պոլսի իրենց դեսպաններին հրամանագրում էին` միասին մշակել ռեֆորմների ծրագիր եւ առաջարկել սուլթանին, որ հաստատի այն եւ գործադրի հայաբնակ վեց նահանգներում։ Դեսպանների մշակած ծրագիրը թուրքաց կառավարությանը հանձնվեց 1895-ի մայիսին, եւ այս պատճառով այն ստացավ Մայիսյան ռեֆորմներ101 անունը։ Այդ թուղթն անհուն հրճվանքի առարկա դարձավ հայ ազգասիրության համար։ Վերջապե՜ս։ Վախճան էին ստանում թուրքահայ աշխատավոր ժողովրդի դարավոր տառապանքները։ Մարդիկ իրար շնորհավորում էին, իրար հետ համբուրվում։
Մայիսյան ռեֆորմները բավական համեստ վարչական մի ինքնավարություն էին ներկայացնում, որի բոլոր հոդվածները վերցված էին Թուրքիայում գոյություն ունեցող օրենքներից, այնպես որ, հայերի համար իսկապես որեւէ նոր, աննախընթաց դրություն, նոր իրավական կարգ չէր ստեղծվում։ Հեռու լինելով անջատական հնարավորություններ ստեղծելու կարելիությունից, դրանք իսկապես կարող էին վերանորոգման եւ վերածնության կոչել ոչ միայն հայերին, այլեւ նրանց հետ ապրող քրդերին եւ թուրքերին, որովհետեւ այս ազգային փոքրամասնությունների իրավունքները լիովին ընդունված էին, այնպես որ կիսավայրենի քուրդը պիտի նստեր հայի հետ գավառական եւ նահանգական ժողովներում ու պիտի վճիռ տար կրթական եւ կուլտուրական բարձր շահերին նվիրված հիմնարկությունների մասին։
Բայց եւ այնպես, թուրք կառավարությունը, հավատարիմ մնալով իր վաղեմի սովորությանը, գործադրում էր ձգձգումների քաղաքականությունը, մինչեւ որ թուլանար ու եղծվեր պետությունների համաձայնությունը։ Նրա այս ակնկալությունը հետզհետե սկսում էր իրականանալ։ Ռուսաստանը, արտաքին գործերի մինիստր Լոբանով-Ռոստովսկու102 ղեկավարությամբ, նահանջի ճանապարհներ էր որոնում։ Խրիմյան կաթողիկոսին, որ ճանապարհվել էր Պետերբուրգ, հարկադրեցին երկար սպասել Նոր Նախիջեւանում, մինչեւ որ ցարը բարեհաճեց ընդունել նրան։ Այսպես էր արվում, որպեսզի թուրքաց սուլթանը համոզվի, թե այդ ճանապարհորդությունը քաղաքական նշանակություն չունի եւ կապված չէ հայերի կոտորածի հետ։ Ցարական բյուրոկրատներին, բացի դրանից, վրդովեցնում էր այն ագիտացիան, որ թուրքահայերի օգտին Անգլիայում մղում էր Ռուսաստանի հայությունը։ Թիֆլիսի հայերը ուղերձներ եւ ընծաներ էին ուղարկում Գլադստոնին, մինչդեռ ոչ մի դիմում չէին անում ռուս կառավարությանը։
Սասունից Թիֆլիս բերվեց Անուշ անունով մի կին, որն ուղարկվեց Լոնդոն եւ, ի ցույց հանվելու համար, նստեցվեց Գլադստոնի կողքին` իբրեւ կենդանի պատկեր` իր լուռ ու մունջ վկայությամբ հաստատելու մեծ ծերունու ասածները։ Խրիմյան կաթողիկոսը ձեռնունայն վերադաձավ Պետերբուրգից, իսկ Լոբանով-Ռոստովսկին, որ դիվանագետի մի քանի կեղծ ժպիտներ էր նվիրել նրան, իր քաղաքականության նշանաբանը դարձրեց` «Հայաստանն առանց հայերի»։ Մարդակեր ցարիզմին Հայաստանի հողը հարկավոր էր, շատ հարկավոր էր, բայց հայ ժողովուրդը բոլորովին հարկավոր չէր։ Այսպես էր մի բռնակալի կամ նրա ստրուկ պնակալեզի քմահաճույքը, որից ամբողջ ժողովուրդներ էին ոչնչանում, անհետ կորչում։
Ազատական (լիբերալ) Անգլիան էր հայերի անկեղծ բարեկամը համարվում։ Բայց այս բնագավառում էլ երեւան էին գալիս նշաններ, որոնք ցույց էին տալիս, թե, անշուշտ, ցնորամիտներ են նրանք, ովքեր կարծում են, թե քաղաքագիտության մեջ բացի կոպիտ եւ եսամոլ հաշիվներից կա ուրիշ որեւէ սրբություն։ Լորդ Ռոզբերին, քանի դեռ հարցը թղթե պահանջներ անելուն էր վերաբերում, համաձայն էր Գլադստոնի հետ, բայց երբ բանը եկավ հասավ այն աստիճանին, որ պետք էր հարկադրել սուլթանին, որ նա կատարի այդ թղթե պահանջները, Ռոզբերին հրաժարվեց Գլադստոնի առաջարկած ստիպողական միջոցները գործադրելուց ու մի ճառ արտասանեց պառլամենտում, որով ոչնչացրեց իր գործադրած բոլոր հայանպաստ ջանքերը։ Նա, իհարկե, նույնքան իրավացի էր իր տեսակետի մեջ (թե այլ է թուղթը եւ այլ է ստիպմունքը), որքան [որ] իրավացի էր Գլադստոնը 1880 թվին` ճիշտ նույնանման հանգամանքների մեջ։ Բայց անգլիական հայասիրությունն ուրիշ հրաշք էլ ուներ իր մեջ։ Ռոզբերիի կառավարությունը հեռացավ գործերից, նրա տեղը բռնեց Սոլսբերիի կառավարությունը։ Եվ ո՜վ սքանչելիք. Սոլսբերին, որ Կիպրոսի դաշնագիր էր հնարել Բեռլինում, Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածն էր այլանդակել, որ ջնջել էր Հայաստան անունը եւ այն փոխարինել Քուրդիստան անունով, այժմ հանդես էր գալիս իբրեւ ջերմ պաշտպան Հայոց հարցի…
Սա շատ պարզ ցույց էր տալիս, որ արտաքին հրահասուն ջերմության տակ իբրեւ իրական հիմք փռված էր վաճառականի որոշ հաշիվների սառցակույտը։ Թե՛ 1880-ին` Գլադստոնի ժամանակ, եւ թե՛ 15 տարի անցած՝ Ռոզբերիի ու Սոլսբերիի ժամանակ Անգլիայի ցավն ու հոգսն ասիական Թուրքիայի խորքերում տանջանքների մեջ գալարվող մի բուռ ժողովուրդը չէր, այլ միշտ միեւնույն, կյանքի եւ մահվան նշանակություն ունեցող հարցը` Անգլիայի տիրապետությունը Եգիպտոսում։ Ինչպես 15 տարի առաջ, այնպես էլ այժմ, Հայոց հարցը անգլիական ազատամիտների եւ պահպանողականների ձեռքով շահագործվում էր իբրեւ միջոց սուլթանին ստիպելու, վախեցնելու եւ այդպիսով նրանից նոր զիջումներ ստանալու Եգիպտոսի վերաբերմամբ։ Տարբերվում էին միայն շահագործման միջոցները։ 1880թ. հայ ժողովուրդը դեռ ապրում էր, թեեւ տանջանքներով։ Իսկ 1894-1895-ին նա այլեւս ապրող ժողովուրդ չէր, այլ մորթվող։ Եվ նրա լճացած արյունն էր, որ չափով-կշռով կանոնավորապես վաճառվում էր Կ.Պոլսում, Պետերբուրգում, Բեռլինում, Լոնդոնում ու Փարիզում։
Իսկ հայ երազասուն հեղափոխությունն այդ միջոցին կրկնապատկում էր իր անարժեք եռանդը։ 1895-ի ամբողջ ամառն անցավ անհայտության մեջ։ Չգիտեին` պիտի ընդունի՞ սուլթանը Մայիսյան ռեֆորմները, թե՞ ոչ։ Գրագրությունները դեսպանների եւ թուրքաց կառավարության միջեւ դեռ չէին վերջացել։ Եվ ահա Հնչակյան կուսակցությունը կորցնում է իր համբերությունը։ Նա չափազանց անթույլատրելի գտավ սուլթանի դանդաղկոտությունը եւ որոշեց ստիպել նրան, որ շուտ ստորագրի ռեֆորմները։ Չէր մոռացվել անցյալի փառքը. հինգ տարի առաջ Գում-Գափուի ցույցն էր, այժմ` 1890-ի հուլիսյան օրերին մի ուրիշ ցույց պիտի լիներ։ Հիշում եմ տարիներ հետո տեղի ունեցած մի լրագրական վեճ` թուրքահայ հայտնի գրող Լեւոն Բաշալյանի եւ հնչակյան հին հեղափոխական Ռ[ուբեն] Խանազատի103 մեջ այն դերի մասին, որ ռուսահայերը կատարել են վերջին տասնամյակների ընթացքում թուրքահայերի ճակատագրի մեջ։ Այդտեղից ես իմացա, որ հնչակյան այս երկրորդ պոլսական ցույցը ծրագրել էին գլխավորապես ռուսահայերը, որոնք միաժամանակ հոգ էին տարել, որ իրենք խառնված չլինեն ցույցի մեջ եւ չվնասվեն։ Բաշալյանն ասում էր, որ ցույցը կազմակերպելու համար Կ.Պոլիս գնաց Խանազատը։ Ամեն ինչ որոշվեց, նշանակվեց ցույցը սկսելու օրն ու ժամը։ Բայց դրա նախօրյակին, Խանազատն անհետացավ Կ.Պոլսից` թողնելով, որ թուրքահայերը պատասխան տան իր հղացած գործի համար։
Եվ այդ պատասխանը զարհուրելի եղավ։
Ցույցը տեղի ունեցավ 1895-ի սեպտեմբերի վերջին օրը։ Այն պիտի սկսվեր դարձյալ Գում-Գափուի պատրիարքական եկեղեցուց։ Որոշված էր, որ այն խաղաղ, անզեն լինի։ Բազմությունը պիտի եկեղեցուց գնար Բ.Դուռը եւ այնտեղ պիտի ուղերձ տար, որի մեջ պահանջվեր անհապաղ ընդունել եւ վավերացնել երեք պետությունների մշակած ռեֆորմները։ Ցույցն այս անգամ ստանալու էր «Բաբը-Ալիի ցույց» անունը։ Անգլիական պաշտոնական հաղորդագրությունների մեջ նա որակված է «Հիմար ցույց» անունով։ Պատրիարք Իզմիրլյանն104, ինչպես ասված է այդ հաղորդագրությունների մեջ, հնչակյաններին երկար համոզել էր ցույց չանել, հավատացրել էր, թե ռեֆորմների գործն ապահովված է, եւ երեք պետությունները թույլ չեն տա, որ սուլթանի համառությունը հաղթանակի։ Պետք էր միայն սպասել մի քիչ էլ։ Սակայն հնչակյանները խիստ կերպով մերժեցին այդ զգաստացնող առաջարկությունը։ «Շատ ենք սպասել»` աղաղակեցին նրանք ցասկոտ հեգնությամբ։ Եվ գնացին։ Թուրք ոստիկանությունը կտրեց ցուցարարների ճանապարհը։ Եվ այն ժամանակ «անզեն» հայտարարված ցույցը դիմադրության դիմեց։ Լսվեցին ատրճանակների կրակոցներ։ Ոստիկանությունը եւ զորքերը կրակ բաց արին։
Բայց այս բոլորը դեռ նորություն չէր։ Նորությունն այն էր, որ այս կռիվը դարձավ ազդանշան մի վաղօրոք պատրաստված եւ ծրագրված ընդհանուր արյունահեղության։ Գում-Գափուի ցույցն ավանդությունների կարգն էր անցել։ Այժմ Աբդուլ-Համիդը հեղափոխականներին չէր միայն պատժում, այլ անխտիր բոլոր հայերին։ Եվ Կ.Պոլսում, դեսպանների քթի տակ տեղի ունեցավ մի կազմակերպված կոտորած։ Հայաբնակ թաղերը լցվեցին սարսափներով, եւ ազգաբնակչությունը խելագարված դես ու դեն փախավ։
Սա մի արյունոտ նախատոնակ էր այն քստմնելի, պատմության մեջ շնականության (ցինիզմի) կողմից իր նմանը չունեցող մի զավեշտի, որ եվրոպական մեծ պետությունների աշխատակցությամբ արյունռուշտ սուլթանիզմը գալիս էր քաղաքակիրթ կոչված մարդկության առաջ խաղալու։ Կ.Պոլսի այդ արյունոտ օրերին էր, որ Աբդուլ-Համիդը վավերացրեց Մայիսյան ռեֆորմները եւ դրանց իրագործումը գավառներում հանձնարարեց Շաքիր-փաշային։ Փաշան ճանապարհվեց ասիական նահանգները եւ ամեն տեղ մտցրեց ռեֆորմները, այսինքն` հայերի զանգվածային կոտորածներ սարքեց։ Կանոնավոր կազմակերպված մի ոճիր, որ սուլթանական հրամանով գնում էր զբոսնելու հայաբնակ գավառներում եւ նրանց բոլոր անկյուններն արյունով լցնելու։ Այսպիսով կոտորածները Կ.Պոլսից անցան Տրապիզոն, այնտեղից Էրզրում եւ երկրի խորքերը, մինչեւ իսկ Փոքր Ասիայի քաղաքներն ու գյուղերը։
Երեք դեսպանները, սուլթանից ստանալով իրենց մշակած ռեֆորմների վավերացումը, իրենց գործը վերջացած համարեցին։ Համաձայնություն այլեւս չմնաց։ Ցարական կառավարությունն այլեւս ավելորդ էր համարում թզենու տերեւով ծածկել իր լպիրշ մերկությունը։ Մինչ այդ նա սուլթանին ծածուկ խրախուսել էր դիմադրել Անգլիայի պահանջներին Հայկական հարցի մեջ, իսկ այժմ խրախուսում էր նրան կոտորել հայերին։ Ռուս հրապարակախոսներից մեկը (Ամֆիտեատրով105) այս մասին գրած ունի բացարձակորեն։ Նա գրում էր, թե ռուսաց դեսպան Նելիդովը շարունակ ասելիս է եղել Աբդուլ-Համիդին «Massacrez, Majeste, Massacrez»106։ Այս բացարձակ մեղադրանքը չեն հերքել ո՛չ Նելիդովը, ո՛չ Նիկոլայի կառավարությունը։ Նույնիսկ եթե հերքեին էլ, դարձյալ կմնային բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են ցարի եւ սուլթանի գործակցությունը 1895-1896 թվերի կոտորածների մեջ, որոնց զոհ գնացին մոտ 300 հազար հայեր։
Գլադստոնն իր հրապարակային ճառերի մեջ Աբդուլ-Համիդին անվանեց մարդասպան, բայց ավելացրեց, թե նրանից պակաս չէ ռուսաց ցարը, որ իր երիտասարդության հասակն արատավորեց հայ ժողովրդի արյան գետերով։ 1895-ին, մինչ Թուրքահայաստանն արյունողող էր լինում, Կովկասի ռուսական բանտերը լցվում էին հայ մտավորականությամբ. խուզարկվում էին տները, կալանավորվում էին դաշնակցականներն էլ, հնչակյաններն էլ։ Բայց դաշնակցականներին համեմատաբար մեղմ էին վերաբերվում, որովհետեւ նրանք դեռ խոշոր հեղափոխական գործեր չէին կատարել եւ բացի դրանից՝ հնչակյանների նման սոցիալիստներ չէին համարվում։ Խիստ պատիժների ենթարկվեցին մասնավորապես հնչակյանները։ Նրանց մեղադրում էին, թե նրանք ապստամբություն են տարածում Ռուսաստանին բարեկամ պետության մեջ։ Այսպիսով, Թիֆլիսից Ռուսաստան աքսորվեցին այնպիսի «վտանգավոր հեղափոխական սոցիալիստներ», ինչպիսիք էին Շիրվանզադեն, Ղազարոս Աղայանը, Սեւ Սանդրոն եւ ուրիշները։
Ռուսական ցարիզմի հալածանքն այդ տխուր ու արյունոտ ժամանակներում այն աստիճանի հիմարության հասավ, որ երբ հայոց կաթողիկոսը կարգադրեց եկեղեցիներում հոգեհանգիստներ կատարել Թուրքիայում խողքաղված հայերի համար եւ աղոթքներ կարդալ, որ երկինքը փրկե կորչող հայ ժողովրդին, կովկասյան բարձր իշխանությունը, հանձին ռուսական «քրիստոսասեր» բանակի զորավար Շերեմետեւի, արգելեց դժբախտների ձեռքին մնացած այդ միակ, թշվառ ցույցերն էլ։ Բացի այդ, ավելի եւս բնորոշ փաստ։ Խրիմյան կաթողիկոսը մի ստրկական աղերսագրով դիմեց «առ սրբազան տերն» Նիկոլայ Երկրորդին եւ աղաչեց-պաղատեց նրան հանուն Քրիստոսի, հանուն Աստծո, ի սեր եկեղեցու եւ բոլոր սրբերի ու սրբազանների` ազատել իր դժբախտ ժողովրդի վերջին մնացորդները բնաջնջումից։
Բայց ի՞նչ ստացավ «աստծո օծյալը»։ Լոբանով-Ռոստովսկին հայոց ծերունի կղերապետին պատասխանեց, թե Թուրքիայում հայերն են, որ ապստամբում են սուլթանի դեմ եւ հարձակումներ գործում թուրք ժողովրդի վրա, որ եւ ստիպված է ինքն իրեն պաշտպանել։ Եվ ցարի անարգ ծառան խորհուրդ էր տալիս, որ կաթողիկոսն իբրեւ հոգեւոր պետ` թղթեր ուղարկի Թուրքիայի հայերին, խրատի, որ նրանք խելոք կենան, հնազանդվեն թուրքական իշխանությանը։ Որպեսզի շեշտված լինի ցարա-սուլթանական սրտակցությունն այն ահռելի ոճիրների մեջ, որոնք այդ իսկ րոպեին ցնցում էին ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը, ես պիտի ասեմ, որ միաժամանակ ճիշտ միեւնույն բովանդակությամբ պահանջ ստանում էր Կ.Պոլսի հայոց պատրիարքը թուրքական կառավարությունից։
Այսպիսին էր Ռուսաստանը` մի արյունռուշտ բռնակալություն, որ երբեք հաշիվ ու համար չի տվել իր արած գազանությունների վերաբերմամբ։ Նրա դաշնակիցն էր հանրապետական Ֆրանսիան, որ այդ ժամանակ կամավորապես ինքն իրեն լակեյ էր գրել ցարական սպասին եւ հոգով-մտքով տարված ցարականությունը շոյելու, իր սրտին կպցնելու, իր միլիարդներով, իր պերճանքներով հմայելու ու այդ կերպով դաշնակցությունը ամուր պահելու մտքով` ենթարկվում էր Լոբանով-Ռոստովսկու կամքին ու ցուցմունքներին, մանավանդ որ ինքն էլ շատ հաշիվներ ուներ Թուրքիայի մեջ եւ մանավանդ Եգիպտոսում, ուր նրա առջեւ մրցակցի դերում ժայռացած էր Անգլիան։ Ֆրանսիական արտաքին գործերի մինիստր Հանոտոն107 այնքան ջերմեռանդ թուրքասիրություն էր ցույց տալիս, որ այն սարսափելի ժամանակներում, երբ ամբողջ աշխարհը զզվանք էր արտահայտում մինչեւ գլուխը հայի արյան մեջ թաղված Աբդուլ-Համիդի վերաբերմամբ, նա` այդ լուսավորյալ ֆրանկը, այժմ ֆրանսիական ակադեմիայի անդամ, ընդունեց սուլթանի ուղարկած շքանշանը եւ ֆրանսիական մամուլի մի մասից ստացավ «Հանոտո-փաշա» հեգնական հորջորջումը։
Մնում էր Անգլիան։ Նրա վրա էր ամբողջ հայությունը դրել իր հույսը։ Լորդ Սոլսբերին գործում էր եռանդով, անվերապահորեն հօգուտ հայերի եւ ընդդեմ սուլթան Համիդի։ Երեւույթներն այնքան պարզ ու պերճախոս էին, որ առաջին նվագներում ներելի էր նույնիսկ հավատալն ու խաբվելը։ Բոլորովին զարմանալի չէ, որ հավատում էին ամենքը եւ ամենից շատ, իհարկե, հայ հեղափոխական կազմակերպությունները, որոնք փառավորապես ապացուցված էին համարում իրենց ծրագրային կենտրոնական միտքը` հայկական հալածանքների ու կոտորածների միջոցով առաջ բերել եվրոպական միջամտություն։ Թեեւ այդ միջամտության հետեւանքով Թուրքաhայաստանը սպանդանոցի էր փոխարկվել եւ ամայացել. բայց եւ այնպես, հայ հեղափոխականները պատրաստ էին դեռ ուրիշ մնացորդներ էլ զոհել եվրոպական սկսված միջամտությունը կայուն եւ գործուն դրության մեջ պահելու համար։
Զ
1895-ի նոյեմբերին, այն ժամանակ, երբ հայկական կոտորածները նոր էին սկսում ընդհանրանալ վեց դժբախտ վիլայեթներում, բախտն ինձ հաջողեցնում էր ազատվել Բաքվի դժոխք մթնոլորտից, որի մեջ ես ապրել էի երկու եւ կես տարի` իբրեւ խորթ ու օտար մի մարդ, իբրեւ ակամա պանդուխտ` երկնքի այցելության սպասող։ Ոչինչ չէի կարողանում անել այդ չար ու անհոգի երկրում, ոչինչ այնպիսի բան, որ բավարարություն տար իմ հոգեկան պահանջներին։ Գրական աշխատանքը մի կողմ էի նետել, օր ու գիշեր նվիրված էի «Արոր» տպարանին, որ դարձել էր մի խոշոր հիմնարկություն իմ «խոզեինների» համար։ Աշխատանք անելու պահանջով մտրակված` ես կազմում էի օրացույցներ, որոնք սկսել էին արդեն լույս տեսնել եւ լավ տարածում էին գտնում։
Այսպիսի դրության մեջ ինձ համար երկնքի իսկական «այցելություն» էր «Մշակ» լրագրի հրատարակիչ, պրոֆեսոր Անդրեաս Արծրունու108 նամակը, որն առաջարկում էր ինձ մշտական աշխատակցի, խմբագրական քարտուղարի եւ էքսպեդիտորի109 պաշտոն` 1000 ռուբլի տարեկան ռոճիկով։ Իմ «խոզեինները» դրանից մի քիչ ավել էին տալիս, բայց ես թողեցի ամեն ինչ, շտապեցի Թիֆլիս, ուր ոչ միայն գրական կյանքն էր խտացած, այլեւ, եթե կարելի է այսպես ասել, կերտվում էր հայոց ժամանակակից պատմությունը։ Ես մտա այն ժամանակվա գործող երիտասարդության շրջանները, ծանոթացա քաղաքական եւ հեղափոխական տրամադրություններին։
Պետք է ասեմ, որ «Մշակի» խմբագրատան մեջ ես գտա բավական զգաստ եւ լրջմիտ վերաբերմունք դեպի կատարվող սարսափելի դեպքերը։ Խմբագրության գլխավոր ղեկավարն էր Խաչատուր Մալումյանը, որ վերջը դարձավ դաշնակցական գլխավոր շեֆերից մեկը` Է. Ակնունի110 կեղծանվամբ. 1895-ին նա դեռ գունավորված դաշնակցական չէր եւ իր համակրանքներով ավելի դեպի հնչակականությանն էր թեքված, թեեւ «Մշակի» խմբագրությանն ավելի մոտ էին կանգնած Դաշնակցության գլխավորները եւ ամենից շատ` Քրիստափոր Միքայելյանը, որ այն ժամանակ «Новое обозрение»111 թերթի սրբագրիչն էր եւ շատ հաճախ (գրեթե ամեն օր) գալիս էր մեզ մոտ։ Շատ անգամ էին մեր խմբագրատանը վիճաբանություններ սկսվում Թուրքահայաստանի դրության մասին։ Մալումյանը միշտ վրդովված էր, երբ հեղափոխականներից լսում էր, թե Սասունի եւ այլ տեղերի կոտորածները հարկավոր էին, որպեսզի Եվրոպան ճանաչի հայ ժողովրդին, տեղեկանա նրա դատին…
– Կոտորել տալ 100, 200 եւ ավելի հազար մարդ` լոկ մեր փոքրիկ ժողովուրդը ճանաչեցնել տալու համա՞ր, – բացականչում էր Մալումյանը տաքացած, – այս ի՞նչ աշխարհայեցողություն է, ասացե՛ք` խնդրեմ…
Միեւնույն հայացքին էին եւ խմբագիրը` Ալեքսանդր Քալանթարը112 եւ մյուս գլխավոր աշխատակիցը` Հովհ. Տեր-Մարկոսյանը։
Այսօր մեկիկ-մեկիկ վեր հանելով այն ծանր, մղձավանջային օրերի բոլոր անցուդարձերը, ես համակվում եմ այն խոր համոզմունքով, որ երբեք Անգլիան իր բացարձակ հակահայկական արարքներով այնքան ահավոր վնասներ չի պատճառել հայ ժողովրդին, որքան պատճառել է 1895-ի իր ջերմ հայասիրությամբ։ Կատարվում էր ճիշտ այն, ինչ հանճարեղ պարզությամբ ներկայացրել է Կռիլովն իր «Կատու եւ խոհարար» առակի մեջ։ Աբդուլ-Համիդի հրամանով ջարդվում էին հայերը հազարներով, բյուրերով, իսկ փառահեղ լորդ Սոլսբերին Բրիտանական մեծ կղզու փառահեղ առանձնությունից ճառերով, սոսկ միմիայն ճառերով էր հանդիմանում սուլթանին, սպառնալիքներ կարդում ամենախիստ դարձվածքներով, ուղղակի ասում, թե եկել հասել է Օսմանյան կայսրության վերջը։ Այս սպառնալիքներն այնքան ցնցող էին եւ մահաբեր, որ Լոնդոնի թուրքական դեսպանը հանկարծամահ եղավ. ինչպես գրում էին թերթերը` հենց սոլսբերիական խոսքերի ազդեցությունից։ Անգլիան ոտքի էր կանգնել մի մարդու պես։
Ամենօրյա մամուլի էջերը լցվում էին հարյուրավոր հայանպաստ միտինգների մանրամասն նկարագրություններով։ Անգլիայի վարչապետը, այսպիսով, իր հակասուլթանական հոխորտանքների մեջ ամուր ու հաստատ կերպով հենվում էր երկրի` կազմակերպված ու միացած հասարակական կարծիքի վրա։ Իսկ Աբդուլ-Համի՞դը… «հուզվում էր եւ ուտում» կռիլովյան կատվի նման։ Նրա մոտ, Բոսֆորի ափերին, կային հզորներ, որոնք փսփսում էին նրա ականջին «Massacrez, Majeste, Massacrez»։ Եվ կոտորածները շարունակվում էին։ Սուլթանն այնպես վարպետորեն էր տանում իր մեծ դահճապետի դերը, որ նույնիսկ վախեցածի կերպարանք էր ընդունել եւ ինքնագիր նամակ ուղարկել Սոլսբերիին` այնտեղ գրելով, թե ինքը վճռել է իր վավերացրած ռեֆորմներն անպատճառ մտցնել ասիական նահանգներում։ Անողորմ, արյունոտ ծաղր… Իսկ Սոլսբերին, մի խեղճացած սուլթան երեւակայելով իր առջեւ, ավելի եւս խստացնում էր իր սպառնալիքները ճառերի, լոկ ճառերի մեջ։
Եվ հակաճառողները մեր վեճերի մեջ մեզ ասում էին.
– Չե՞ք տեսնում` Անգլիան չափազանց առաջ է գնացել, որպեսզի կարողանա մտածել նահանջի մասին։ Դրված է նրա պետական պատվի հարցը, Անգլիան երբեք թույլ չի տա, որ իր պատիվը ոտնահարվի, այն էլ այնպիսի մի ողորմելի հակառակորդի կողմից, որպիսին թուրքաց սուլթանն է։



