Մատեան Ողբերգութեան

- -
- 100%
- +
Բ
Իսկ ես ոչ միայն կանչում եմ նրան,Այլ հաւատում եմ նրա մեծութեանն ամէնից առաջ.Ոչ թէ գալիս եմ խնդրելու նրա պարգեւները ես,Այլ նոյնիսկ իրեն, որ կենդանութիւնն է ճշմարտապէս,Շնչառութիւնն իսկ, առանց որի չի՛ք շարժում եւ ընթացք:Ո՛չ այնքան յոյսի հանգոյցով, որքան սիրոյ կապով եմ ես կապւում նրան.Ու ոչ թէ տուրքի, այլ այն տուողի կարօտով եմ ես վառւում շարունակ:Ոչ թէ փառքն է ինձ համար անձկալի,Այլ փառաւորեալն է համբուրելի,Ոչ թէ ապրելու կեանքի փափագով,Այլ կենարարի յիշատակով եմ տոչորւում ես միշտ:Ոչ թէ վայելքի տարփանքով եմ ես հեծում ողբաձայն,Այլ այն կազմողի տենչանքովն եմ խոր հառաչում սրտանց:Չեմ փնտրում հանգիստ, այլ աղաչում եմ երեսը տեսնել Հանգստարարի:Ոչ թէ հարսանքատան խնջոյքի, այլ փեսայի անձկութեամբ եմ մաշւում,Որի զօրութեան շնորհիւ` վստահ ակնկալութեամբ,Հաւատում եմ ես աներկմիտ յոյսով,Որ վերոգրեալ մեղքերի բեռներն ունենալով հանդերձ`Ապաստանելով ամենակարողի ձեռքին,Ոչ միայն պիտի հասնեմ քաւութեան, այլեւ պիտի տեսնեմ իրեն,Ընդունելու գութն ու ողորմութիւնը եւ ժառանգելու երկինքը նրա,Թէեւ յո՜յժ մերժելի եմ:Գ
Եւ արդ, ամօթահար սաստիկ ու կորագլուխ,Գրչովս, որ խօսքի միջնորդ է դառնումԱմուր կողպէքով փակուած, պապանձուած իմ շրթունքներին,Չկարողանալով շարժել լեզուս անհամարձակ,Պաղատանքների նոր երգեր ահա պիտի ոգեմ ես`Ի վեր ուղերձուած իմ աղիողորմ հառաչանքների աղաղակներով:Ընդունի՛ր սիրով, Տէր Աստուած հզօր, աղաչանքներն իմ դառնացած սրտի.Քաղցր գթութեամբ մօտեցիր դու ինձ` ամօթահարիս.Փարատի՜ր, ամենապարգե՛ւ, ամօթալի տխրութիւններս,Վերցրո՛ւ ինձնից, ողորմա՛ծ, անտանելի ծանրութիւններս,Հեռացրո՛ւ, հնարագէտ, սովորութիւններս մահացու.Խափանի՜ր, մի՜շտ յաղթող, հրապոյրները խաբողի.Վանի՜ր, վերնային, մառախուղը մոլորեցնողի.Կասեցրո՛ւ, կեցուցիչ, ընթացքը կորուսչի.Ցրի՛ր, ծածկատե՛ս, չար հնարքները կապկապողի.Խորտակիր, անքնի՛ն, յարձակումները մարտնչողի.Տյառնագրի՛ր անունովդ լուսացոյց երդն իմ յարկի.Պարփակիր քո ձեռքով առաստաղը տաճարիս.Գծագրիր քո արիւնով սեմը սենեակիս մուտքի.Դրոշմիր քո նշանը աղօթեալիս ճանապարհին,Ամրացրու քո աջով խշտեակն իմ հանգստի.Զերծ պահիր թակարդներից ծածկարանն իմ անկողնի.Պահպանիր քո կամքով տառապած հոգիս.Անխարդախ արա՛ քո շնորհած շունչը մարմնիս.Կանգնեցրո՛ւ շուրջն իմ` պարը երկնային քո զօրքերի,Որպէս դիմամարտ` դեւերի գնդին:Դ
Տո՛ւր հանգիստ բերկրալի մահահանգոյն նիրհիս խորին գիշերում`Բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնիդ եւ բոլոր ընտրեալների:Տեսութեանս պատուհանները, որոնք մտքի զգայարաններ են,Ամփոփիր այնպէս ու պարուրիր,Որ պաշտպանուեն միշտ անսասանելիԿենցաղական հոգսերից բոլոր, անրջական երազներից,Խռովայոյզ ծփանքներից ու ցնորքներից խենթ ու խոլականՈւ յիշատակով աներկբայ յոյսիդ մնան անվնաս:Որպէսզի երբ սթափուեմ իմ ծանր քնից,Ամենազգաստ արթնութեամբ եւ հոգենորոգ զուարթութեամբ քո դէմ արձանացած,Աղաչանքն այս իմ` հաւատքի բուրմամբ,Ո՜վ ամէնօրհնեալ թագաւոր անճառ փառքերի,Երգակցելով երկնագումար փառաբանող խմբին`Քո բարձունքն ի վեր` առաքեմ առ քեզ:Զի փառաւորեալ ես դու արարածներից բոլորՅաւիտեանս յաւիտենից. ամէն:ԲԱՆ ԺԳ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Աստուած բարերար, հզօր, ահաւոր,Շնորհատո՛ւ, բարի, դու Հա՜յր ողորմած.Անունըդ անգամ քո մեծութիւնն ու գթութիւնը եւ քո մտերմութիւնն է աւետարանում,Քաղցր ես դժնիների եւ անգոհների համար.Քեզ հետ Որդիդ էլ նման է միշտ քեզ, ձեռքիդ պէս նրա ձեռքն էլ զօրեղ,Անժամանակ տէրութեամբ ահեղ` քո արարչութեամբ ինքն էլ բարձրացած:Նաեւ սուրբ Հոգին քո ճշմարտութեան` բխելով քեզնից անսպառօրէն,Իբր աստուածային կատարեալ իսկութիւն եւ էութիւն մշտնջենական,Ըստ ամենայնի հաւասար է քեզ եւ իշխանութեամբ` փառակից Որդուդ:Երրեակ անձնաւորութիւն` համակ անքնին,Յատուկ առանձնացումով տրոհուած անձեր,Բայց միաւորուած համազուգութեամբ,Նոյնագոյ բնութեամբ տիրապէս, անշփոթ եւ անանջրպետՄիեւնոյն կամքով եւ գործակցութեամբ,Ոչ մէկը միւսից աւագագոյն չէ,Եւ ոչ էլ մի ակնթարթ նոյնիսկ մէկ-միւսից նուազ երբեւիցէ,Այլ իբրեւ պատճառ երկնային սիրոյ անստուեր լոյսի, յայտնուած մեր մէջ,Սրբասացութեան միակ պսակով` անսկզբնաբար աստուածաբանուած:Բ
Քանզի արդարեւ բարձրաձայն այս խոստովանութիւնը երեք փառատրեան այդ դաւանութեան`Պետրոսին հաւատքի վէմ կոչուելու երանութեան արժանացրեց -Դատապարտեալիս մեղաւոր հոգին բարեհրաման քո ակնարկութեամբ,Ո՜վ դու, որ փնտրում ես գերեալիս, հրաշանորոգ թո՛ղ արդարացնե:Զի քոնն են թէեւ պարգեւներն ու ողորմութիւնները,Բայց դու ո՛չ այնքան քո պարգեւներով, որքան ողորմութեամբ ես հռչակուած.Քանզի երկրորդը քո փառքն է աւելացնում,Իսկ առաջինն առաքինական գործի է յայտարար.Զի պարգեւները փոխարինութիւն են ծառայութեան դիմաց,Իսկ ողորմութիւնը` բարերարութիւն մեղաւորիս:Գ
Եւ արդ, մարդկային գործերը թող որ չգերազանցե՜ն իրենց զօրութեամբ քո շնորհներին, գթառա՜տ Աստուած,Եթէ մինչեւ իսկ անցաւոր բնութեան օրէնքներից էլ վեր լինեն նրանք.Այլ յաղթող հանդիսանալով քո երկայնամտութիւնը,Երկրածինների ընթացքը երբէք չհաւասարուի՜ թող քո գործերին:Քանզի եւ նրանք, որ օրէնքների մաքրութեամբ իրենց պարծենում էին,Քո արդարութեան լոյսը երբ ծագեց, -Որ նոր օրէնքի ճշմարտութիւնն էր ծանուցանում, -Հրեաներն հետին անձկութեամբ լքուած ու նուաստացած,Աւելի քան տարագիրներն ողորմելի` մարդասիրութեանդ կարօտ եղան:Եւ քանզի ամենայն ինչ հնարաւոր է քեզ, բարերա՛ր,Լսի՛ր ողբաձայն պաղատանքներս, որ ուղղում եմ քեզ.Ողորմիր, փրկիր եւ մարդասիրիր, զի երկայնամիտ ես դու,Եւ քոնն են քաղցրութիւն, փրկութիւն եւ քաւութիւն եւ փառքԲոլոր հաւիտեան ապրող ազգերից. ամէն:ԲԱՆ ԺԴ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Պաղատում եմ քեզ, լոյսի՛ ճառագայթ, արքա՛ երկնաւոր,Գովեալ անապատում, եւ անճառ որդիդ դու մեծ Աստծոյ.Ականջ դիր դարձեալ եւ այժըմ ահա,Բարձրեալ, բարեգութ, կեանքի ապաւեն,Վիրաւորեալիս նուազաձայն հառաչանքներին:Բ
Չի խօսուած երբէք, թէ քեզ աղաչեց աւազակներից խողխողուածը,Քանզի կարկամած էր.Ոչ էլ պաղատանքի ձայն արձակեց քո ետեւից,Քանզի անկռինչ էր.Կամ մատների շարժումով աղէտն ու վտանգը յայտնեց տեսողիդ,Քանզի խորտակուած էր.Ոչ էլ ողբագին արցունքներով լի աչքերը տնկեց բարերարիդ,Քանզի վնասապարտ էր.Եւ կամ միջնորդի բարեխօսութեամբ ողորմածիդ կամքը սիրաշահեց,Քանզի լքուած էր.Ոչ էլ ջախջախուած մարմնի արիւնով ներկուած հագուստները ցոյց տալով քեզ`Գթածիդ սիրտը ճմլեց, քանզի յուսահատ էր.Ոչ էլ հաստատուն ծնկներով` իբրեւ ոտքի գարշապարով` չընթացաւ,Քանզի անկանգնելի էր.Զի կիսամեռ ասել կենդանուն` հեռու չէ այնքան մեռելութիւնից:Մանաւանդ որ խօսքով քո խրատուելուց,Ողորմութեամբդ բարերարուելուցԵւ քո փառքով լուսաւորուելուց յետոյ էլ դեռ,Ոչ միայն չդադարեց քեզ հակառակ ընթացք բռնելուց,Այլեւ չենթարկուելով, գլուխ բարձրացրած` իր թշնամեաց կողմն անցաւԵւ նրանց հետ մէկտեղ դաշն կնքած միաբանեց քեզ ատողների հետ:Գ
Իսկ դու, բազմապարգեւ բարերար, անոխակալ եւ ամենափրկիչ,Ոչ միայն չյիշեցիր մեղքերն այդ չարագործի,Այլեւ ոչ իսկ խօսքով յանդիմանեցիր.Չոտնահարեցիր ընկածին, այլ կարեկցաբար մօտենալով նրան,Ծայրագոյն խնամք ցուցաբերեցիր:Քահանայապէս, ըստ ահարոնեան տկար օրէնքի, -Որ զօրաւոր է մահ գործելու մէջ,Դատապարտիչ անէծքներով եւ բռնալիր քարաձգութեամբ, -Դու չփութացիր վիրաւորուածին խորտակելու.Եւ ոչ էլ, ինչպէս ղեւտական առաջնորդն այն թերապաշտօն,Որը երկուսի միջեւ իբրեւ բաժանող անջրպետ`Հնի լրումն էր եւ սկիզբը նորի,Եւ որ հոգեզուրկ ապաշխարութեան հրաւիրակ հանդիսացաւ, -Վիրաւորեալի տագնապը տեսար.Որ չլինի թէ արմատակտուր տապարի օրինակովՔո մէջ չարատանջ մահուան պաշտօնը նկատելով`Սատակի գալիք փորձութիւններին դեռեւս չենթարկուած.Այլ պահպանանուն ասորեստանցի հեթանոսներին,Որոնք ստացան իրենց օրէնքը հրեաներիցՈւ պահեցին միշտ, մինչդեռ նրանք մոռացան, -Կցորդուելով` մեր բնութեամբ խառնուած մարմնիդ վերարկուով,Օտար ազգերին էլ ազատութեան աւետիս համբաւեցիրԵւ աստուածային քո ներգործութեամբ անապական` ձեռք երկարելով`Մահացու կերպով մեղանչած մարդուն կանգնեցրիր դարձեալ իր սերունդներով:Տխրաբեկ սիրտն ուրախացրիր եւ վհատեալին յուսադրեցիր,Եւ թշուառին զուարթացրիր դարձեալ.Աւազանի կենարար օծմամբ եւ բաժակով լոյսի` լցրիր.Նորոգեցիր հացով քո երկնային` արարչական մարմնով.Երջանիկների եւ ընտիրների վերակացութեամբԽնամարկեցիր ու փայփայեցիր ու դարմանեցիր,Եւ հանդարտընթաց գրաստի խնամքին յանձնելով նրան`Անփորձ պահեցիր, մինչեւ հանեցիր յարկը լուսեղէն:Առաջին եւ երկրորդ կենդանատու կտակարանների միջնորդութեամբ դարման տարար դու մարդասիրաբար:Եւ, ինչպէս երբեմն Մովսէսին թեւատարած արծուի պէս ընդունեցիրԵւ բարի երկրի խաղաղ հանգստին առաջնորդեցիր,Հրամայելով վարդապետներին` խօսքի կերակրով սնել նրան:Դ
Եւ արդ, դու, որ ողջ առաւելագոյն լոյսդ բարութեանԱմէն բանի մէջ բովանդակապէս հրաշագործեցիր,Ցրուողի գանձը սեփականելով` քո ստացուածքը վերադարձրիր քեզ, -Ինձ էլ ապրեցրու, մեղքերի պարտքերն իմ մաքրելով,Ո՜վ դու, որ պարգեւում ես ձրի եւ հանպատրաստից,Շնորհիր եւ ի՛նձ քաւութիւն ու բժշկութիւն,Բարեգո՜ւթ, զօրեղ, անքնին, անեղծ, ահաւոր,Օրհնեալ միշտ, յաւիտեանս յաւիտենից. ամէն:ԲԱՆ ԺԵ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Արդ, նոյն ցաւագին հեծեծանքներով վշտահար սրտիսԵւ բոլորովին տագնապած հոգուս տառապանքներով,Այս անգամ դարձեա՛լ միեւնոյն ոճով դիմելով ես քեզ,Ամենապարգեւ քո բարերարի գո՜ւթն եմ խնդրելու:Պաղատում եմ իբրեւ մեռեալ` կենդանի անմահ Աստծուդ,Փառքիդ հանդէպ իմ անարգութիւնը խոստովանելով,Ինչպէս եւ քո բարութիւնն իմ չարութեան դիմաց.Որոնցով յաղթուեցի ինքս, քան թէ բուժուեցի,Ամաչեցի, քան թէ համարձակուեցի,Ուխտակորոյսս ես եւ աւանդամոռաց:Այն ոչխարի պէս, որին օրինակ է բերում առակն երկրորդ,Ես էլ ծայրայեղ չափով մատնուած անզգայութեանՈւ մոլորուելով անմարդաբնակ լեռներում` երկար,Եւ դեւերի հետ գազանաբարոյ վայրի կուռքերի մէջ թափառելով,Առանց թեկուզ փոքր-ինչ հօտին մօտենալու, -Չունէի լեզու, որով պատմէի ցաւերն իմ տանջող,Ոչ էլ ձեռք, որի շարժուձեւերով համրերն են իրենց մտքերը յայտնում:Իսկ դու, միա՜յն գովեալդ, սկսած նախնի սերունդներից մինչեւ այսօր,Գտնելով եւ ինձ` մեղաւորիս էլ մոլորութեան մէջ անլոյս ու անել,Ըստ գոչման առ քեզ մաղթանք երգողի,Քո խնամարկու կամքի տեսչութեամբՀովիւ կոչուեցիր.Ոչ միայն հոգ տարար, այլեւ փնտրեցիր,Եւ, ո՜վ հրաշագործ, ոչ միայն գտար, այլեւ անճառելի բարերարութեամբՎերցրիր սիրով դու կենդանարար քո ուսի վրայ,Եւ քո երկնային զօրաց հետ մէկտեղ`Քո հայրենական ժառանգութեան մէջ դասեցիր ինձ:Բ
Եւ արդ, դու հզօ՜ր, կենարար, օրհնեալ, այցելու գթած եւ մի՛շտ ողորմած,Դու, որ ընդունեցիր նրանց` անաղերսներին այն անլեզու,Որոնցից մէկը մահացու խոցուած` չարչարւում էր խիստ,Միւսն անբանների անզգայութեամբՓախել էր դէպի հեռու ամայի վայրեր անբնակ,Եւ վտարանդի, շուար ու վհատ` բառաչում էր խեղճ, անիմաստօրէն, -Քո աստուածային բարեխնամութեամբ տիեզերահրաշՑոյց տուեցիր դու հոգածութիւնդ թշուառութեան մէջ կորածի հանդէպ, -Յայտնիր արդ եւ ի՛նձ գթութիւնդ խոր եւ բարիքներիդ յորդումներն առատ,Ինձ, որ վեր բերուած օրինակներից շատ աւելի եմ եղել անօրէն.Ինձ, որ մահապարտ եմ բազմօրինակ.Ինձ, որ բարութեան քաղցր խառնուրդում` յատուկ համ եմ չար.Ինձ, որ արժանի եմ անդամներիս հատմանն արդարեւ,Ինձ, համաճարակ, ախտով վարակուած վիրաւոր հոգուս.Ինձ, որ անզգայ անասուններին եմ հաւասարուելԵւ օտարացել իմաստունների ընտանութիւնից.Ինձ, որ նման չեմ բնութեամբ ինձ պէս բանականներին:Եթէ մի օրինակ ունենայի, ես կասէի.Թէ նմանակից ունենայի` կպատմէի.Թէ հանգունակից ունենայի` կխօսէի.Թէ ինձ հաւասարն ունենայի` կգրէի.Թէ նոյն բանը անողն ունենայի` ցոյց կտայի.Թէ ինձ համեմատն ունենայի` կիմացնէի.Թէ անցեալում լիներ` կսփոփուէի,Թէ ներկայումս` կյուսայի:Սակայն, քանի որ ոչ նմանս ունեմ, ոչ էլ օրինակ,Ուստի դո՛ւ միայն կարող ես քաւել ու բժշկել ինձ եւ կենսագործել,Կենդանարարդ բոլոր մեռելների եւ նորոգո՛ղդ տիեզերաց:Գ
Զի եթէ երջանիկ, սուրբ ու սրատեսԴաւթի գործած չարիքներն ուԱնօրէնութիւնները գլխից աւելի վեր բարձրացած էին,Եւ մեղքերն ու յանցանքները դժուարակիր բեռների նման ծանրացած սաստիկ,Յապա ուրեմն իմ սխալմունքներն աւելի են, քանՏիեզերասոյզ, ամենասպառ ծովի ջրակուտակ հեղեղի յորդութիւնըՈւ անցնում են բոլոր լեռների կատարներից:Բայց թող որ փչէ քաղցրաշունչ քամիդ, -Ինչպէս այդ եղաւ Նոյի ժամանակ, -Որ լեռներն անգամ կարող է հալել,Ցամաքեցնելու բազմակոհակ ջրակոյտն իմ երկրակործան յանցանքներիՈւ լեռնակարկառ բարձրութեամբ դիզուած մեղքերն իմ բոլոր:Դ
Եւ արդ, համառօտ քո խօսքով հզօր,Եւ ամենակարող հնարաւորութեամբ կարճ դատաստանիդ,Ըստ մարգարէի, քաւութեան մի ելք ցոյց տուր ինձ`Անօրէնութեան մէջ ընդերկար մոլորեալիս:Եւ դու, ներելով յամառութիւնն իմ,Ո՜վ երկայնամիտ, ողորմած, օրհնեալ,Շնորհի՛ր ինձ կատարեալ թողութիւն եւ բարեգործիր ճշմարտապէս,Ջնջի՛ր բոլորովին` անվճարելի պարտքերիս արժանահատոյց տոկոսների տոյժը տաժանակիր:Չէ՞ որ դու չունես ցասումնալից սիրտ ու բարկութիւն բորբոք,Ինչպէս նաեւ չկան քո մէջ նենգութիւններ եւ նշաններ մթութեան,Քանզի դու կեանք ես կամենում եւ լոյս,Դու մահ չստեղծեցիր եւ, ըստ Դաւթի ու Սողոմոնի,Մարդու կորուստը քեզ ուրախութիւն չի պատճառում:Ե
Քո բարեվիճակ կանոնների մէջ դու մեծագոյն պայման սահմանեցիր մարդկանց համար`Չարութիւնը չարութեամբ չփոխարինել,Այլ մի օրուայ մէջ եօթանասունեօթ անգամ գործած մեղքերը նոյնիսկ ներել պատգամեցիր մեզ,Մեզ, որ ի բնէ հակամետ ենք միշտ ի յայտ բերելու բիւր ու անհամար չարութեան բծեր,Որոնք աճում են ու միշտ նորոգւումՄեր ամէն տեսակ փշեր բուսցնող բնութեան դաշտում`Համաձայն անսուտ քո վկայութեան,Թէ` "Մարդու միտքը իր մանկութիւնից տրամադիր է չարիք գործելու":Քո Կենաց բանի աւետարանիչՅովհաննէսն անգամ,Որը մաքուր էր կատարելապէս,Նա ինքը` որպէս հասարակութեան բնութեան լծակից,Ամբողջովին արդարացած` քո ճշմարտութիւնը հաստատեց իմ ստութեան հանդէպ:"Եթէ ասենք, որ ոչ մի մեղք չունենք, – ասում է նա, -Սուտ դուրս բերած կլինենք նրան":Արդ, կատարուած է խօսքդ խնկելիԵւ լիովին ստոյգ արդարացուած`Իմ մոլորութեան խիստ դժնդակ անիրաւութեան հանդէպ:Ուստի խնայի՛ր ինձ ողորմութեամբ, քաղցրահա՜մ աղբիւր,Դո՛ւ միայն օրհնեալ յաւիտեանս. ամէն:ԲԱՆ ԺԶ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Եւ արդ, դո՛ւ միայն Աստուած երկնաւոր, բարձրեալ, բարեգործ.Քոնն են զօրութիւնն ու ներողութիւնը,Քոնն են բժշկութիւնն ու առատութիւնը,Քոնն են պարգեւներն ու շնորհները ձրի,Քոնն են քաւութիւնն ու պաշտպանութիւնը,Քոնն են հնարքներն անիմանալի,Քոնն են հրաշքներն անգտնելի,Քոնն են չափերն անչափելի,Դո՛ւ ես սկիզբն ու վերջը:Սրտմտութեան խաւարը երբէք չի ստուերում լոյսը քո ողորմութեան,Քանզի լինելով ինքդ մտքից վեր` զերծ ես դու նաեւ որեւէ ախտից:Պատկեր ես դու անպարագիր` անկշռելի որքանութեամբ,Ո՜վ անչափութիւն փառաց լայնութեան,Անսահմանափակ ընդարձակութիւն հատու զօրութեան,Անամփոփելի առաւելութիւն,Անտկարանալի բարերարութիւն գթութեան:Դու մահուան ստուերն, ըստ մարգարէի, այգաբացի ես փոխում,Ինքնակամ իջար տարտարոսը դու` արգելուածների բանտն ստորերկրեայ,Ուր աղօթքների դուռն անգամ փակ էր ամուր կողպեքով,Խլելով նրանից այնտեղ վտարուած հոգիների կողոպուտը ողջ,Յաղթական խօսքիդ հրամայող սրովՍատակիչ մահուան կապը կտրեցիրԵւ փարատեցիր երկիւղը մեղքի:Դարձի՛ր այժըմ ինձ, որ տագնապում եմ տղմոտ իմ գուբի զնդանում խորունկ,Մեղքի շղթայով ամուր կապկապուածԵւ բանսարկուի նետի սլաքով խոցուած կարեվեր:Բ
Դու Տէ՜ր բարերար, բացարձակ բարի, լո՜յս խաւարի մէջ,Օրհնութեան դու գանձ, ողորմած, գթած, մարդասէր, կարող,Զօրեղ, անպատում, անքնին, անճառ,Դու` յո՜յժ ձեռնհաս, ըստ սուրբ Յակոբի.Հնարաւորութիւն միշտ դիւրապատրաստ` ամէն անհնար բաների դէպքում,Մեղքի խռիւներն սպառող կրա՛կ,Կիզանուտ ճաճանչ դու ընդհանրական եւ մեծախորհուրդ թափանցողութեամբ:Յիշի՛ր ինձ, օրհնեալ, քո ողորմութեամբ եւ ո՛չ ըստ իրաւունքի,Ներողութեամբ քո եւ ո՛չ պատժելով,Երկայնամտութեամբ եւ ոչ թէ հաւաստի համոզուածութեամբ:Եթէ կամենաս կշռել ծանրութիւնն իմ մեղքերի,Արա՛ քաղցրութեամբ քո մարդասէրի եւ ո՛չ արդարութեամբ.Քանզի ըստ առաջին պայմանի` շա՜տ են թեթեւ նրանք,Իսկ ըստ վերջինի` սաստիկ ծանրակիր:Գ
Արդ, մօտեցիր ինձ, ո՜վ դու բարութիւն,Ինչպէս բուժելու համար մօտեցար քո դէմ ելնողի ականջին,Մահուան խռովիչ հողմը հեռացրու մեղաւորիցս,Որ հանգչի իմ մէջ խաղաղութեան մեծազօր Հոգիդ:Փա՜ռք քեզ ամէնուր, ամէն բանի մէջ յաւիտեանս. ամէն:ԲԱՆ ԺԷ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Աղաչում եմ քեզ` վտանգուած, վշտոտ ու տխրաթախիծ տառապանքներով լի հոգիների խնամակալիդ,Մի՛ աւելացնիր ցաւն իմ հեծութեան եւ մի՜ խոցիր ինձ` վիրաւորուածիս,Մի՛ դատապարտիր պատժուածիս եւ մի՛ տանջիր չարչարուածիս,Մի՛ գանակոծիր հարուածեալիս, մի՛ գլորիր ընկածիս,Մի՛ կործանիր սայթաքեալիս, մի՛ հեռացնիր հեռացուածիս,Մի՛ ամաչեցնի պատկառեալիս, մի՛ տարագրիր հալածուածիս,Մի՛ կշտամբիր խրտնածիս, մի՛ խորտակիր ջախջախուածիս,Մի՛ խռովիր վրդովեալիս, մի՛ ալեկոծիր փոթորկուածիս,Մի՛ սասանիր դղրդուածիս, մի՛ շփոթիր մրրկեալիս,Մի՛ կեղեքիր գիշատուածիս, մի՛ ջախջախիր փշրուածիս,Մի՛ հոշոտիր մորմոքեալիս, մի՛ կուրացնի խաւարածիս,Մի՛ զարհուրեցնիր ապշահարիս, մի՛ խորովիր խարշատուածիս,Մի՛ մահացնիր հիւանդիս, մի՛ ծանրաբեռնիր տկարիս,Մի՛ աւելացնիր անուր` կարկամած թիկունքիս,Մի՛ բարդիր ողբեր դառն հեծեծանքիս,Մի՛ ուժգնօրէն վարվիր հողիս հետ,Մի՛ սաստկապէս` մոխրիս հետ,Մի՛ անաչառօրէն` ստեղծուածիս հետ,Մի՛ ահարկութեամբ` փոշուս հետ:Բ
Մի՛ խստութեամբ ընդհարուիր մեծդ փոքրիս հետ,Լոյսդ` ստուերիս հետ,Բնութեամբ բարիդ` ի բնէ չարիս հետ,Ողկոյզդ օրհնութեան` անիծեալ պտղիս հետ,Քաղցրութիւնդ ճշմարիտ` համակ դառնութեանս հետ,Փառաւորեալդ անփոփոխ` իսպառ անարգիս հետ,Կենաց նշխարդ` կաւեղէն զանգուածիս հետ,Տէրերի Տէրդ` երկրային տիղմիս հետ,Աննուազ լիութիւնդ` չքաւոր ստրուկիս հետ,Անկապուտ ճոխութիւնդ` անպատսպար տառապեալիս հետ,Անկարօտ բարութիւնդ` ամենաթշուառ աղքատիս հետ:Քանզի ո՞վ է նա, որ առաւօտեան լոյսին հասնելով`Կտարակուսի, թէ խաւարի մէջ կարող է ընկնել,Կամ մօտ լինելով կեանքին` մահանալ,Կամ ազատութեան` եւ բռնութեան ենթարկուել,Կամ շնորհին` եւ դատապարտուել,Կամ փրկութեան` եւ մատնուել,Կամ նորոգման` եւ քայքայուել,Կամ օրհնութեան` եւ տարագրուել,Կամ բժշկութեան` եւ վիրաւորուել,Կամ լիութեան` եւ նուազել,Կամ առատ հացի` եւ քաղցել,Կամ հոսող գետերի` եւ պապակել,Կամ մայրական գթութեան` եւ նրանից նենգուել,Կամ աստուածային խնամող աջիդ` եւ տառապել:Գ
Արդ բորոտութեամբ մարմնի սաստկապէս վարակուածի հետԵ՛ս էլ վշտահար հոգովըս ահա պաղատում եմ քեզ."Տէ՛ր, եթէ ուզես` կարող ես ինձ մաքրել":Մշտագիշեր խարխափումներով տանջուող կոյրերի հետՀառաչում եմ ձայնով մեծակական.Ոչ թէ անուանում եմ քեզ Դաւթի որդի,Այլ աստուածային էութեան իբրեւ ծնունդ եմ դաւանում քեզ.Ոչ միայն կոչում եմ Ռաբբի,Որ պատուանուն է իսկութիւնը գիտենալ կարծող վարդապետների,Այլեւ հաւատում եմ քեզ, որպէս Տիրոջ երկնի եւ երկրի:Ոչ միայն մօտից ձեռքդ երկարելով, ո՜վ դու բարեգութԱստուած մերձաւոր,Այլեւ վստահ եմ, թէ մեծ միջոցով նոյնիսկ ինձանից հեռու լինելով`Խօսքդ կարող է բուժել թշուառիս:Կամեցողութեանդ եւ ողորմութեանդ միջեւ անջրպետ չեմ դնում երբէք,Որ երկմտութիւն է նշանակում տարակուսելի,Այլ համոզուած եմ, թէ կկամենաս որպէս բարեգութԵւ կկարենաս որպէս Արարիչ.Ասա՛ խօսքովդ, եւ ես կբուժուեմ:Հարիւրապետի հաւատքին եւ ե՛ս կլինեմ լծորդ.Ոչ միայն մօտիկ տարածութիւնից, խորանից խորան`Զօրաւոր ես դու տալու յարութիւն եւ բժշկութիւն,Այլեւ երկնքում բազմելով նոյնիսկ,Ստորեւ, երկրի վրայ բովանդակ դու սքանչելի հրաշքներ ես գործում,Որոնց փոխարէն հատուցանելու ես ոչինչ չունեմ:Դ
Շնորհիր եւ ինձ, ինչպէս որ պոռնիկին ընդունելիսՎճռեցիր խօսքիդ դատակնիքով հինգ հարիւր դենար պարտքը շնորհել,Աստուա՜ծ բարութեանց եւ Տէ՜ր երանութեանց:Որքան շատ բաշխես, այնքան աւելի՛ կփառաւորուես.Որքան որ շատ տաս, այնքան կսիրուես.Եւ աւելին ողորմելով` դո՛ւ էլ կրկնակի կբարգաւաճես.Այսքան բարիքներիդ համար իրաւամբ գովւում ես դու.Ամէն բանի տէր լինելով հանդերձ` մեզ հաւասար ես ցոյց տալիս դու քեզ.Եւ դու, որ ունես ամէն ինչ առատ` մեր ունեցածին արժէք ես տալիս.Քո պարգեւների փոխարէն անճառ` մերն իբրեւ վճար ես ընդունում դու.Երկրայինի տեղ անվախճանի տալն ես արժանի գտնում.Մեծ համարելով մերը` վեհօրէն գոհանում ես դու.Չե՜ս մեծամտի, երբ քո տուածի փոխարէն դոյզն-ինչ փառաւորուես:Նո՜յն գթութիւնդ ցոյց տուր նաեւ ինձ` յոյժ մեղապարտիս,Որ երբ թուարկեմ քո պարգեւների երախտիքը ես`Նոյն չափով սիրելդ էլ չմոռանամ:Ամէն բանի մէջ քեզ փա՜ռք յաւիտեան. ամէն:ԲԱՆ ԺԸ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Արդ, ես ծնունդս մեղքի եւ մահացու երկունքի որդիս,Արդարեւ պարտաւոր եմ մի օրուայ մէջ բիւր քանքարների տոյժը հատուցել:Սակայն ոչ թէ մարդկային մտքի փոքրութեան համեմատ եմ ես ներումն հայցում,Այլ փրկչիդ` Յիսուս Քրիստոսի աննուազելի լիութեան չափով եմ պաղատում մարդասիրութիւն:Չկայի երբեմն, եւ ստեղծեցիր,Ես աղաչեցի, եւ դու գոյացրիր,Դեռ աշխարհ չեկած` տեսար դու ինձ,Չէի յայտնուել, եւ դու գթացիր,Չէի խնդրել ես` խնամարկեցիր,Չէի բարձրացրել ձեռքս` նայեցիր,Չէի պաղատել` եւ ողորմեցիր,Չէի ձայն հանել, եւ դու լսեցիր,Չէի հառաչել` եւ ունկնդրեցիր,Գիտէիր, թէ ինչ կպատահի ինձ, եւ չանտեսեցիր,Նախատես աչքով քո նկատեցիր չարագործութիւնը պատժապարտիս եւ յօրինեցիր ինձ:Բ
Եւ արդ, ես, որ քո ստեղծածն եմ, քեզանով փրկուածԵւ այնքան խնամօտ սիրովդ հոգացուած, -Արա՛ դու այնպէս, որ չարահնար մեղքերի հարուածն ինձ դէպի կորուստ չտանի իսպառ:Թող յամառութեան մառախուղը իմ` քո ներողութեան լոյսին չյաղթի,Եւ ոչ էլ սրտիս կարծրութիւնը` քո երկայնամիտ համբերութեանը,Եւ կամ մսեղէն այս մահկանացուն` քո լրութեանն ամենակատար,Ոչ էլ նիւթեղէն տկարութիւնս իմ` քո բարձրութեանն անպարտելի:Գ
Ահա՛, կարկամած բազուկն իմ հոգու կարկառում եմ ես քո անուամբ, հզօ՛ր,Արա՛ այն առողջ, ինչպէս էր առաջ,Երբ դրախտի փափկութեան մէջ կենաց պտուղն էի քաղում ես:Ախտաւոր կնոջ նման կաշկանդուած, գոսացած ձեռքով,Գլխիկոր, շուար եւ անուղղելի մեղքերով կքած թշուառ իմ հոգինՍատանայական ամուր կապանքով ակնկոր, ահա,Չի նայում վերեւ, որ քո երկնայնոց ողջոյնը չառնէ:Խոնարհուիր վրաս, միայն ողորմած, եւ բարձրացրու ինձ`Գետնահար ընկած ծառս բանաւոր.Բարեվայելուչ կեանքով վերստին ծաղկեցրո՛ւ չորացեալիս,Ըստ աստուածաբանութեան սուրբ մարգարէի:Դ
Ինչպէս ի ծնէ լուսազուրկ մի կոյր` չունեմ տեսողութիւն,Որ կարողանամ տեսնել արարչիդ դէմքն ու պաղատեմ,Հզօ՛ր բարեգութ, դու միա՜յն պաշտպան,Քո անճառ սիրոյ հոգածու, ակնարկն ինձ դարձընելով`Շնչաւոր, խօսուն քո անօթի մէջ անէութիւնից լո՜յս գոյացրու դու:Տասներկու տարուայ ախտով տառապած, տանջահար, տխուրԿնոջ նման ես մեղքի արեան մէջ ողողւում եմ, տե՛ս.Անմատոյց լոյսով քո պարածածկուած` նայիր բարձունքից,Ուր չկայ քղանցք ձեռագործ վերարկուի, որին ես դիպչեմ,Բայց ամէնուրեք տարածուած են քո հրաշքներն հզօր:Ե
Մեղսոտ կնոջ պէս պատժապարտս եսՕծման իւղով չէ, որ մօտենում եմ կենսաձիր ոտքիդ,Կաթիլներն աչքիս գլխիս վարսերով բերելով ընծա, -Այլ հաւատս անբիծ` իմ բազուկների վերամբարձումով, ստոյգ դաւանմամբ,Հոգու ողջոյնով եւ փակ շուրթերով երկրպագելով:Եւ աղբերահոս արցունքներիս հետ խառնելով նաեւ հեծեծանք, ահա,Բժշկութիւն եմ աղերսում հոգուս:Զ
Գոյութիւնն հոգուս` մեղկութեամբ լուծուած եւ քայքայուած է մեղքերով համակ,Եւ մարմնիս շինուածքը իրենց վրայ վերցնող ոտքերս,Որոնք քայլում են կաղալով տխեղծ ու խիստ անհաստատ,Եւ որոնց չարը արգելք է լինում մտնելու ուղիղ -Դէպի կենսաթիռ պտղաբեր ծառը տանող ճամփի մէջ, -Զօրացրո՛ւ դարձեալ, ո՜վ ամենազօր, քանզի դո՛ւ միայն կարող ես փրկել:Քո ստեղծած լեզուս, որով քեզ էի փառաբանում միշտ,Ամրափակ խցմամբ կապեց, համրացրեց հողմը բանսարկուի:Զգայուն հոգուդ մեծ ողորմութեամբ,Ինչպէս բուժեցիր Աւետարանում յիշատակուածին,Հրաշափառօրէն շնորհիր եւ ի՛նձ Բանդ կենդանի,Որպէսզի ես էլ խօսեմ անսայթաք:Է
Ախտով վարակուած` մեղքի մահիճն եմ ընկել ես, ինչպէս կենդանի մեռեալ.Ի լուր ողբագին հեծեծանքներիս եւ թշուառութեանն իմ կարեկցելով,Ո՜վ դու բարերար Որդի Աստծոյ,Քո օրհնաբանուած աչքերի ցողով ինձ ոտքի՛ հանիր կրկին կենդանի,Ինչպէս սիրելուդ` անշարժ ու անշունչ մեռելութիւնից:Ստոյգ անօրէն եմ տարակուսեալ` մեղքի գուբն ընկած.Ձեռքըդ ինձ տալով, արե՜ւ անստուեր,Որդիդ բարձրեալի,Քո ճաճանչափայլ լոյսի՛ն հանիր ինձ:Ը
Ինչպէս աղեխարշ թշուառ ճիչերով, մատների տխուր տատանումներովԿուրծքը ծեծելով, արցունք թափելով, տխրամած դէմքի տուայտանքներովԻր միամօրիկ որդուն ողբացող Նայինի այրին, -Ես էլ սրտագին, սաստիկ հեծութեամբ պաղատում եմ քեզ,Տո՛ւր յուսահատիս քաջալերութիւն քո մխիթարիչ եւ գթոտ խօսքով,Ասելով եւ ինձ, ո՜վ բարեբանեալ ստեղծիչ աշխարհի,Թէ` "Մի՛ լար այդպէս սաստիկ ողբալի".Որպէսզի կրկին կենդանացած այն պատանու հետ,Որ սփոփեց վիշտն իրեն ծնող մօր,Ես էլ քեզանով իմ ամենապարտ հոգին ընդունեմ վերանորոգուած:Թ
Այսահարութեամբ անզգայացած, դիւալլուկ ու քարակոշկոճ,Հեղձամղձուկ ու եղկելի, քստմնելի, գիսախռիւ մազերով,Վայրենադէմ ու ցնորամիտ մարդկանց հետ, որոնց դու ողորմեցիր,Ես էլ նրանց պէս քեզ պիտի դիմեմ, ամենափրկի՛չ:Հեռու վանիր դու ապականարար գնդերը չարի մարմնիս խորանից,Որպէսզի հասնի հոգին քո բարի եւ հանգստանայ այնտեղ վերստին,Եւ մաքուր շնչով լցնելով մարմինս ու անդամներս`Զգաստացնես ինձ` խելագարուածիս ամենաթշուառ:Ժ
Դժոխաբնակ եւ վտարանդի հոգիների հետ գերուած` նաեւ եսԱրգելափակուած տառապում եմ խիստ:Փառայեղ ճառագայթը քո ողորմութեան, լոյսդ իմ անձկալի,Ծագելով վրաս` ինձ պառակտիչի կապերից փրկիր:Վհատ կերպարանք է առել հոգիս,Որ գաղտնորոգայթ եւ աներեւոյթ արահետներում մոլորաթափառ`Գարշ իմ մեղքերով է հիւանդացած:Իմ` չարագործի թոյնից գոյացած այտուցքներն անտես,Որդի՛ Աստծոյ,Քեզ միայն յատուկ քո կարողութեամբ առողջացրու դու գթասիրաբար:Զանազանակերպ եւ բազմատեսակ ախտերն մահացու,Որոնցից ամէն մէկն իր առանձին արդիւնքն ունի,Եւ որ ժանտամատ շառաւիղներով հաստատուած են մեր անօրէն մարմնի մեղկ անդաստանում,Ամենակալի քո ձեռքով թող որ կորզե՜ս արմատից,Դու, որ արորով` մեր հոգիների դաշտերն անոպայ մշակում ես միշտ,Որպէսզի կենաց քո խօսքը յաւէտ արդիւնաւորուի:ԺԱ
Եւ քանզի ճարակող քաղցկեղի նմանՅանցանքներիս վէրքն այս իմ բերած օրինակները գերազանցեց,Եւ ախտն ամբողջովին անդամներիս մէջ տարածուեց, -Չիք սպեղանի, ինչպէս Իսրայէլին, որ դրուի անչափ իմ խարանների վրայ,Ազդրերիս խարսխից մինչեւ ծայրն իմ անդամների կառուցուածքի`Չի մնացել մի տեղ լիովին առողջ եւ բժշկելի:Իսկ դու, ողորմա՜ծ, բարերար, օրհնեալ եւ երկայնամիտ թագաւոր անմահ,Լսիր վշտահար սրտիս խղճալի պաղատանքներն այս,Որ դառնահառաչ քեզ եմ ուղերձում իմ նեղութեան մէջ,Տէ՛ր ամենակալ:ԲԱՆ ԺԹ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Ով դու, բարի կեանքի յուսատու ամենահայեաց տեսողութիւն,Ուշք դիր ցաւագնած հոգուս հեծեծանքների բարձրաձայն աղաղակին,Անհա՜ս մեծութիւն, անուն ահաւոր, բարբառ կենդանի,Լուր ցանկալի, ճաշակ ախորժելի, կոչումն պաշտելի,Բարութիւն խոստովանելի, ազդումն խնկելի,Դաւանելի իսկութիւն, էութիւն փառատրելի, գոյութիւն օրհնաբանելի,Ո՜վ դու Տէր Յիսուս, Հօրդ հետ գովուած ու երկրպագուածԵւ սուրբ հոգուդ հետ բարձրացած ու հռչակուած,Որ մարմնացար մեզ պէս ու մեզ համար,Որպէսզի մեզ էլ անես քեզ համար ու քեզ նման,Լոյս ամենայնի, համակ ողորմած, հզօր երկնային:Եւ այժմ քայքայուած ու խորտակուած անօթն իմ հողեղէնԱստուածօրէն հրաշակերտելով, աղաչում եմ, գթա՛ծ, նորոգիր նորէն:Մեղքերով հնացած պատկերն իմ` քո ինձ տուած,Հալելով կրկին քուրաների մէջ խօսքիդ կայծակով`Պաղատում եմ քեզ, ձուլի՛ր վերստին:Հոգիս պահպանող մարմնիս խորանի շինուածքը խախտուած` հանգստարանը քո,Աղաչում եմ, ո՜վ բարերար, մաքրագործիր քեզ ի բնակութիւն:Իմ չար գործերի փոխարէն մի՛ հատուցիր նոյնը դու ինձ:Արբած եմ ես, բայց ոչ թէ գինով, ինչպէս մարգարէն է ասում.Թափիր հրամանով քո ազատարար, ամենակեցո՛յց,Մահուան բաժակիս թմրեցնող մրուրն անօրէնութեան,Որ բաժակդ ես չքամեմ վերջին օրը հատուցման:
